Գիրք` 5. Երկրորդ Օրէնք

Ներածութիւն

   
   Թուոց գրքի վերջում ներկայացված է աւետեաց երկիր հասած իսրայէլացի ժողովուրդը։ Երկրորդում Օրինաց գիրքը, որը շարունակութիւնն է, պարունակում է նախ երեք ճառ, որ Մովսէսն ուղղում է իսրայէլացիներին։ Դրանցուն Մովսէսը յիշեցնում է այն բոլոր գործերը, որ Աստուած կատարեց իր ժողովրդի համար՝ նրա հանդէպ ունեցած անսպառ սիրով․ նա դաշինք կնքեց նրա հետ, քառասուն տարի առաջնորդեց նրան անապատը անցնելիս, պաշտպանեց թշնամիներից եւ նրան տուեց իր պատուիրաններն ու խոստումները։ Սակայն սա սոսկական կրկնութիւն չէ նախորդ գրքերից արդէն ծանօթ եղելութիւնների եւ օրէնքների։ Մովսէսն այստեղ խոսում է որպէս եռանդուն մի քարոզիչ, որ հրաւիրում է իր ունկնդիրներին՝ յիշելու Տիրոջ հաւատարմութիւնը եւ, հետեւաբար, ընտրելու հաղորդական կեանքը ճշմարիտ Աստծու հետ․ «Լսի՛ր, ժողովո՛ւրդ Իսրայէլի․ Տէրը, միայն Տէրն է մեր Աստուածը։ Դու պիտի սիրես քո Տէր Աստծուն քո ամբողջ սրտով, քո ամբողջ հոգով եւ քո ամբողջ զօրութեամբ»։ Այս խօսքերը հանդիսանում է իսրայէլացի հաւատացեալների հաւատոյ հանգանակի եւ նրանց ամենօրեայ աղոթքի սկիզբը։
   Գրքի վերջին չորս գլուխները պարունակում են երկու բանաստեղծական հատուածներ եւ երկու պատմութիւններ․ դրանք են մի կողմից՝ գովաբանական մի երգ, որ ծանօթ է «Մովսէսի երգ» անունով, ինչպես նաեւ մի շարք օրհնաբանութիւններ, որ Մովսէսն արել է Իսրայէլի տասներկու ցեղերի մասին, իսկ միւս կողմից՝ այն հատուածը, որը ցոյց է տալիս, թէ ինչպես Յեսուն նշանակուեց Մովսէսի յաջորդը՝ իսրայէլացիներին առաջնորդելու համար դէպի աւետեաց երկիրը, ապա Մովսէսի մահուան պատմութիւնը։