Գիրք` 5. Երկրորդ Օրէնք

Գլուխ 32

ՄՈՎՍԷՍԻ ՕՐՀՆԵՐԳՈՒԹԻՒՆԸ
   
1․ «Երկի՛նք, ակա՛նջ դիր, որ խօսեմ, եւ երկիրը թող լսի իմ բերանի պատգամները:
2․ Իմ խօսքը թող ընկալուի իբրեւ անձրեւ, իմ պատգամներն իջնեն իբրեւ ցօղ, իբրեւ սէզի վրայ տեղացող անձրեւ ու խոտի վրայ տեղացող տեղատարափ,
3․ որովհետեւ Տիրոջ անունը տուեցի: Օրհնութիւն առաքեցէ՛ք մեր Տէր Աստծուն,
4․ Աստուած, որի գործերը ճշմարիտ են, ու նրա ուղիները՝ օրինաւոր: Աստուած հաւատարիմ է,
եւ Նրա մէջ անիրաւութիւն չկայ, Տէրն արդար է ու անարատ:
5․ Սրանք մեղք գործեցին, բայց դրա համար որդիները մեղաւոր չեն: Սա թիւր ու մոլորուած մի ազգ է:
6․ Ո՜վ յիմար ու անմիտ ժողովուրդ, մի՞թէ Տիրոջը դրանով ես հատուցում: Մի՞թէ նա այն հայրը չէ, որ քեզ շահեց, քեզ արարեց ու հաստատեց քեզ:
7․ Յիշի՛ր անցած օրերը, մտաբերի՛ր անցած սերունդների տարիները, հարցրո՛ւ քո հայրերին, եւ նրանք քեզ կը պատմեն, քո ծերերին, եւ նրանք քեզ կ՚ասեն:
8․ Երբ Բարձրեալն իրարից բաժանեց բոլոր ազգերին, ինչպէս Ադամի որդիներին էր սփռել, ազգերի սահմանները նշանակեց ըստ Աստծու 1 որդիների թուի:
9․ Տիրոջ բաժինն եղաւ իր ժողովուրդը՝ Յակոբը, իսկ իր ժառանգութեան վիճակը՝ Իսրայէլը:
10․ Նա հոգաց նրա պէտքերն անապատում, ջրից զուրկ վայրում, ծարաւեցնող տօթից պաշտպանեց նրան,
խրատեց ու աչքի լոյսի պէս պահեց նրան:
11․ Իր բոյնն ու իր ձագերին թեւի տակ առնող արծուի նման գթաց, տարածեց իր թեւերն ու ընդունեց նրան,
բարձրացրեց ու իր մէջքին դրեց նրան:
12․ Միայն Տէ՛րն էր տանում նրանց, եւ նրանց հետ օտար աստուած չկար:
13․ Նրանց բերեց երկրի բարգաւաճ վայրերը, նրանց կերակրեց արտերի բերքով,
ժայռից ծորող մեղրով ու ապառաժ քարից հոսող իւղով կերակրեց նրանց:
14․ Գառների, խոյերի, ցուլերի ու նոխազների ճարպի, ընտիր ցորենի ալիւրի հետ նրանց տալիս էր կովերի կարագ ու մաքիների կաթ, նրանք խմում էին խաղողի արիւն՝ գինի:
15․ Յակոբը կերաւ ու յագեցաւ, ճարպակալեց ու ըմբոստացաւ այդ սիրելի մարդը: Գիրացաւ, հաստացաւ ու լայնացաւ, լքեց Տէր Աստծուն՝ իր Արարչին, ապստամբեց Աստծու՝ իր Փրկչի դէմ:
16․ Ինձ բարկացրին օտար աստուածներով եւ իրենց գարշելի գործերով դառնացրին ինձ:
17․ Ոչ թէ Աստծու, այլ դեւերի համար զոհեր էին մատուցում, այն կուռքերի, որոնց չէին ճանաչում,
որոնք նոր էին ու ժամանակաւոր, եւ որոնց չէին ճանաչում ձեր հայրերը:
18․ Դու լքեցիր քեզ ծնած քո Աստծուն, մոռացար քեզ կերակրող Աստծուն:
19․ Տէրը տեսաւ ու վրդովուեց, [իր բարկութեան մեջ մերժեց իր տղաներին ու աղջիկներին]: Նա ասաց.
20․ Իմ երեսը կը թեքեմ նրանցից եւ նրանց ցոյց կը տամ, թէ ինչ կը լինի նրանց վախճանը,
որովհետեւ սրանք մոլորուած ազգ են, հաւատ չունեցող որդիներ:
21․ Նրանք ինձ վրդովեցրին չաստուածներով, ինձ բարկացրին իրենց կուռքերով, ուրեմն ես էլ նրանց կ՚անհանգստացնեմ իրաւ ազգ չեղող մարդկանցով, նրանց կը բարկացնեմ անմիտ ժողովրդով:
22․ Իմ բարկութիւնից հուր է բորբոքուել: Դա կ՚այրի մինչեւ դժոխքի խորքերը, կը լափի հողն ու նրա բերքը,
կը վառի լեռների հիմքերը:
23․ Նրանց վրայ չարիք պիտի կուտակեմ ու իմ նետերն սպառեմ նրանց վրայ թափելով:
24․ Նրանք պիտի հիւծուեն սովից ու թռչունների կեր ուտելով: Անբուժելի հիւանդութիւններ եւ ժանիքաւոր գազաններ պիտի ուղարկեմ նրանց վրայ, որպէսզի սրանք երկրի երեսից վերացնեն նրանց:
25․ Դրսից սուրը, իսկ ներսից երկիւղը թող ոչնչացնեն նրանց՝ երիտասարդներին, կոյս աղջիկներին, կաթնակերներին ու ալեւոր ծերերին:
26․ Ասացի, որ կը ցրեմ նրանց, մարդկանց միջից կը վերացնեմ նրանց յիշատակը:
27․ Բայց այդ բանն անելուց հրաժարուեցի, քանզի նկատի ունէի թշնամիների զայրոյթը. չլինի թէ հակառակորդները երկար ապրեն եւ վեր կենան ու ասեն. Ոչ թէ Տէրն արեց այս ամէնը, այլ՝ մեր հզօր ձեռքերը:
28․ Սրանք անխոհեմ ազգ են, ու նրանց մէջ իմաստութիւն չկայ:
29․ Նրանք չմտածեցին ի մտի ունենալ այս. արդ, կը ստանան ապագայում:
30․ Մի մարդ ինչպէ՞ս կարող է հալածել հազարին, եւ երկուսը՝ հետապնդել տասը հազարին,
եթէ Աստուած չի ոչնչացնում նրանց:
31․ Նրանց աստուածները մեր Աստծու նման չեն 2, իսկ մեր թշնամիներն անխոհեմ են:
32․ Սոդոմի որթատնկից է նրանց որթատունկը, իսկ նրանց վազը՝ Գոմորից:
Նրանց խաղողը լեղի է, նրանց ողկոյզը՝ դառն:
33․ Նրանց գինին վիշապների ժահրն է եւ իժերի մահառիթ թոյնը:
34․ Մի՞թէ այս ամէնն ինձ մօտ չի հաւաքուած եւ կնքուած չի պահւում իմ գանձարանում:
35․ Կը հատուցեմ վրէժխնդրութեան օրը՝ այն ժամանակ, երբ նրանք կը շեղեն իրենց ուղին, որովհետեւ մօտ է նրանց կորստեան օրը, եւ ձեր դատաստանը պատրաստ է:
36․ Տէրը դատելու է իր ժողովրդին եւ մխիթարուելու է իր ծառաներով, որովհետեւ տեսել է, որ նրանք հիւծուած են, լքուած ու գերութեան մատնուած:
37․ Եւ Տէրը պիտի ասի. Ո՞ւր են նրանց աստուածները, որոնց ապաւինում էիք,
38․ որոնց զոհերի ճարպն էիք ուտում, նրանց նուիրաբերումների գինին խմում:
Թող վեր կենան, օգնեն, պաշտպան կանգնեն ձեզ:
39․ Տեսէք, տեսէք, որ ԵՍ ԵՄ միայն, եւ ինձանից բացի ուրիշը չկայ: Ես եմ սպանում եւ ես եմ փրկում, ես եմ հիւանդացնում եւ ես եմ բժշկում: Չկայ մէկը, որ կարողանայ փրկել իմ ձեռքից:
40․ Ձեռքս երկինք բարձրացնելով՝ երդւում եմ իմ աջով ու ասում. Ես յաւիտեան կենդանի եմ,
41․ իմ սուսերը սրելու եմ կայծակի նման, իմ ձեռքն է կայացնելու դատաստանի վճիռը,
եւ իմ թշնամիներից ես պիտի վրէժ լուծեմ: Հատուցելու եմ նաեւ ինձ ատելի մարդկանց:
42․ Իմ նետերը պիտի յագենան արեամբ, իսկ իմ սուրը պիտի խմի վիրաւորների, գերիների եւ ինձ թշնամի իշխանների արիւնը: Երկի՛նք, ուրախացի՛ր Նրա հետ, նրան թող երկրպագեն Աստծու բոլոր որդիները 3,
43․ Ազգե՛ր, ուրախացէ՛ք նրա ժողովրդի հետ, նրան թող զօրացնեն Աստծու բոլոր հրեշտակները,
որովհետեւ նրա որդիների արեան վրէժն է պահանջւում. թշնամիների վրէժն է պահանջուելու,
եւ դատաստան է արուելու: Թող ատելի մարդկանց նա արժանին հատուցի, եւ Տէրը թող սրբագործի իր ժողովրդի երկիրը»: Մովսէսն այս օրհներգութիւնները գրեց այդ օրը եւ դրանք սովորեցրեց իսրայէլացիներին:
44․ Մովսէսը մտաւ ժողովրդի մէջ, եւ ինքն ու Նաւէի որդի Յեսուն օրէնքի բոլոր խօսքերը լսելի դարձրին ժողովրդի ականջին:
45․ Մովսէսը, այս խօսքերը բոլոր իսրայէլացիներին հաղորդելուց յետոյ,
46․ նրանց ասաց. «Ձեր հոգու մէջ պահեցէ՛ք բոլոր այն խօսքերը, որոնց վրայ այսօր վկայութիւն եմ դնում ձեր առջեւ: Դրանք հաղորդեցէ՛ք ձեր որդիներին, որպէսզի պահեն ու կատարեն օրէնքի բոլոր խօսքերը:
47․ Սա ոչ թէ դատարկ խօսք է, այլ ձեր կեանքի էութիւնը: Դրա համար էլ երկար կ՚ապրէք այն երկրում, որ դուք, անցնելով Յորդանան գետը, պիտի ժառանգէք»:
48․ Տէրը նոյն օրը խօսելով Մովսէսի հետ՝ ասաց.
49․ «Բարձրացի՛ր Մովաբի երկրում Երիքովի դիմաց գտնուող Աբարիմ լեռը՝ Նաբաւ լեռը, եւ դիտի՛ր այն երկիրը, որ տալու եմ իսրայէլացիներին իբրեւ սեփականութիւն:
50․ Գնա վախճանուի՛ր այնտեղ, քո բարձրացած լերան վրայ եւ միացի՛ր քո ժողովրդին, ինչպէս որ Հոր լերան վրայ մեռաւ քո եղբայր Ահարոնն ու միացաւ իր ժողովրդին:
51․ Եւ սա՝ ի դիմաց այն բանի, որ իսրայէլացիների ներկայութեամբ Հակառակութեան ջրերի մօտ, Կադէսում՝ Սին անապատում, անտեսեցիք իմ խօսքերը, չփառաւորեցիք դրանք իսրայէլացիների մէջ:
52․ Դիմացի՛ց պիտի տեսնես այդ երկիրը, բայց այնտեղ պիտի չմտնես»: