Ամենայն հաւանականութեամբ Մակաբայեցիների այս երրորդ գիրքը գրվել է Մակաբայեցիների առաջին եւ երկրորդ գրքերից ավելի քան 30 տարի առաջ, որովհետեւ այստեղ պատմւում է Եգիպտոսի թագաւոր Պտղոմէոս Փիլոպատորի ժամանակ տեղի ունեցած դեպքերի մասին։ Պտղոմեանների մեջ միայն նա է, որ տիրել է Եգիպտոսին։ Եգիպտոսում նա իշխել է Ասորիքի եւ ասիական կողմերի թագաւոր Անտիոքոս Մեծի թագաւորութեան ժամանակ եւ ոչ թէ նրա կրտսեր որդու՝ Անտիոքոս Եպիփանի տարիներին։ Ինչպէս յայտնի է, այն աղէտալի դէպքերը, որոնց մասին պատմւում է այս գրքում, եւ որոնց ենթարկուեցին հրեաները, կատարուել են Անտիոքոս Մեծի կողմից, մինչդեռ Անտիոքոս Եպիփանի ժամանակ տեղի ունեցած աղէտները կատարուել են երեսուն կամ քառասունից պակաս տարիներ յետոյ, որոնց մասին էլ պատմում են Մակաբայեցիների առաջին եւ երկրորդ գրերը։
Եգիպտոսի Փիլոպատոր թագաւորը գալիս է պատերազմելու Ասորիքի եւ ասիական կողմերի արքայ Անտիոքոս Մեծի դեմ։ Փիլոպատորը դաւաճանաբար սպանւում է ոմանց ձեռքով, եւ Անտիոքոսն առանց պատերազմի հասնում է յաղթանակի, որի համար էլ նա շռայլ պարգեւներ է բաշխում իր պաշտած հեթանոս աստուածներին։ Ապա նա գալիս է Երուսաղէմ եւ երբ պատիւ մատուցելու համար ուզում է տաճար մտնել, հրեաներն ընդդիմանում են նրան՝ համարելով դա մեծ աղէտ։ Թէեւ Անտիոքոսը յանդգնում է մտնել տաճար, բայց Աստծու կողմից պատժուելով՝ հազիւ կարողանում է կենդանի դուրս գալ այնտեղից եւ այդ պատճառով էլ առաւել մեծ թշնամանքով է լցւում դէպի հրեաները։
Վերադառնալով Եգիպտոս, նա մի խիստ հրովարտակ է գրում հրեաների դեմ՝ պահանջելով, որ նրանք թողեն իրենց հայրենի օրենքը։ Հրեաներից շատերը, գայթակղուելով, հրաժարւում են իրենց օրէնքից։ Անտիոքոսը ծանրացնում է հարկերը եւ դա բաւական չհամարելով՝ հրաման է արձակում ամբողջ երկրում շղթայակապ անել բոլոր հրեաներին եւ փղերի ոտքերի տակ ոչնչացնել նրանց։ Սակայն Աստուած իր մեծ խնամակալութեամբ նրա ցասումը փոխում է գթասրտութեամբ, եւ հրեաներն ազատ են արձակվում փառքով ու պատուով։
Այնուհտեւ նա գրում է մի նոր հրովարտակ ի պաշտպանութիւն հրեաների, եւ որպէսզի այն մեծարանքով ընդունուի նրանց կողմից, հրամայում է վերադարձնել նրանց առգրաւուած ինչքերը եւ նրանց ձեռքը յանձնել իրենց նախնիների օրէնքներից հրաժարուած եւ սուրբ Աստծուն ուրացած հրեաներին՝ արժանի պատիժ ստանալու համար։ Անտիոքոսն այս հրովարտակը գրում է Փիլոպատոր Պտղոմէոսի անունով եւ ինքն էլ իրեն կոչում Պտղոմէոս, որովհետեւ նա յաղթանակօրեն տիրել էր նրա երկրին։

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: