Գիրք` 34. Միքիա

Ներածութիւն

   
   Միքիա մարգարէն, որ Եսայի մարգարէի ժամանակակիցներից է եղել, իր առաքելութիւնը կատարել է հաւանաբար 740-ից 700 թուականներին (ն․ Ք․)։ Ինչպես Եսային, սա եւս իր խօսքն ուղղում է Յուդայի թագաւորութեան բնակիչներին այնպիսի մի ժամանակաշրջանում, երբ վերջիններս գտնւում էին ասորեստանեան բանակների յարձակման սպառնալիքի տակ։
   Միքիան իր ունկնդիրներին ազդարարում է, որ իրենց երկիրը եւ մասնաւորապէս իրենց մայրաքաղաք Երուսաղէմը արժանանալու է նոյն ճակատագրին, ինչ ճակատագրի որ արժանացավ Սամարիան՝ Իսրայէլի թագաւորութեան մայրաքաղաքը, որը նուաճուեց 722-721 թուականներին (ն․ Ք․)։ Նա նրանց նախազգուշացնում է, որ գալիք աղէտը հետեւանքն է լինելու իրենց գործած մեղքերի, յատկապէս այն ընկերային անարդարութեան, որ գոյութիւն ունի իրենց մէջ։ Մարգարէն Աստծու կողմից հաշիւ է պահանջում նրանցից, նա մինչեւ իսկ դէմ է դուրս գալիս ժողովրդի մեծամեծներին ու պատասխանատու պաշտօնատար անձանց՝ խոշոր կալուածատէրերի, պետական ղեկավարների, դատաւորների, կառավարիչների, քահանաների եւ այլն։ Նա բանավէճի է բռնւում նաեւ այն մարգարէների հետ, որոնք ապահովութիւն ներշնչող խօսքերով մոլորեցնում էին ժողովրդին եւ դրանով իսկ վերացնում Աստծու եւ միմեանց հանդէպ ժողովրդի վերաբերմունքը փոխել տալու ամէն հնարաւորութիւն։ Իր այս ազդարարութիւններով Միքիան ցանկանում է ունկնդիրներին մղել խորհելու եւ ընտրութիւն կատարելու, այսինքն՝ պարզապէս հնազանդելու Աստծու կամքին՝ յարգելով եւ սիրելով իրենց մերձաւորներին։ Այս ազդարարութիւններն ուղեկցւում են փրկութեան նոր գործերի աւետիսով, որ Աստուած իրականացնելու է ապագայում իր ժողովրդի համար։