Դանիէլի գիրքը նախ պատմում է, թէ ինչպէս չորս երիտասարդ հրեաներ, որոնք ուրիշ հրեաների հետ գերի էին տարուել Նաբուքոդոնոսոր արքայի կողմից, անդրդուելիօրէն հաւատարիմ մնացին իրենց Աստծուն։ Գրքի առաջին մասը պարունակում է իրարից բաւականին անկախ վեց պատմութիւններ, որոնք ցոյց են տալիս, թէ ինչպիսի ահաւոր ճնշումների, սպառնալիքների կամ պատիժների կարող էին ենթարկուել հրեաները իրենց հալածիչների կողմից։ Այս մասում է զետեղուած Դանիէլի ծանօթ պատմութիւնը առիւծների գբում։
Երկրորդ մասում պատմւում է Աստծու կողմից Դանիէլին տրուած չորս տեսիլքների մասին։ Այս տեսիլքները բացայայտում են բազմաթիւ օտար ազգերի գերիշխանութեան տակ գտնուող հրեայ ժողովրդի պատմութիւնը, մինչեւ Աստուած կ՚ազատագրի նրանց եւ կը վերահաստատի նրանց թագաւորութիւնը։
Իր բնոյթով եւ ոճով այս գիրքը շատ նման է Նոր Կտակարանի վերջում գտնուող Յայտնութեան գրքին։ Թէ՛ մէկի եւ թէ՛ միւսի գլխաւոր նպատակն է քաջալերել բոլոր ժամանակների հաւատացեալներին, որպէսզի յարատեւեն իրենց հաւատի մէջ, ինչպիսին էլ լինի իրենց դիմագրաւելիք փորձութիւններն ու հալածանքները։

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: