26․ Մեկ մկրտության.

Ի մի մկրտութիւն. 

 

Ինքը Փառքի Տերը հարությունից հետո պատվիրեց  առաքյալներին  գնալ  և  աշակերտ դարձնել հեթանոս ժողովուրդներին, ամենքին մկրտել Հոր, Որդու և Սուրբ Հոգու անունով և անաղարտ պահել սիրո ու սրբության  Իր  պատվիրանը  (տե՛ս  Մատթ. 28:19-20): Եվ քանի որ մեկ մկրտության մասին խոսեց, երկրորդն արգելեց և հրեական լվացումներից տարբեր մի մկրտություն հաստատեց: Որովհետև ինչպես մեկ է Տեր Աստված Հայրը, մեկ է Հայր Աստծո Որդի Տեր Հիսուս Քրիստոսը, և մեկ է Հորն ու Որդուն փառակից Սուրբ Հոգին, նույն Ինքը Որդին, որ մարդկային [բնությանը] միացավ, Երրորդությունից մեկն է, և նաև մեկ է առաքելական  դավանմամբ  Նրա  վրա  շինված ու հաստատված Ընդհանրական Եկեղեցին, նմանապես էլ մեկ է մկրտությունը: Որովհետև ինչպես հնարավոր չէ, որ մեկը երկինք ելնի և Քրիստոսին այնտեղից իջեցնի, ինչպես և գրում է Պողոսը, կամ դժոխք իջնի և Քրիստոսին մեռելների միջից հանի (տե՛ս Հռոմ. 10:6-7), որովհետև մեկն է Նա, Ով իջավ ու բարձրացավ և այլևս մահվամբ չի իջնելու երկրի սանդարամետը, այդպես էլ  մենք,  որ  մեկ  անգամ  իջանք  Ավազանի ստորին ջրերի մեջ` [մկրտվելով] Քրիստոսի մահվամբ ու կենսաբեր հարությամբ, և Նրա հարության խորհրդով բարձրացանք-ելանք այնտեղից,  այլևս  հնարավոր  չէ,  որ  նույն տեղն իջնենք երկրորդ մկրտությամբ: Քանզի չկա այլ Քրիստոս այն Մեկի փոխարեն, որ կարողանա նույն կերպ մաքրել ու մեղքի մեռելությունից  կենդանացնել.  կա  միայն Մեկը, Ով մի անգամ մեռավ ու ինքնիշխանաբար հարություն առավ, այլևս չի մեռնելու, և մահը Նրան այլևս չի տիրում` առաքյալի հաստատուն վկայությամբ (տե՛ս Հռոմ. 6:9): Ուստի ինչպես մեկ է Եկեղեցու հավատը մեկ Տեր Հիսուս Քրիստոսի հանդեպ, մեկ է նաև սրբարար մկրտությունը Հոր, Որդու և Սուրբ Հոգու անունով: Սա սովորում ենք նաև առաքելավանդ խոսքով, թե քեզ պետք չէ հեռու տեղ ընթանալ, դավանման խոսքը մոտ է քո բերանին, և հավատը` քո սրտում (տե՛ս  Հռոմ.  10:8),  թե  մեկ  է  Տեր  Հիսուս Քրիստոսը` Հայր Աստծո փառքի մեջ (տե՛ս Փիլիպ. 2:11). Նա մեր արդարությունն է և փրկությունը (տե՛ս Ա Կորնթ. 1:30), և մենք, որ մկրտվեցինք, Նրա մահվամբ մկրտվեցինք (տե՛ս Հռոմ. 6:3) ու Նրա հարությամբ նորոգվեցինք: Ուստի «մեկն է Տերը,– ասում է [առաքյալը],– մեկն է հավատը, և մեկն է մկրտությունը, ինչպես մեկն է Հայր Աստված» (հմմտ. Եփես. 4:5), եւ մեկն է Հիսուս Քրիստոսը: Այդպես նաև մենք ենք մեկ մարմնով մկրտվել՝ հրեա թե հեթանոս, ծառա թե ազատ, և շնորհի մեկ Հոգի ընդունել (տե՛ս Ա Կորնթ. 12:13):

Ուստի ըստ չարափառների` երկու Որդի չենք ճանաչում` մեկը` բնությամբ, մյուսը` հարակցությամբ, այլ միևնո՛ւյն Խոսք Աստված  Կույսի  որովայնում  Իրենը  դարձրեց կատարյալ մարդկությունը: Հետևաբար [այս  միությունն]  անշփոթ  և  առանց  բաժանման ենք դավանում` ըստ ավետարանա- կան խոսքի. «Խոսքը մարմին եղավ և բնակվեց մեր մեջ» (Հովհ. 1:14)` Իր ճշմարիտ [աստվածային] էությունը չփոխարինելով և չայլափոխելով: Որպեսզի ոչ ոք չկարծի, թե Խոսքն ու Նրա մարդկությունը տարբեր որդիներ են, [Պողոս առաքյալն ասում է], որ միևնո՛ւյն Որդին ու Տերն են` Հայր Աստծո փառքի մեջ (տե՛ս Փիլիպ. 2:11): Նա որևէ բան  չկորցրեց  Իր  ճշմարիտ  [աստվածային էությունից] և ոչինչ չհավելեց կատարյալ, անկարոտ էությանը, այլ մնաց ինչ որ կար և ընդունեց ինչ չուներ` անճառելի միություն կազմելով, ինչպես Ինքը` անհաս Իմաստությունը գիտի: Իսկ մենք սրբազան հայրերի ավանդը պահողները ե՛նք և կլինե՛նք հավիտյան, որպեսզի մեկ մկրտությամբ ընդունած  լինելով  մեկ  դավանությունը`  մեր անձը սրանում հաստատ պահենք: Իսկ ով մկրտությունից հետո հանցանք է գործում, սուրբ հայրերը [նրա համար] ապաշխարություն են սահմանում` ըստ հետևյալ խոսքի.

 

Հաջորդը՝

27․ Ապաշխարությանն ու մեղքերի թողությանը.

Նախորդը՝

25․ Հավատում ենք նաև այս մեկ և միակ ընդհանրական առաքելական Եկեղեցուն.