Ի յարութիւն մեռելոց.
[Սա սահմանեցին]` հավատալով առաքելական վկայությանը, թե ինչպես Քրիստոսը մեռելների միջից հարություն առավ, այդպես էլ մենք ենք կյանքի նորոգություն ստանալու: Շատ օրինակներ էլ Տերը կենսատու Ավետարանում է ճշմարտապես ցույց տալիս. «Ինչպես Հայրն է հարություն տալիս մեռելներին, այդպես էլ Որդին է հարություն տալիս» (Հովհ. 5:21), և` «Կուղարկի Իր հրեշտակներին, և կհավաքեն Նրա ընտրյալներին» (Մարկ. 13:27): Այս մասին Դանիելն էլ է նախաձայնել. «Ամենքը հարություն կառնեն, ոմանք` կյանքի համար, ոմանք էլ` հավիտենական ամոթի» (Դան. 12:2): Եվ Եզեկիելն էլ հաստատում է չորացած ոսկորների միմյանց միանալու և կյանք ստանալու մասին. «Ոսկրը ոսկրին մոտեցավ,- ասում է, - և հոդապատվեցին, ելան, ոտքերի վրա կանգնեցին: Նրանց մեջ շունչ փչեց» (Եզեկ. 37:7-10) և այլն: Իսկ առաքյալը կորնթացիներին ուղղված թղթում հաստատում է հարությունը բազում օրինակներով, մանավանդ Տիրոջ հարությամբ, որով վերացնում է ամեն երկբայություն և սադուկեցիների աղանդը: Սուրբ հայրերն ահա սրանցո՛վ հաստատեցին մեռելների հարության հանդեպ հավատքը: Այնուհետև կցում են նաև [հետևյալը]`
Հաջորդը՝
29․ Հոգիների ու մարմինների հավիտենական դատաստանին.
Նախորդը՝
27․ Ապաշխարությանն ու մեղքերի թողությանը.
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: