1․ Եւ ասէ Տէր ցՄովսէս. Երթ ել աստի, դու եւ ժողովուրդն քո զոր հաներ յերկրէն Եգիպտացւոց, յերկիրն զոր երդուայ Աբրաամու` եւ Սահակայ` եւ Յակոբայ. ասեմ, Զաւակի ձերում տաց զնա:
2․ Եւ առաքեցից առաջի երեսաց քոց զհրեշտակ իմ. եւ մերժեսցէ զՔանանացին, եւ զԱմովրհացին, եւ զՔետացին, եւ զՓերեզացին, եւ զԳերգեսացին, եւ զԽեւացին, եւ զՅեբուսացին:
3․ Եւ տարցի զքեզ յերկիրն որ բղխէ զկաթն եւ զմեղր: Բայց ես ոչ ելից ընդ ձեզ, վասն խստապարանոց լինելոյ ժողովրդեանդ. զի մի սատակիցեմ զքեզ ի ճանապարհի:
4․ Եւ լուեալ ժողովրդեանն զբանն զայն չար, սուգ առին սգաւորք. եւ ոչ առ այր զզարդ զանձամբ:
5․ Եւ ասէ Տէր ցՄովսէս. Ասա դու ցորդիսն Իսրայէլի. Դուք ժողովուրդ խստապարանոց էք. զգոյշ լերուք գուցէ եւ այլ եւս հարուած ածիցեմ ի վերայ ձեր, եւ սատակիցեմ զձեզ: Եւ արդ` մերկացարու՞ք զպատմուճանս փառաց ձերոց, եւ զզարդ քո ի քէն, եւ ցուցից զինչ առնիցեմ քեզ:
6․ Եւ մերկացան որդիքն Իսրայէլի զզարդ իւրեանց, եւ զպատմուճանս իւրեանց ի Քորէբ լերին:
7․ Եւ առեալ Մովսիսի զխորան իւր` եհար արտաքոյ բանակին, մեկուսի ի բանակէ անտի. եւ կոչեցաւ այն` Խորան վկայութեան: Եւ լինէր ամենայն ոք որ խնդրէր ինչ ի Տեառնէ, ելանէր ի խորանն վկայութեան արտաքոյ բանակին:
8․ Եւ յորժամ երթայր Մովսէս ի խորանն` կայր ամենայն ժողովուրդն դէտակն կալեալ իւրաքանչիւր ուրուք առ դուրս խորանի իւրոյ: Հայէին ընդ Մովսէս, մինչ երթայր մտանէր ի խորանն:
9․ Եւ յորժամ մտանէր Մովսէս ի խորանն, իջանէր սիւն ամպոյն եւ կայր առ դուրս խորանին, եւ խաւսէր ընդ Մովսիսի:
10․ Եւ տեսանէր ամենայն ժողովուրդն զսիւն ամպոյն որ կայր առ դուրս խորանին. եւ կային ամենայն ժողովուրդն յոտն, եւ երկիր պագանէին իւրաքանչիւր առ դուրս խորանի իւրոյ:
11․ Եւ խաւսէր Տէր ընդ Մովսիսի դէմ յանդիման. որպէս ոք զի խաւսիցի ընդ բարեկամի իւրում. եւ դառնայր ի բանակ անդր: Բայց պաշտաւնեայ նորա Յեսու որդի Նաւեայ ոչ ելանէր ի խորանէ անտի:
12․ Եւ ասէ Մովսէս ցՏէր. Ահա ասես ցիս. Հան զժողովուրդդ զայդ. եւ դու ոչ ցուցեր ինձ զո՞ առաքիցես ընդ իս: Եւ դու` ցիս ասացեր` թէ ճանաչեմ զքեզ քան զամենեսին, եւ ունիս շնորհս յինէն:
13․ Արդ` եթէ գտի շնորհս առաջի քո` ցոյց ինձ զանձն քո յայտնապէս, զի գիտացից` թէ ի՞ւ գտեալ է իմ շնորհս առաջի քո. եւ զի ծանեայց թէ ժողովուրդս քո այս` յազգ մեծ լինիցի:
14․ Եւ ասէ. Ես ինքնին երթայց առաջի քո, եւ զետեղեցից զքեզ:
15․ Եւ ասէ ցնա. Եթէ ոչ դու ինքնին երթայցես ընդ մեզ, մի հաներ զմեզ աստի:
16․ Եւ զիա՞րդ յայտ լինիցի, եթէ արդարեւ գտի շնորհս առաջի քո, եւ ես եւ ժողովուրդս քո: Այլ յերթալն քո ընդ մեզ` փառաւորեսցուք, եւ ես եւ ժողովուրդ քո, քան զամենայն ազգս որ իցեն ի վերայ երկրի:
17․ Եւ ասէ Տէր ցՄովսէս. Եւ զայդ եւս զքո բան զոր ասացեր` արարից. քանզի գտեր շնորհս առաջի իմ. եւ ճանաչեմ զքեզ քան զամենեսեան:
18․ Եւ ասէ` Ցոյց ինձ զփառս քո:
19․ Եւ ասէ. Ես անցից առաջի քո փառաւք իմովք. եւ կոչեցից յանուն Տեառն առաջի քո. եւ ողորմեցայց. որում ողորմեցայց, եւ գթացայց յորս գթացայց:
20․ Եւ ասէ. Ոչ կարես տեսանել զերեսս իմ. զի ոչ տեսանէ մարդ զերեսս իմ, եւ ապրի:
21․ Եւ ասէ Տէր. Ահա տեղի մի առաջի իմ. եւ կացցես ի վերայ վիմին.
22․ յորժամ անցանիցեն փառքն իմ. եւ եդից զքեզ ի ծերպ վիմին. եւ ծածկեցից զքեզ ձեռամբ իմով մինչչեւ անցից ես:
23․ Եւ բարձից զձեռն իմ ի քէն, եւ ապա տեսցես զյետոյսն իմ. բայց երեսք իմ քեզ մի երեւեսցին:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: