Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 12:37

Սրբ. Հովհան Ոսկեբերան (†407)

«Որովհետև քո խոսքերից պիտի արդարացվես և քո խոսքերից պիտի դատապարտվես»։
   
   Ուրեմն, նրանց, ում չարախոսում են, անհանգստանալու ոչինչ չունեն, քանի որ նրանցից պատասխան չի պահանջվի այն ամենի համար, որ ուրիշները վատ խոսքեր էին ասում իրենց մասին։ Մինչդեռ ահա չարը խոսողները պետք է վախենան և դողան, քանի որ իրենց չարալեզվության համար նրանք դատաստանի առջև կկանգնեն։
Իրոք որ, սա սատանայական որոգայթ է, սա մեղք է, որ ոչ մի ուրախություն չի բերում, այլ միայն վնաս է պատճառում։ Իսկապես, նման մարդն իր հոգում չար գանձ է կուտակում։ Եթե անառողջ կենսահյութ ունեցողն ինքն ամենից շատ է տառապում այդ հիվանդությունից, ապա առավել ևս չարություն կուտակողը, որն ավելի դառն է, քան ցանկացած լեղի, սարսափելի [տանջանքներ] է կրելու՝ ինքն իրեն ծանրագին հիվանդության ենթակա դարձնելով։
   Եթե այդպիսի մարդուց դուրս եկող խոսքերն այդքան խորապես վշտացնում են ուրիշներին, ապա շատ ավելի ուժգին վիշտ է պատճառվում հենց այն հոգուն, որը ծնել է դրանք։ Քանի որ չարիք հղացողը նախ և առաջ սպանում է ինքն իրեն՝ ճիշտ այնպես, ինչպես որ կրակ փչողն ինքն իրեն է այրում, և ինչպես ադամանդին հարվածողը վնասում է ինքն իրեն, ու ինչպես սուր մեխեր կոխկրտողն էլ ինքն իրեն է վնասում։
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 12:35
   

Հովհաննես Ծործորեցի (†1338)

որովհետեւ՝ քո խօսքերով պիտի արդարանաս եւ քո խօսքերով պիտի դատապարտուես»:
   

    Որովհետև քո խոսքերից ես արդարանալու և քո խոսքերից՝ դատապարտվելու:

    Աստիճանաբար սովորեցնում է Այն Ատյանի իրավունքի մասին: Թեկուզ քո մասին բազմաթիվ սուտ վկաներ սուտ վկայություն տան, ասում է, քեզ ոչ մի վնաս չեն հասցնի, այլ այն վճիռը, որ ինքդ ես սահմանում [քո խոսքերով], դա է, որ Դատավորն իրագործելու է՝ ըստ այսմ. «Դատում եմ, ինչպես որ լսում եմ» (Հովհ. 5։30), և թե՝ «Քո բերանո՛վ կդատեմ քեզ» (Ղուկ. 19։22), Դավիթն էլ թե՝ «Այսուհետև իրենց բերանով կհաճոյանան» (Սաղմ. 48։14): Ուստի պիտի վախենան ոչ թե նրանք, ում մասին չարախոսում են, այլ չարախոսները, որովհետև հարկադրված են լինելու պատասխան տալ ոչ թե նրանք, ովքեր չար բաները լսեցին, այլ ովքեր դրանք խոսեցին:

    Այլև՝ արդարացնող խոսքը հավատքի՛ խոսքն է՝ ըստ մարգարեի. «Մի խոսք հակիրճ ու համառոտ 1 պիտի դարձնի Տերը» (Ես. 10։23): Այլուր էլ [ասվում է]. «Խոսքը մոտ է քո բերանին» (հմմտ. Բ Օր. 30։14)՝ «սրտով հավատալու և բերանով խոստովանելու փրկության համար, որով ենք արդարանում» (հմմտ. Հռոմ. 10։10), ինչպես ավազակը, մաքսավորն ու գաղատացիները (Ղուկ. 18։10-14, 23։39-43, Գործք 16։6, Գաղ. 4։13-14): Իսկ այդ նույնով՝ խոսքով դատապարտվելու [մասին ասվում է], որ «Աստծո բարկությունն է մնում նրա վրա» (Հովհ. 3։36), ով չհավատաց Որդուն, ինչպես հրեաները, հերձվածողները և այն մեծամիտ փարիսեցին (Ղուկ. 23։39-43)՝ ըստ այսմ. «Կյանքն ու մահը լեզվի ձեռքին են» (Առակ. 18։21):

    Նաև՝ անասունները չեն արդարանալու փառքով կամ դատապարտվելու տանջանքների, այլ մարդիկս ենք, որ, խոսելու կարողություն ունենալու պատճառով, անձնիշխան կամքով գործելով բարին՝ արդարանալու ենք և նույն կերպ սպասավորելով չարին՝ դատապարտվելու ենք այն Ատյանում: Եվ արդարացի է սա. որովհետև իշխանի մեղքը ժողովրդի [մեղքի] պես էր չափվում, ինչը երևում է [մատուցվող] զոհերից (Ղևտ. 4։22-35). այդպես նաև խոսքն է իշխան:
   

Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)

որովհետեւ՝ քո խօսքերով պիտի արդարանաս եւ քո խօսքերով պիտի դատապարտուես»:
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 12:24