Սրբ. Հովհան Ոսկեբերան (†407)
3, 5․ «Հուդան ծնեց Փարեսին ու Զարային՝ Թամարից. Փարեսը ծնեց Եսրոմին. Եսրոմը ծնեց Արամին»։ «Սաղմոնը ծնեց Բոոսին՝ Ռախաբից. Բոոսը ծնեց Օբեդին՝ Հռութից. Օբեդը ծնեց Հեսսեին»։
Դու ի՞նչ նպատակ ես հետապնդում, Աստծո կողմից ներշնչված մա´րդ, երբ մեզ հիշեցնում ես անօրեն արյունապղծության պատմությունը։ «Իսկ ի՞նչ խնդիր կա դրանում», - պատասխանում է ավետարանիչը...Եթե մենք թվարկելու լինեինք մի ինչ-որ հասարակ մարդու տոհմաբանությունը, ապա այդ դեպքում է, որ ճիշտ կլիներ լռել նմանօրինակ հարցի մասին։ Սակայն մարմնավորված Աստծո ծննդաբանությունը թվարկելիս որևէ հարցի մասին ոչ միայն չպետք է լռել, այլ պետք է բարձրաձայն հռչակել՝ ցույց տալու համար Աստծո նախախնամությունն ու ամենազորությունը։ Չէ՞ որ Աստված աշխարհ է եկել ոչ թե մեր մարդկային ամոթը կրելուց խուսափելու, այլ այն ոչնչացնելու համար։ Ահա թե ինչու մեզ հատկապես զարմացնում է ոչ թե Քրիստոսի մահը, այլ այն, որ Նա խաչվեց (չնայած որ դա նվաստացուցիչ կարող էր թվալ Աստծո համար, սակայն որքան դա նվաստացուցիչ էր, այդքան ավելի էր մատնացույց անում մարդկության հանդեպ Նրա սերը): Նույնը կարող ենք ասել նաև Փրկչի Ծննդյան մասին. Քրիստոս մեզ զարմանք է պատճառում ոչ միայն այն պատճառով, որ Նա Իրեն ենթարկեց մարմնանալու խորհրդին և մեզ նման մարդ դարձավ, այլ նաև ա´յն պատճառով, որ Նա մեղավոր մարդկանց արժանի համարեց լինելու Իր հարազատները՝ բոլորովին չամաչելով մեր մեղքերից:
Այդպիսով, Քրիստոս Իր ծննդյան հենց սկզբից ցույց տվեց, որ չի նողկում մեր մարդկային որևէ կրքից՝ դրանով մեզ ևս սովորեցնելով չամաչել մեր նախնիների չարության համար, բայց և փնտրել միայն մեկ բան՝ առաքինություն։ Առաքինի մարդը, անգամ եթե ծնվել է օտարերկրացուց, թեկուզ եթե ծնվել է պոռնիկից կամ մեկ այլ տեսակի մեղավորից, դրանից որևէ մի վնաս չի կարող ունենալ։ Եթե նույնիսկ պոռնիկն ինքը, եթե իհարկե փոխվում է, իր նախկին կյանքն ամենևին էլ չի խայտառակում իրեն, ապա որչափ առավել առաքինի մարդը, եթե անգամ սերում է պոռնիկից կամ շնացողից, բնավ չի կարող խայտառակվել իր ծնողների մեղսավորության պատճառով: Քրիստոս, սակայն, այս օրինակը մեզ ցույց տվեց ոչ միայն մեզ խրատելու համար, այլև որպեսզի խոնարհեցնի հրեաների հպարտությունը: Չէ՞ որ նրանք, անտեսելով հոգևոր առաքինությունները, բոլոր պարագաներում պարծենում էին միայն Աբրահամով և կարծում էին, թե կարող են արդարանալ իրենց նախնիների առաքինություններով: Մինչդեռ Տերը հենց ամենասկզբից ցույց է տալիս, որ պետք է պարծենալ ոչ թե տոհմական ծագումով, այլ սեփական արժանիքներով։ Ավելին, Քրիստոս ցանկանում է նաև ցույց տալ, որ ամենքը, նույնիսկ իրենք` նախահայրերը ևս, մեղավոր են իրենց մեղքերի մեջ: Այսպես, հրեաների այն նախահայրը (պատրիարքը), որից հրեա ժողովուրդը ստացել է իր անունը, պարզվում է, որ այդքան էլ անմեղ չի եղել. Թամարը նրան մեղադրում է պոռնկության մեջ։ Իսկ Դավիթն իր պոռնիկ կնոջից ունեցավ Սողոմոնին։ Եթե այդպիսի մեծությունները չպահեցին օրենքը, ապա որքա՜ն առավել մեղավոր են նրանք, ովքեր նախահայրերից ավելի ցածր դիրք ունեին։ Իսկ եթե չպահեցին, ապա ուրեմն բոլորն էլ մեղանչեցին, ուստի և Քրիստոսի գալուստն անհրաժեշտություն էր։
Ահա թե ինչու է ավետարանիչը հիշատակում տասներկու նահապետներին (պատրիարքներին), որպեսզի նվաստացնի ա´յն հրեաներին, որոնք պարծենում էին իրենց նշանավոր նախնիներով։ Չէ՞ որ այդ նահապետներից շատերը ծնվել էին աղախիններից, սակայն, այդուամենայնիվ, նրանց ծնողների միջև առկա տարբերությունները որևէ տարբերություն չեն ներմուծել ծնվածների վրա: Նրանք բոլորն էլ հավասարապես թե´ նահապետներ (պատրիարքներ) էին, և թե´ ցեղերի հիմնադիրներ։ Եվ այս իսկ է Եկեղեցու առավելությունը. սրանով է մեր Եկեղեցու օրհնյալ սերունդը տարբերվում հրեական ընկալումներից համաձայն` ազնվական ծագում ունեցող վերնախավից, և այս տարբերությունը ձևավորվել էր արդեն Հին Կտակարանում: Միևնույն է` դու ստրուկ ես եղել, թե ազատ. դա քեզ ո´չ օգուտ կարող է բերել, ոչ վնաս:
Միայն մեկ բան է անհրաժեշտ՝ կամք և հոգևոր տրամադրվածություն։
Բացի վերոհիշյալից` կա ևս մեկ պատճառ, թե ինչու է ավետարանիչը հիշատակում Հուդայի խառնարյունության պատմությունը. ի՞նչ նպատակով Զարան միացվեց Փարեսին։ Ըստ երևույթին, զուր և ավելորդ կլիներ Զարային հիշատակել Փարեսից հետո, որից պետք է սերեր Քրիստոսի ծագումնաբանությունը։ Ո՞րն է սրա նպատակը։ Երբ Թամարը պատրաստվում էր նրանց լույս աշխարհ բերել և երբ նրա ծննդաբերական ցավերը սկսվեցին, Զարան առաջինն էր, որ դուրս պարզեց իր ձեռքը։ Մանկաբարձուհին, դա տեսնելով, առաջնեկին տարբերելու համար կարմիր թելով կապեց նրա ձեռքը։ Սակայն երբ Զարայի ձեռքը թելով կապեցին, այդուհետ երեխան հետ քաշեց իր ձեռքը, և առաջինը ծնվեց Փարեսը, իսկ այնուհետև միայն` Զարան։ Դա տեսնելով` մանկաբարձուհին ասաց. «Դու ինչպե՞ս ես քեզ համար կոտրել պատնեշը» (Ծննդ. 38:29)։ Նկատո՞ւմ ես խորհրդավոր նախատիպը։ Առանց պատճառի չէ, որ այս մասին պատմվում է մեզ, քանի որ ի՞նչ արժեք կունենար պատմել այն, ինչը մի անգամ ասել է մանկաբարձուհին, և հավելել, որ երկրորդը ծնված երեխան առաջինն էր մեկնել իր ձեռքը։ Այսպիսով, ի՞նչ է նշանակում այս նախատիպը: Նախևառաջ, երեխայի անունն ինքնին լուծում է այս խնդիրը. «Փարես» նշանակում է «բաժանում և ցրում»: Երկրորդ հերթին՝ հենց իրադարձությունն ինքն է պարզաբանում հարցի էությունը. բնական երևույթ չէր այն, որ առաջինը մեկնված ձեռքը, որը կապվել էր կարմիր թելով, դարձյալ հետ է քաշվում։ Այստեղ չկար ո´չ գիտակից շարժում, ո´չ էլ բնական կարգավորություն։ Այն, որ մեկը դուրս էր մեկնում իր ձեռքը, սակայն առաջինը ծնվում էր մեկ ուրիշը, դա ինչ-որ տեղ կարող էր բնական լինել: Սակայն երբ մեկնված ձեռքը դարձյալ հետ է քաշվում՝ իր տեղը մյուսին զիջելու համար, դա արդեն հակասում է ծննդաբերական օրենքներին։ Ո՛չ, այստեղ ներկա էր Աստծո շնորհը, որը և ասես տնօրինում էր մանուկների ծնունդն ու այդպիսով, նրանց օրինակով, մեզ համար կանխանշում էր գալիք իրադարձությունների որոշակի պատկերը։ Սակայն կոնկրետ ի՞նչ պատկեր: Նրանք, ովքեր մանրակրկիտ ուսումնասիրել են այս իրադարձությունը, ասում են, որ հիշյալ մանուկները նախապատկերում էին երկու ժողովուրդների:
Այնուհետև, որպեսզի դու իմանաս, որ երկրորդ ժողովրդի գոյությունը նախորդում էր առաջին ժողովրդի ծագմանը, մանուկներից մեկն իրեն ամբողջությամբ ցույց չի տալիս, այլ միայն մեկնում է ձեռքը, բայց և նորից թաքցնում է այն, ու միայն այն բանից հետո, երբ իր եղբայրն «ամբողջությամբ» լույս աշխարհ է գալիս, այդժամ միայն նա նույնպես ծնվում է «ամբողջությամբ»: Այդպես էլ եղավ մեկ և մյուս ժողովուրդների հետ:
Սկզբում` Աբրահամի ժամանակներում, ի հայտ եկավ եկեղեցական կյանքը, իսկ հետո, երբ այն «թաքնվեց», ասպարեզ եկավ հրեա ժողովուրդը, որը փորձում էր ապրել օրենքի տառին համապատասխան կյանքով, իսկ դրանից հետո էլ հայտնվում է արդեն մի ամբողջ նոր ժողովուրդ՝ իր օրենքներով։ Ահա թե ինչու է մանկաբարձուհին ասում. «Դու ինչպե՞ս ես քեզ համար կոտրել պատնեշը» : Ներմուծված օրենքը խլեց կյանքի ազատությունը: Սուրբ Գիրքը նույնպես «օրենքը» սովորաբար «արգելք» է անվանում: Այսպես, Դավիթ մարգարեն ասում է. «Դու քանդեցիր նրա ցանկապատերը, որ ճանապարհի անցորդներն էլ պոկոտեն այն» (Սաղմ. 79:13): Եվ Եսային ասում է. «Այն շրջապատեցի ցանկապատով» (Ես. 5:2): Իսկ Պողոսն էլ ասում է՝ «քանդեց միջնորմ պատը» (Եփես. 2:14):
Ուրիշները պնդում են, որ «Դու ինչպե՞ս ես քեզ համար կոտրել պատնեշը» խոսքերն ասվել են նոր ժողովրդի մասին, քանի որ այդ ժողովուրդն իր հայտնվելով վերացրել է օրենքը։ Տեսնու՞մ ես, որ փոքրաթիվ ու անկարևոր պատճառներով չէ, որ ավետարանիչը հիշատակում է Հուդայի ողջ պատմությունը։ Այդ նույն պատճառով է հիշատակվում նաև Հռութի ու Ռախաբի մասին, որոնցից մեկն օտարազգի էր, իսկ մյուսը՝ պոռնիկ: Ասել է թե՝ ավետարանչի նպատակը եղել է քեզ ուսուցանելը, որ Փրկիչը եկել է մեր բոլոր մեղքերը վերացնելու համար, եկել է որպես բժիշկ, և ոչ թե որպես դատավոր։ Ճիշտ այնպես, ինչպես հիշյալ անձինք ամուսնացան պոռնիկների հետ, այդպես էլ Աստված Իրեն միավորեց մարդկային անբարո էությունը: Հնում մարգարեները նույնպես այս օրինակը կիրառում էին ժողովարանում: Հրեա ժողովուրդը, սակայն, երախտամոռ գտնվեց իր Ամուսնու նկատմամբ: Մինչդեռ Եկեղեցին, ընդհակառակը, երբ ազատագրվեց է իր հայրերի արատներից, շարունակեց մնալ Փեսայի գրկում:
Տե´ս նաև, թե Հռութի արկածներն ինչքանով են առնչվում մեզ: Նա օտարազգի էր և հասավ ծայրահեղ աղքատության, սակայն Բոոսը, Հռութին տեսնելով, չարհամարհեց նրա աղքատությունը և չխորշեց նրա ստորին ծագումից։ Ճիշտ այդպես էլ Քրիստոս, ընդունելով օտար ու խիստ աղքատացած Եկեղեցուն, նրան արժանացրեց Իր մեծագույն շնորհներին։ Եվ ինչպես կինը երբևէ այսպիսի ամուսնության չէր դիմի, եթե նախ չհեռանար իր հայրական օջախից և չարհամարհեր իր տունը, ընտանիքը, հայրենիքն ու հարազատներին: Այդպես էլ Եկեղեցին, երբ նա թողեց իր հայրերի սովորույթները, միայն այդժամ սիրելի դարձավ Փեսային: Հենց այդ մասին է մարգարեն ասում` դիմելով Եկեղեցուն. «Մոռացի՛ր քո ժողովրդին և քո հոր տունը, և թագավորը կկամենա քո գեղեցկությունը» (Սաղմ. 44.11–12): Այդպես վարվեց նաև Հռութը և այդպիսով նա դարձավ թագավորների մայր, ինչպես Եկեղեցին, որովհետև նրանից (Հռութից) էր սերելու Դավիթը:
Այսպիսով, ավետարանիչն այսպիսի մի ծննդաբանություն կազմեց և նրա մեջ ներառեց այդ կանանց, որպեսզի նման օրինակներով ամաչեցնի հրեաներին և նրանց սովորեցնի չգոռոզանալ։ Հռութը մեծ թագավորի նախահայրն էր, և Դավիթը չէր ամաչում դրա համար։
Սրբ. Ներսես Շնորհալի (†1173)
Յուդան ծնեց Փարեսին եւ Զարային՝ Թամարից. Փարեսը ծնեց Եզրոնին. Եզրոնը ծնեց Արամին.
Հուդան ծնեց, – ասում է [ավետարանիչը],– Փարեսին ու Զարային Թամարից:
Ինչո՞ւ է հիշում այն պատմությունը, որում այնպիսի անառակություն գործվեց (Ծնդդ. 34): Սրանով մեզ խրատում է նախնիների չարագործությունների պատճառով չամաչել: Եվ ցածրացնում է Աբրահամով պարծեցող հրեաների հպարտությունը, թե օգուտ չկա ուրիշների առաքինությամբ պարծենալուց, սակայն նաև այն է ցույց տալիս, որ ամենքն էլ՝ թե՛ նրանք, թե՛ նրանց նախնիները, մեղքի տակ էին: Հետևաբար անհրաժեշտ էր, որ Քրիստոսը գար, որպեսզի ամենքին ազատեր մեղքից: Նույն պատճառով [ավետարանիչը] նաև տասներկու նահապետներին չի հիշատակում, որովհետև նրանցից շատերը հարճերից էին ծնվել, և նույնիսկ Դավիթը Սողոմոնին պոռնիկ կնոջից ունեցավ (Բ Թագ. 11:2-12-24):
Սակայն ինչո՞ւ է Փարեսի հետ նաև Զարային հիշատակում: [Սրանց հետ] կատարվածը խորհուրդ ուներ: Երբ Թամարն արդեն ծնում էր, նախ Զարան ձեռքը հանեց: Երբ մանկաբարձը սա տեսավ, կարմիր [թել] կապեց [Զարայի] ձեռքին՝ անդրանիկ [ծնվածին] ճանաչելու համար, որովհետև հասկացավ, որ երկուսն էին [ծնվում]: Սակայն մանուկը ձեռքը հետ քաշեց, Փարեսը ելավ, և հետո՛ Զարան: Եվ մանկաբարձն ասաց. «Ինչպե՛ս ճեղքվեց քեզ համար ցանկապատը» (Ծննդ. 38։29): Ուստի քննենք պատահածը և մանկան անունը, թե ի՛նչ են խորհրդանշում: Ովքեր Հոգով հասու եղան, ասում են, որ երկու մանուկները խորհրդանշում են երկու ժողովուրդներ: Ինչպես որ անդրանիկ մանուկը, նախ միայն ձեռքը ցույց տալով, հետ քաշվեց՝ տեղ տալով կրտսերին, որ կատարյալ անդամներով դուրս գա, ապա ինքն էլ ելավ, այդպես էլ Եկեղեցու առաքինությունը, աբրահամյան ժամանակներում աղոտաբար երևալով, հետ քաշվեց, հրեա ժողովուրդը Օրենքի առաքինությամբ հայտնվեց, և դրանից հետո պայծառապես երևաց Նոր [ուխտի առաքինությունը]: Այս պատճառով էլ «Փարես» անունը «ճեղքվածք» է թարգմանվում՝ համաձայն մանկաբարձի խոսքի՝ «Ճեղքվեց քեզ համար ցանկապատը», այսինքն՝ Հին օրենքը՝ Նորի միջոցով: Որովհետև Սուրբ Գրքին հատուկ է «ցանկապատ» կոչել օրենքը՝ ըստ այսմ. «Քանդեցիր նրա ցանկապատը» (Սաղմ. 79։13), կամ՝ «Ցանկապատով փակեցի այն» (Ես. 5։2), կամ՝ «Ցանկապատի միջնորմը քանդեց» (Եփես. 2։14): Իսկ մանկան ձեռքին [կապված] կարմիր [թելը] խորհրդանշում է [մարդկության] մեղքերն Իր վրա Վերցնողի արյունը:
Ստեփանոս Սյունեցի (†735)
Յուդան ծնեց Փարեսին եւ Զարային՝ Թամարից. Փարեսը ծնեց Եզրոնին. Եզրոնը ծնեց Արամին.
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 1:2
Ա. Ս. Լոպուխին (†1904)
3-4․ «Հուդան ծնեց Փարեսին ու Զարային՝ Թամարից. Փարեսը ծնեց Եսրոմին. Եսրոմը ծնեց Արամին»։ [3] «Արամը ծնեց Ամինադաբին. Ամինադաբը ծնեց Նաասոնին. Նաասոնը ծնեց Սաղմոնին»: (Սինոդական թարգ․)
(Հմմտ. Ղուկ. 3:32-33): Փարեսը և Զարան (Ծննդ. 38:24-30) երկվորյակ եղբայրներ էին: Եզրոնը, Արամը, Ամինադաբը և Նաասոնը բոլորն էլ հավանաբար ծնվել և ապրել են Եգիպտոսում այն բանից հետո, երբ Հակոբն ու իր որդիները բնակության համար տեղափոխվեցին այնտեղ։ Եզրոնի, Արամի և Ամինադաբի մասին հիշատակվում է Ա Մնաց. 2:1-15-րդ համարներում` միայն անվանապես, սակայն առանձնահատուկ որևէ տեղեկություն հայտնի չէ: Նաասոնի քույրը՝ Եղիսաբեթը, ամուսնացել էր Մովսեսի եղբայր Ահարոնի հետ։ Ա Մնաց. 2։10-րդ և Թվ. 2։3-րդ համարներում Նաասոնը կոչվում է «Հուդայի որդիների» «իշխան» կամ «կառավարիչ»։ Նա Սինայի անապատում մարդահամարի ենթարկված մարդկանց թվում էր (Թվ. 1:7), և առաջինը հենց նա էր, որ զոհաբերություն մատուցեց խորանի կանգնեցման ժամանակ (Թվ. 7:12)` Երիքովի գրավումից մոտավորապես քառասուն տարի առաջ:
Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)
Յուդան ծնեց Փարեսին եւ Զարային՝ Թամարից. Փարեսը ծնեց Եզրոնին. Եզրոնը ծնեց Արամին.
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 1:1
--------------------------------
[3](Էջմիածին թարգ․) Յուդան ծնեց Փարեսին եւ Զարային՝ Թամարից. Փարեսը ծնեց Եզրոնին. Եզրոնը ծնեց Արամին.
(Արարատ թարգ․) Հուդան ծնեց Փարեսին ու Զարային՝ Թամարից. Փարեսը ծնեց Եսրոնին. Եսրոնը ծնեց Արամին։
(Գրաբար) Յուդա ծնաւ զՓարէ՛ս եւ զԶարա՛ ի Թամարայ: Փարէս ծնաւ զԵզրո՛վն: Եզրովն ծնաւ զԱրա՛մ:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: