Սրբ. Հովհան Ոսկեբերան (†407)
33-46. «Մի ուրի՛շ առակ լսեք։ Մի տանուտեր մարդ կար, որն այգի տնկեց, ցանկապատեց այն, մեջը հնձան փորեց ու աշտարակ շինեց, ապա այն տվեց մշակներին և օտար երկիր գնաց»։ «Երբ բերքի ժամանակը մոտեցավ, իր ծառաներին մշակների մոտ ուղարկեց՝ բերքից իր բաժինը վերցնելու»։ «Մշակները նրա ծառաներին բռնեցին, մեկին ծեծեցին, մեկին սպանեցին, մեկին էլ քարկոծեցին»։ «Դարձյալ ուրիշ՝ նախկիններից շատ ծառաների ուղարկեց. և սրանց էլ նույնն արեցին»։ «Վերջապես նրանց մոտ իր որդուն ուղարկեց՝ ասելով. «Իմ որդուց կամաչեն»»։ «Բայց մշակները, որդուն տեսնելով, իրար մեջ ասացին. «Սա է ժառանգը. եկեք սրան սպանենք և սրա ժառանգությանը տիրանանք»»։ «Եվ բռնեցին նրան, այգուց դուրս հանեցին ու սպանեցին»։ «Արդ, երբ այգու տերը գա, այն մշակներին ի՞նչ կանի»։ «Նրան ասացին. «Չարագործներին դաժանորեն մահվան կմատնի, իսկ այգին ուրիշ մշակների կտա, որոնք բերքը ժամանակին իրեն կտան»»։ «Հիսուս նրանց ասաց. «Դուք Սուրբ Գրքում երբեք չե՞ք կարդացել. «Այն քարը, որ շինարարները մերժեցին, անկյունաքար դարձավ. սա Տիրոջ կողմից եղավ, և մեր աչքին զարմանալի է»» (Սաղ. 118։22-23)։ «Դրա համար ասում եմ ձեզ, որ Աստծու արքայությունը ձեզանից կվերցվի և կտրվի մի ազգի, որն այն պտղաբեր կդարձնի»։ «Եվ ով այս քարի վրա ընկնի, ջարդուփշուր կլինի, իսկ ում վրա այն ընկնի, նրան կճզմի»։ «Եվ երբ քահանայապետներն ու փարիսեցիները Նրա առակները լսեցին, հասկացան, որ Նա իրենց մասին է ասում։ «Եվ ուզում էին Նրան բռնել, բայց ժողովրդից վախեցան, որովհետև Նրան մարգարե էին համարում»։
Սույն առակով Քրիստոս շատ բան է ուսուցանում։ Նախ՝ ա՛յն, որ Աստված վաղուց ի վեր հոգածություն էր ցուցաբերում հրեաների նկատմամբ, ա՛յն, որ նրանք հենց սկզբից հակված էին սպանություն գործելուն, ա՛յն, որ բոլոր հնարավոր միջոցները գործադրվել էին հրեաներին ուղղելու համար։ Դարձյալ, նույնիսկ հրեաների կողմից մարգարեներին կոտորելուց հետո էլ Աստված չհեռացավ նրանցից, այլև դեռ մի բան էլ Իր Որդուն ուղարկեց նրանց մոտ։ Քրիստոս ուսուցանում է նաև, որ Հին և Նոր Կտակարանի Աստվածը մեկն է, որ Քրիստոսի մահվան միջոցով մի մեծագործություն կատարվեց, որ հրեաները Քրիստոսի խաչի ու իրենց չարագործության համար ծայրահեղ պատիժ են կրելու, և որ հեթանոսները կանչվելու են, իսկ հրեաները՝ մերժվելու։ Քրիստոս այս առակը ներկայացնում է նախորդից հետո, որպեսզի սրանով ցույց տա հրեաների մեղքի ողջ ծանրությունն ու լիակատար աններելիությունը։ Ինչպե՞ս և մասնավորապես ինչո՞վ։ Նրանո՛վ, որ հրեաները, չնայած իրենց հանդեպ ցուցաբերված ողջ հոգածությանը, թույլ տվեցին, որ պոռնիկներն ու մաքսավորներն իրենցից առաջ անցնեն, և ընդ որում՝ այդքա՜ն շատ առաջ։ Դատի՛ր ինքդ, թե որքա՜ն մեծ էր Աստծու հոգածությունը հրեաների հանդեպ, և թե որքա՜ն անչափելի էր նրանց անհոգությունը։ Աստված Ի՛նքն արեց այն ամենը, ինչը մշակներն իրենք պետք է անեին. ցանկապատ դրեց, տնկեց այգին, և մնացյալ ամեն ինչ, իսկ նրանց թողեց անելու շատ քիչ բան. հոգ տանել այն ամենի համար, ինչն արդեն իսկ կար, և պահպանել իրենց վստահվածը։ Ոչինչ չէր մոռացվել, ամեն ինչ պատրաստ էր, բայց, չնայած այս ամենին, մշակները որևէ օգուտ չքաղեցին, թեև Աստծուց ստացել էին ավելին ու ավելի մեծ չափով։ Այսպես, երբ հրեաները դուրս եկան Եգիպտոսից, Աստված տվեց նրանց օրենք, տվեց նրանց քաղաք, կանգնեցրեց զոհասեղան և տաճար կառուցեց։ «Եվ օտար երկիր գնաց», այսինքն՝ երկար ժամանակ համբերեց, ոչ միշտ պատժեց հանցագործությունից անմիջապես հետո։ Հեռանալու պատկերի ներքո նկատի է առնվում Աստծու մեծ երկայնամտությունը։ «Իր ծառաներին (այսինքն՝ մարգարեներին)...ուղարկեց բերքից իր բաժինը վերցնելու», - իսկ այդ բերքը գործերով ապացուցվող հնազանդությունը պետք է լիներ։ Բայց նրանք այս դեպքում ևս իրենց չարությունը ցուցաբերեցին. իրենց հանդեպ դրսևորված այսպիսի հոգածությունից հետո ոչ միայն պտուղ չտվեցին, ինչը բացահայտում էր նրանց անգործությունը, այլև վրդովվեցին եկածների պատճառով։ Եթե ոչինչ չկար էլ տալու, թեև պարտավոր էին դա անել, ապա նրանք գոնե պիտի ոչ դժգոհեին ու ոչ էլ վրդովվեին, այլ ներում աղերսեին։ Իսկ նրանք ոչ միայն վրդովվեցին, այլև իրենց ձեռքերն արյամբ շաղախեցին և, իրենք իսկ դատապարտության արժանի լինալով, ուղարկվածների՛ն դատապարտության մատնեցին։ Դրա համար էլ Աստված ուղարկեց երկրորդ ու երրորդ անգամ, որպեսզի բացահայտվի և՛ այս մշակների չարությունը, և՛ Ուղարկողի մարդասիրությունը։ Բայց ինչո՞ւ Աստված անմիջապես չուղարկեց Իր Որդուն։ Ա՛յն բանի համար, որպեսզի նրանք զգային, թե իրենք որքան անարդար են վարվել ուղարկված ծառաների հետ, և, բարկությունը մի կողմ դնելով, ամաչեին Որդու գալստյան իրողության առջև։ Կան նաև ուրիշ պատճառներ, բայց առայժմ զբաղվենք իրադարձությունների հետագա ընթացքը քննարկելով։ Ի՞նչ են նշանակում այս խոսքերը. «․․․միգուցե կամաչեն»։ Այս խոսքերով ցույց է տրվում ոչ թե Աստծու անտեղյակությունը, այլ միայն մտադրությունը՝ բացահայտելու մեղքի մեծությունը և դրա լիակատար աններելիությունը։ Աստված գիտեր, որ Իր Որդուն էլ պիտի սպանեն, բայց, այնուամենայնիվ, ուղարկեց Նրան։ Իսկ «Իմ որդուց կամաչեն» խոսքերով մատնանշում է, թե ի՛նչ էր հարկավոր, որ նրանք անեին, որովհետև նրանց ամաչելուց բացի այլ բան չէր մնում անել։ Այսպես, եթե մեկ այլ տեղում էլ ասում է. «Կլսե՞ն արդյոք նրանք» (հմմտ․ Եզեկ. 2:5), ապա դա չի անում անտեղյակության պատճառով։ Եվ որպեսզի անմիտ մարդկանցից որևէ մեկը չասի, թե հենց Աստծու կանխագուշակումն է ակամա դեպի անհնազանդություն տանում, դրա համար էլ Տերն այսպիսի արտահայտչաձև է գործածում. «Կլսե՞ն արդյոք․․․ Եթե պատահի, որ լսեն»։ Եթե նրանք արդեն իսկ երախտամոռ էին գտնվել ծառաների հանդեպ, ապա գոնե պիտի պատվեին Որդու արժանավորությունը։ Իսկ հապա նրանք ինչպե՞ս վարվեցին։ Այն ժամանակ, երբ հարկավոր էր գալ և սեփական հանցանքների համար ողորմություն խնդրել, նրանք վարվում են նախկինի պես, և նույնիսկ ձեռնարկում են նոր չարագործություններ, որոնք նախորդներից էլ ավելի սարսափելի էին։ Սա է մատնանշում նաև Ինքը՝ Քրիստոս, երբ ասում է. «Ուրեմն դուք էլ լրացրե՛ք ձեր հայրերի արածը» (Մատթ. 23:32)։ Ավելի վաղ մարգարեները նույնպես հենց սրանո՛ւմ էին մեղադրում հրեաներին՝ ասելով. «Ձեր ձեռքերը լի են արյունով» (Ես. 1:15)։ Նաև. «Արյունահեղությունը հետևում է արյունահեղությանը» (հմմտ․ Օս. 4:2)։ Դարձյալ. «Սիոնը կառուցում եք արյան վրա» (Միք. 3:10)։ Բայց հրեաներն այս խոսքերից ավելի իմաստուն չդարձան, թեև նրանց տրված էր այս մեծագույն՝ «մի՛ սպանիր» պատվիրանը, իսկ դրանով իսկ պատվիրված էր ձեռնպահ մնալ շատ ուրիշ անօրինություններից, և բազմաթիվ այլ միջոցներ էին գործածվել՝ նրանց մեջ այս պատվիրանի կատարումն ապահովելու համար։ Բայց, չնայած այս ամենին, հրեաները չհրաժարվեցին իրենց չար սովորությունից։ Եվ ի՞նչ են ասում նրանք՝ Որդուն տեսնելով։ «Եկեք սրան սպանենք»։ Ինչո՞ւ և ինչի՞ համար։ Մի՞թե հրեաները կարող էին Աստվածորդուն մեծ կամ փոքր որևէ մի հարցում մեղադրել։ Արդյո՞ք պետք էր դա անել ա՛յն բանի համար, որ Նա Ինքը պատվեց ձեզ և, Աստված լինելով, ձեզ համար դարձավ մարդ և անթիվ հրաշքներ գործեց։ Կամ ա՛յն բանի համար, որ ներում էր մեղքերը։ Կամ էլ՝ մեղադրել ա՛յն բանում, որ կանչում էր դեպի Երկնքի արքայություն։ Տե՛ս, որ հրեաները ծայրաստիճան անմիտ են իրենց ամբարշտության մեջ, որքա՜ն անմիտ է նրանց՝ սպանություն գործելու շարժառիթը. «Սպանենք նրան (Ղուկ. 20:14), - ասում են նրանք, - որպեսզի ժառանգությունը մերը լինի»։ Եվ որտե՞ղ են մտադիր սպանել։ Այգուց դուրս․․․
Տեսնո՞ւմ ես, թե ինչպես է Քրիստոս կանխագուշակում հենց այն վայրը, որտեղ պիտի սպանվի։ «Եվ նրան այգուց դուրս հանեցին ու սպանեցին» (Ղուկ. 20:15)։ Ղուկաս ավետարանչի վկայությամբ, Քրիստոս Ինքն իսկ հայտարարեց, թե մեղավորներն ինչ դատապարտություն պիտի կրեին իրենց արածի համար, իսկ մարդիկ ասացին. «Քա՛վ լիցի»։ Բայց Հիսուս մի վկայություն բերեց։ «Նրանց նայելով, - գրված է, - ասաց. «Իսկ ի՞նչ է այն, որ գրված է, թե՝ «Այն վեմը, որ անարգեցին շինողները, նա՛ է, որ անկյունաքար եղավ»։ Ով որ այս վեմին բախվի, կխորտակվի» (Ղուկ. 20:16-18)։ Իսկ Մատթեոսն ասում է, թե հրեաներն իրենք անձամբ արտասանեցին վճիռը։ Բայց սրանում հակասություն չկա. և՛ մեկը, և՛ մյուսը պատահել է։ Հրեաներն իրենք արտասանեցին իրենց դեմ այս վճիռը, և ապա, առակի իմաստը հասկանալով, ասացին. «Քա՛վ լիցի», և այդժամ Քրիստոս նրանց հակադարձեց մարգարեի խոսքերով՝ հավաստիացնելով, որ դա անպայմանորեն կատարվելու է։ Ի դեպ, այս դեպքում նույնպես Հիսուս հրեաներին ուղղակիորեն չմատնանշեց հեթանոսներին, որպեսզի նրանց Իր դեմ չգրգռի, այլ միայն ակնարկեց՝ ասելով. «Այգին կտա ուրիշ այգեգործների» (հմմտ․ Ղուկ. 20:16)։ Անկասկած, Նա առակը հենց ա՛յն նպատակով ասաց, որպեսզի հրեաներն իրենք արտասանեն վճիռը, ինչը պատահեց նաև Դավթի հետ, երբ նա իր իսկ դատապարտումը արտաբերեց ՝ Նաթանի առակը հասկանալով։ Դատի՛ր ուրեմն, թե որքան արդար է վճիռը, երբ պատժի ենթարկվողներն իրենք են մեղադրում իրենց։ Ապա, որպեսզի նրանք տեսնեն, որ ոչ միայն արդարությունն է սա պահանջում, այլև դեռ վաղուց իսկ սա կանխագուշակել է Սուրբ Հոգու շնորհը, և Աստված Ինքն է այդպես որոշել, Քրիստոս մեջբերում է մի մարգարեություն և հանդիմանում է նրանց՝ ասելով. «Դուք Սուրբ Գրքում երբեք չե՞ք կարդացել. «Այն քարը, որ շինարարները մերժեցին, անկյունաքար դարձավ. սա Տիրոջ կողմից եղավ, և մեր աչքին զարմանալի է»։ Հիսուս հրեաներին ամեն կերպ հավաստիացնում է, որ իրենք, որպես անհավատներ, դուրս կնետվեն, իսկ հեթանոսները կընդունվեն։ Սա Նա հասկացրել էր թե՛ քանանացի կնոջ հետ Իր ունեցած զրույցով, թե՛ Երուսաղեմ մուտք գործելիս էշի ընտրությամբ, թե՛ հարյուրապետի օրինակով, և թե՛ բազում առակներով։ Քրիստոս սա է մատնանշում նաև հիմա։ Դրա համար էլ Նա ավելացնում է. «Սա Տիրոջ կողմից եղավ, և մեր աչքին զարմանալի է»՝ այդպիսով հասկացնելով, որ հավատացյալ հեթանոսներն ու հրեաներից նրանք, ովքեր կհավատան, մեկ ամբողջություն կկազմեն, չնայած իրենց միջև նախկինում եղած ողջ տարբերությանը։ Ապա, որպեսզի հրեաներն իմանան, որ այս ամենն ամենևին հակառակ չէ Աստծու կատարելությանը, այլ, ընդհակառակը, լիովին համապատասխան է դրան, և նույնիսկ սքանչելի ու ապշեցուցիչ է ամենքի համար (և, իսկապես, դա մի անճառելի հրաշք էր), - Քրիստոս ավելացնում է. «Սա Տիրոջից կողմից եղավ»։
Հիսուս «քար» է կոչում Ինքն Իրեն, իսկ «շինարարներ»՝ հրեա ուսուցիչներին։ Հենց սա է ասվում նաև Եզեկիելի կողմից. «Ժողովուրդը պատ էր կանգնեցնում, իսկ նրանք ծեփ էին քսում» (Եզեկ. 13:10)։ Իսկ ինչպե՞ս «մերժեցին»։ Երբ ասում էին. «Այդ մարդը Աստծուց չէ» (Հովհ. 9:16), «ժողովրդին մոլորեցնում է» (Հովհ. 7:12), նաև. «Սամարացի ես Դու, և Քո մեջ դև կա» (Հովհ. 8:48)։
Վերջապես, որպեսզի նրանք իմանան, որ իրենց միայն մերժում չէ, որ սպառնում է, Հիսուս մատնանշում է բուն պատիժները. ամեն ոք, «ով այս քարի վրա ընկնի, ջարդուփշուր կլինի» (Մատթ. 21:44)։ Այստեղ Քրիստոս ներկայացնում է կրկնակի կորուստ. Մեկը կլինի սայթաքումից ու գայթակղությունից (սա են նշանակում «այս քարի վրա ընկնի» խոսքերը), իսկ մյուսը, երբ ենթարկվեն գերության, փորձանքների ու լիակատար կորստյան (ինչը հստակորեն արտահայտվում է «ջարդուփշուր կլինի» խոսքերով)։ Հենց սրանով էլ Հիսուս մատնանշեց Իր Հարությունը։ Եսայի մարգարեն ասում է, թե Նա մեղադրում է այգուն (այսինքն՝ ժողովրդին), իսկ ահա այստեղ պախարակում է նաև ժողովրդի իշխանավորներին։ Եսայու գրքում Աստված ասում է. «Էլ ի՞նչ պիտի անեի Իմ այգու համար, որ Ես չարեցի։» (Ես. 5:4)։ Իսկ մեկ այլ մարգարեի միջոցով Տերն ասում է. «Ձեր հայրերն ի՞նչ վնասակար բան գտան Իմ մեջ» (Երեմ. 2:5)։ Նաև. «Ժողովո՛ւրդ Իմ, ի՞նչ արեցի քեզ․․․և կամ ինչո՞վ նեղեցի քեզ» (Միք. 6:3)։ Այսպես Աստված պատկերում էր հրեա ժողովրդի երախտամոռությունը, ըստ որի՝ նրանք Իր բոլոր բարերարությունների դիմաց հատուցեցին հակառակը գործելով։ Այստեղ Քրիստոս ուժգին շեշտադրում է հենց ա՛յդ իրողությունը։ Նա Ինքը հանդես չի գալիս ասողի դերում. «Էլ ի՞նչ պիտի անեի...որ Ես չարեցի»։ Այլ ներկայացնում է, որ հրեաներն իրենք են արտասանում վճիռը, համաձայն որի՝ իրենց համար ամեն ինչ արված էր, և դրանով իսկ իրենք իրենց դատապարտում են։ Նրանց խոսքերը՝ «Չարագործներին դաժանորեն մահվան կմատնի, իսկ այգին ուրիշ մշակների կտա», - հենց ա՛յն են նշանակում, որ հրեաներն իրենք են իրենց դեմ ամենախիստ վճիռն արտասանում։ Եվ Ստեփանոսն էլ հանդիմանում է նրանց սրանում՝ հատկապես նրանց դեմ դուրս գալով ա՛յն բանի համար, որ նրանք, մշտապես օգտվելով իրենց հանդեպ Աստծու մեծ հոգածությունից, բոլորովին հակառակով էին հատուցում Բարերարին։ Սա իսկ էր հստակ ապացույցն այն բանի, որ ոչ թե պատժողը, այլ պատժվողներն իրե՛նք էին իրենց պատուհասող պատժի հեղինակները։ Դա է վկայվում նաև այստեղ՝ թե՛ առակով, և թե՛ մարգարեությամբ։ Քրիստոս չբավարարվեց միայն մեկ առակով, այլ մեջբերեց ևս երկու մարգարեություն. մեկը՝ Դավթի կանխասացությունը, մյուսը՝ Իր սեփականը։
Այսպիսով, ուրեմն ի՞նչ պիտի անեին հրեաները՝ սա լսելով։ Մի՞թե չպիտի երկրպագեին Տիրոջը։ Մի՞թե չպիտի զարմանային Աստծու՝ իրենց հանդեպ ցուցաբերած հոգածությամբ, որը դրսևորվեց և՛ հին ժամանակներում, և՛ այդուհետ։ Եթե ոչ մի բարերարություն չէր կարող նրանց ավելի լավը դարձնել, ապա գոնե պիտի ուշքի գային պատժի հանդեպ վախից։ Բայց նրանք դարձի չեկան։ Իսկ ապա ի՞նչ արեցին։ «Եվ երբ քահանայապետներն ու փարիսեցիները, - ասում է ավետարանիչը, - Նրա առակները լսեցին, հասկացան, որ Նա իրենց մասին է ասում։ Եվ ուզում էին Նրան բռնել, բայց ժողովրդից վախեցան, որովհետև Նրան մարգարե էին համարում» (Մատթ. 21:45-46)։ Հրեաները, վերջապես, հասկացան, որ Քրիստոս իրենց նկատի ուներ։ Երբ մի անգամ ուզեցին բռնել Հիսուսին, Նա անցավ նրանց միջով և անտեսանելի դարձավ։ Մեկ այլ անգամ հայտնվեց և կանգնեցրեց Իրեն սպանելու հրեաների վճռական մտադրությունը, որը մեծապես մտատանջում էր նրանց։ Եվ նրանք, այս ամենից զարմանալով, ասում էին. « Սա չէ՞ Նա, Որին ուզում էին սպանել։ Իսկ ահավասիկ բացահայտորեն խոսում է, և Դրան բան չեն ասում» (Հովհ. 7:25-26)։ Բայց հիմա, քանի որ նրանց զսպում էր ժողովրդի հանդեպ ունեցած վախը, Քրիստոս բավարարվում է այսքանով, և հրաշք չի գործում, ինչպես ավելի վաղ, չի անցնում նրանց միջով, չի դառնում անտեսանելի։ Նա չէր ցանկանում ամենուր գերմարդկային զորությամբ գործել, որպեսզի հավատան Իր մարդեղության ճշմարտացիությանը։ Սակայն ո՛չ ժողովուրդը, ո՛չ Քրիստոսի խոսքերը չմտափոխեցին հրեաներին. նրանք չամաչեցին ո՛չ մարգարեների վկայությունից, ո՛չ սեփական վճռից, ո՛չ ժողովրդի կարծիքից։ Այսպիսով, նրանց ամբողջովին կուրացրեց իշխանասիրությունը, փառասիրությունն ու ժամանակավորի հանդեպ կապվածությունը:
Հովհաննես Ծործորեցի (†1338)
«Լսեցէ՛ք մի այլ առակ. մի տանուտէր կար, որ այգի տնկեց եւ այն ցանկապատեց ու նրա մէջ հնձան փորեց եւ աշտարակ շինեց. ապա այն վարձու տուեց մշակներին եւ գնաց հեռու երկիր:
Մի ուրիշ առա՛կ էլ լսեք:
Ինչո՞ւ է [Տերը] միշտ առակով խոսում: Որովհետև առակավոր խոսքն ու ուսուցումն ավելի ընկալելի են աշխարհիկների համար. բացի դրանից, [Տերը սրանով] իրականացնում է [Իր մասին] մարգարեությունը (Սաղմ. 77։2. «Առակով կբացեմ Իմ բերանը...»): Բայց ի՞նչ է [նշանակում] «Մի ուրիշ առակ էլ լսեք» [խոսքը]: Կամ` նախկինի հետ մի երկրորդ հանդիմանություն էլ [լսեք], կամ էլ այն մեկն [Իրենից] արտաքսելու մասին էր, իսկ սա` Իր երախտիքի և նրանց ապերախտության ու բարին չարով հատուցելու:
Մի տանուտեր մարդ կար, որ այգի տնկեց, այն ցանկապատեց, նրանում հնձան փորեց ու աշտարակ շինեց, այն հանձնեց մշակներին, իսկ ինքն օտար երկիր գնաց:
Աստված մարդասիրություն է ցույց տալիս նրանով, որ աստվածաշնչյան շատ գրքերում «տանուտեր» է կոչում Իրեն: Կամ այս աշխարհի տան վրա դատողական իշխանություն ունենալու և ինքնատիրության պատճառով, կամ Աստծո Որդու` մարդկային պատկերն առնելու պատճառով`ըստ առաքյալի. «Մովսեսը հավատարիմ է Նրա տան մեջ, բայց Քրիստոսն է Իր տան տերը, և Նրա տունը մենք ենք» (հմմտ. Եբր. 3։56): Ուրեմն` Նա Իր ձեռքով տնկեց այգին կամ դրախտը և լույսով` ասես ցանկապատով, փակեց ու զատեց այս աշխարհից: Նրա մեջ հնձան փորեց, որը բոլոր ծառերից ուտելն է և Հոր իմաստությունները մտքի խորությամբ ճզմելը, որից ուրախության գինին էր արտահոսում: Իսկ «աշտարակ»-ը Գիտության ծառից հրաժարեցնելն է: [Աստված դրախտը] տվեց մարդուն` մշակների օրենքով աշխատելու և կրկնակի խնամքով պահելու: «Գնալ»-ն էլ Աստծո աներևույթ լինելն է նշանակում, որովհետև մարմնավորի և անմարմինի միջև հեռավորությունը շատ մեծ է:
Եվ կամ` «այգի»-ն այն է, որն [Աստված] Մովսեսի ձեռքով տնկեց` քանանացիներին արմատախիլ անելով և իսրայելացիներին տնկելով` ըստ Դավթի. «Եգիպտոսից [այգի] տեղափոխեցիր, հեթանոսներին հանեցիր և նրանց տնկեցիր» (Սաղմ. 79։9): Եսային էլ [ասում է]. «Զորությունների [Տիրոջ] այգին Իսրայելի տունն է» (Ես. 5։7): «Ցանկապատ» է կոչում Իր խնամքը [իսրայելացիների հանդեպ] Եգիպտոսից [հանելուց] ի վեր կամ Օրենքի պահպանությունը, որով [Իսրայելը] զատվեց հեթանոսական պաշտամունքներից: «Հնձան» է կոչում զոհաբերությունների վայրը և «աշտարակ»` Քավության սեղանը, որի մոտ ոչ ոք իրավունք չուներ մտնելու, քահանայապետից բացի, այն էլ` տարվա մեջ մի անգամ (Ղևտ. 16։34): Եվ «աշտարակ» կոչեց այն ըստ ավելի բարձր խորհրդի, որ կատարվելու էր Սեղանի վրա, նկատի ունեմ խաչելության հնձանը: Կամ էլ [Երուսաղեմի] Տաճարի մասին ասաց սա: Իսկ «մշակ» է կոչում ժողովրդի առաջնորդներին ու օրենսգետներին, որոնց հանձնեց այգին` մշակելու, այսինքն` ուսուցանելու և դաստիարակելու ըստ Օրենքի եղած հավատքով, [Օրենքի], որը կանխագուշակում էր ավետարանի ավետիսը:
«Եվ գնաց,-ասում է,-օտար երկիր»: Կամ` համբերատար եղավ և տեղնուտեղը պատժի չենթարկեց, երբ մեղանչեցին, կամ էլ հրեղեն ամպով այլևս չերևաց նրանց, ինչպես Սինա լեռան վրա (Ելք 19): Բայց դու տես այստեղ Նրա գլխավոր խնամքը, որ Ի՛նքն արեց մշակների ամենածանր գործը` տնկելը, ցանկապատելը, [աշտարակ] կառուցելը, իսկ նրանց հանձնեց միայն խնամելու և պահպանելու համար: Որևէ բան չէր պակասում, ամեն ինչ պատրաստ էր, սակայն այդքանից հետո էլ օգուտ չստացան:
Ստեփանոս Սյունեցի (†735)
«Լսեցէ՛ք մի այլ առակ. մի տանուտէր կար, որ այգի տնկեց եւ այն ցանկապատեց ու նրա մէջ հնձան փորեց եւ աշտարակ շինեց. ապա այն վարձու տուեց մշակներին եւ գնաց հեռու երկիր:
«Լսեք մի այլ առակ. «Մի տանուտեր տնկեց այգի և այն ցանկապատեց ու նրա մեջ հնձան փորեց» և այլն:
«Այգին» ներկա ժողովուրդն է, «ցանկապատը»՝ Աստծու պահպանությունը, «աշտարակը»՝ տաճարը, «հնձանը»՝ պատարագներ և նվերներ [մատուցելու] տեղը, իսկ «մշակները»՝ հրեաները և ժողովրդի իմաստունները:
«Տիրոջ [հեռու երկիր] գնալը»՝ հրեղեն ամպով ծածկվելն և այլևս չերևալն է (հմմտ. Գործք 1։9): [Երբ] ժամանակը մոտեցավ, ուղարկեց [Իր] «ծառաներին»՝ [այսինքն] առաքեց մարգարեներին, և «որդուն»՝ Քրիստոսին:
Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)
33-44․ «Լսեցէ՛ք մի այլ առակ. մի տանուտէր կար, որ այգի տնկեց եւ այն ցանկապատեց ու նրա մէջ հնձան փորեց եւ աշտարակ շինեց. ապա այն վարձու տուեց մշակներին եւ գնաց հեռու երկիր: Երբ պտղի ժամանակը մօտեցաւ, իր ծառաներին ուղարկեց այն մշակների մօտ, որպէսզի բերքից իր բաժինը առնեն: Իսկ մշակները նրա ծառաներին բռնելով՝ մէկին տանջեցին, մէկին սպանեցին, մէկին քարկոծեցին: Դարձեալ ուրիշ ծառաներ ուղարկեց՝ թուով աւելի, քան առաջինները: Եւ սրանց էլ նոյնն արեցին: Յետոյ նրանց մօտ ուղարկեց իր որդուն ու ասաց՝ թերեւս իմ այս որդուց ամաչեն: Իսկ մշակները, երբ տեսան որդուն, իրենց մտքում ասացին՝ սա է ժառանգը, եկէք սպանենք սրան եւ սրա ժառանգութիւնը մենք սեփականացնենք: Եւ նրան բռնեցին հանեցին այգուց դուրս եւ սպանեցին: Արդ, երբ այգու տէրը գայ, այդ մշակներին ի՞նչ կ՚անի»: Նրանք ասացին նրան. «Չարերին չարաչար կ՚ոչնչացնի եւ այգին կը տայ այլ մշակների, որոնք նրան կը տան պտուղներն իրենց ժամանակին»: Յիսուս նրանց ասաց. «Սուրբ Գրքերում երբեւիցէ չէ՞ք կարդացել՝ այն վէմը, որ կառուցողները անարգեցին, նա՛ է, որ եղաւ անկիւնաքար. Տիրոջից եղաւ այս, եւ մեր աչքին սքանչելի է: Դրա համար ասում եմ ձեզ, որ ձեզնից կը վերցուի Աստծու արքայութիւնը եւ կը տրուի այն ազգին, որ պտղաբեր կը դարձնի այն: Եւ ով այս վէմի վրայ ընկնի, կը փշրուի, եւ ում վրայ այն ընկնի, նրան կը ճզմի»:
Ահա մի երկրորդ առակ էլ նախորդի հետ նույն նպատակով ասված, բայց տարբեր պարագաներով կազմված։ Մատթեոսի «Այլ առակ լուարուք» սկզբնավորությունը լավ բացատրում է սույն պարագան։ Ագարակատեր մի մարդ ընդարձակ, կանոնավոր և ընտիր որթերով այգի է տնկում, չորս կողմը մի լավ ցանկապատում, մեջը գինի ճզմելու համար հնձանի հոր է փորում՝ ժայռի մեջ խորացնելով, բարձ շենք էլ է կառուցում՝ մեջը պահապանների պատսպարելու և կտուրից այգու վրա հսկողություն անելու։ Եվ ամեն ինչ կարգ ու կանոնով վերջացնելուց հետո, երբ պետք է ունենում, որ մի հեռու երկիր փոխադրվի, այգին իր ամբողջ պատրաստությամբ հանձնում է մշակներին, որպեսզի խնամեն և հոգան, իրենք էլ օգտվեն և այգու արդյունքից, խաղողից ու գինուց որոշակի չափը իրեն ուղարկեն։ Աշունը անցնելուց, այգեկութը և հնձանահարությունը ավարտելուց հետո, ագարակատերն իր պաշտոնյաներից մեկին ուղարկում է, որպեսզի մշակներից սահմանված արդյունքը ստանա ու իրեն բերի։ Մշակները, որ արդեն իրենք իրենք այգու տեր կարծելով, իրենց ուզածով վարվելու և այգու տիրոջը չճանաչելու հանդգնություն էին ունեցել, երբ պաշտոնյան գալիս է, բացեիբաց զլանում են վճարել։ Եվ երբ պաշտոնյան ավելի է պնդում, խեղճին լավ ծեծում են և ձեռնունայն ետ դարձնում։ Տերը տեսնելով, որ առաջինին չհաջողվեց, իր պաշտոնյաներից ավելի կարևոր կարծված մի երկրորդին է ընտրում և նրան ուղարկում՝ սահմանված սակով արդյունքը ստանալու և բերելու։ Մշակները երկրորդի դեմ էլ միևնույն ընդդիմությունն են ցույց տալիս, նրա պնդումներին ականջ չեն դնում, ոչ միայն ծեծում, այլև չարաչար վիրավորում են և այս երկրորդն էլ հարկադրվում է ապարդյուն ետ դառնալ։ Ագարակատերը, միշտ այն հույսով, որ նոր ուղարկված մեկը պիտի կարողանա գործը հաջողեցնել, մի երրորդ պաշտոնյա է ընտրում և ուղարկում նույն գործին։ Սակայն այս երրորդի վախճանն ավելի վատ է լինում, որովհետև նա ուժի է դիմում, բայց դժբախտաբար կռվում կյանքն է տալիս և չի կարողանում նույնիսկ ետ դառնալ ու տիրոջը լուր բերել։ Այստեղ Մատթեոսն ու Մարկոսը ավելացնում են, թե «Առաքեաց ա՛յլ ծառայս բազումս քան զառաջինսն» բայց մշակները «զոմանս հարկանէին եւ զոմանս սպանանէին» և կամ «զմոն տանջեցին, զոմն սպանին, զոմն քարկոծեցին»։ Այդ անորոշ թվով եղած հիշատակությունները ծառայում են միայն իմացնելու, թե ագարակատերը ամեն խաղաղ միջոցները գործադրեց իր իրավունքը ստանալու համար, մյուս կողմից էլ ծառայում են առակի ավետարանական իմաստը շեշտելուն։
Ագարակատերը մի վերջին ճանապարհ է մտածում։ Միակ և սիրելի զավակ ուներ, ում բոլորը պատվում էին։ Որոշեց նույնիսկ իր տղային ուղարկել, մտածելով, թե, անշուշտ, այդ մշակները ագարակատիրոջ զավակից պիտի պատկառեն, նրա սիրալիր տեսքով կմեղմանան և կզիջեն, այգու տիրոջ հանդեպ իրենց պարտավորությունը կկատարեն։ Տղան ճանապարհ է ընկնում՝ իր պաշտոնը կատարելու ամենայն քաղցրությամբ և առանց բռնի միջոցներ գործադրելու։ Մշակները լսում են նրա ճամփա դուրս գալը և փոխանակ պատկառելու և զիջելու, մտածում են, թե եկողն ագարակատիրոջ միակ զավակն է, որ հորից հետո այգու տերը պիտի լինի։ Խորհում են, որ եթե այս տղային մեջտեղից վերացնեն, ագարակատերն ուրիշ զավակ չունի, այգին կմնա անտեր-անտերունչ և իրենք կարող են այնուհետև առանց վախի և առանց կասկածի անտեր այգուն տեր դառնալ։ Երբ տիրոջ զավակը հասնում է, այս մտածումով նախ կեղծավորությամբ ներս են ընդունում և հետո սավաճանությամբ մի օր այգուց դուրս են հանում ու խարդախությամբ սպանում, կարծելով, թե այլևս այգու համար իրենցից հաշիվ պահանջող և արդյունքից բաժին ուզող տեր չի մնում և իրենք կդառնան այգու տերը։ «Արդ՝ ի՞նչ եք կարծում,- ավելացնում է Հիսուս,- ի՞նչ պետք է անի ագարակատերը այդ մշակներին»։ «Անելիքը հայտնի է,- պատասխանում են լսող փարիսեցիները,- չարերի գլխին իրենց արժանավոր պատիժը պիտի հասցնի, բոլորին էլ մեջտեղից կվերացնի, նոր բարի մշակներ կընտրի, ովքեր հավատարմությամբ այգու տիրոջ իիավունքը կճանաչեն, կվճարեն և այգին այսպիսիններին կհանձնի»։ «Լավ եք մտածում,- պատասխանում է Հիսուս,- այգու տերը պիտի գա, անհավատարիմ մշակներին պիտի վռնդի ու պատժի, նոր և հավատարիմ մշակներ պիտի գտնի և իր այգին նրանց պիտի հանձնի։ դուք Աստծո այգին չիմացաք լավ պահպանել։ Աստծո ընտրյալ ժողովուրդն էր այդ այգին, ինչպես և Դավիթն էր ասել (Սաղմ. 79:9): Աստված սպասում էր, որ հավատարմաբար այս այգու պտուղը Իրեն հատուցեիք, բայց դուք հավատարմաբար չծառայեցիք, այդ պատչառով պիտի զրկվեք ձեզ հանձնված պաշտոնից և ուրիշները պիտի գան Աստուծո այգուն ծառայելու»։ Այդ սպառնական խոսքը լսողներից մեկ մասը ինքնաբերաբար մի ցավալի հառաչանք է արձակում։ «Աստված թող այդպիսի զայրույթ ցույց չտա։ Քա՜վ,մի՛ լիցի»։
Թեպետ Հիսուս ավելի բան չի ասում, սակայն պաշտոնյաների հետզհետե ուղարկվելը նշանակում էր Աստուծո կողմից ուղարկված բազմաթիվ մարգարեների առաքումը և սրանց բազում լինելը շեշտելու և ակնարկելու համար էր, որ առակում էլ այգու տիրոջ պաշտոնյաները «բազումս» և «բազումս այլս» էին ասված, մինչ նյութական այգու արդյունքը ստանալու համար ուղարկված պաշտոնյաների փորձը՝ երեք անգամից անցնելը բնական չէր։ Իսկ վերջին անգամ ուղարկված այգու տիրոջ որդին՝ Ինքն Հիսուսն էր, որ հայտնապես «Որդի Աստուծոյ» (Հովհ. 1:49) և «Որդի Աստուծոյ կենդանւոյ» (Մատթ. 16:16) էր ճանաչված, և Ում իրենք մտածում էին սպանել և նրանով կարծում էին խափանել Աստուծո իրավունքը։
Հիսուս, Իր մասին արված ակնարկությունը ավելի ևս շեշտելու և լսողներին հասկանալի դարձնելու համար, մի ուրիշ վկայություն և օրինակ էլ է ավելացնում, որով առակի մեկնությունն ավելի բացահայտ է լինում։ Վկայությունը սաղմոսից է. «Վէմն զոր անարգեցին շինողքն, նա եղեւ գլուխ անկեան. ի Տեառնէ այս, եւ է սքանչելի յաչս մեր» (Սաղմ. 117:22): Օրինակը շինություն կառուցելուց է վերցված։ Կոշտ ու խոշոր երակներով վնասված մի քար, որը որմնադիրները մեկ կողմ թողեցին իբրև օգտագործելու անհարմար, նույն քարը որպես ամուր և հաստատուն վեմ, շենքի հիմքում անկյունի գլուխ օգտագործվեց։ «Չիցէ՞ երբեք, - հարցնում է Հիսուս, - ընթերցեալ ձեր ի գիրս. Զի՞նչ իցէ այն որ գրեալն է»։ Եվ սրանով ուզում է հասկացնել, թե «Իմ վերաբերյալ մարգարեությունները պետք է ձեզ ծանոթ եղած լինեն և դուք, որ ինքներդ ձեզ Ս. Գրքի հմուտ եք կարծում, պետք է նրա մեկնությունն էլ իմանաք և նրա կատարվելուն հետևեք։ Կարող եք ինձ անարգել որպես ձեր գործին չեկող մի քար, բայց ես պիտի լինեմ Ավետարանի նոր շինվածքի անկյան վեմը։ Որքան էլ ձեզ այդ զարմանալի թվա, պետք է համոզվեք, թե այս է աստվածային կարգադրությունը, այսպես էլ պիտի լինի այն խոսքի համաձայն. «Ամենայն որ ընդհարցի ընդ վեմս այս՝ խորտակեսցի եւ յորոյ վերայ անկցի՝ հոսեսցէ զնա»։ Ով որ փորձի այդ վեմին բախվել, ինքը կփշրվի և ինչի վրա որ այդ վեմը ընկնի, նրան կտապալի ու կճզմի»։ Այդ վերջին պարբերությունը, որ վկայության ձևն ունի, ուրիշ տեղից չի վերցված, այլ Հիսուսից Իր մասին արտաբերված պատգամն է, նմանությամբ այն վեմին, որը Նաբուգոդոնոսորը տեսավ երազում, որ ինքնիրեն պոկվեց ժայռից և զանազան նյութերից կազմված արձանը խորտակվեց ու փշրվեց (Դան. 2:34)։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: