Հովհաննես Ծործորեցի
25-28. Մեզ մօտ եօթը եղբայրներ կային. առաջինը կին առաւ ու ապա մեռաւ. եւ որովհետեւ զաւակ չունէր, կնոջն իր եղբօրը թողեց: Նոյնպէս եւ երկրորդը եւ երրորդը, մինչեւ եօթներորդը: Բոլորից յետոյ կինն էլ մեռաւ:Արդ, յարութեան ժամանակ եօթից ո՞ւմ կին կը լինի նա, քանի որ բոլորն էլ նրան իբրեւ կին ունեցան»: Յիսուս պատասխանեց նրանց ու ասաց. «Մոլորուածնե՛ր, ո՛չ Գրքերն էք հասկանում եւ ո՛չ էլ Աստծու զօրութիւնը.
Մեզ մոտ յոթ եղբայր կար. առաջինը կին առավ ու մեռավ և քանի որ զավակ չուներ, կնոջը թողեց իր եղբորը: Նույնն [արեցին] նաև երկրորդը, երրորդը, մինչև յոթերորդը: Բոլորից հետո մեռավ նաև կինը: Ուրեմն հարության ժամանակ յոթից ո՞ր մեկի կինը կլինի նա, քանի որ բոլորը նրան կին առան»:
Երբ Մովսեսի [օրենքը] ներկայացրին, ապա իրենցը կամացուկ առաջ բերեցին: Իսկ այս [պատմությունը] ճշմարիտ չէ, ինչպես ասում է սուրբ հայր Հովհան Ոսկեբերանը 1231, այլ հորինված ու շինծու: Ինչը բնավ չէր եղել, ասում էին, որպեսզի [Քրիստոսին] տարակուսանքի մեջ գցեին և հարությունը դատարկ բան ցույց տային: Յոթ եղբայր էին և բոլորն էլ նույն կնոջն առան. սա ինձ [էլ] է մեծ սուտ թվում. թեպետ Մովսեսից հաստատված օրենք կար, որ եղբոր կնոջն առնեին, բայց ո՛չ յոթը, ինչպես [սադուկեցիներն] ասացին: Որովհետև երբ երկու փեսաներին մեռած տեսնեին, երրորդի մասին այլևս չէին մտածի, առավել ևս չորրորդի կամ հինգերորդի. կնոջը վատատոհմ ու վատաշնորհ կհամարեին և երբեք չէին մոտենա: Որովհետև այդպիսին էր հրեա ազգը, ինչպես հայտնի է Հռութի և Թամարի հետ [կատարված] դեպքերից: Երբ նաև Օնանը մեռավ, Սելովմը հեռու մնաց [Թամարից], մինչև որ [վերջինս] հաջողեց սկեսրայրից գողանալ սերմը 1232, իսկ Հռութն իր [մեռած ամուսնու] հեռավոր ազգականի հետ կապվեց 1233: Եթե հիմա են մերժում [այսպիսի ամուսնությունը], ապա որքա՛ն ավելի` այն ժամանակ:
Հապա ինչո՞ւ միայն երեքին չհնարեցին, այլ յոթին իրար կցեցին: Որովհետև դրանով կամենում էին հարությունն ավելի շատ ծաղրել և ասելով, թե բոլորն առան այդ կնոջը` երկու կողմից նեղը գցել [Հիսուսին]: Եթե ստիպված ասեր, թե չկա հարություն, հանդիմանեին Նրան` ասելով. «Այդ դեպքում Դու ինչպե՞ս ես գոյություն չունեցող բանը քարոզում», իսկ եթե ասեր, թե կա՛ հարություն, պատասխանեին. «Իսկ ինչպե՞ս մի կինը բոլորինը կլինի հարության ժամանակ, ինչը նույնիսկ այս աշխարհում է անվայել ու անօրեն, ուր մնաց թե` այն աշխարհում»: Եվ [ուզում էին], որ այսպես անլուծելի մնար այդ հարցը, որպեսզի դադարեցնեին հարության մասին Նրա քարոզած ուսմունքը: Բայց մենք գտանք «Տոբիթ» կոչված գրքում, որ ճանապարհորդն իր հրեշտակին, ով Հռաքուելի դուստր Սառային կնության էր տալիս Տոբիթի որդի Տուբիային, ասում է. «Լսել եմ, եղբա՛յր Ազարիա, թե այդ աղջիկը յոթ մարդ է առել. վախենում եմ` գուցե ես էլ մեռնեմ» (հմմտ. Տոբ. 6։14-15): Երևում է` սադուկեցիները սա իմանալով էին [այդ հարցը] տալիս:
Մաղաքիա արք. Օրմանյան
Մեզ մօտ եօթը եղբայրներ կային. առաջինը կին առաւ ու ապա մեռաւ. եւ որովհետեւ զաւակ չունէր, կնոջն իր եղբօրը թողեց:
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 22:23

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: