Ծննդոց գրքի մեկնություն 47:29

Ա․ Լոպուխին

29-30. Երբ մոտեցան Իսրայելի մահվան օրերը, նա կանչեց իր որդի Հովսեփին ու նրան  ասաց. «Եթե ես շնորհ գտա քո առաջ, ապա ձեռքդ դի՛ր իմ զիստի տակ ու խոստացի՛ր, որ իմ նկատմամբ արդար և ողորմած կլինես և ինձ Եգիպտոսում չես թաղի»: [29] «Երբ միանամ իմ նախնիներին, ինձ կտանես Եգիպտոսից ու կթաղես նրանց գերեզմանում»: Հովսեփն ասաց. «Կանեմ, ինչպես կցանկանաս»: (Սինոդական թարգ․)
   
   Ծննդոց գրքում երկու անգամ (Աբրահամի ծառայի (Ծննդ. 24:2) և Հովսեփի պարագաներում) հիշատակվող երդվեցնողի ազդրի տակ ձեռք դնելով երդման սովորությունը մշտապես առեղծվածային է համարվել, առավել ևս, որ ոչ աստվածաշնչյան−հրեական հետագա և ոչ էլ ուրիշ ժողովուրդների պատմության մեջ այն չի հանդիպում: Համենայն դեպս (տվյալ հատվածներում) այս արարողությունը առնչվում է Աբրահամի (Ծննդ. 24։2) և Հակոբի սերունդներին, քանի որ հետնորդները ներկայացվում են որպես նահապետների զիստից (կողից) դուրս եկածներ (Ծննդ. 46։26, Ելք. 1։5), ուստի երդվողի վրա դրված հավատարմության ուխտը առնչվում է ոչ միայն երդումն ընդունող անձին, այլ նաև նրա սերունդներին։
--------------------------------
[29](Էջմիածին թարգ․) Երբ մօտեցան Իսրայէլի մահուան օրերը, նա կանչեց իր որդի Յովսէփին ու ասաց նրան. «Եթէ ես շնորհ գտայ քո առաջ, ապա ձեռքդ դի՛ր իմ զիստի տակ ու խոստացի՛ր, որ իմ նկատմամբ արդար եւ ողորմած կը լինես եւ ինձ Եգիպտոսում չես թաղի.
(Արարատ թարգ․) Եվ մոտեցան Իսրայելի մահվան օրերը: Նա կանչեց իր որդի Հովսեփին և ասաց նրան. «Եթե հիմա շնորհ գտա քո առաջ, աղաչում եմ, ձեռքդ դիր երանքիս տակ և իմ հանդեպ ցույց տուր մարդասիրություն և հավատարմություն. աղաչում եմ, ինձ չթաղես Եգիպտոսում:
(Գրաբար) Եւ մերձեցան աւուրք Իսրայէլի մեռանելոյ. եւ կոչեաց զորդի իւր զՅովսէփ` եւ ասէ ցնա. Եթէ գտի շնորհս առաջի քո, դիր զձեռն քո ընդ երանաւք իմովք. եւ արասցես ի վերայ իմ ողորմութիւն եւ ճշմարտութիւն, չթաղել զիս յԵգիպտոս: