Ծննդոց գրքի մեկնություն 49:1

Ա. Լոպուխին

1-2․ Եվ Հակոբը կանչեց իր որդիներին ու ասաց. «Հավաքվեցե՛ք, և ես ձեզ կհայտնեմ այն, ինչ պատահելու է ձեզ գալիք օրերին: [1]  Հավաքվեցե՛ք և լսեցե՛ք, Հակոբի՛ որդիներ, լսեցե՛ք ձեր հայր Իսրայելին: (Սինոդական թարգ․)
   
   Հակոբն իր վեհ բանաստեղծական ու Աստծո կողմից ներշնչված խոսքում, շրջանցելով Եգիպտոսում իր սերնդի առաջիկա կյանքը, մարգարեաբար գծագրում է Քանանում յուրաքանչյուր ցեղի ապագայի  պատկերը, ընդ որում՝ յուրաքանչյուրի դեպքում ելնում է իր այս կամ այն որդու առանձնահատկություններից և նրա կյանքի հանգամանքներից ու այնուհետև անցում է կատարում վերջիններիս մերթ մոտակա, մերթ ավելի հեռավոր սերունդների ապագային՝ հասնելով մինչև «վերջին օրերը» (եբրայերեն՝ «acharith hajamim»,  Յոթանասնից՝ «επ' εσχάτου των ημερών», Վուլգաթա՝ «in diebus novis−simis»), որն էլ Հակոբի մարգարեության կարևորագույն կետի՝ Հուդայի մասին մարգարեության հետ հարաբերության մեջ նշանակում է ոչ թե «առհասարակ ապագա, այլ ավարտուն ապագա՝ մեսիական ժամանակաշրջան, երբ ամեն ինչ իր վախճանին պիտի հասնի» (Կեյլ):

   Իհարկե, Իսրայելի՝ Քանանում բնակվելու սկիզբը և դատավորների շրջանը կազմում են Հակոբի մարգարեության մոտակա կետերը, սակայն նրա մարգարեության հեռանկարը ամենևին չի սահմանափակվում դրանցով: Պետք է ասել նաև, որ հիշյալ դարաշրջանի պատմական գծերը լի են գալիք փրկության պատմության հետ կապված խորհրդանշական իմաստներով: «Վերջին օրեր» արտահայտությանը մեսիական իմաստ են հաղորդում նաև սուրբգրային այլ մարգարեություններ (Թվեր. 24․14, Ես. 2։2, Երեմ. 30։24, Եզեկ. 38։16, Ովսե. 3։5, Միքեա. 4։1, Դան. 10։14, Եբր. 1։1, 2): Ընդհանուր առմամբ և շատ առանձնահատկություններով հանդերձ՝ Հակոբի մարգարեությունը ներշնչված և բանաստեղծական տեսք ունեցող նահապետական օրհնության տեսակ է: Այն հարցին, թե ինչու է ասվում, որ Հակոբն օրհնում է զավակներին, մինչ ոմանց անիծում է, երանելի Թեոդորետը պատասխանում է. «Նահապետի վերջին խոսքերը ո՛չ անեծք են, ո՛չ էլ օրհնություն, այլ կանխասում» (112−րդ հարցի պատասխան):
--------------------------------
[1](Էջմիածին թարգ․) Յակոբը կանչեց իր որդիներին ու ասաց. «Հաւաքուեցէ՛ք, որ ձեզ յայտնեմ այն, ինչ պատահելու է ձեզ հետագայում:
(Արարատ թարգ․) Եվ Հակոբը կանչեց իր որդիներին ու ասաց. «Հավաքվե՛ք, որ պատմեմ ձեզ, թե ինչ պիտի պատահի ձեզ վերջին օրերին:
(Գրաբար) Կոչեաց Յակոբ զորդիսն իւր եւ ասէ. Ժողովեցարուք, զի պատմեցից ձեզ ինչ որ պատահիցէ ձեզ ի վախճանի աւուրց: