Ծննդոց գրքի մեկնություն 49:8

Ա. Լոպուխին

8-12․ Հուդա՛, քո եղբայրներդ քեզ պիտի գովեն. քո ձեռքը քո թշնամիների պարանոցի վրա թող լինի: Քո հոր որդիները կխոնարհվեն քո առաջ։  [8] Հուդա՛, կորյո՛ւն առյուծի, որսից է բարձրանում որդյակն իմ, առյուծի պես խոնարհվեց, մատակ առյուծի պես պառկեց, ո՞վ պիտի արդյոք բարձրացնի նրան: Հուդայից իշխան չի պակասելու, ոչ էլ օրենսդիր՝ նրա կողերից, մինչև որ գա [Խաղաղարարը], և ժողովուրդները հնազանդվեն նրան: Իր ավանակին կկապի որթից, ու իր մատակ էշի քուռակին՝ ընտիր որթատունկից: Իր պատմուճանը կլվա գինով և իր հագուստը՝ խաղողի արյամբ: Գինուց կարմիր են աչքերը նրա, իսկ ատամները սպիտակ՝ կաթից ավելի: (Սինոդական թարգ․)
   
   Ռուբենը զրկված է անդրանկությունից, Շմավոնն ու Ղևին՝ անդրանկությունից ու ինքնուրույնությունից: Չորրորդ որդի Հուդան, հանձին իր սերնդի, ստանում է առաջինն ու վերջինը: Ընդհանրապես Հուդայի ցեղը «մյուս բոլոր ցեղերի միջից ամենահզորն ու արքայականն է» (երանելի Թեոդորետ):

   Ընդհանուր առմամբ «Հուդային տրված օրհնությունը խորհրդավոր է. այն կանխասում է այն ամենը, ինչ վերաբերում է Քրիստոսին» (սուրբ Հովհան Ոսկեբերան): Ըստ էության, բոլոր մեկնաբանների կողմից ընդունված է, որ Հուդայի օրհնության մեջ մեսիական իմաստ ունի հատկապես միջին մասը՝ 10−րդ համարը. նախորդող (8−9) և հաջորդող (11−12) երկու համարներում բացահայտվում են Հուդայի ցեղի երկրային զորության ու բարեկեցության պատմական առանձնահատկությունները, որոնցում, սակայն, կարելի է նկատել մեսիական շրջանի պարագաների նախատիպեր կամ նախապատկերներ:

   8−9−րդ համարները. Հուդան (Յեհուդա), եբրայերեն՝ գովաբանված, (ընթերցի՛ր վերջինիս ծննդյան ժամանակ Լիայի կողմից արտասանված խոսքերը՝  Ծննդ. 29։35. «Այժմ կգովաբանեմ Տիրոջը») դառնալու էր եղբայրների գովաբանության ու փառաբանության առարկան: Միթրաշի համաձայն՝ սա նշանակում է, որ Իսրայելի բոլոր ցեղերն արդյունքում պետք է կրեն Հուդայի անունը, այսինքն՝ պետք է կոչվեն հրեաներ («եհուդիմ»−ը հրեա անվան եբրայերեն տարբերակն է. ծնթ.՝ թրգմ.): Հուդայի փառապանծ անվանը համապատասխանելու են վերջինիս արիությունը, համարձակությունն ու հզորությունը. զորությունն արտահայտվեց թշնամիների դեմ պայքարում տարած հաղթանակներով ու Իսրայելի ցեղերի վրա տիրապետությամբ (հոր որդիներ և ոչ թե մոր, ինչպես ասված է Ծննդ. 27։29 համարում. Իսրայելի ցեղերի բոլոր նահապետները Հակոբի չորս կանանցից են): Հուդայի ցեղը թշնամիների սարսափը կլինի ոչ միայն պատերազմի ժամանակ, այլև խոր անդորրի պայմաններում. ինչպես կորյունը, առյուծը և հատկապես մատակ առյուծը նույնիսկ քնած ժամանակ առանձնահատուկ վախ են ներշնչում մարդուն, այդպես էլ Հուդայի ցեղը, ինչպես գազանների արքան, Քանանում բնակվելուց ի վեր պատմության տարբեր դարաշրջաններում Պաղեստինում Իսրայելին շրջապատած գիշատիչ ցեղերի համար սարսափելի է եղել: Թեև Հուդայի ցեղի զորությունն իր ամբողջության մեջ արտահայտվեց Դավթի օրոք, այնուամենայնիվ հարկ է նշել, որ անապատում այն արդեն առաջնորդում էր մյուս ցեղերին (Թվեր. 2։3) և առաջինը սկսեց Քանանի գրավումը (Դատ. 1։1−8): Հուդայի ցեղի զինանշանի վրա պատկերված էր առյուծ: Նահապետի համեմատությունն ըստ էության կատարվեց Տիրոջ մահվան մեջ. «Ինչպես առյուծն է ահարկու, նույնիսկ քնած ժամանակ, նմանապես Տիրոջ մահը սարսափելի եղավ ինչպես մահվան, այնպես էլ սատանայի համար... Իսկ «ո՞վ պիտի արթնացնի նրան» խոսքերը ցույց են տալիս Նրա աննկարագրելի զորությունը, քանի որ ինքն իրեն հարություն տվեց...» (երանելի Թեոդորիտ, սուրբ Հովհան Ոսկեբերան, 718):

   10−րդ համարի առաջին կեսում Հուդայի ցեղին կամ սերունդներին երկու հոմանիշային արտահայտությամբ խոստացվում է Իսրայելի թե՛ քաղաքական (եբրայերեն՝ «schebet», Յոթանասնից՝ «ἄρχων», ռուսերեն՝ «скипетр», Թվեր. 24։17, Ես. 14։5, Զաք. 10։11),  թե՛ օրենսդիր և թե՛ զինվորական (եբրայերեն՝ «mechoqeq», Յոթանասնից՝ «ἡγούμενος», Վուլգաթա՝ «dux», սլավոներեն՝ «вождь») գերագույն իշխանությունը: Այնուհետև բոլոր ժամանակների ու ուղղությունների մեկնիչների կողմից շատ տարբեր կերպ ընկալվող «Ad ki jabo Shiloh» արտահայտությամբ՝ ավարտի կամ իդեալական հանգուցալուծման իմաստով նշվում է այդ տիրապետության սահմանը: Գերակշռող է մեսիական մեկնաբանությունը: Գերակշռության հանգամանքը դրսևորվում է ինչպես հնությամբ ու այդ մեկնաբանությունն առաջ քաշած ներկայացուցիչների հեղինակությամբ, այնպես էլ փրկության պատմության դեպքերի ու գաղափարների համատեքստով: Հիշյալ արտահայտության ընկալմանն առնչվող բոլոր տարաձայնությունները կապված են «Shiloh» բառի ոչ միանշանակ մեկնության հետ: Ոչ մեսիական մեկնություններից կարելի է նշել այն, որի համաձայն վերջինս Եփրեմի ցեղին պատկանող քաղաքներից մեկի՝ Սելովի  անունն է (եբրայերեն՝ «Shiloh», օրինակ, Հեսու. 16։6, 18։1 և այլն, կամ «Shilo», օրինակ, Դատ. 21։21 և այլն), որտեղ Քանանի գրավումից հետո հանգրվանեց Վկայության խորանը: Այսպիսով՝ հիշյալ արտահայտությունը թարգմանվում է հետևյալ կերպ՝ «Քանի դեռ Սելով չեն եկել»: Սակայն այսպես իմաստը բավական սահմանափակ է դառնում: Նման պարագայում Հուդայի ցեղի հեգեմոնիան շատ կարճաժամկետ է լինում, բացի այդ հրեաների Սելով ժամանումը բավական խնդրահարույց է:

   Հուդայական սինագոգներում, քրիստոնեական Վաղ Եկեղեցում, միջնադարի ու նոր ժամանակների քրիստոնեական գիտական աստվածաբանության մեջ գերակշռող մեսիական մեկնաբանությունը ներկայանում է մի քանի տարբերակով՝ կախված այն հանգամանքից, թե ինչպես է ընկալվում Shiloh բառը, ընդ որում՝ յուրաքանչյուր դեպքում էլ պահպանվում է կյանքում հաստատվելիք մեսիական նոր կարգի գաղափարը: «Shiloh» բառն ընալվում է կա՛մ վերացական՝ «հաշտեցնող, աշխարհի իշխան» (Յոթանասնից՝ «ἀποκείμενα αυτω», Ակյուղաս՝ «ῶ ἀπόχειται») իմաստով, կա՛մ էլ խիստ որոշակի՝ «նրա որդի» իմաստով (ռաբբի Կիմխի)։ Վուլգաթայում «qui mittendus est» ձևով է  և այլն:

   Թալմուդում և Միթրաշում «Shiloh»−ը Մեսիայի անուններից մեկն է: Համարի վերջին՝ «ժողովուրդները կհնազանդվեն նրան» մասը, ապա նաև ողջ 10−րդ համարը, իսկ այնուհետև նաև Հուդայի մասին ամբողջ մարգարեությունը  բոլոր մեկնաբաններն առնչում են Մեսիային: Երանելի Թեոդորիտը 10−րդ համարի խոսքերի մասին ասում է. «Սա Տիրոջ գալստյան ամենապարզ նշանն է»: Հրեաների շրջանում հիշյալ մարգարեության իրականացման ապացույցի համար ուժասպառ եղան ոչ միայն արքաները, այլև քահանաներն ու մարգարեները: Երբ որ պետք է ծնվեր մեր Փրկիչը, հրեաներին տիրեցին այլազգի թագավորներ, այդպիսով հիշյալ մարգարեությունը մատնանշեց հավիտենական Թագավորին՝ «լեզուների (կամ ազգերի) հույսին» (112−րդ հարցի պատասխան): «Այնքան ժամանակ պետք է հարատևեն հրեաներն ու նրանց իշխանները, մինչև որ գա Նա» (սուրբ Հովհան Ոսկեբերան, 718):

   11−12−րդ համարները հողագործական ու անասնապահական արտադրանքի (չափազանց առատ խաղող (այդ թվում՝ դրա լավագույն «Սորեկ» տեսակը), ինչպես նաև հոտերի ու կաթի առատություն) միջոցով պատկերում են Հուդայի ցեղին պատկանող տարածքի հարստությունը: Միթրաշը, Թարգումները, սուրբ Հովհան Ոսկեբերանը, երանելի Թեոդորիտը այս հատկանիշներին էլ են մեսիական նշանակություն տալիս, ինչը որոշակիորեն հիմնավորվում է մեսիական ժամանակաշրջանին հատուկ մարգարեական պատկերներով ( օրինակ, Հովել. 2։22):
--------------------------------
[8](Էջմիածին թարգ․) Յուդա՛, քեզ կ՚օրհնեն եղբայրները քո. ձեռքը քո կ՚իջնի թիկունքի վրայ թշնամիներիդ: Հօրդ որդիներն գլուխ խոնարհեն պիտի քո առաջ:
(Արարատ թարգ․) Ո՛վ Հուդա, քո եղբայրները քեզ կգովաբանեն: Թող ձեռքդ թշնամիների պարանոցի վրա լինի, Եվ թող քո հոր որդիները քեզ երկրպագեն:
(Գրաբար) Յուդա` զքեզ աւրհնեսցեն եղբարք քո: Ձեռն քո ի վերայ թիկանց թշնամեաց քոց. երկիր պագցեն քեզ որդիք հաւր քոյ: