Եզեկիելի մարգարեության մեկնություն 11։20

Ա. Լոպուխին

«Որպեսզի Իմ պատվիրաններով ընթանան և հետևեն Իմ հրամաններին ու կատարեն դրանք, և նրանք Իմ ժողովուրդը պիտի լինեն, իսկ Ես պիտի լինեմ նրանց Աստվածը»։ [20] (Սինոդական թարգ․)
   

   Սույն 20-րդ համարը ցույց է տալիս, թե ինչպես է արտահայտվելու Իսրայելի հոգևոր վերածնունդը․ բարոյական և ծիսական օրենքների կատարման եղանակով:

   «Պատվիրաններ», «հրամաններ» - սրանք Մովսեսի հաղորդած օրենսդրությունը բնութագրող եզրույթներն են (տե՛ս 5։6-րդ համարի բացատրությունը)։ Եզեկիել մարգարեն այստեղ բարձրանում է մինչև քրիստոնեական աշխարհայացքի այն բարձունքները, որտեղից տեսանելի են մարդկային վերածնված սրտի՝ Աստծո հետ ունեցած ներքին հարաբերությունները, որոնցով պայմանավորված՝  մարդկային այդ սիրտն այլևս չի կարող անել ոչ մի այլ բան, քան միայն բարին, քանի որ դա իր էության մեջ է հաստատված, ճիշտ այնպես, ինչպես բնության մեջ էլ հաստատված է, որ արևը շողա, ծառը պտուղներ տա և այդպես շարունակ։ Չնայած որ մարդու հոգևոր վերածննդի գաղափարը Եզեկիելին կարող էր ներշնչված լինել Երեմիայի մարգարեության 24-րդ գլխից, սակայն Եզեկիելի մարգարեության մեջ այդ գաղափարն էլ ավելի մեծ որոշակիություն և առանձնակիություն ձեռք բերեց:
--------------------------------
[20](Էջմիածին թարգ․) եւ տալու եմ մարմնեղէն սիրտ, որպէսզի պատուիրաններիս համաձայն ընթանան, օրէնքներս պահեն ու կատարեն, ինձ համար ժողովուրդ լինեն, ես էլ իրենց համար՝ Աստուած:
(Արարատ թարգ․) որպեսզի իմ կանոններով ընթանան և իմ պատվիրանները պահեն և դրանք կատարեն, ու նրանք ինձ ժողովուրդ լինեն, իսկ ես՝ նրանց Աստվածը։
(Գրաբար) զի ըստ հրամանաց իմ գնասցեն, և զիրաւունս իմ պահեսցեն, և արասցեն զնոսա. և եղիցին ինձ ‘ի ժողովուրդ՝ և ես եղէց նոցա Աստուած: