Ա. Լոպուխին
««Եվ նույնիսկ եթե նրա մեջ լինեն այս երեք մարդիկ՝ Նոյը, Դանիելը և Հոբը, ապա նրանք իրենց արդարությամբ կփրկեին միայն իրենց հոգիները»,- ասում է Տեր Աստված»։ [14] (Սինոդական թարգ․)
Նոյը, Դանիելը և Հոբը մատնանշվում են որպես երեք արդար մարդիկ, որոնք պահպանել են իրենց սրբությունն իրենց շրջապատող մարդկանց համընդհանուր ամբարշտության մեջ և դրա շնորհիվ էլ փրկվել են ամենքին պատուհասած կործանումից: Առաջին հայացքից տարօրինակ թվացող հերթականությունը (այս շարքում Դանիելը զետեղված չէ վերջին տեղում) բացատրվում է նրանով, որ Նոյն իր արդարությամբ փրկեց իր ողջ ընտանիքը՝ 8 հոգու, Դանիելը փրկեց միայն արդարությամբ իրեն նմանվող իր ընկերներին՝ 3 հոգու, իսկ Հոբը չկարողացավ փրկել նույնիսկ իր երեխաներին. Արդարները, ամենայն հավանականությամբ, միտումնավորաբար վերցվել են իրարից տարբեր, ժամանակագրական առումով միյանցից հեռու եղող ժամանակաշրջաններից: Հատկանշական է, որ նրանցից միայն մեկն է հրեա. սա արձագանքն է մարգարեի կողմից հետագայում զարգացվող այն գաղափարի, համաձայն որի՝ Իսրայելում մշտապես էլ և համընդհանուր կերպով տիրապետող է եղել բարոյական այլասերվածությունը (15-րդ, 16-րդ, 23-րդ գլուխներ)։ Նմանատիպ գաղափարներ շոշափող հատվածներում Երեմիան հիշատակում է Մովսեսի և Սամուելի անունները (11:1 և այլ տեղիներ): Այս արդար մարդկանց հիշատակումը, և հատկապես նմանատիպ կարճառոտ խոսքերո՛վ հիշատակումը (առանց ներկայացնելու հիշատակվող անձանց ով լինելը, անձը և գործը) ցույց է տալիս, որ այդ արդարները լավագույնս ծանոթ էին ժողովրդական զանգվածներին, չնայած որ Հոբի գիրքը, հնարավոր է, որ դեռևս գոյություն էլ չուներ: Բացարձակապես կարիք չկա, նորագույն շրջանի թարգմանիչներից ոմանց տեսակետի համաձայն, այստեղ հիշատակված «Դանիել»-ի անվան տակ հասկանալու մեկ այլ անձի, որը ժամանակային առումով կպատկաներ ավելի վաղ շրջանի, քան ամենքիս հայտնի Դանիել մարգարեն։ Այս տեսակետի համար հիմք է ծառայել սույն համարի դասակարգության մեջ Դանիելի զբաղեցրած դիրքը և ա՛յն հանգամանքը, որ նա Եզեկիելի՝ ավելի երիտասարդ տարիքի ժամանակակիցն էր։ Դեռևս Հովակիմի օրոք վերաբնակեցվելով Բաբելոնում (Եզեկիելը Հեքոնիայի օրոք էր վերաբնակեցվել Բաբելոնում)՝ Դանիելը Եզեկիելի մարգարեական ներկայիս ելույթի ժամանակ արդեն իսկ 14 տարի էր, ինչ գտնվում էր գերության մեջ և արդեն հասցրել էր երազներ մեկնելու իր կարողությամբ և իմաստությամբ հայտնի դառնալ ամենուր, մի բան, որի մասին, համաձայն Եզեկիելի մարգարեության 28:3-րդ համարում առկա ենթադրության, տեղյակ էին ամենքը (այդ թվում նաև՝ Տյուրոսում): Եզեկիել մարգարեի ուսմունքը, համաձայն որի՝ արդարներն անզոր էին իրենց սրբությամբ փրկելու իրենց շուրջը եղողներին, բացարձակապես չի հակասում Աստծո խոստմանը, ըստ որի՝ Տերը կփրկեր Սոդոմը նույնիսկ հանուն 10 արդար մարդու առկայության․ չէ՞ որ Սոդոմը, ամեն դեպքում, կործանվեց՝ չնայած որ այնտեղ մեկ, և գուցե նաև, մի քանի արդար մարդիկ էին գտնվում, և հետևաբար բնավ էլ զարմանալի չէ, որ թվով 3 արդար մարդիկ անկարող էին փրկելու մի ամբողջ երկիր: Այստեղ մենք ականատես ենք լինում անձնական բարոյական արժանիքների մասին Եզեկիելի ուսմունքի հիմնասյուներին, մի ուսմունք, որն այդ ժամանակների համար դեռևս նոր էր ի հայտ գալիս և հետագայում մարգարեի կողմից մանրամասնորեն զարգացվում է 18-րդ և 33-րդ գլուխներում:
--------------------------------
[14](Էջմիածին թարգ․) Եւ եթէ այնտեղ լինեն այն երեք մարդիկ՝ Նոյը, Յոբն ու Դանիէլը, նրանք իրենց արդարութեան համար փրկուելու են», - ասում է Ամենակալ Տէրը:
(Արարատ թարգ․) նույնիսկ եթե այս երեք մարդիկ նրա մեջ լինեն՝ Նոյը, Դանիելը և Հոբը, սրանք իրենց արդարությամբ իրենց անձերը կազատեն»,- ասում է Տեր Աստված։
(Գրաբար) Եւ թէ եթէ իցեն արքն այն երեքին 'ի միջի նորա, Նոյ, և Յովբ, և Դանիէլ. նոքա արդարութեամբն իւրեանց ապրեսցին՝ ասէ Ադովնայի Տէր:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: