Ա. Լոպուխին
40-43. «Բացի այդ, լուրեր ուղարկեցին այն մարդկանց մոտ, որոնք եկել էին հեռվից․ նրանց մոտ պատգամաբերներ ուղարկեցին, և ահա, նրանք եկան, և դու նրանց համար լվացվեցիր, աչքերիդ ծարիր դրեցիր և զարդարվեցիր զարդերով»։ «Եվ նստեցին մի հոյակապ բազմոցի վրա, որի առաջ պատրաստված սեղան կար, և որի վրա դու դրեցիր Իմ անուշահոտ խունկն ու Իմ յուղը»։ «Եվ լսվեց ժողովրդի ձայնը, որ ցնծում էր այնտեղ, և մարդկանց բազմության մոտ անապատից հարբեցողներ բերվեցին, և նրանք նրանց ձեռքերին ապարանջաններ էին դնում և նրանց գլուխներին՝ գեղեցիկ պսակներ»։ «Այդ ժամանակ Ես շնությունների մեջ պառավածի մասին ասացի. այժմ նրա պոռնկությունները կավարտվեն նրա հետ միասին»։[40] (Սինոդական թարգ․)
Ինչպես որ 38-րդ և 39-րդ համարներում խոսվում էր օտարազգի պաշտամունքների հանդեպ մոլուցքի մասին, այդպես էլ 40-43-րդ համարներում խոսվում է քաղաքական դաշինքների մասին, չնայած որ, ինչպես միշտ, մարգարեն նկատի ունի այդ դաշինքների կրոնական հետևանքները, այսինքն՝ դարձյալ մոլուցքի դեպի օտար պաշտամունքները՝ այստեղ արդեն քաղդեական պաշտամունքը, իսկ 38-39-րդ համարներում՝ դեպի քանանական պաշտամունքը։ 40-43-րդ համարներում առավել մանրամասնորեն զարգացվում է 16-րդ համարի գաղափարը։
«Որոնք եկել էին հեռվից» - խոսքը քաղդեացիների մասին է։
«Լվացվեցիր» - Արևելքում լոգանքով էր սկսվում մանրակրկիտ լվացման գործընթացը: Հոգնակի թիվը, որը մատնանշում էր 2 քույրերին, վերածվում է եզակի թվի, քանի որ այստեղ խոսքը գլխավորապես վերաբերում է Երուսաղեմին։
«Աչքերիդ ծարիր դրեցիր» - եբրայեցերեն «կագալ» (որը նման է արաբերեն «կոգոլ» բառին, որտեղից էլ առաջացել է մեր «ալկոհոլ» եզրույթը) բառը նշանակում էր կոպերն ու հոնքերը քսուքով պատել (Երեմ. 4:11 հմմտ․ Դ Թագ. 9:30, Ես․ 54:11)։ Այդ քսուքը բաղկացած էր կապարից և անագից։ Այդ շպարի արդյունքում աչքերի շուրջ առաջացած մգությունն աչքերին ավելի մեծ չափ և պայծառություն էր հաղորդում։ Այդ մգեցված աչքերը ի բնե հատուկ են Արևելքի շատ կանանց, իսկ ահա ծարիրը, որն այնտեղ այժմ նույնպես լայնորեն օգտագործվում է, լրացնում էր այդ մգության բնական պակասը (Nowack, Archaol. I, § 22):
«Եվ զարդարվեցիր զարդերով» - կռապաշտության համար նույնպես զարդարվում էին զարդերով։
--------------------------------
[40](Էջմիածին թարգ․) Հեռուից եկած մարդիկ էլ, որոնց որպէս սուրհանդակներ էին ուղարկել, հէնց որ գալիս էին, բաղնիք էիր մտնում, ծարիրով ու սնգոյրով շպարւում էիր,
(Արարատ թարգ․) Եվ մինչև անգամ լուր ուղարկեցիք, որ մարդիկ հեռվից գան, որոնց մոտ պատգամավոր ուղարկվեց։ Եվ ահա նրանք եկան, որոնց համար դու լվացվեցիր, աչքերիդ ծարիր դրեցիր և զարդերով զարդարվեցիր։
(Գրաբար) Զի և արանց եկելոց ‘ի հեռաստանէ, առ որս հրեշտակս արձակէին. իսկ և իսկ իբրև գային, ‘ի բաղանիս մտանէիր. ‘ի ծարիր և ‘ի սնգոյր շպարէիր. և զարդարէիր զարդու,
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: