Եզեկիելի մարգարեության մեկնություն 27։12

Ա. Լոպուխին

«Թարսիսը՝ քո վաճառականը, ըստ ողջ հարստության առատության վճարեց քո ապրանքների համար արծաթով, երկաթով, կապարով և անագով»։ [12] (Սինոդական թարգ․)
   
   Թարսիսը (հիշատակվում է դեռևս Ծննդ․ 10:14-րդ, Ես․ 23:1-ին և շատ ուրիշ տեղիներում)՝ «Tartessus», նշանավոր փյունիկյան գաղութ է Իսպանիայում, հետևաբար ամենաանմիջական հարաբերություններով կապված էր Տյուրոսի հետ: Հայտնի են Հին Իսպանիայի ունեցած հանքային հարստությունները (Երեմ․ 10:9)։ Պլինիոսն ասում է (Hist. nat. 3, 4). «Գրեթե ամբողջ Իսպանիան լեցուն է մետաղներով՝ կապարով, երկաթով, պղնձով, արծաթով, ոսկով (հմմտ. Ibid․ 32, 31, 34, 41, Դիոդորոս 5, 38; Ստրաբոն 3, 147): Բայց հատկանշական է, որ Հին Կտակարանում ոսկին ոչ մի տեղում իսպանական արտադրանք չի համարվում, հետևաբար կասկածելի է Յոթանասնից թարգմանության հավելադրումը՝ «ոսկով և պղնձով»:

   «Վճարեց քո ապրանքների համար» - եբրայեցերենում՝ «տալիս էին «իզզաբոն»»։ Դա մի բառ է, որ հանդիպում է միայն այս գլխում և համարժեք է ասորերեն «ուզուբու»՝ «փոխհատուցել» բառին։
   
   12-24. «Թարսիսը՝ քո վաճառականը, ըստ ողջ հարստության առատության վճարեց քո ապրանքների համար արծաթով, երկաթով, կապարով և անագով»։  «Հավանը, Թոբելը և Մոսոքը վաճառականություն էին անում քեզ հետ՝ փոխանակելով քո ապրանքները մարդկանց հոգիների և պղնձե անոթների հետ»։ «Թորգոմայի տնից քո ապրանքների դիմաց քեզ մոտ ձիեր, նժույգներ և ջորիներ էին բերում»։  «Դեդանի որդիները վաճառականություն էին անում քեզ հետ․ շատ կղզիներ առևտրափոխանակություն էին անում քեզ հետ՝ որպես վճար փղոսկր և սև փայտ (եբենոս) տալով քեզ»։  «Քո մեծ ապրանքափոխանակության պատճառով արամեացիները առևտուր էին անում քեզ հետ. քո ապրանքների դիմաց նրանք վճարում էին կարկեհանով, մանուշակագույն, ասեղնագործ գործվածքներով և բեհեզով ու բուստերով և հակինթով»։  «Հուդան և Իսրայելի երկիրը վաճառականություն էին անում քեզ հետ. քո ապրանքների դիմաց վճարում էին Մեննիթի ցորենով և քաղցրավենիքով, մեղրով ու ծառի յուղով և բալասանով»։ «Դամասկոսը քո մեծ ապրանքափոխանակության պատճառով, ամբողջ հարստության առատության պատճառով վաճառականություն էր անում քեզ հետ Քեղբոնի գինով և սպիտակ բրդով»։ «Դանը և Հավանը Ուզալից էին վճարում քո ապրանքների դիմաց՝ շինածո երկաթեղենով․ կասիա և խնկեղեգ էին բերում քեզ հետ փոխանակելու համար»։  «Դեդանը վաճառականություն էր անում քեզ հետ կառքերի թանկարժեք համետներով»։  «Արաբիան ու Կեդարի բոլոր իշխանները առևտրափոխանակություն էին անում քեզ հետ. գառներ, խոյերով և այծեր էին փոխանակում քեզ հետ»։  «Սաբայի և Ռայեմայի վաճառականները վաճառականություն էին անում քեզ հետ. ամեն տեսակ ընտիր բուրմունքներով և ամեն տեսակ թանկարժեք քարերով, ու ոսկով էին վճարում քո ապրանքների դիմաց»։  «Խառանը և Հաննեն ու Եդեմը, Սաբայի վաճառականները, Ասորեստանն ու Հիլմադը վաճառականություն էին անում քեզ հետ»։ «Նրանք վաճառականություն էին անում քեզ հետ թանկարժեք հագուստներով, մետաքսե և նախշազարդ կտորներով, որոնք նրանք քո շուկաներ էին բերում մայրիից պատրաստված և լավ փաթեթավորված թանկարժեք արկղերով»։
   
   Ներկայացվում է բուն Տյուրոսի շուկայի մանրամասն նկարագրությունը. այդ շուկան դիտարկվում է իր բազմազանության և վաճառքի ենթակա առևտրային ապրանքների տեսանկյունից: Այդ հանգամանքից ելնելով՝ ազգերի թվարկումն իրականացվում է այնպես, որ Միջերկրական ծովի ժողովուրդներին (12-14-րդ համարներ), այսինքն՝ արևմտյան ժողովուրդներին, հաջորդում է արևելքը՝ հարավից հյուսիս գծված երեք զուգահեռական գծերով (15-18-րդ, 19-21-րդ և 22-24-րդ համարներ): Բաց են թողնված միայն այն ժողովուրդները, որոնց մասին արդեն իսկ խոսվել է (ինչպիսին էր, օրինակ, Եղիսան)․ այլ հիմնավորումներով՝ Բաբելոնը մեծ առևտրային (17: 4) քաղաք չէր և այն չէր կարելի համարել Տյուրոսի, ինչպես նաև՝ Եգիպտոսի ծառա (հմմտ․ 7-րդ համարը): Որպեսզի ընթերցողը չձանձրանա թվարկման միապաղաղությունից, այն զանազանակերպվում է հոմանիշներով՝ «առևտուր էին անում», «քեզ վճարում էին», «առաքում էին», «փոխանակում էին», «փոխանակություն էին կատարում», «փոխարենը քեզ ուղարկում էին»։
--------------------------------
[12](Էջմիածին թարգ․) Կարկեդոնացի վաճառականներն է, որ քո ամբողջ հարստութիւնը՝ արծաթն ու ոսկին, պղինձն ու երկաթը, անագն ու կապարը բերել են քո շուկաները:
(Արարատ թարգ․) Թարսիսը քեզ հետ վաճառականություն էր անում. քո ամեն տեսակ առատ ապրանքի դիմաց արծաթով, երկաթով, անագով և կապարով էին անում առևտուրը։
(Գրաբար) Կարքեդովնացիք վաճառականք քո 'ի բազմութենէ ամենայն զօրութեան քոյ. զարծաթ և զոսկի և զպղինձ՝ և զերկաթ և զանագ՝ և զկապար ետուն 'ի վաճառս քո.