Ա. Լոպուխին
«Դու օծված քերովբե էիր, որպեսզի հովանի լինեիր, և Ես քեզ այդպիսին կարգեցի. դու Աստծո սուրբ լեռան վրա էիր, քայլում էիր հրե քարերի միջով»։ [14] (Սինոդական թարգ․)
Սա գրքի ամենաառեղծվածային համարներից մեկն է։ Տյուրոսի թագավորին համեմատելով քերովբեի հետ՝ մարգարեն քերովբեների մասին հինկտակարանյան ուսմունքի այնպիսի մանրամասների մեջ է մտնում, որոնք, ակնհայտորեն, մինչև մեզ չեն պահպանվել ու մեզ չեն հասել ո՛չ Սուրբ Գրքի, ո՛չ էլ Սրբազան Ավանդության միջոցով։
«Դու (եբրայեցերենում, չգիտես ինչու, կիրառված է իգական սեռով․ այս դերանունը բազմիցս գործածվում է իգական սեռով՝ արական սեռի փոխարեն – Թվ․ 11:15, Բ Օրին. 5:24 և այլ տեղիներ)․․․ քերովբե էիր» - բառացիորեն՝ «դու քերովբե ես»։ «Երբ այս խոսքերը կիրառվում են Տյուրոսի թագավորի վերաբերությամբ, այդժամ իրենցից մի անհավանական չափազանցություն (հիպերբոլիա) են ներկայացնում և իրական իմաստ են ստանում միայն այն ժամանակ, երբ մենք ենթադրում ենք, որ այս թագավորի կերպարի ներքո մարգարեն խորհել է սկզբնական կատարելության և հրեշտակներից մեկի անկման մասին» (Գլագոլև Ա.Ա., Հին Կտակարանի աստվածաշնչյան ուսմունքը հրեշտակների մասին, 700)»։ Յոթանասնից թարգմանությունը, այլ կերպ տարընթերցելով («et»-ի փոխարեն «at»), հետևյալ ձևն ունեն. «Դու քերովբեի հետ էիր» Նորագույն շրջանի մեկնիչների մեծ մասն ընդունում է այս տարընթերցումը, բայց եբրայեցերենն ավելի արտահայտիչ է: Տյուրոսի թագավորը համեմատվում է քերովբեի հետ՝ որպես արարչական կյանքի բարձրագույն լիությունը կրող մեկի հետ (հմմտ․ 1։5-րդ համարի բացատրությունը). Տյուրոսն իրենից ներկայացնում էր ամենավերին աստիճանը, որին կարող էր հասնել երկրային՝ ոչ միայն նյութական, այլ նաև հոգևոր և նվազագույնը՝ մտավոր կյանքը։ Հետևաբար, նա այն ժամանակ երկրի վրա, իսկապես որ, այն կշիռն ուներ, ինչ քերովբեն՝ աշխարհում:
«Օծված» - խորանի և տաճարի քերովբեները մյուս սրբազան պարագաների հետ միասին օծվեցին սրբազան յուղով (Ելք 30:22-33): Հնարավոր է, որ այստեղ ցուցում պետք է տեսնել թագավորական օծման մասին, որով թագավորին տրվում է առանձնահատուկ վեհանձնություն և հոգևոր կյանքի լիություն՝ շնորհված Աստծո և Տյուրոսի պետականության կողմից, որին և պատկանում էր այդ թագավորը։ Թե՛ մեկը, թե՛ մյուսը սուրբ են, որովհետև Աստված նրանց հաղորդակից է դարձրել Իր վսեմությանը և որովհետև երկրային յուրաքանչյուր մեծություն էլ սուրբ է, քանի դեռ այն անկում չի ապրել ու չի պղծվել (Տրոշոն): Բայց Վուլգաթան և նորագույն շրջանի մեկնիչները չեն ցանկանում եբրայեցերեն «միմշահ» բառին (որից ծագում է նաև «Մեսիա» բառը) «օծման» նշանակությունը հաղորդել և ամեն ինչ նոր է։ Վուլգաթան թարգմանում է՝ «extensus» և այդպիսով մատնանշում է քերովբեների՝ լայն տարածված թևերը։ Սիմմաքոսի թարգմանության մեջ կարդում ենք՝ «katam, emetrhmenoV»։ Իսկապես որ, քերովբեի վերաբերությամբ «օծված» մակդիրի կիրառությունը որոշակիորեն անսպասելի է։ Յոթանասնից թարգմանության մեջ այս, ինչպես նաև հաջորդ բառերը բացակայում են:
«Որպեսզի հովանի լինեիր» - բառացիորեն՝ «հովանի եղող»։ Դարձյալ ակնարկվում են խորանի և տաճարի քերովբեները, որոնք իրենց թևերով հովանի էին լինում (ստվերում էին) վկայության տապանակին։ Այդ նույն կերպ էլ Տյուրոսի արքան հովանի էր լինում (Վուլգաթայում՝ «protegens») իր ժողովրդին, իսկ Տյուրոսը՝ երկրին։
«Դու Աստծո սուրբ լեռան վրա էիր» - Հին Կտակարանում այսպես էր կոչվում միայն Սիոնը: Հետևաբար, այստեղ կրկին առնչվում ենք ակնարկի՝ տաճարի քերովբեների վերաբերությամբ, որոնք լայն իմաստով գտնվում էին Սիոնի վրա (Մորիան կարելի է համարել որպես Սիոնի լեռնաճյուղ): Մեկնիչների կարծիքով՝ Տյուրոսը, գտնվելով ծովով ողողվող մի կղզում, ասես կանգնած լիներ ծովի լեռան վրա, որը կարելի էր անվանել «սուրբ» և «աստվածապատկան» («Աստծո լեռ» իմաստով)՝ Տյուրոսի վրա հեղած Աստծո օրհնությունների առատության պատճառով:
«Քայլում էիր հրե քարերի միջով» - քարերի միջից «հրե» կոչումը կարող էին ունենալ, ամենայն հավանականությամբ, թանկարժեք քարերը՝ իրենց ունեցած փայլի պատճառով։ Թանկարժեք քարերը հենց այդպես էլ կոչվում են սեպագիր արձանագրություններում (Delitzsch, Wol. d. Par. 118): Նրանց վերաբերյալ խոսքեր այստեղ, ըստ ամենայնի, կարելի էր ակնկալել՝ նկատի ունենալով նախորդ համարի բովանդակությունը. ինչպես որ քերովբեներն են քայլում կրակի միջով (1:13-րդ համար), այդպես էլ Տյուրոսի թագավորը շրջապատված և ողողված էր թանկարժեք քարերով, այսպես ասած՝ այդ թաքնված, հանդարտ բոցկլտացող կրակով: Գրոցիուսի հետ կարելի է հիշատակել, որ քահանայապետը քերովբեների առջև էր ներկայանում թանկարժեք քարերով զարդարված լանջապանակով, իսկ Գեֆերնիկի հետ էլ կարող ենք վկայել, որ Տյուրոսում գտնվող Հերկուլեսյան տաճարում մի զմրուխտյա քանդակասյուն էր կանգնեցված։ Նորագույն շրջանի մեկնիչները գտնում են, որ տաճարի քերովբեների մասին գաղափարը լիովին չի ընդգրկում մարգարեի կողմից այստեղ կիրառված բոլոր համեմատությունների պարունակը՝ հատկապես վերջին երկու արտահայտությունների բովանդակային բնորոշ գծերը, ուստի և նրանք կարծում են, որ այստեղ մարգարեն նկատի ուներ Աստծո լեռը, որը գերիշխող դիրք էր զբաղեցնում այն ժամանակվա հեթանոսական աշխարհի պատկերացումներում (տե՛ս 1։4-րդ համարի բացատրությունը՝ «հյուսիսից»)։ Աստվածային այդպիսի լեռան դերում կարող էին հանդես գալ հնդկական Մերուն և Կայլասան, իրանական Գարաբերեցայիտին կամ Ալբորդշը, հունական Օլիմպոսը։ Հեթանոսական պատկերացումների համաձայն՝ դրախտն առնվազն պետք է ինչ-որ կապ ունենար այս լեռան հետ, եթե իհարկե այն ուղղակիորեն նույնական չէր այդ լեռանը։ Ահա թե ինչու քերովբեն, լինելով դրախտում, միաժամանակ գտնվում էր նաև այդ լեռան վրա՝ հովանի լինելով այդ լեռանն ու այն անառիկ դարձնելով։ Ինչ վերաբերում է հրեղեն քարերին, ապա, ըստ երևույթին, սովորական քարերի փոխարեն հրեղեն քարերով է ծածկված եղել Աստծո այդ լեռը, որպեսզի այն անհասանելի լինի մահկանացուների համար, ուստի և միայն հրեղեն քերովբեները կարող էին ազատորեն քայլել այդ քարերի միջով։ Այս քարերը առնչություն ունեն նաև ամպրոպի կամ կայծակի նետերի հետ, որոնք, հնդկական հավատալիքների համաձայն, պաշտպանում են աստվածների բնակավայրը (այդ իսկ պատճառով էլ կայծակի հարվածած վայրը սուրբ էր համարվում, տե՛ս Էվալդ) կամ կրակ բոցկլտացող լեռները (Գիտցիգ)։ Այս բոլոր զուգահեռները ուղղափառ աստվածաշնչագետի կողմից կարող են ընդունվել միայն այնքանով, որքանով որ ճշմարիտ կրոնի արձագանքները կարող են պահպանված լինել հեթանոսական կրոններում: Բերթոլետն առաջարկում է «օծված և հովանի եղող» եզրույթների փոխարեն տարընթերցել՝ «վստահության մեջ էր քերովբեների հետ հարաբերություններում», իսկ Կրեչմարի տեսակետի համաձայն՝ «հրե քարեր»՝ «աբնեի էշ» արտահայտության փոխարեն հարկ է տարընթերցել՝ «Աստծո որդիները»՝ «բենեյ էլ»։ «Տյուրոսի թագավորը քայլում էր Աստծո որդիների, հրեշտակների միջով»:
--------------------------------
[14](Էջմիածին թարգ․) Այն օրից, երբ ստեղծուել ես ու զգեստաւորուել՝ քերովբէին օծելիս, քեզ Աստծու սուրբ լերանն եմ յանձնել, եւ հրէ քարերի մէջ ես յայտնուել:
(Արարատ թարգ․) Դու օծված էիր պահապան քերովբեի նման, և ես քեզ այդպիսին կարգեցի. Աստծու սուրբ սարի վրա էիր, հրե քարերի մեջ էիր քայլում։
(Գրաբար) ընդ օծելոյ քրոբէին, ետու զքեզ ‘ի լեառն սուրբ Աստուծոյ, և եղեր ‘ի մէջ հրեղէն վիմացն։

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: