Ա. Լոպուխին
«Խոսի՛ր և ասա՛. «Այսպես է ասում Տեր Աստված. «Ահա ես քեզ դեմ եմ, ո՛վ փարավոն՝ Եգիպտոսի թագավոր, ո՛վ մեծ կոկորդիլոս, որ, պառկած գետերիդ մեջ, ասում ես. «Իմ գետն է, և ես եմ այն ստեղծել ինձ համար»»։[3] (Սինոդական թարգ․)
Նկարագրության կոլորիտը փոխառված է տվյալ երկրի արժեհամակարգից ու սովորություններից։
«Կոկորդիլոս» - եբրայեցերեն «տանիմ» եզրույթն իրականում մատնացույց է անում ցանկացած տեսակի ծովային հրեշի (Ծննդ. 1:21, հունարենում՝ «δρακων», Վուլգաթայում՝ «draco», սլավոներենում՝ «օձ», հավանաբար նկատի ունենալով Ելից 7:9-րդ համարը)։ Այս կենդանին միանգամից այնքան սարսափելի ու զզվելի տպավորություն է թողնում, բայց և պաշտամունքի առարկա է եղել եգիպտացիների համար՝ նրանց երկրի տարբերակող խորհրդանիշերից մեկը լինելով (այժմ Դելտայում կոկորդիլոսներ չկան. ըստ մեջքի հատվածում եղող թեփուկների քանակի և դիրքի՝ առանձնանում են երկու տեսակի կոկորդիլոսներ - Տրոշոն)։ Այն ամենահարմար կերպարն էր եգիպտական հպարտ միապետությունը «ներկայացնելու» համար, քանի որ այս կենդանիներն իրականում ավելի քիչ սարսափելի են, քան առաջին հայացքից կարող է թվալ, բացի այդ՝ նրանք (նույնն է թե՝ եգիպտացիները) հաճախ զոհ են դառնում խիզախ նվաճողների «որսին» (Сurrey՝ ըստ Տրոշոնի)։ Օգոստոս Օկտավիանոսը Եգիպտոսը գրավելուց հետո մետաղադրամների վրա այն պատկերել է կոկորդիլոսի պատկերով: Արաբները կոկորդիլոսին ծաղրանքով կոչում են «փարավոն»։
«Պառկած» - ասել է թե՝ իրեն լիովին ապահով զգալով: Նույն Օֆրան, որի իշխանության օրոք և որի մասին իսկ գրվել է այս մարգարեությունը, ըստ Հերոդոտոսի (II, 169) ասում էր, որ ո՛չ Աստված, ո՛չ էլ մարդը չեն կարող նրանից խլել իր թագավորությունը (գահընկեց է արվել Ամազիսի կողմից):
«Գետեր» - հոգնակի թիվը մատնացույց է անում Նեղոսի ճյուղերի և ջրանցքների համակարգը։ 27-րդ դինաստիայի օրոք մայրաքաղաքը Դելտայի վրա գտնվող Սաիս քաղաքն էր։
«Իմ գետն է» - «յեոր», մի բառ, որը սկզբնապես վերաբերում էր բացառապես Նեղոսին՝ վերցված լինելով եգիպտերենից (Ռոզետայի արձանագրություններում՝ «յոր», ղպտերենում՝ «յարո») և միայն ավելի ուշ ստացավ գետ կամ ջրանցք մատնանշող ընդհանուր իմաստը (Հոբ 28:10, Դան․ 12:5-6՝ Տիգրիսի մասին):
«Ես եմ այն ստեղծել» - հրեշավոր մեծամտություն, որը երևակայական առումով «հիմնավորված» էր այն հանգամանքով, որ ջրանցքների համակարգը, որը Նեղոսին հաղորդում էր Եգիպտոսի համար ունեցած իր ողջ կարևորությունը, իր գոյությամբ պարտական է փարավոններին (հմմտ․ Հոլանդական ասացվածք. «Աշխարհն Աստված է ստեղծել, իսկ Հոլանդիան՝ մենք»):
--------------------------------
[3](Էջմիածին թարգ․) «Այսպէս է ասում Տէր Աստուած. ահա ես քո դէմ եմ, եգիպտացիների արքա՛յ Փարաւոն, ո՛վ վիշապդ մեծ, որ նստում ես գետերի միջեւ, որ ասում ես՝ «Իմն են այս գետերը, ես եմ ստեղծել սրանք»:
(Արարատ թարգ․) Խոսի՛ր և ասա՛. Այսպես է ասում Տեր Աստված. "Ահա ես քեզ դեմ եմ, ո՛վ Եգիպտոսի փարավոն թագավոր, ո՛վ մեծ վիշապ, որ պառկում ես գետերիդ մեջ և ասում ես. "Իմ գետն իմն է, և ես եմ շինել ինձ համար"։
(Գրաբար) խօսեա՛ց՝ և ասասցես. Ա՛յսպէս ասէ Տէր Տէր. Ահաւասիկ ես ‘ի վերայ քո փարաւովն արքայ Եգիպտացւոց վիշա՛պ մեծ՝ որ նստիս ‘ի մէջ գետոց. որ ասես թէ ի՛մ են գետքս՝ և ե՛ս արարի զսոսա:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: