Ա. Լոպուխին
«Մարդո՛ւ որդի, Իսրայելի երկրի այս ավերակ վայրերում բնակվողներն ասում են. Աբրահամը մեկ մարդ էր և տիրեց այս երկրին, իսկ մենք շատ ենք, և այսպես այս երկիրը մեզ տրվեց իբրև ժառանգություն»։ [24] (Սինոդական թարգ․)
«Ավերակ վայրերում» - այդպիսին էր ամբողջ երկիրը, ուստի և բնակություն հաստատել հնարավոր էր միայն ավերակների վրա։ Ըստ այդմ էլ՝ որչա՜փ անխոհեմ էին «բնակվողների» երազանքները։
«Աբրահամը մեկ մարդ էր» - ակնարկվում է Աբրահամից ունեցած մարմնական ծագման այն հպարտության սկզբնավորությունը (հմմտ․ Ես․ 51։2), որն այնքա՜ն էր մեծացել Փրկչի ժամանակներում: Եթե Աբրահամը միայնակ դարձավ Քանանական երկրի տիրակալը, ապա Աբրահամի հետնորդների մի ամբողջական շարքը («իսկ մենք շատ ենք») կարող էր առավելապես հույս ունենալ այդպիսի սեփականության տիրանալու հարցում:
«Այս երկիրը մեզ տրվեց իբրև ժառանգություն» - ինքնապավինություն, որը ճիշտ հակառակ կողմն էր ցույց տալիս այն ճնշված տրամադրությունների, որոնք տիրապետող էին գերիների շրջանակներում (հմմտ․ Եզեկ․ 11:15)։ Նրանք հանկարծակիորեն զգացին, որ իրենք են հողի տիրակալները՝ նույնիսկ եթե այն ամբողջովին ավերակների մեջ էր։ Նրանց մնում էր միայն մեկնել իրենց ձեռքերը՝ այդ հողին տիրանալու համար, ասել է թե՝ այն հնարավոր էր ձեռք բերել առանց որևէ ջանք գործադրելու:
--------------------------------
[24](Էջմիածին թարգ․) «Մարդո՛ւ որդի, Իսրայէլի երկրի աւերակների բնակիչներն ասում են. «Աբրահամը մէկ հոգի էր ու երկիրը գրաւեց, իսկ հիմա մենք շատ ենք, երկիրը մեզ է ժառանգութիւն տրուել, չժառանգե՞նք այն»:
(Արարատ թարգ․) «Մարդո՛ւ որդի, այս ավերակների բնակիչներն Իսրայելի երկրում ասում են. Աբրահամը մեկ մարդ էր և ժառանգեց երկիրը, իսկ մենք շատ ենք, երկիրը մեզ կտրվի իբրև ժառանգություն։
(Գրաբար) Որդի մարդոյ՝ բնակիչք աւերակաց երկրին Իսրայէլի ասեն. Մի մա՛րդ էր Աբրահամ՝ և կալաւ զերկիրն. և արդ մեք բազումք եմք, և մե՛զ տուեալ է երկիրն 'ի ժառանգութիւն. ո՞չ ժառանգիցեմք զնա։

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: