Ա. Լոպուխին
«Իսկ դարպասի նախասրահը չափեց՝ ութ կանգուն, և երկու կանգուն՝ նրա սյուները։ Դարպասի այդ նախասրահը տաճարի կողմից էր»։ [9] (Սինոդական թարգ․)
Եթե դիտարկենք այնպես, որ 8-րդ համարում մատնանշվում էր ուլամի՝ «դարպասի նախասրահի» լայնությունը, ապա այստեղ հավելվում է ևս մեկ չափում՝ դրա երկարությունը. իսկ եթե այդպես չդիտարկենք, ապա այստեղ խոսքը լայնության մասին է: Այսպես թե այնպես, սա արդեն իսկական սրահ էր, մի ամբողջ սենյակ, և ոչ թե պարզապես քառակուսի պահակատուն, ինչպիսին «տա»-ն կամ «ֆեե»-ն էր։ Նրբագեղորեն զարդարված լինելով (Եզեկ․ 41:26) երկու հսկայական սյուներով, որոնց մասին այժմ խոսվում է, դարպասների այս սենյակները հավանաբար ծառայել են 11:1-ին և այլ համարներում նկարագրված հավաքների, ինչպես նաև զոհաբերություններից հետո մատուցվող ճաշկերույթների համար (Եզեկ․ 44:3): Գտնվելով տաճարի բուն գավթի մուտքի մոտ, չնայած որ այդ գավիթը դեռևս տաճարի արտաքին կողմում էր (այն այնքա՜ն սուրբ էր)՝ այս սենյակները, որոնք առկա էին տաճարի բոլոր երեք արտաքին դարպասների միևնույն տեղում, հանդիսանում էին տաճարի նախագավիթը, որը «ստիպում» էր զգալ տաճարի մերձավորությունը և դրանով իսկ նախապատրաստում էր տաճար մուտք գործելու համար․․․
«Եվ երկու կանգուն՝ նրա սյուները» - այս սյուները կարող էին կանգնեցված լինել միայն սյունասրահի արևմտյան ելքի մոտ, որը տանում էր դեպի տաճարի գավիթը՝ ելուստի մուտքի մոտ, և այդ սյուների լայնությունը, անկասկած, հավասար էր դրանց երկարությանը, այսինքն՝ հաստությունը հավասար էր սյունասրահի պատի և դարպասի ամբողջ կառույցի հաստությանը։ Այդ նույն սյուներն առկա էին նաև ներքին դարպասների մեջ (26-րդ համար և 31-րդ համար) և բուն տաճարում (Եզեկ․ 41:3) ու պետք է ունենային այն նույնանման խորհրդանշական նշանակությունը, ինչը որ Սողոմոնի տաճարում ունեին հայտնի Յախինն ու Բոոսը (տե՛ս Գ Թագ․ 7։21-րդ համարի բացատրությունը): Յոթանասնից թարգմանության մեջ կիրառված «աիլվ» բառը տառադարձումն է եբրայեցերեն «էյլավ» - «աիլ»՝ «սյուն» բառի (տե՛ս Եզեկիելի մարգարեության սույն գլխի 7-րդ համարի բացատրությունը)՝ գործածված արդեն հոգնակի թվով՝ «նրա» դերանվան հետ մեկտեղ։
«Դարպասի այդ նախասրահը տաճարի կողմից էր» - այսինքն՝ այն գտնվում էր ոչ թե դարպասի դրսի, այլ ներսի կողմից՝ բուն տաճարի (ավելի ճիշտ՝ նրա արտաքին գովթի) կողքին։ Այս նկատառումը կարևոր է նրանով, որ ներքին դարպասի պարագայում հակառակն էր (տե՛ս 36-րդ և 30-րդ համարները): Գիտցիգը ուշադրություն է հրավիրում այն իրողության վրա, որ «դարպասի նախասրահի» երկարությունը հավասար է ամբողջ դարպասի կառույցի երկարության 1/5-ին (40 կանգուն), ճիշտ այնպես, ինչպես որ տաճարի նախասրահի երկարությունն էլ (12 կանգուն) հավասար էր տաճարի երկարության (62 կանգուն) 1/5-ին։
--------------------------------
[9](Էջմիածին թարգ․) Կամարներն էլ երկու կանգուն էին, եւ դրանք ներքին դռան կամարներն էին:
(Արարատ թարգ․) Կամարներն էլ երկու կանգուն էին, եւ դրանք ներքին դռան կամարներն էին:
(Գրաբար) մերձ 'ի կոնք դրանն յութ կանգնոյ. և կամարք յերկուց կանգնոց, և կամարք ներքին դրանն:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: