Ա. Լոպուխին
2-3․ «Նա չի աղաղակելու ու չի բարձրացնելու Իր ձայնը, և Իր ձայնը լսել չի տալու փողոցներում»։ [2] «Կոտրված եղեգը չի փշրելու և առկայծող պատրույգը չի հանգցնելու, այլ ճշմարտությամբ դատաստան է տեսնելու»: (Սինոդական թարգ․)
«Չի բարձրացնելու Իր ձայնը …Կոտրված եղեգը չի փշրելու և առկայծող պատրույգը չի հանգցնելու…» - Միմյանց հետ անմիջականորեն փոխկապակցված այս երկու համարներում մի կողմից պատկերվում է հեզ ու խոնարհ Վարդապետի կերպարը, իսկ մյուս կողմից էլ բնութագրվում է նրա գալիք քարոզչության հիմնական հատկությունները: Ուսումնասիրվող մարգարեական այս պատկերի առաջին հատվածի հետ համեմատվող լավագույն զուգահեռը հենց Փրկչի խոսքերն են. «Եկե՛ք Ինձ մոտ, բոլոր հոգնածներդ ու բեռնավորվածներդ, և Ես ձեզ կհանգստացնեմ: Իմ լուծը ձեր վրա վերցրե՛ք ու սովորեցե՛ք Ինձնից, որ հեզ եմ և սրտով խոնարհ» (Մատթ. 11:28-29): Սրան պետք է գումարվի նաև մեր կողմից ուսումնասիրվող սույն մարգարեական հատվածի՝ Մատթեոս Ավերատանչի կողմից վերափոխված տարբերակը․ «Նա ո՛չ պիտի հակառակի և ո՛չ էլ պիտի աղաղակի. հրապարակներում Նրա ձայնը ոչ մեկը չպիտի լսի» (Մատթ. 12:19): Այս ամենը մի բան է նշանակում. չնայած որ Մեսիան օժտված է լինելու մեծագույն շնորհներով ու իրավասություններով, այնուամենայնիվ Նա հայտնվելու է ամենահեզ ու խոնարհ տեսքով («ընդունելով ծառայի կերպարանք» - Փիլիպ. 2:7)՝ առանց որևէ ճոխության և փառքի, ու նույնիսկ խուսափելու է հասարակական վայրերում մեծ, հանդիսավոր-հրապարակային ու ցուցադրական ելույթներ ունենալուց:
Եվ Ավետարանական պատմություններից էլ մենք, իսկապես, շատ լավ գիտենք, որ Հիսուս Քրիստոս նախ Ինքն իսկ խուսափում էր մարդկային փառքից ու աղմուկ բարձրացնելուց, իսկ մյուսներին էլ մեկ անգամ չէ, որ արգելեց բարձրաձայնել Իր հրաշագործությունների մասին (Մատթ. 8։9 ,9։30, 12։16, Հովհ. 5:13):
Վարդապետի խոնարհ կերպարին ամբողջովին համապատասխանում են նաև Նրա կողմից ուսուցանվող քարոզչությանը վերաբերող տեղեկությունները, որոնց մասին որ հաջորդիվ խոսում է մարգարեն հզոր և պատկերավոր լեզվով. «Կոտրված եղեգը չի փշրելու և առկայծող պատրույգը չի հանգցնելու»: «Կոտրված եղեգ»-ի պատկերն արդեն իսկ հանդիպել էր Եսայու մարգարեության նախորդող դրվագներում՝ Եգիպտոսին վերաբերող ելույթում, որում խոսվում էր Սենեքերիմի կողմից Եգիպտոսի կրած պարտության մասին (Ես․ 36:6): Այստեղ, սակայն, «կոտրված եղեգ»-ի ու «առկայծող պատրույգ»-ի խորհրդանշաններն ունեն ոչ թե ֆիզիկական, այլ հոգևոր-բարոյական, հոգեբանական նշանակություն՝ բնութագրելով մեղավոր մարդու հոգեկան այնպիսի՛ կացությունը, երբ նրա «ոգին կոտրված է» (Սաղմ. 50:19) ու նա Աստվածային վսեմագույն սիրո և հանդուրժողականության կարիք ունի, որպեսզի հուսահատության մեջ չընկնի, այլ ոտքի կանգնի ընկած վիճակից:
«Մարգարեի միտքը կարելի է արտահայտել հետևյալ կերպ. Մեսիան՝ Վարդապետը, Իր վարդապետությունն ուսուցանելու է այնպես, որ ծանր մեղք գործած հանցավորները, որոնց խղճի վրա խորը վերք է առաջացել, որոնց հոգեվիճակը տկար է կասկածների մեջ տարուբերվելու և կործանումից վախենալու պատճառով, ու այդ ամենի հետևանքով էլ նրանք ոգով կոտրված են, ամբողջապես չփշրվեն ու չընկղմվեն հուսահատության գիրկը: Ուստի Ուսուցիչը մեղավորներին չի վախեցնելու Աստծո զայրույթի սպառնալիքներով, չի խոցելու Աստծո Դատաստանի հարվածներով, այլ Իր մխիթարություններով ոգևորելու է նրանց, հուսադրելու է Աստծո ողորմածությամբ ու մեղքերի թողությամբ» (Պետրոս եպիսկոպոս):
--------------------------------
[2](Էջմիածին թարգ․) Նա չի աղաղակելու եւ չի վիճելու, ոչ ոք դրսում նրա ձայնը չի լսելու,
(Արարատ թարգ․) Նա չի աղաղակի, ձայն չի բարձրացնի, իր ձայնը լսել չի տա փողոցում։
(Գրաբար) Մի աղաղակեսցէ եւ մի վիճեսցի, եւ մի ոք լուիցէ արտաքոյ զբարբառ նորա:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: