Եսայու մարգարեության մեկնություն 55:5

Ա. Լոպուխին

«Ահա, դու պիտի կանչես մի ժողովրդի, որին չես ճանաչել, և ժողովուրդները, որոնք քեզ չէին ճանաչում, շտապելու են քեզ մոտ հանուն քո Տեր Աստծո և հանուն Իսրայելի Սրբի, որովհետև Նա քեզ փառավորեց»։ [5] (Սինոդական թարգ․)
   
   «Ահա, դու պիտի կանչես մի ժողովրդի, որին չես ճանաչել․․․» - Հազիվ թե իրավացի կլինի այստեղ մատնանշում տեսնել Մեսիայի և Նրա կողմից ժողովուրդներին դեպի նորկտակարանյան Եկեղեցի կանչելու մասին, ինչպես դա անում են, օրինակ, Յակիմովը և որոշ այլ մեկնաբաններ։ Այսպիսի տեսակետի անթույլատրելիությունը պայմանավորված է խոսքի հետագա համատեքստով, որում ասվում է, որ «կանչվող» ժողովրդին նա (կանչողը) նախկինում բացարձակապես չի ճանաչել, իսկ դա, իհարկե, չի կարելի ասել Մեսիայի մասին, քանի որ դա կհակասեր Նրա Աստվածային ամենագիտությանը։ Այդ իսկ պատճառով էլ այստեղ ավելի ճիշտ կլինի մատնանշում տեսնել իսրայելական ժողովրդի վերաբերյալ, որը թեկուզև իր ամբողջական զանգվածով (ողջ բնակչությամբ հանդերձ) Քրիստոսին չէր ճանաչում, սակայն ուրիշներին ուղղորդում կամ կանչում էր դեպի Նա։ Այսպիսի անսպասելի, որոշակի իմաստով նույնիսկ հրաշալի արդյունքի «մեղավորները» պատմական Իսրայելի ընտրյալ ներկայացուցիչներն էին՝ նրա մարգարեներն ու առաջնորդները և, վերջապես, Ինքը՝ Խոստացված Մեսիան՝ Իսրայելի Սուրբը։ Այս բոլոր գաղափարները մենք բազմիցս տեսնում ենք Եսայի մարգարեի գրքում (Ես․ 49։7, 23, 60։3, 10, 16; 62։2 և այլ տեղիներ)։
--------------------------------
[5](Էջմիածին թարգ․) Քեզ չիմացող ազգերը պիտի դիմեն քեզ, եւ քեզ չճանաչող ժողովուրդներն ապաւէն պիտի դարձնեն քեզ յանուն քո Տէր Աստծու՝ Իսրայէլի սրբի, որը փառաւորեց քեզ»:
(Արարատ թարգ․) Ահա դու պիտի կանչես մի ազգի, որին չես ճանաչում, և ազգեր, որ քեզ չեն ճանաչում, շտապելու են քեզ մոտ քո Աստծու՝ Տիրոջ պատճառով, Իսրայելի Սրբի պատճառով, որը փառավորել է քեզ»։
(Գրաբար) Ազգք որ ոչ գիտիցեն, կարդասցեն առ քեզ. եւ ժողովուրդք որ զքեզ ոչ ճանաչէին` ապաստան արասցեն զքեզ. վասն Տեառն Աստուծոյ քո սրբոյն Իսրայէլի. զի փառաւոր արար զքեզ: