Սրբ․ Գրիգոր Տաթևացի
Նրանց վրայ նշան պիտի թողնեմ: Նրանց միջից փրկուածներին պիտի ուղարկեմ ազգերի մէջ՝ դէպի Թարսիս ու Փուդ, դէպի Լուդ, Մոսոք եւ Թոբէլ, դէպի Հելլադա եւ հեռաւոր կղզիները, որոնք չեն լսել իմ անունը եւ ոչ էլ իմ փառքն են տեսել. նրանք պիտի պատմեն իմ փառքն ու իմ անունը ազգերի մէջ:
Ու նրա վրա նշան եմ դնելու։
Այսինքն՝ սարսափի՛ [նշան]: Նրանց միջից փրկվածներին պիտի ուղարկեմ. նկատի ունի Գոգի զորքերից քչերին, որոնք փրկվեցին հրաշքների միջոցով, որպեսզի գնան- պատմեն յուրայիններին Թարսիսում, Փութում և Լութում, որտեղից և օգնության եկան Գոգին:
Հեռավոր կղզիները կտեսնեն Իմ փառքը, քանի որ Աստծո հրաշագործությունների մասին պիտի գնան ու պատմեն ազգերի մեջ:
Եվ հրեաներից փրկվածներին պիտի ուղարկեմ հեթանոսների մեջ։
Այսինքն՝ առաքյալներին պիտի ուղարկի բարի լուրը քարոզելու բոլորի փրկության համար: Սա համաձայնում է Պողոսի այս խոսքին. «Մեզ փրկեց խավարի իշխանությունից և հայրենատուր ավանդների ծառայությունից» (Կողոս. 1։13), և թե՝ «Երուսաղեմից մինչև Լյուրիկիա լցվելու է Քրիստոսի Ավետարանը» (Հռոմ. 15։19): Դա ասաց նաև մյուս աշակերտներին. «Գնացե՛ք աշակերտ դարձրեք բոլոր հեթանոսներին» (Մատթ.ԻԸ 19), որոնք չէին լսել Նրա անունը ու չէին տեսել Նրա զորության հրաշալի փառքը (հմմտ. 28։19), որ դրսևորվեց Նրա խաչելության ժամանակ ու խաչից առաջ՝ հրեաների մեջ: Բայց թող գան, այսինքն՝ առաջադիմեն հավատքի միջոցով, և տեսնեն (66։18), այսինքն՝ հավատքի աչքերով տեսնեն, ինչպես Պողոսն է գրում Գաղատացիներին. «Աչքերի առաջ Հիսուս Քրիստոս նկարագրվեց խաչը ելած» (Գաղ. 3։1):
Նրանց վրա նշան դրեցի
Այսինքն՝ Խաչի դրոշմը և հոգևոր շնորհների պարգևները, որպեսզի դառնան դեպի ապագա վախճանի գիտությունն ու արդար հատուցումը՝ գիտենալով, թե համընդհանուր հարության ժամանակ ինչ են լինելու անհավատների և հանցավորների ոսկորները, որոնց համար անխուսափելի են մշտջենավոր տանջանքները, ինչպես ասում էլ է. «Նրանց որդը չի մեռնում, ու կրակը չի մարում» (66։24), որ կսկիծն է խորհրդանշում. «Նրանք մատնվելու են հավիտենական տանջանքի, որտեղ լինելու է աչքերի լաց և ատամների կրճտոց, որ պատրաստված է սատանայի ու նրա հրեշտակների համար» (հմմտ. Մատթ. 24։46):
Ա. Լոպուխին
«Եվ նրանց վրա նշան պիտի դնեմ ու նրանց միջից ազատվածներին պիտի ուղարկեմ ազգերի մոտ՝ դեպի Թարսիս, Փուղ և Ղուդ՝ աղեղնավորներին, դեպի Թոբել և Հավան, դեպի այն հեռավոր կղզիները, որոնք չեն լսել Իմ մասին ու չեն տեսել Իմ փառքը. նրանք պիտի հայտարարեն Իմ փառքն ազգերի մեջ»: [19] (Սինոդական թարգ․)
«Եվ նրանց վրա նշան պիտի դնեմ ու նրանց միջից ազատվածներին պիտի ուղարկեմ ազգերի մոտ․․․» - Դատելով համարի սկզբնական հատվածից՝ կարելի է ենթադրել, որ խոսքը բոլոր ժողովուրդների մասին է, սակայն տեքստի հետագա շարունակությունից միանգամայն պարզորոշ է դառնում, որ «նրանց միջից ազատվածներ» արտահայտության ներքո նկատի են առնվում Մեսիային հավատացող հրեաներն ու, ավելի մերձավոր առումով, Տիրոջ առաքյալներն ու աշակերտները, որոնց էլ, գլխավորաբար, բաժին հասավ Ավետարանը քարոզելը թե՛ մերձավորներին ու թե՛ հեռավորներին, այսինքն՝ ինչպես հրեաներին, այնպես էլ հեթանոսներին:
Այս պարագայում «նշան» կամ «դրոշ» ասելով, որը ցույց էր տալիս նրանց ծառայության առանձնահատկությունը, բավական չէ հասկանալ միայն «Խաչի նշանը», որը համընդհանուր նշան էր առհասարակ բոլոր քրիստոնյաների համար, այլ նաև հարկ է այդ արտահայտության ներքո հասկանալ «առաքելական ծառայության կնիքը», այսինքն՝ Սուրբ Հոգու կողմից տրված այն հատուկ շնորհները, որոնցով առաքյալներն օժտվեցին Պենտեկոստեի օրը (օրինակ, մասնավորաբար, լեզուներով խոսելու շնորհը, որը հատկապես ապշեցրեց շատերին ու ստիպեց հավատալ Քրիստոսին, Գործք. 2:12-13 և 37):
«Պիտի ուղարկեմ ազգերի մոտ՝ դեպի Թարսիս, Փուղ և Ղուդ՝ աղեղնավորներին, դեպի Թոբել և Հավան, դեպի այն հեռավոր կղզիները․․․» - Այստեղ հանդիպում ենք աշխարհագրական ու ազգաբանական մի շարք եզրույթների: Քանի որ այս անվանումներով մարգարեն ցանկանում էր ցույց տալ փրկվածների միսիոներական քարոզչության ընդգրկվածության սահմանները, ուստի նրա կողմից թվարկվող տեղանքներն ու ազգություններն էլ պետք է փնտրել, այսպես ասած, մարգարեական տեսադաշտի հորիզոնից ներս:
Թարսիսը գտնվում է ներկայիս Իսպանիայում և հանդիսանում է դեպի Արևմուտք ընկած ծայրագույն հանգրվանը (Հովն. 1:3, Ես. 23:6, 60:9): Փուղն ու Ղուդը, ամենայն հավանականությամբ, հարավային հրվանդաններն են, իսկ Թոբելն ու Հավանը գտնվում են հյուսիսային սահմաններում: Մասնավորաբար պետք է նշել որ «Փուղ» ազգագրական տերմինը, հավանաբար, որոշակի առումով աղավաղված է ռուս-հրեական ժամանակակից տեքստում: Ավելի ճիշտ կլինի այն նշել «Փուդ» ձևով, որն առկա է հունա-սլավոնական թարգմանության մեջ, ինչպես նաև հրեական Աստվածաշնչի մի շարք այլ հատվածներում (Ծննդ. 10:6, Երեմ. 30:5): Դատելով Աստվածաշնչում առկա կիրառության ձևից՝ «Փուդ» և «Լուդ» եզրույթները մատնացույց են անում այն տեղանքները, որոնք ընկած են Եգիպտոսի, Լիբիայի ու Եթովպիայի սահմաններին, այսինքն՝ գտնվում են Աֆրիկայի հյուսիսային շրջաններում: Ըստ Աստվածաշնչյան հայտնի ազգագրական աղյուսակների՝ «Փուդն» ու «Լուդը» հանդիսանում են մեկը՝ Մեստրեմի եղբայրը, իսկ մյուսն էլ՝ որդին, և դա այն դեպքում, որ Մեստրեմը համարվում էր եգիպտացիների նախահայրը (Ծննդ. 10:6): Այդ միևնույն աղյուսակում թվարկվում են նաև հաջորդ երկու անունները՝ Թոբելն ու Հավանը՝ որպես Հաբեթի որդիներ (Ծննդ. 10:2): Հիմնվելով հենց Աստվածաշնչյան զուգահեռների վրա՝ սովորաբար կարծում են, որ Թոբել կամ «Փոբել» անվան տակ պետք է հասկանալ փոքրասիական թերակղզու հյուսիսային հատվածի բնակիչներին կամ էլ նույնիսկ ներկայիս Անդրկովկասի բնակիչներին՝ վրացիների և սվանեցիների ազգականներին: Իսկ ահա «Հավան» անվան տակ էլ մեկնաբանների մեծ մասը հակված է տեսնել կա՛մ ուղղակիորեն «հոնիական» բնակչությանը, կա՛մ էլ, առհասարակ, Հելլադայի և Արշիպելագի բնակիչներին:
«Հեռավոր կղզիներ»-ը անորոշ մատնանշումն է հեռավոր և այն ժամանակ դեռևս անհայտ ժողովուրդներին ու պետություններին, որոնք ժամանակի ընթացքում նույնպես դառնալու են Մեսիական փառավոր թագավորության վկաներն ու մասնակիցները (հմմտ. Թվ. 24:24):
--------------------------------
[19](Էջմիածին թարգ․) Նրանց վրայ նշան պիտի թողնեմ: Նրանց միջից փրկուածներին պիտի ուղարկեմ ազգերի մէջ՝ դէպի Թարսիս ու Փուդ, դէպի Լուդ, Մոսոք եւ Թոբէլ, դէպի Հելլադա եւ հեռաւոր կղզիները, որոնք չեն լսել իմ անունը եւ ոչ էլ իմ փառքն են տեսել. նրանք պիտի պատմեն իմ փառքն ու իմ անունը ազգերի մէջ:
(Արարատ թարգ․) Ես նրանց մեջ նշան պիտի դնեմ և նրանց միջից ազատվածներին պիտի ուղարկեմ ազգերի մոտ, այսինքն՝ դեպի Թարսիս, Փուղ, Ղուդ՝ աղեղնավորներին, դեպի Թոբել և Հավան, դեպի այն հեռավոր կղզիները, որոնք չեն լսել իմ համբավն ու չեն տեսել իմ փառքը. նրանք պիտի հայտարարեն իմ փառքն ազգերի մեջ։
(Գրաբար) եւ թողից ի վերայ նոցա նշան: Եւ առաքեցից ի նոցանէ փրկեալս յազգս. ի Թարսիս, եւ ի Փուդ, եւ ի Լուդ, եւ ի Մոսոգ, եւ ի Թոբէլ, եւ Յելլադա, եւ ի կղզիս հեռաւորս` որոց չիցէ լուեալ զանուն իմ, եւ ոչ եւս տեսեալ զփառս իմ. եւ պատմեսցեն զփառս իմ եւ զանուն իմ ի մէջ ազգաց:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: