Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)
Եւ սկսեցին ամբաստանել նրան եւ ասել. «Գտանք սրան, որ մոլորեցնում էր մեր ազգը, արգելում էր կայսրին հարկեր տալ եւ ինքն իր մասին ասում էր, թէ՝ Քրիստոսն է, թագաւոր»:
Պիղատոսի ապարանքը կամ պրետորիոնը հին ժամանակների շենքերի ձով պիտի նկարագրենք։ Նախ արտաքին բաց գավիթ ունի, նրա մեջ բարձրացած բեմի նման քարահատակ, ամեն կողմից բաց, վրան փակ, կողքերը սանդուղքներով, այնտեղից դեպի ներս դատարանի դահլիճը, սրահի նման, սակայն առջևից բաց, որով հնարավոր էր ներքևի գավթից կամ բակից ներսում եղածը տեսնել։ Դատավորի աթոռն այդ դահլիճում էր, այնտեղ էր նա նստում, և դատ ունեցողները նրա առաջ էին կանգնում, խոսում, խնդրում և դատը վարում։ Այստեղ պիտի ելնեին հրեաները և օրինավոր կերպով իրենց առաջարկը ներկայացնեին։ Սակայն ինչպես ասվեց (Մատթ. 27:2), հրեաները զատկի առավոտյան զատկական արարողությունը դեռ չէին կատարել և տաճար պիտի գնային՝ ոչխար և արջառ զոհելու ու ճաշակելու, դրա համար դատավորին լուր են տալիս, թե քաշվում են ներս գալ, քանի որ հեթանոս հարկի տակ մտնելով, իրենց օրենքների համաձայն, անմիջապես արարողությունները չեն կարող անել և պարտավոր են սրբության պայմանները գործադրել։ Որովհետև եկողները հասարակ ժողովրդից չէին, որ եթե մտնել չցանկանան, խնդրանքներն էլ մերժվի, այլ գերագույն ժողովի անդամներն ու իշխանավորներն էին, Պիղատոսը զիջում է, տեղից ելնելով դուրս է գալիս և, բարձր քարահարկի վրա կանգնած, առջևում, գավթի մեջ խռնված բազմությանն է նայում և նրանց գլուխ անցած, քահանայապետի և դպիր ավագանի ժողովականներին խոսում է և հարցնում, թե ինչո՞ւ են եկել և խնդրանքներն ի՞նչ է։
Ժողովի կողմից խոսելու համար նշանակված անձերը, մնացածների հավանությամբ և բոլոր ներկաների ձայնակցությամբ ասում են. «Նազովրեցի Հիսուսին մենք քննեցինք ու դատեցինք, ուստի խնդրում ենք, որ նրա մահվան պատիժը գործադրելու հրամանը տաս»։ Պիղատոսը պատասխանում է. «Ո՞րն է այդ մարդու հանցանքը, ի՞նչ ոճրագործություն է արել մահապարտության արժանի. այդ մասին ի՞նչ բացատրություն ունեք տալու»։
Հրեաները պատասխանում են. «Եթե մահապարտության արժանի գործ արած չլիներ, եթե իբրև հայտնի չարագործ դատված չլիներ, ո՛չ մենք իրեն մահապարտության արժանի գտած կլինեինք, ո՛չ մահվան վճիռ արձակած կլինեինք և ո՛չ էլ գործադրության համար նրան քեզ հանձնելու կբերեինք»։
Պիղատոսը տեսնում է, որ հրեաները հաստատ բան չեն ասում, մահապարտի հանցանքի անունը նույնիսկ չեն տալիս, այլ դատարկ խոսքերով շրջանցել են ցանկանում, կես հեգնական ձևով պատասխանում է. «Լավ ուրեմն, հանցանքը գտել եք, դատը տեսել եք, վճիռն էլ ձեր օրենքով եք կայացրել, գնացեք և գործադրությունն էլ ձեր օրենքով դուք լրացրեք, դատը վերջացրեք, տեսնում եմ, որ ինձ անելու ոչինչ չի մնացել»։
Հրեաները պատասխանում են. «Եթե այս մարդու հանցանքը որևէ թեթև պատժով վերջանալու գործ լիներ, մենք արդեն այստեղ եկած չէինք լինի, սակայն մեր օրենքով այս մարդու չարագործության համեմատ պահանջվածը մահվան պատիժն է, և մահվան պատիժը կայսերական իշխանությունն իրեն վերապահեց և մահվան ու կյանքի իրավունքը մեզ արգելեց, ուստի այդ պատճառով է, որ քեզ մոտ ենք գալիս, որպեսզի մեր օրենքով պահանջված մահվան պատժի գործադրությունը հրամայես»։
Պիղատոսը վրա է բերում. «Եթե մահվան վճիռը ինձանից է կախված, գոնե պետք է իմանամ, թե հանցանքը ո՞րն է և, հանցանքը իմանալով, եզրակացության գամ. եթե ոչ, առանց այս բաները գիտենալու, հնարավո՞ր է արդյոք ինչ-որ մեկի դատավճիռը տալ»։
Հրեաները տեսնում են, որ վերջապես իրենց պահանջած ձևով Հիսուսի մահապարտության վճիռը Պիղատոսից պիտի չկարողանան ստանալ, իրար հետ խորհրդակցելով, հանցանքը ասելու որոշում են տալիս։ Սակայն իրենց ժողովի դատավարության նյութը և իրենց գտած հայհոյության հանցանքը, հեթանոս դատավորի վրա ազդեցություն չգործելը նախատեսել էին, սկսել չեն համարձակվում, այլ գաղտնի
խորհրդակցության ժամանակ որոշած քաղաքական ամբաստանությունից սկսելը ավելի օգտակար են համարում (Մատթ. 27:1)։ «Մենք քննեցինք և հաստատեցինք,- ասում են,- որ այդ մարդը մեր ազգը հավատարմությունից շեղել է ցանկանում, ժողովրդին գրգռում է, որ կայսրության տրվելիք հարկը չվճարեն, և ինքն իրեն թագավոր է հռչակում, ասելով, թե ազգի ազատարար և Քրիստոս Մեսիա
Փրկիչը ինքն է»։ Որքան խոսք, այնքան խաբեություն է պարունակում այդ ամբաստանության մեջ։ Հիսուսի հարկ տալու հարցումին այն վճարելու պատասխանը տված էր (Մատթ. 18:1-5), իրեն թագավոր հռչակել ցանկացողների շարժման առջևն առած էր (Մատթ. 14:22-23), և միշտ Երկնքի Արքայություն էր քարոզել և ոչ երբեք աշխարհի թագավորություն։
Շուտով Պիղատոսն էլ գլխի ընկավ ամբաստանության անհիմն լինելը, որովհետև լավ գիտեր հրեաների ազգային ձգտումները և հակահռոմեական զգացումները, այնպես որ եթե իրոք մեկն այդ մտադրությունն ունենար, ոչ թե հրեաներից կամբաստանվեր, կդատվեր ու հռոմեական իշխանությանը կհանձնվեր, այլ, ընդհակառակը, նրանցից կսիրվեր և կպաշտվեր։ Պիղատոսին անծանոթ չէր այդ Մեսիական Քրիստոս անունը, որովհետև այդ անվամբ արդեն քանի հոգի էին մեջտեղ եկել, և հետևներից խմբեր կազմած, շարժումներ էին գրգռել, որոնց հանդարտեցնելու համար ստիպված էր զենքի դիմել (Ղուկ. 13:1-5)։ Իսկ այս Նազովրեցու անունը վաղուց է, որ լսում էր, քարոզները և գործերը գիտեր, Նրա հետևից գնացող ամբոխին էլ էր ծանոթ, բայց բնավ քաղաքական շարժման որևէ նշան չէր տեսնում։
Այդ մտածումներն էլ բավական էին, որպեսզի Պիղատոսը ամբաստանության մասին գաղափար կազմեր։ Այդուհանդերձ ցանկացավ գործին մոտիկից ծանոթանալ և բազմության քննությունը արած լիներ և այս նպատակով հարցաքննություն է կատարում։ Այստեղ Հովհաննեսը հիշատակում է, որ այդ եղելությունները հաստատում են Հիսուսի կանխավ կատարած գուշակությունները, առանց նշելու, թե՝ որը։ Սակայն դժվար չէ տեսնել, թե սրանով ավետարանիչը հիշատակում է Հիսուսի՝ հեթանոսների ձեռքով դատապարտվելու համար արված գուշակությունը. «Մատնեսցեն զնա հեթանոսաց» Մատթ. 20:19։ Երբ Հիսուս այդ խոսքն էր ասում, հրեական հակառակությունը միայն Հիսուսին դավաճանությամբ սպանելուն էր հետամուտ և հռոմեական իշխանությանը դիմելու միտք չուներ։ Միայն հանգամանքի բերումով հրեաները պարտավորված էին Հիսուսին Պիղատոսի ատյանը տանել։ Հետևաբար, Հիսուսի նախապես ասածը միայն ու միայն մարգարեական գուշակություն էր։ Բայց այստեղ հարկ ենք համարում ցույց տալ, որ այդ գուշակության գրողը Մատթեոսն է, և Հովհաննեսը չէ այն սկզբում պատմողը, ինչ որ չորս Ավետարանների իրար հետ համաձայն և կապակցված լինելն է ցույց տալիս, և Հովհաննեսի՝ մյուս երեքից անջատված և նրանցից տարբեր լինելու կարծիքը հերքվում է, և մի անգամ ևս «Համապատում»-ի մեջ մեր հետևած սկզբունքի ուղղությունը և ստույգությունն է հաստատվում։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: