Մաղաքիա արք. Օրմանյան
17-27. Երբ նա այնտեղից ճանապարհ ընկաւ, ահա մեծահարուստ մէկը առաջ վազելով ծնկի իջաւ, հարցրեց նրան ու ասաց. «Բարի՛ Վարդապետ, ի՞նչ պէտք է անեմ, որ յաւիտենական կեանքը ժառանգեմ»: Եւ Յիսուս նրան ասաց. «Ինչո՞ւ ես ինձ բարի կոչում. բարի չէ ոչ ոք, այլ միայն՝ Աստուած: Պատուիրանները գիտես. մի՛ շնանար, մի՛ սպանիր, մի՛ գողանար, սուտ մի՛ վկայիր 952, պատուի՛ր քո հօրն ու մօրը»: Նա պատասխանեց եւ ասաց նրան. «Վարդապե՛տ, այդ բոլորը իմ մանկութիւնից ի վեր արել եմ. արդ, ի՞նչ եմ պակաս թողել»: Եւ Յիսուս նրան նայելով՝ սիրեց նրան եւ ասաց. «Քեզ մէ՛կ բան է պակասում. եթէ կամենում ես կատարեալ լինել, գնա վաճառի՛ր ինչ որ ունես ու աղքատների՛ն տուր եւ երկնքում գանձեր կ՚ունենաս. եւ վերցրո՛ւ խաչդ եւ արի՛ իմ յետեւից»: Եւ մարդը այդ խօսքի վրայ խոժոռուած՝ գնաց տրտում, որովհետեւ շատ հարուստ էր: Եւ Յիսուս այս կողմ, այն կողմ նայելով՝ ասաց իր աշակերտներին. «Ինչքա՜ն դժուարին է Աստծու արքայութիւն մտնել նրանց համար, որ հարստութիւն ունեն»: Եւ աշակերտները զարմացած էին նրա խօսքերի վրայ. իսկ Յիսուս դարձեալ պատասխանեց նրանց եւ ասաց. «Զաւակնե՛րս, ինչքա՜ն դժուար է Աստծու արքայութիւն մտնել նրանց համար, որ իրենց յոյսը դրել են հարստութեան վրայ: Աւելի հեշտ է, որ պարանը ասեղի ծակից անցնի, քան թէ մի մեծահարուստ Աստծու արքայութիւնը մտնի»: Եւ աշակերտները առաւել եւս էին զարմանում ու միմեանց ասում. «Ապա ուրեմն ո՞վ կարող է փրկուել»: Նայելով նրանց՝ Յիսուս ասաց. «Մարդկանց համար այդ անհնար է, բայց ո՛չ Աստծու համար»:
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 19:16
Սուրբ Բարսեղ Մեծ Կեսարացի
Երբ նա այնտեղից ճանապարհ ընկաւ, ահա մեծահարուստ մէկը առաջ վազելով ծնկի իջաւ, հարցրեց նրան ու ասաց. «Բարի՛ Վարդապետ, ի՞նչ պէտք է անեմ, որ յաւիտենական կեանքը ժառանգեմ»:
Եթե Փրկիչը բարի չէ, ապա անհրաժեշտաբար չար է, քանի որ նա պարզ է և իր մեջ որևէ միջակ բանի տեղ չի տալիս: Արդյո՞ք հնարավոր է, որ բարու Արարիչը չար լինի: Եվ եթե կյանքը բարիք է, իսկ Որդու խոսքերը կյանք են, ինչպես ինքն էլ է ասում. «Այն խոսքը, որ ես ձեզ ասացի, հոգի է և կյանք» (Հովհ. 6։63), ապա ինչո՞ւ է փարիսեցիներից «Բարի վարդապետ» արտահայտությունը լսելով ասում՝ «բարի չէ ոչ ոք, այլ միայն՝ Աստուած» (Մատթ. 19։17, Մարկ. 10։17, Ղուկ.աս 18։19)։ Երբ Նա լսեց ոչ միայն «բարի», այլ նաև «Բարի վարդապետ» արտահայտությունը, ասաց․ «Ոչ ոք բարի չէ»: Հետևաբար Նա հարցնողին պատասխանեց ըստ Ավետարանական խոսքի կամ որպես Իրեն փորձողի կամ էլ որպես չիմացողի, ու ասաց, որ Ինքը բարի Աստվածն է, այլ ոչ թե միայն բարին քարոզող ուսուցիչը:
Թեոֆիլակտ Բուլղարացի
17-18. Երբ նա այնտեղից ճանապարհ ընկաւ, ահա մեծահարուստ մէկը առաջ վազելով ծնկի իջաւ, հարցրեց նրան ու ասաց. «Բարի՛ Վարդապետ, ի՞նչ պէտք է անեմ, որ յաւիտենական կեանքը ժառանգեմ»:
Ոմանք սխալմամբ են այս երիտասարդին որպես խորամանկ ու նենգ գայթակղիչ ներկայացնում: Դա այդպես չէ. Նա ոչ թե գայթակղիչ, այլ միայն ագահ մարդ էր: Եվ լսի՛ր, թե ինչ է նշում ավետարանիչը. «Յիսուս նրան նայելով՝ սիրեց նրան» (Մարկ. 10։21)։ Եվ ինչո՞ւ Քրիստոսը նրան այսպես պատասխանեց. «Ոչ ոք բարի չէ»: Քանի որ նա Քրիստոսին մոտեցավ որպես սովորական մարդու և որպես շատ ուսուցիչներից մեկի: Քրիստոս այդ խոսքերով կարծես այսպես է ասում. «Եթե դու ինձ հասարակ ուսուցչի նման ես բարի համարում, ապա Աստծո հետ համեմատած՝ ոչ ոք բարի չէ. եթե ինձ Աստծու նման ես բարի համարում, ապա ինչո՞ւ ես միայն ուսուցիչ անվանում»: Այս խոսքերով Քրիստոսը ցանկանում է Իր մասին ավելի բարձր միտք (կարծիք) տալ, որպեսզի երիտասարդը Նրան որպես Աստված ճանաչի: Բացի այդ, երիտասարդին ուղղելու համար Տերը նրան մեկ այլ դաս էլ է տալիս. եթե նա ցանկանում է խոսել ինչ−որ մեկի հետ, ապա պետք է խոսի առանց շողոքորթության, իսկ որպես բարության արմատ ու աղբյուր՝ պետք է ճանաչի միայն Աստծուն և Նրան պատշաճ պատիվ մատուցի: Այնուամենայնիվ, ես այս երիտասարդի վրա այն պատճառով եմ զարմանում, որ երբ բոլոր մյուսները Քրիստոսի մոտ գալիս էին հիվանդությունից բուժվելու համար, նա գալիս է հավիտենական կյանքի ժառանգության մասին հարցնելու։ Հիանալի կլիներ, եթե նա բռնված չլիներ իր մեջ եղած ավելի զորավոր արծաթասիրության կրքով:
Ա․ Լոպուխին
Երբ նա այնտեղից ճանապարհ ընկաւ, ահա մեծահարուստ մէկը առաջ վազելով ծնկի իջաւ, հարցրեց նրան ու ասաց. «Բարի՛ Վարդապետ, ի՞նչ պէտք է անեմ, որ յաւիտենական կեանքը ժառանգեմ»: (Սինոդական թարգմ․) [17]
Այս հատվածում Մարկոսը լրացնում է Մատթեոսի (տե՛ս 19։16−26) պատմությունը: Նա հայտնում է, որ ինչ−որ մեկը (Մատթեոսի մոտ. «մի երիտասարդ») վազեց Քրիստոսի մոտ և Նրա առաջ ծնկի եկավ։ Դրանով նա վկայեց Քրիստոսից իրեն զբաղեցնող հարցի վերաբերյալ ամբողջ ճշմարտությունը իմանալու իր անկեղծ ցանկության և Տիրոջ հանդեպ իր ունեցած վստահության մասին:
---------------------------------------
[17] (Էջմիածին թարգմ․) Երբ նա այնտեղից ճանապարհ ընկաւ, ահա մեծահարուստ մէկը առաջ վազելով ծնկի իջաւ, հարցրեց նրան ու ասաց. «Բարի՛ Վարդապետ, ի՞նչ պէտք է անեմ, որ յաւիտենական կեանքը ժառանգեմ»:
(Արարատ թարգմ․) Հիսուսը պատրաստվում էր ճանապարհ ընկնել, երբ մեկը վազելով մոտեցավ, ծնկի գալով՝ նրան հարցրեց. «Բարի՛ վարդապետ, ի՞նչ պետք է անեմ, որ հավիտենական կյանքը ժառանգեմ»։
(Գրաբար) Եւ ընդ ելանելն նորա անտի ի ճանապարհ, ահաւասիկ ոմն մեծատուն՝ ընթացեալ ի ծունր իջանէր, հարցանէ՛ր ցնա՝ եւ ասէր. Վարդապե՛տ բարի՝ զի՞նչ արարից զի զկեանսն յաւիտենականս ժառանգեցից:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: