Սուրբ Եփրեմ Ասորի
Իր թագավորության տասնութերորդ տարում Նաբուքոդոնոսոր արքան պատրաստեց մի ոսկյա արձան, որի բարձրությունը վաթսուն կանգուն էր, լայնությունը՝ վեց, և այն կանգնեցրեց բաբելացիների երկրում, Դեերա դաշտում:
«Նաբուգոդոնոսոր արքան պատրաստեց մի ոսկյա արձան… և այն կանգնեցրեց բաբելացիների երկրում՝ Դեերա դաշտում», այսինքն՝ նա արձանն այնպիսի մի տեղում տեղադրեց, որը կբավականացներ դրա պատվին կազմակերպվող տոնակատարության համար հավաքված մարդկանց բազմությանը:
Սուրբ Հովհան Ոսկեբերան
1-2. Իր թագաւորութեան տասնութերորդ տարում Նաբուքոդոնոսոր արքան պատրաստեց մի ոսկեայ արձան, որի բարձրութիւնը վաթսուն կանգուն էր, լայնութիւնը՝ վեց, եւ այն կանգնեցրեց բաբելացիների երկրում, Դէերա դաշտում: Նա հրամայեց հաւաքել զօրավարներին, զօրագլուխներին եւ կուսակալներին, պետերին, իշխանաւորներին, գործակալներին եւ գաւառների բոլոր իշխաններին՝ գալու այն արձանի նաւակատիքին, որ կանգնեցրել էր Նաբուքոդոնոսոր արքան:
Նայի՛ր պատմության ճշմարտացիությանը. Ո՞վ չի ամաչի դրա մասին հայտարարել: Ի՞նչ ես դու ասում: Դանիելի առաջ խոնարհվողը, նրա առաջ հեղում անողն ու Աստծուն պատվողը, որն այնքան զարմացավ և ապշեց, նույն այդ մեկը կարճ ժամանակ անց կրկին վերադարձավ իր նախկին մոլորությանը: Եվ դա տեղի ունեցավ հետագայում ավելի զարմանալի հրաշքների կատարման համար, քանզի նշանները դեռ չէին հարվածել նրան (այսինքն՝ արքային): Բայց պատանիները ոչ մի բանի մասին չէին մտածում, այլ մտքում միայն մեկ բան ունեին՝ ինչպես պահպանել մաքուր ճշմարտությունը: Նաբուգոդոնոսորը, քաղաքը վերցնելով (հետո նա նվաճեց այն և տիրեց դրան), հավանաբար հպարտությամբ տարված՝ այնտեղ (այսինքն՝ Երուսաղեմում կամ տաճարում) պատկեր տեղադրեց: Ոմանք պնդում են, որ նա հիշում է այն պատկերը, որն իրեն ցույց էր տվել երազում, իսկ մյուսներն ասում են, որ նա ցանկանում էր իրեն աստվածների մեջ ներառել: Հները սատանայի նման իրենց աստվածներ համարելու հակվածություն են ունեցել: Ահա՛ հետևանքները: Առանց իրեն երկրպագել պահանջելու՝ նա հրամայում է երկրպագել պատկերին, քանզի ցանկանում է դրան հասնել շքեղությամբ, փորձում է զարմացնել այս արձանի չափերով և ծանրությամբ, ինչպես նաև տեղով: «Դեերայի դաշտում»,– ասում է մարգարեն: Հնարավոր է, որ սա հարթ դաշտ էր:
Ա. Լոպուխին
«Նաբուգոդոնոսոր թագավորը մի ոսկե արձան շինեց՝ վաթսուն կանգուն բարձրությամբ, վեց կանգուն լայնությամբ։ Այն կանգնեցրեց Դեիրի դաշտում՝ Բաբելոնի գավառում»։ (Սինոդական թարգ․) [1]
Յոթանասնից բնագրի, Թեոդիտոնի թարգմանության և սլավոնական Աստվածաշնչի համաձայն՝ Նաբուգոդոնոսորի կողմից արձանի կանգնեցումը տեղի է ունեցել նրա թագավորության 18–րդ տարում, որն էլ Երուսաղեմի վերջնական կործանման տարին է: Այս իրադարձությունը տեղի է ունեցել Նաբուգոդոնոսորի փաստացի գահին բարձրանալու 19–րդ (Դ Թագ. 25։8, Երեմ. 52։12), սակայն ըստ արքաների կառավարման տարիների հաշվարկման՝ Բաբելոնում օգտագործված պաշտոնական համակարգի, որին հետևում է Դանիել մարգարեն, (այս մասին ընթերցի՛ր Դան. 2։1 համարի մեկնաբանությունը), 18–րդ տարում: Բավականին մեծ դժվարությունների պատճառ հանդիսացած Հրեաստանի նվաճումը բավարար հիմք ստեղծեց պատերազմի ժամանակ բանակին օգնած աստվածներին, նրանց պատվին կազմակերպված հատուկ տոնակատարությամբ, շնորհակալություն հայտնելու համար: Դրա ձևը՝ արձանի կանգնեցումը և երկրպագությունը, լիովին համապատասխանում է այդ ժամանակի ոգուն: Ըստ սեպագիր արձանագրությունների՝ Նաբուգոդոնոսորը տարվա որոշակի օրերին իր աստվածներին պատվելու սովորություն ուներ: Այսպես էր նա Մերոդաքի պատվին հանդիսավոր երթեր կազմակերպում, որի ընթացքում քրմերը կամ պետական բարձրաստիճան պաշտոնյաները ժողովրդի միջով տանում էին աստվածների արձանները, իսկ վերջիններս ակնածանքով երկրպագում էին դրանց: Ճիշտ նույն բանը տեսնում ենք նաև այս պարագայում: Նաբուգոդոնոսորի կողմից կանգնեցված արձանը (դրա եբրայերեն անվանումը «ցելեմ» է, Դան. 2։31) մարդկային կերպարանք էր: Այս տեսքով էլ նրան պատկերում է կատակոմբի նկարը: Այստեղ այն ունի բարձր սյան վրա կանգնած մարդկային կիսանդրու տեսք: Սակայն դժվար է ասել, թե ում է պատկերում արձանը. Արդյո՞ք հենց իրեն՝ Նաբուգոդոնոսորին, ինչպես կարծում են սուրբ Հովհան Ոսկեբերանը, երանելի Հերոնիմոսը, Սիմեոն Մետաֆրաստը և նորագույն շրջանի էկզեգետներից ոմանք, կամ էլ ինչ–որ աստծու: Որպես առաջին կարծիքի հաստատում` նրանք սովորաբար հղում են կատարում երեք երիտասարդների կողմից թագավորին ուղղված խոսքերին. «Քո աստվածները մենք չենք պաշտում և չենք երկրպագում քո կանգնեցրած այդ ոսկե արձանին» (Դան. 3։18): Ասում են, որ նրանք հստակ տարբերակում են աստվածների պաշտամունքը և ոսկե արձանի երկրպագությունը: Վերջինս ոչ մի աստվածության պատկեր չէր: Իրականում Դանիելի ընկերները հրաժարվում են երկրպագել և՛ հին կուռքերին, և՛ նոր կանգնեցվածին: Նրանց կարծիքով, վերջինը օրենքով արգելված նույն կուռքն է, ինչ առաջինը: Ո՛չ արձանի վիթխարի չափերը (60 կանգուն բարձրություն և 6 կանգուն լայնություն), ո՛չ էլ դրա հսկայական արժեքը (եթե նույնիսկ ենթադրենք, որ այն ամբողջությամբ ոսկի է եղել) առասպելական չեն: Արևելյան ժողովուրդների պատմությանը էլ ավելի մեծ չափեր ունեցող արձանների կառուցման դեպքեր են հայտնի: Այսպիսով, ըստ Հերոդոտոսի, Մեմֆիսում կար 75 ոտնաչափ բարձրություն ունեցող արձան, իսկ Հելիոպոլսում գտնվող արևի կուռքն ուներ 150 կանգուն բարձրություն և 75 կանգուն լայնություն: Արձանի արժեքը նույնպես չպետք է զարմացնի: Աստվածաշնչյան պատմության ամբողջական հավաստիությունը հաստատվում է ասորա–բաբելոնացիների շրջանում ոսկեձույլ հսկայական արձանների գոյության մասին հին պատմաբանների վկայություններով: Դրանցից Հերոդոտոսը Բաբելոնի տաճարում տեսել է գահին նստած Բելի հսկայական ոսկե արձանը, որի դիմաց դասավորված են եղել սեղան, աթոռ և նստարան: Այս բոլորը եղել են մաքուր ոսկուց և կշռել են 800 տաղանդ (դրա արժեքը մինչև 26 000 000 ռուբլի է): Ըստ Դիոդորոս Սիցիլիացու՝ Բելի տաճարի գագաթին ոսկուց ձուլված երեք արձաններ են եղել՝ հենց Բելի, Միլիտտի և Հունոնայի: Դրանցից առաջինը կշռում էր 1000 բաբելոնական տաղանդ, ոսկե կառքի վրա նստած երկրորդ արձանը ուներ նույն քաշը, իսկ աջ ձեռքում՝ օձ, իսկ ձախում՝ թանկարժեք քարերով զարդարված գավազան պահող երրորդ արձանը կշռում էր 800 տաղանդ: Այս երեք աստվածությունների համար տաճարի գագաթին մի ընդհանուր ոսկե սեղան էր դրված, որը կշռում էր 500 տաղանդ: Սեղանի վրա դրված էր երկու ոսկե բաժակ՝ 30 տաղանդ և երկու խնկաման՝ 300 տաղանդ քաշով: Նաև երեք ափսեներ, որոնցից Բելին պատկանողը կշռում էր 1200 տաղանդ, իսկ մյուս երկուսից յուրաքանչյուրի քաշը 600 տաղանդ էր: Վերջապես, մի գրության մեջ Նաբուգոդոնոսորն անձամբ է պատմում իր մասին, որ ինքը բաբելոնական մի արձանի համար նախատեսված զոհասեղանը ծածկել է մաքուր, ծանր ոսկով, ինչպես նաև ոսկով է ծածկել Բորցիպպայի բուրգի վերին սրբարանի ներսը: Արձանի արժեքը մեծապես կնվազի, եթե ենթադրենք, որ այն միայն ոսկեզօծ է եղել: Դրա հավանականությունը հաստատվում է կավից պատրաստված և արտաքինից պղնձով ծածկված Բելի արձանի մասին Դանիել մարգարեի պատմությամբ (Դան. 14։7): Արձանի տեղադրման վայրը Դեերայի կամ Դուրայի հովիտն էր: Սա այն դաշտի անունն է, որը մինչ օրս Բաբելոնի հարավ–արևելքում է:
--------------------------------
[1](Էջմիածին թարգ․) Իր թագաւորութեան տասնութերորդ տարում Նաբուքոդոնոսոր արքան պատրաստեց մի ոսկեայ արձան, որի բարձրութիւնը վաթսուն կանգուն էր, լայնութիւնը՝ վեց, եւ այն կանգնեցրեց բաբելացիների երկրում, Դէերա դաշտում:
(Արարատ թարգ․ 3։1) Նաբուգոդոնոսոր թագավորը ոսկե մի արձան շինեց, բարձրությունը ՝ վաթսուն կանգուն, լայնությունը ՝ վեց կանգուն։ Այն կանգնեցրեց Դուրայի դաշտում ՝ Բաբելոնի գավառում։
(Գրաբար) Իր թագաւորութեան տասնութերորդ տարում Նաբուքոդոնոսոր արքան պատրաստեց մի ոսկեայ արձան, որի բարձրութիւնը վաթսուն կանգուն էր, լայնութիւնը՝ վեց, եւ այն կանգնեցրեց բաբելացիների երկրում, Դէերա դաշտում:
Պատմամշակութային մեկնություն
Ոսկե արձան: Այս արձանը ոչ մի տեղ չի բնորոշվում որպես որևէ աստվածության կուռք, թեև 28–րդ համարը թույլ է տալիս այդպիսի մեկնաբանություն կատարել: Եթե արձանը պատկերում էր աստվածություն, ապա տարօրինակ է, որ այդ աստվածությունն անունով չի կոչվում, սակայն ավելի տարօրինակ է այն, որ արձանը տեղադրվում է բաց դաշտում, այլ ոչ թե տաճարում: Աստվածների հանդեպ հոգատարությունը ներառում էր նաև նրանց սննդով և կացարանով ապահովելը, իսկ բաց երկնքի տակ այդ խնդիրը զգալիորեն դժվարանում էր: Եթե դա աստվածության արձան չէր, ապա դժվար է հասկանալ երեք ընկերների համառությունը, որոնք հրաժարվեցին երկրպագել դրան (երկրորդ պատվիրանի պահպանման անհրաժեշտության մասին տեղեկություններ ստանալու համար ընթերցի՛ր Ելք 20։4 համարի մեկնաբանությունը): Եթե դա թագավորի արձանն էր, ապա հրեաներին արգելված չէր, ի նշան հարգանքի, ծնկի իջնել թագավորների առաջ: Բացի այդ՝ ասորական և բաբելոնական դարաշրջանում թագավորների արձանները սովորաբար տեղադրվում էին տաճարներում, որտեղ նրանք աղոթական կեցվածքով կանգնում էին Աստծո առաջ ու, կարծես, բարեհաճություն էին խնդրում: Այս կերպ, դրանք սովորաբար թագավորին աստվածների առաջ էին ներկայացնում, այլ ոչ թե մարդկանց:
Հավանաբար ճիշտ կլինի այս դրվագը մեկնաբանել տիրակալների հիշատակը հավերժացնելու համար աստղեր կամ արձաններ կանգնեցնելու (հաճախ անմատչելի վայրերում) ասորական փորձառության լույսի ներքո: Չնայած դրանք նախատեսված էին թագավորին փառաբանելու համար, սակայն Բալավաթի դարպասների ռելիեֆները ցույց են տալիս, որ նման պատկերների առաջ զոհաբերություններ են կատարվել: Դարպասի վրա պատկերված տեսարանում թագավորն ինքը ներկա է, բայց նվերները մատուցվում են պատկերին: Այս կերպ արքային շնորհվում էին այն պատիվները, որոնք սովորաբար տրվում էին աստվածներին, բայց քանի որ երկրպագության օբյեկտը ոչ թե ինքը՝ թագավորն էր, այլ նրա պատկերը, ուստի նրան հաջողվում էր խուսափել աստվածների հետ նույնացումից: Նման ծեսերը գավառների բնակիչներին հնարավորություն էին ընձեռում հավատարմության երդում տալու արքային: Սա հատկապես կարևորություն է ձեռք բերում այս բանի մասին Դանիելի տեսիլքի լույսի ներքո (տե՛ս գլուխ 2), որ Բաբելոնի թագավորությանը գոյություն ունենալ սահմանափակ ժամանակ է տրված: Ասորեստանյան պրակտիկայում Աշուրի զենքը (գուցե նույնիսկ մարտական դրոշը) բերվում էր արարողությունների ժամանակ, որի ընթացքում էլ վասալ թագավորները հավատարմության երդում էին տալիս: Այս արարողությանը մասնակցել չցանկանալը անհնազանդություն էր նշանակում, և, ընդհակառակը, այս արարողությանը մասնակցելը աստծու (և թագավորի) գերագույն իշխանության ճանաչում էր ենթադրում: Երեք ընկերներին ստիպում էին մասնակցել ոչ թե աստվածությունը երկրպագելու, այլ թագավորին մեծարելու արարողությանը, որը շատ առումներով հիշեցնում էր աստվածների պաշտամունքը, թեև արքան աստվածություն չէր համարվում: Դանիելի բացակայությունը կարելի է բացատրել իր գործերի հետ կապված հանգամանքներով:
Արձանի չափերը: Հերոդոտոսը նկարագրում է Բաբելոնում գտնվող Մարդուկի տաճարի երկու ոսկեձույլ մեծ արձանները: Դրանցից մեկը պատկերում է Բելին (Վիլին), որը նստած է ոսկե գահին: Հաղորդվում է, որ 22 տոննա ոսկի է օգտագործվել դրա մարմինն ու կողքին դրված ոսկե սեղանը ձուլելու համար: Երկրորդ արձանը պատկերում էր մարդու: Հերոդոտոսը գրում է, որ դրա բարձրությունը 15 ոտնաչափ էր (այլ աղբյուրների համաձայն՝ 18 ոտնաչափ): Պարսից արքա Քսերքսեսը մ.թ.ա. 482 թվականին հալեցնում է այն և 800 ֆունտ քաշով ոսկու ձուլակտոր է ստանում: Հայտնի է, որ Հռոդոսի Կոլոսոսը ունի 100 ոտնաչափ բարձրություն, ուստի 90 ոտնաչափ բարձրությունը միանգամայն իրական է, թեև հնարավոր է, որ արձանը պատվանդանի հետ միասին է այդքան բարձրություն ունեցել: Անսովոր է, որ քննարկվող արձանի լայնությունը կազմում է նրա հասակի միայն տասներորդ մասը: Մարդու համաչափ արտաքին տեսքի լայնությունը պետք է լինի նրա հասակի մոտ 25 տոկոսը: Եթե դա մարդու արձան է և ունի 9 ոտնաչափ լայնություն, ապա այն պետք է ունենա 35 կամ 40 ոտնաչափ բարձրություն, այսինքն՝ այն դեռ մոտավորապես 50 ոտնաչափ ցածր է 90–ից: Կարելի է պատկերացնել, թե որքան անկայուն կլիներ ընդամենը 9 ոտնաչափ լայնություն ունեցող տասը հարկանի շենքը:
Դեերայի դաշտը։ Գոյություն ունեն մի քանի քաղաքներ, որոնց անվանումն ընդգրկում է «Դեյր» կամ «Դուր» («պարսպապատ տարածք») տարրը։ Դրանք են Դուր–Կուրաշուն, Դուր–Շարուքինը, Դուր–Կուրիգալսուն, Դուր–Կատլիմմուն և այլն: Այժմ անհնար է ճշգրիտ որոշել այդ դաշտի տեղը:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: