Բացատրական աստվածաշունչ, Ա. Պ. Լոպուխինի (†1904)
«Որդին պատվում է հորը, և ծառան՝ իր տիրոջը։ Արդ, եթե Ես Հայր եմ, ո՞ւր է Իմ հանդեպ մեծարանքը, և եթե Ես Տեր եմ, ո՞ւր է Ինձնից ունեցած երկյուղը,– ասում է Զորությունների Տերը ձեզ, ո՛վ քահանաներ, որ անարգում եք Իմ անունը։ Իսկ դուք ասում եք. «Ինչո՞վ ենք անարգել Քո անունը»»։ (Սինոդական թարգ․) [6]
Այսպիսով, Տեր Աստված սիրում է Իսրայելին, սակայն Իսրայելը չի սիրում Նրան, թեև Նա Իսրայելի Հայրն է (Ելք. 4։22, Ովս. 11։1, Երեմ․ 31։9): Սա միանգամայն անբնական երևույթ է, որովհետև յուրաքանչյուր որդուն բնորոշ է սիրել իր հորը: Գոնե Իսրայելը պետք է երկյուղ կրեր Տեր Աստծուց` որպես իր Տիրոջ (Ես․ 41։8)։ Սակայն Իսրայելը Տեր Աստծու հանդեպ նույնիսկ երկյուղ չի դրսևորում։ Այս դեպքում գլխավորապես մեղավոր են քահանաները․ նրանք անարգում են Տեր Աստծու անունը, այն դեպքում, երբ իրենք պետք է Տեր Աստծու հանդեպ ակնածանքի օրինակ լինեին։ Քահանաները չեն կարող հանգիստ լսել այդպիսի մեղադրանք․ Տեր Աստծուն անարգողը կամ չարախոսողը ըստ Օրենքի պետք է ենթարկվի մահապատժի (Ղևտ․ 24։10-16)։ Ուստի նրանք շտապում են հայտարարել, որ մարգարեն սխալվում է. մի՞թե կարելի է ասել, թե իրենք անարգում են Տեր Աստծու անունը։
6−14−րդ համարներ։ Հրեաները, Տեր Աստծու իրենց հանդեպ այդպիսի սիրո դիմաց արժանապես մեծարելու փոխարեն, անարգում են Նրան։ Քահանաները թույլ են տալիս զոհաբերել կույր և կաղ կենդանիներ, ինչպես նաև անմաքուր հաց։ Այդ պատճառով մարգարեն քահանաներին հայտնում է Աստծու բարկությունը և կանխատեսում, որ նրանք պիտի զրկվեն ճշմարիտ Աստծու սպասավոր լինելու բացառիկ իրավունքից։ Նա անեծք է հայտարարում նաև հասարակ իսրայելացիների համար, որոնք, իրենց պահելով անարատ կենդանիներին, Աստծուն ընծայաբերում են արատավորներին։
--------------------------------
[6](Էջմիածին թարգ․) «Որդին փառաւորում է Հօրը, եւ ծառան երկնչում է իր Տիրոջից: Իսկ արդ, եթէ ես Հայր եմ, ո՞ւր է իմ փառքը, իսկ եթէ Տէր եմ, ո՞ւր է իմ պատիւը, - ասում է Ամենակալ Տէրը: Դուք, քահանանե՛ր, անարգում էք իմ անունը եւ ասում. «Ինչո՞վ անարգեցինք քո անունը.
(Արարատ թարգ.) «Տղան մեծարում է իր հորը, իսկ ծառան՝ իր տիրոջը. եթե ես հայր եմ, ո՞ւր է իմ մեծարանքը, և եթե ես տեր եմ, ո՞ւր է իմ երկյուղը,- ձեզ է ասում Զորքերի Տերը, ո՛վ քահանաներ, որ իմ անունն անարգում եք և ասում եք. Ինչո՞վ ենք անարգում քո անունը։
(Գրաբար) Որդի փառաւոր առնէ զհայր, եւ ծառայ երկնչի ի Տեառնէ իւրմէ. իսկ արդ՝ եթէ հայր եմ ես, ու՞ր է փառքն իմ. եւ եթէ Տէր եմ, ո՞ւր է պատիւն իմ, ասէ Տէր ամենակալ։ Դուք, քահանայք՝ որ բամբասէք զանուն իմ, եւ ասէք՝ Ի՞ւ բամբասեցաք զանուն քո.
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: