Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 12:34

Սրբ. Հովհան Ոսկեբերան (†407)

«Իժերի՛ ծնունդներ, դուք ինչպե՞ս կարող եք բարի խոսել՝ չար լինելով. որովհետև սրտի լիությունից է խոսում բերանը»։
   

    Այնուհետև, քանի որ Փրկիչը խոսում է ոչ թե Ինքն Իր մասին, այլ՝ Սուրբ Հոգու, ուստի և Իր հանդիմանությունները հնչեցնում է ավելի մեծ խստությամբ. «Իժերի՛ ծնունդներ, դուք ինչպե՞ս կարող եք բարի խոսել՝ չար լինելով»։ Այս խոսքերում պարունակվում է և՛ փարիսեցիների դեմ ուղղված մեղադրանքը, և՛ վերևում ասվածի ապացույցը։ Ահա դուք, - ասում է Փրկիչը, - վատ ծառեր լինելով, չեք կարող բարի պտուղ տալ։ Ուստի և Ես չեմ զարմանում, որ դուք արտասանում եք նմանատիպ խոսքեր. չար սերունդից ծնված լինելով՝ դուք վատ դաստիարակություն եք ստացել և, միաժամանակ, ձեզ համար յուրացրել եք չար մտածումներ։

    Եվ նկատի՛ր, թե ի՜նչ զգուշավորությամբ է, կանխելով հակառակորդների կողմից ամեն տեսակի խորամանկության դրսևորման հնարավորությունը, Հիսուս արտահայտում Իր մեղադրանքները։ Նա չի ասում՝ «դուք ինչպե՞ս կարող եք բարի խոսել՝ իժերի ծնունդներ լինելով» (քանի որ մեկը մյուսի հետ կապ չունի), այլ ասում է՝ «դուք ինչպե՞ս կարող եք բարի խոսել՝ չար լինելով»։ Իսկ նրանց «իժերի ծնունդներ» անվանեց ա՛յն պատճառով, որ նրանք պարծենում էին իրենց նախնիներով։ Ուրեմն, որպեսզի ցույց տա, որ հրեաներն իրենց նախնիների ոչ մի օգուտ չեն ունենալու, Քրիստոս կտրում է նրանց Աբրահամի հետ ազգակցությունից և տալիս է նրանց նույնաբնույթ այլ նախնիներ, և այդպիսով զրկում է նրանց այն ազնվականությունից, որով նրանք հպարտանում էին։

    «Սրտի լիությունից է խոսում բերանը», – ասում է Հիսուս։ Այստեղ Նա կրկին ցույց է տալիս Իր Աստվածությունը, որը գիտի գաղտնի մտածումները, ու նաև ցույց է տալիս, որ փարիսեցիները պատիժ են կրելու ոչ միայն գործերի, այլև չար մտքերի համար։ Փրկիչը ցույց է տալիս նաև, որ Ինքը, որպես Աստված, գիտի այդ մտածումները։ Այդուհանդերձ, հնարավոր է նաև, որ մարդիկ նույնպես իմանան դրանք։ Բնական է, որ խոսքերը դուրս հոսեն բերանով, երբ ներքինը լցված է չարով։ Ուստի, երբ լսում ես մարդու, որ վատ խոսքեր է արտասանում, մի՛ կարծիր, թե նրանում այնքան չարություն կա, որքան ցույց է տրվում խոսքերում, այլ եզրակացրու, որ աղբյուրը շատ ավելի առատ է, քանի որ արտաքնապես արտահայտվածը միայն ներքինի ավելցուկն է։

    Տեսնո՞ւմ ես, թե ինչ հզոր հարված է հասցնում Քրիստոս փարիսեցիներին։ Եթե նրանց խոսքերն այդքան լցված են չարությամբ և բխում են սատանայական հոգուց, ապա մտածի՛ր, թե ինչպիսին պետք է լինի այդ խոսքերի արմատը և աղբյուրը։ Սովորաբար այդպես է լինում, որ լեզուն, ամոթից զսպվելով, խոսքերով դեռևս չի թափում իր ողջ չարիքը։ Ընդհակառակը՝ սիրտը, մարդկանցից որևէ մեկին որպես վկա չունենալով իր ընթացքին, անվախորեն իր մեջ ծնում է ամեն տեսակի չարություն, ինչ որ ուզենա, քանի որ այն շատ չի մտածում Աստծու մասին։ Խոսքերն առաջարկվում են բոլորի ուշադրությանը և կշռադատվում են բոլորի կողմից, իսկ սիրտը թաքնվում է ստվերում, ուստի և լեզվի վրա ավելի քիչ չարություն է լինում, սրտում՝ ավելի շատ։ Բայց երբ արդեն չափից շատ է այդ չարությունը կուտակվում ներսում, ապա ավելի մեծ թափով դուրս է գալիս այն, ինչ մինչ այդ թաքնված էր։ Եվ ինչպես փսխումով տառապողները սկզբում ջանում են զսպել իրենցից դուրս եկող փսխանքը, իսկ հետո, երբ արդեն չեն կարողանում զսպել իրենց, մեծ քանակով դուրս են նետում այդ ողջ պղծությունը, այդպես էլ չար մտադրություններով լցված մարդիկ, ի վերջո, իրենց միջի ողջ մաղձը թափում են՝ մերձավորի նկատմամբ չարախոս դատապարտությամբ հանդես գալով։
   

Հովհաննես Ծործորեցի (†1338)

Իժերի՛ ծնունդներ, դուք, որ չար էք, ինչպէ՞ս կը կարողանաք բարի բաներ խօսել, քանի որ բերանը սրտի լիութիւնից է, որ խօսում է:
   

    Իժերի՛ ծնունդներ, ինչպե՞ս կարող եք բարին խոսել, որ չար եք, որովհետև սրտի ավելցուկից է խոսում բերանը:
Այսպես [կոչեց նրանց] նաև Հովհաննես [Մկրտիչը], երբ նրա մոտ եկել և խորամանկությամբ ջանում էին նրա մկրտելը խափանել (Մատթ. 3։7, Հովհ. 1։25): Նույնն էլ այստեղ Տերն [է ասում], որպեսզի ցույց տա, որ Ինքն է Նա, ում մասին Հովհաննեսը քարոզում էր, քանի որ ովքեր ժամանակին [Հովհաննեսին] էին հակառակում, այժմ էլ այս Մեկի հրաշքներն էին պախարակում: [Տերը] նրանց մերժում է Աբրահամի ցեղին պատկանելությունից, ինչով պարծենում էին, և ծնունդները կոչում չար գազանի, որը հղացվելիս՝ հորը, իսկ ծնվելիս մորն է սպանում  1: Այդպես էլ նրանք Աստծուց հեռացել, Օրենքից դուրս եկել, մարգարեներին սպանել էին՝ անիծաբեր օձի նման լցված լինելով ցասմամբ և բնավորության դառնությամբ, ինչպես ասվեց Եզեկիելին. «Կարիճների մեջ ես բնակվում....: Որովհետև դառնասիրտների տուն են» (Եզեկ. 2։6):

    [Տերը] «իժ» է կոչում նաև սատանային՝ ըստ Դավթի. «Իժի վրայով կքայլես» (հմմտ. Սաղմ. 90։13): Ուստի ծնունդն եք, ասում է, սատանայի՝ առա ջին մարդասպանի՝ ըստ այսմ. «[Դուք ձեր] հայր սատանայից եք» (Հովհ. 8:4), որովհետև ձեր հայրն առաջին Ադամին սպանեց, իսկ դուք Երկրորդին եք մտածում սպանել՝ նախ խոսքով և ապա գործով, քանի որ սրտի չարությամբ լցված՝ ինչպե՞ս կարող եք բարին արտաբերել: Որովհետև բնության կարգն է, որ ինչ որ ներսում՝ մտքի մեջ է ծնունդ առնում, այն բերանը դուրս է հանում կարասի պես, բայց ո՛չ այնքան, որքան կա մտքում. այն, ինչ դրսից է խոսում, ներքին շտեմարանի ավելցուկն է, քանի որ լեզուն ամաչելու պատճառով [մտքում եղած] ամբողջ չարությունը չի ներկայացնում: Իսկ սրտում մարդկանցից ոչ ոքի չունի իբրև իր դաժանության վկա. որքան կամենում է, չարիք է ծնում, և թեպետ Աստված տեսնում է, սակայն [մարդը] չի վախենում՝ ըստ այսմ. «Անօրենը մտքում ասաց, թե ինքն Աստծո երկյուղը չունի իր աչքերի առաջ» (հմմտ. Սաղմ. 35։2): Ուստիև դուրս է թափում ավելցուկը. ինչպես որ երբ դեղնացավը մեկի սիրտն է պատում, [այդ մարդը] նախ մաղասը  2 ջանում է ներս առնել, իսկ երբ այն շարժվում է, [մարդը] դառը մաղձ է ործկում, այդպես էլ չար խորհուրդներով լցված [անձինք], իրենց չարությունը չկարողանալով պահել, միշտ չարախոսել են ուրիշներին:

    [Տերն այս խոսքով] նաև հայտնեց Իր աստվածությունը, որը գիտեր նրանց սրտում թաքնվածը, ոչ միայն չարերինը, այլև բարիներինը, և դա այնպես է, ինչպես ասում է.
   

Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)

Իժերի՛ ծնունդներ, դուք, որ չար էք, ինչպէ՞ս կը կարողանաք բարի բաներ խօսել, քանի որ բերանը սրտի լիութիւնից է, որ խօսում է:
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 12:24