Հովհաննես Ծործորեցի
Կա՛մ ծառը բարի արէք, եւ նրա պտուղն էլ բարի կը լինի, կա՛մ ծառը չար արէք, եւ նրա պտուղն էլ չար կը լինի. քանի որ իր պտղից է ծառը ճանաչւում:
Կամ ծառը բարի դարձրեք և նրա պտուղը՝ բարի, կամ ծառը չար դարձրեք և նրա պտուղը՝ չար. քանզի պտղից է ծառը ճանաչվում:
Հիմա էլ այլ կերպ է հանդիմանում նրանց, որպեսզի ուղղության բերի: Եվ ասածը սա է. ձեզնից ոչ ոք չքննադատեց բժշկությունը, թե չար գործեր են դևեր հալածելն ու մարդկանց [նրանցից] ազատելը: [Փարիսեցիներն ու օրենսգետները] թեպետ խիստ հանդուգն էին, սակայն այսպիսի բան չէին ասում, այլ Հրաշագործին էին չարախոսում: Ուստիև [Հիսուսն] ասում է, որ թեպետ ծառն է պտղի պատճառը, սակայն պտղի՛ց է ծառը ճանաչվում: Ուրեմն եթե պտուղը գովաբանում եք, պատշաճ է և պտուղը ծնող ծառը գովաբանել. իսկ եթե ծառին չարախոսում եք, պտո՛ւղն էլ քննադատեք: Այնինչ դուք այժմ հակառակն եք անում. գործերը, որ պտուղն են, չեք կարողանում մերժել, և չարախոսությունը ծառի վրա եք փաթաթում:
Նաև «բարի ծառ» է [Տերը] կոչում Իրեն՝ ըստ Դավթի, և «բարի պտուղ»՝ բարի գործերը, որոնք [ծառը] «տալիս է ժամանակին» 662, իսկ «չար ծառ» է կոչում սատանային և «չար պտուղ»՝ չար գործերը: Հետևաբար, ով ապրում է Տիրոջ պես՝ կատարելով և ուսուցանելով 663, ճշմարտապես բարի ծառ է և բարի պտուղ է տալիս՝ նմանվելով Տիրոջը, իսկ ով չարությամբ է ապրում և չարը սովորեցնում, չար ծառ է՝ իր գործերով չարի մեջ արմատացած:
[Այս խոսքով Տերը] նաև մարգարեի [խոսքն է] հիշեցնում. «Մինչև ե՞րբ եք երկու ոտքով կաղալու՝ ծառայելով և Տիրոջը, և Ակկարոնին» (հմմտ. Գ Թագ. 18։21): Թե Սուրբ Հոգու աշակերտն եք, բարի՛ն պտղաբերեք, թե հակառակորդինը՝ կեղծավորություն մի՛ արեք՝ խոսքով ճիշտն ասելով, գործով հակառակն անելով, որովհետև Աստված ասում է մեղավորին. «Դու ինչո՞ւ ես ընդհանրապես արդարության մասին խոսում կամ Իմ ուխտը [քո] բերանն առնում» (Սաղմ. 49։16): Տե՛ս, որ մարդ երկու կողմի համար էլ անձնիշխանություն ունի, ինչ պատճառով էլ [Տերն] ասում է՝ կամ սա՛ արեք, կամ նա՛՝ ըստ այսմ. «[Նրա] առաջ դրեցի կյանքն ու մահը» (հմմտ. Սիր. 15։17-18):
Ստեփանոս Սյունեցի
Կա՛մ ծառը բարի արէք, եւ նրա պտուղն էլ բարի կը լինի, կա՛մ ծառը չար արէք, եւ նրա պտուղն էլ չար կը լինի. քանի որ իր պտղից է ծառը ճանաչւում:
«Կա՛մ ծառը բարի արեք, և նրա պտուղն էլ բարի կլինի, կա՛մ ծառը չար արեք և նրա պտուղն էլ չար կլինի»:
Բարի ծառ անվանում է Աստծու Հոգին և բարի պտուղ՝ Նրա վարդապետությունը. չար ծառ է անվանում սատանային և չար պտուղ՝ սատանայի վարդապետությունը: Ով ըստ առաքինության է ապրում, ու գործում, և ճշմարտապես վարդապետում, այնպիսին Սուրբ Հոգուց հորջորջված բարի ծառ է անվանվում, նմանապես և՝ նրա պտուղը: Իսկ ով հակառակն է սովորել և մարդկանց ստությամբ է սովորեցնում, այնպիսին չար ծառ է անվանում և դառը պտուղ:
Այս այսպես ասելով՝ ո՛չ այլ ինչ է ասում, եթե [ոչ այս], կա՛մ Սուրբ Հոգունը եղեք և պտղաբերեցեք բարի պտղով, և կա՛մ հակառակորդինը: Եվ կեղծավորությամբ մի՛ ուսուցանեք, որովհետև մեղավորին և կեղծավորին Աստված ասում է. «Դու ինչո՞ւ ես պատմում իմ արդարությունը և իմ ուխտը առնում քո բերանդ» (Սաղմ. 49։16):
Մաղաքիա արք. Օրմանյան
Կա՛մ ծառը բարի արէք, եւ նրա պտուղն էլ բարի կը լինի, կա՛մ ծառը չար արէք, եւ նրա պտուղն էլ չար կը լինի. քանի որ իր պտղից է ծառը ճանաչւում:
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 12:24

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: