Եզեկիելի մարգարեության մեկնություն 1։24

Ա․ Լոպուխին

«Եվ երբ նրանք շարժվում էին, ես նրանց թևերի ձայնը լսեցի հորդառատ ջրերի աղմուկի պես, ինչպես Ամենակարողի ձայնը, մի մեծ աղմուկ՝ ռազմական ճամբարի աղմուկի պես. իսկ երբ նրանք կանգնում էին, իրենց թևերը կախ էին գցում»։ (Սինոդական թարգ․)[24]
   

   Նույնիսկ մեծ թռչունների թռիչքն է մեծ աղմուկ բարձրացնում, իսկ այստեղ թռչում էին թևավոր առյուծներ և եզներ։ Այս թռիչքի դղրդյունը տեղի ունեցավ անմիջապես երկնակամարի տակ, և դրա հետևանքով այդ ամբողջ վայրը դղրդաց՝ դրական իմաստով։ Յահվեյի ոտքերի պատվանդանն իր մեծությամբ պիտի զարմացներ բոլոր զգայարաններին՝ ո՛չ միայն տեսողությանը, այլ նաև լսողությանը։ Մարգարեն համեմատության բավականաչափ եզրեր չի գտնում այդ վայրից լսվող աղմուկը նկարագրելու համար, ինչի հետևանք է հանդիսանում էլ համեմատությունների այս «խառնուրդը»։ Սակայն այստեղ կիրառվող համեմատությունները թե եբրայեցերեն բնագրում և թե՛ ռուսերեն թարգմանության մեջ անարդարացիորեն վերագրվում են միևնույն առարկային: Հունական մի քանի կոդեքսներ (վենետիկյան, 5 մինուսկուլյան, Թեոդորետոս Երանելու խմբագրության և սլավոնական թարգմանության մեջ) լավագույնս լրացնում են եբրայեցերեն տեքստը՝ առաջին երկու համեմատությունների միջև հետևյալ հավելադրումը կատարելով. «երբ քերովբեները թռչում էին, նրանց թևերի աղմուկը նման էր հորդառատ ջրերի աղմուկի և Ամենակարողի ձայնին»։ Սակայն քերովբեները միշտ չէ, որ թռչում էին, այլ երբեմն էլ քայլում էին կամ որևէ այլ ձևով էին շարժվում երկրի վրա, իսկ երբեմն էլ բոլորովին կանգ էին առնում։ Թե՛ մեկ և թե՛ մյուս պարագաներում էլ նրանց թևերը չէին կարող աղմուկ բարձրացնել՝ համենայն դեպս այնպիսի մի աղմուկ, որպիսին կարող էր առաջանալ, երբ նրանք թռչելիս լինեին։ Մարգարեն նաև նկատում է, որ երբ քերովբեները շարժում էին իրենց թևերը, «ուժեղ աղմուկ» էր լսվում («կոլ համուլլահ» հմմտ․ Երեմ․ 11:16, հնարավոր է նաև նույնիմաստ բառ է, ինչպես «համան»-ը՝ Եզեկ․ 7:11-ում, Գ Թագ․ 17:41-ում՝ «խուլ աղմուկի մի տեսակ» նշանակությամբ), որը նման էր ռազմական ճամբարի աղմուկին: Իսկ ահա երբ քերովբեները կանգ էին առնում, նրանց թևերը հանգիստ վիճակում էին գտնվում և, բնականաբար, չէին կարողանում աղմուկ բարձրացնել։

   «Հորդառատ ջրերի աղմուկի պես» - Սա Աստվածաշնչյան հեղինակների սիրելի համեմատությունն է, որը նրանք կիրառում են բարձր աղմուկի նկարագրության համար (Եզեկ․ 43:2, Ես. 17:12, Երեմ․ 6։13, Հայտն․ 1։15, 14:2, 20:1): «Հորդառատ ջրեր» արտահայտության ներքո շատերը կարող են պատկերացում կազմել անձրևի, ծովի կամ, ամենայն հավանականությամբ, լեռնային առվակների մասին՝ իրենց ջրվեժներով հանդերձ, որոնք հաճախակիորեն էին հանդիպում Հրեաստանում. այս բոլորն էլ առաջացնում էին բարձր, բայց անորոշ և խառնալուր մի ձայն, որը թերևս լավագույնն է պատշաճում սույն համատեքեստին։ Մարգարեի լսած դղրդյունը, այդուամենայնիվ, լիովին նման չէր «հորդառատ ջրերի աղմուկին». այդ դղրդյունն ավելի ուժեղ էր, քան ջրերի աղմուկը: «Եթե ​​համեմատության եզրեր փնտրելու լինենք այդ դղրդյունի համար, - շարունակում է մարգարեն, - ապա այն կարելի է համեմատել միայն Աստծո ձայնի հետ» («ինչպես Ամենակարողի ձայնը»): «Ի՞նչ կարիք կա ինչ-որ մի բանի արժանի նմանություն փնտրել և այն ոչ մի տեղ չգտնել․ բավական է միայն մատնացույց անել հենց Գործողին և այդպիսով ցույց տալ աղմուկի մեծությունը» (Թեոդորետոս Երանելի): «Ամենակարողի ձայն» արտահայտության ներքո կարելի է հասկանալ նաև Աստծո իրական ձայնի մատնանշումը (ա՛յն ձայնի, որը լսվել է, օրինակ, Սինայում)։ Այսպիսի ընկալման հաստատմանը նպաստում է նաև 10։5-րդ համարում այս համեմատությանը կատարված հետևյալ հավելադրումը․ «Երբ Նա խոսում է»: Չնայած որ Աստվածաշնչյան հեղինակները նմանատիպ արտահայտությամբ («Աստծո ձայնը») բնութագրում են որոտը՝ որպես սովորական փոխաբերություն (Սաղմ. 28։3-5, Հոբ 37:2-5, Հայտն․ 17:2, 19:5-6). Եվ ի վերջո, «Աստծո ձայնը» կարող է նշանակել նաև ցանկացած մեծ, շռնդալից և սարսափազդու աղմուկ, ինչպես որ, օրինակ, «Աստծո մայրիները» և «Աստծո լեռներն» իրենցից ներկայացնում են սոսկ մեծ մայրիներ և մեծ լեռներ: Սակայն կարելի է համատեղել այս բոլոր ընկալումները. Մարգարեն իր այս համեմատությամբ կամենում է մատնացույց անել երկրի վրա հնարավոր ամենամեծ աղմուկը՝ դրան մինչև իսկ «աստվածային» բարձր որակումը տալով։ Այդուամենայնիվ, ոչ մի աղմուկ իր զորությամբ չի կարող համեմատվել ամպրոպի խլացուցիչ գոչումների հետ, որոնց պոռթկումների ժամանակ թվում է, թե տիեզերքը սարսռում է. եթե երկրի վրա մի որևէ բան կարող է այս աղմուկից էլ ավելի զորեղ լինել, ապա դա կարող է լինել միայն աստվածային ա՛յն ​​որոտը, որը, բնականաբար, ավելի զորեղ էր, քան բնական ամպրոպը, և որը հենց մատնացույց է արվում Սաղմոսների, Հայտնության ու Հոբի գրքերի համապատասխան հատվածներում: Ինչ էլ որ նշանակի «Ամենակարողի ձայնը» արտահայտությունը, ամեն դեպքում այս մակդիրը ցույց է տալիս մի ավելի բարձր աղմուկ, քան այն առաջին համեմատությունն էր մատնացույց անում։ Եվ դեռ ավելին, այս երկրորդ համեմատությունը լրացնում է առաջինին՝ մարգարեի լսած աղմուկը բնութագրելով մյուս տեսանկյունից՝ ըստ աստիճանի և ուժգնության, մինչդեռ այն առաջին համեմատությունը բնութագրում էր այդ աղմուկի որակական հատկանիշները։ Իզուր չէ, որ Աստված այստեղ անվանվում է հազվադեպ կիրառվող «Շադդայի» անունով (ռուսերեն թարգմանության մեջ՝ «Ամենակարող», սլավոներենում՝ «Սադդայի»)։ Աստված այս անվամբ է կոչվում հատկապես մեծ կարևորություն ունեցող և հանդիսավոր դրվագներում (Ծննդ. 13:1, Թվ. 24:4, Հոբի գրքում այս անունը հանդիպում է 30 անգամ)։ Սա Աստծուն հատկորոշող մի խորհրդավոր անուն է, որն արտահայտում է, թերևս, Աստվածային ինքնաբուխ, համաշխարհային զորությունը (Ծննդ․ 17։1)։ Որպես գոյական՝ «Շադդայի» անունը հանդիպում է միայն չափածո գրականության մեջ. արձակում այս անունն իրենից առաջ կրում է «Էլ» կապակցությունը և 10։5-րդ համարի որոշ հունարեն կոդեքսների ու սլավոներեն թարգմանութան վրա հիմնվելով՝ այստեղ նույնպես ընթերցվում է «Աստված Ամենակարող» ձևով։ Քերովբեների քայլելու ընթացքում նրանց թևերի առաջացրած դղրդյունը մարգարեն համեմատում է ռազմական ճամբարի աղմուկի հետ, որն առաջանում է երկու կողմից մարտի պատրաստվող հսկայածավալ զորքերի կողմից (հմմտ․ Ծննդ․ 32։3): Ահա թե ինչու է Թարգումում ասվում․ «Ինչպես բարձրագույն հրեշտակների ձայնը»։ Բնական է, որ երկնային զորքերի շքերթն ուղեկցվում էր ռազմական արշավին հատուկ աղմուկով։ Եվ այս ռազմական բարձր աղմուկը, որը մի ամբողջ ճամբարի աղմուկ էր հիշեցնում, հնչում էր ընդամենը չորս արարածների երթից: Քերովբեների թևերի աղմուկը դադարեցվում էր այն ժամանակ, երբ նրանք կանգնում էին․ այդ ժամանակ նրանք չէին թափահարում իրենց թևերը, այլ ցած էին իջեցնում դրանք․․․
--------------------------------
[24](Էջմիածին թարգ․) Երբ նրանք սաւառնում էին, լսում էի նրանց թեւերի ձայնը, ինչպէս յորդ ջրերի ձայն, ինչպէս Սադայ Աստծու ձայնը: Իսկ երբ շարժւում էին, լսւում էր նրանց խօսքը, ինչպէս բանակի ձայնը: Երբ նրանք կանգ էին առնում, թեւերն էլ դադար էին առնում:
(Արարատ թարգ․) Երբ կենդանի էակները շարժվում էին, ես նրանց թևերի ձայնը լսեցի հորդառատ ջրերի աղմուկի պես, Ամենակարողի ձայնի նման, ժխորի ձայնի նման, բանակի աղմուկի պես. երբ կանգնում էին, իրենց թևերը կախ էին գցում։
(Գրաբար) Եւ լսէի զձայն թևոց նոցա ‘ի սաւառնելն իբրև զձայն ջուրց բազմաց, և իբրև զձայն Աստուծոյ Սադայի. և ‘ի գնալն իւրեանց ձայն պատգամաց իբրև զձայն բանակի. և ‘ի կալն իւրեանց յանկչէին թևք իւրեանց։