Սրբ. Հովհան Ոսկեբերան (†407)
43-44. «Դուք լսել եք, թե ի՛նչ ասվեց. «Սիրի´ր մերձավորիդ և ատի´ր թշնամուդ»»։ «Բայց Ես ասում եմ ձեզ. սիրե՛ք ձեր թշնամիներին, օրհնե՛ք ձեզ անիծողներին, բարի՛ք արեք ձեզ ատողներին և աղոթե՛ք ձեզ վիրավորողների ու ձեզ հալածողների համար»:
Ահա առաքինությունների ամենավերին գագաթնակետը: Ահա թե ինչու Փրկիչը սովորեցրեց ոչ միայն համբերությամբ դիմագրավել հարվածներին, այլ նաև աջ այտը դեմ տալ, ոչ միայն բաճկոնի հետ նաև ստորին հանդերձն էլ տալ, այլ նաև նրա հետ, ով ստիպում է մեկ մղոն անցնել, երկու մղոն էլ գնալ: Քրիստոս այս ամենն առաջարկեց, որպեսզի դու լիակատար պատրաստակամությամբ կարողանաս ընդունել նաև ա´յն, ինչը շատ ավելի վսեմ է, քան այս պատվիրանները: «Ի՞նչն է ավելի վսեմ», - կհարցնես դու: Թշնամի չհամարել նրա´ն, ով քեզ վիրավորանք է հասցնում, և սա նույնիսկ ավելի վսեմ պատվիրան է, քանի որ Տերը չասաց՝ «մի ատիր», այլ՝ «սիրիր», չասաց՝ «մի´ վիրավորիր», այլ՝ «բարի´ք գործիր»:
Բայց եթե ավելի մեծ ուշադրությամբ քննենք Փրկիչի խոսքերը, կտեսնենք, որ դրանց մեջ բովանդակվում է մի նոր պատվիրան, որը նախորդներից էլ ավելի վսեմ է: Իրոք, Նա պատվիրում է ոչ միայն սիրել թշնամիներին, այլ նաև աղոթե´լ նրանց համար: Տեսնո՞ւմ ես, թե Հիսուս ինչ աստիճանի է բարձրացել և ինչպե՞ս է մեզ հասցրել առաքինության գագաթնակետին: Նայի´ր և հաշվի´ր դրանք՝ սկսելով առաջինից. առաջին աստիճանը վիրավորանք չհասցնելն է:
Երկրորդը՝ երբ որևէ մեկի կողմից վիրավորանքն արդեն իսկ հասցվել է, հավասարաչափ չարիքով չհատուցել վիրավորողին:
Երրորդը՝ ոչ միայն չվարվել վիրավորողի հետ այն նույն կերպ, ինչ վարվունքի որ դու արժանացել նրանից, այլ նաև, առավել ևս, խաղաղ մնալ:
Չորրորդը՝ չխուսափել տառապանքի մատնվելուց:
Հինգերորդը՝ տալ ավելին, քան ցանկանում է վերցնել վիրավորանք հասցնողը:
Վեցերորդը՝ նրա հանդեպ ատելություն չունենալ:
Յոթերորդը՝ նույնիսկ սիրե´լ նրան:
Ութերորդը՝ բարի´ք գործել նրան:
Իններորդը՝ Աստծուն աղոթել նրա համար: Տեսնո՞ւմ ես, թե իմաստության ինչպիսի բարձրակետում է այս ամենը: Եվ դրանով պայմանավորված էլ` հիասքանչ է նաև հատուցվող պարգևը:
Հովհաննես Ծործորեցի (†1338)
Լսել էք արդարեւ, թէ ինչ ասուեց. «Պիտի սիրես ընկերոջդ եւ պիտի ատես քո թշնամուն»:
Լսել եք, որ ասվեց. «Պիտի սիրես ընկերոջդ և ատես թշնամուդ»:
Սա այն նպատակով գրվեց, որ քանանացիների բոլոր ցեղերը, որոնց մեջ էր պատրաստվում բնակվել Իսրայելը, կռապաշտ էին և թշնամություն ունեին [հրեաների] հանդեպ իրենց երկրի պատճառով, որը [հրեաները] նրանցից հափշտակեցին: Հետևաբար, եթե հրամայվեր սիրով միաբանվել նրանց հետ, [հրեաները] հեշտությամբ կյուրացնեին նրանց սովորությունները և կտրվեին կռամոլության. որովհետև եթե Աստված] բազմաթիվ անգամներ զգուշացրեց [հրեաներին] նրանց հետ դաշինք չկնքել կամ խնամություն չանել, բայց [հրեաները, այնուամենայնիվ], խոտորվեցին դեպի կուռքերը, ի՞նչ չէին անի, եթե սիրո կապակցությամբ միաբանվեին նրանց հետ: Այդ պատճառով էլ [Աստված] հրամայեց ցեղակիցներին սիրել սեփական անձի չափ՝ նրանց մեկ կրոնով միաբանելով, իսկ այլազգիների հանդեպ թշնամություն ունենալ խրատեց և սրանով նրանց կուռքերից հեռացրեց:
«Ընկեր» է կոչում նաև [հրեական] ցեղից եղած մարգարեներին, ովքեր, Հոգով զորացած, հանդիմանում և Օրենքի ուղղությանն էին վերստին բերում խոտորվածներին: Նրանց է [Տերը] սիրել հրամայում, այսինքն՝ նրանց խոսքերին հպատակվել, և ատել թշնամիներին՝ սուտ մարգարեներին, ովքեր ի սկզբանե, օձի միջոցով հաստատված թշնամությունը կրելով, ճշմարտությունից շեղվում էին: Սա չհասկացան մտքով կուրացածները, այլ ստախոսների ողոքիչ խոսքերից խաբվելով՝ հավանեցին [դրանք], ինչպես ասում է Եսային. «Ժողովո՛ւրդ Իմ, ովքեր երանի են տալիս ձեզ, մոլորեցնում են [ձեզ]» (հմմտ. Ես. 3։12), իսկ ճշմարիտ [մարգարեների] խոսքերը նրանց աչքում արհամարհվեցին՝ առանց ակնառության նրանց հանդիմանելու պատճառով, քանի որ չհասկացան, որ «ավելի լավ է բարեկամի հասցրած վերքը, քան թշնամու կեղծ համբույրը» (Առակ. 27։6):
Հիսուս Քրիստոսն «ընկեր» է անվանում նաև Իրեն, որ նրանց հավասար ընկերը դարձավ՝ ըստ Դավթի աղոթքի. «Տերը շտապում է ընկերանալ ինձ» (հմմտ. Սաղմ. 69։2), որ եկավ ու մարդ դարձավ՝ մարդու որդի՝ Աբրահամի զա վակից, ինչպես գրվեց Հին [ուխտում] (Ծննդ. 22։18), որպեսզի Նրա՛ն սիրեին ու Նրա՛ թագավորությունը փնտրեին և ոչ թե կայսեր, ով պատրաստվում էր նրանց հանդեպ թշնամու գործ կատարել՝ նրանց ցրելով բոլոր ազգերի մեջ 1:
Ստեփանոս Սյունեցի (†735)
Լսել էք արդարեւ, թէ ինչ ասուեց. «Պիտի սիրես ընկերոջդ եւ պիտի ատես քո թշնամուն»:
«Լսել եք արդարև, թե ինչ ասվեց նախնիներին. «Պիտի սիրես ընկերոջդ և պիտի ատես քո թշնամուն»:
Մարդկության համար ոչ ոք չեղավ ավելի [մեծ] թշնամի, քան սատանան: Իսկ Քրիստոս հրամայեց նաև թշնամիներին սիրել: Ուրեմն բարվո՞ք է կատարել հրամանը և սատանային սիրել առավելապես, քան բոլոր սիրելիներին, քանի որ ինչպես ասվեց, թշնամագույնն է, քան բոլոր թշնամիները: Իսկ եթե այդ կարծիքը տեղին չէ, ապա այլ թշնամիներին պետք է նկատի ունենալ, որոնց սիրել հրամայեց Բանն Աստված՝ Որդին Միածին:
Արդ, թշնամի պետք է համարել, ինչպես կարծում եմ, այլադավաններին, որպեսզի ուղղես նրանց [շավիղները] ու չանտեսես [նրանց] դեպի ճշմարիտ հավատ և վարդապետություն հորդորելուց, երբ ձեռնահաս լինես:
Նույնը իմացիր նաև մարմնականի վերաբերյալ: Թշնամի է մարմնականը հոգևորին և հակառակը, ինչպես և առաքյալն է ասում. «Մարմինը պատերազմում է հոգու դեմ, և հոգին՝ մարմնի դեմ» (Ա Պետ. 2։11): Արդ, իրավացիորեն ասվեց սիրել այս թշնամիներին, քանզի մարմինը հոգունն է համարվում և անհրաժեշտ է այն ղեկավարել և մղել դեպի հոգևորը:
Քանզի երբ մարմնավոր հինգ զգայությունները միավորվեն հոգու հինգ զգայությունների հետ, այնժամ և կկատարվի սաղմոսերգուի կողմից ասվածը. «Տասնալար նվագարանով սաղմոս պիտի երգեմ քեզ» (Սաղմ. 145։9, 32։2):
Բայց [ժամանակն] է ասելու, և ինձ թվում է առանց մեղանչելու, թե Քրիստոս Իր անբավ բարերարության պատճառով հրամայեց նաև տեսանելի թշնամիներին սիրել և ողորմել, ինչպես և Սողոմոնի միջոցով ասվեց. «Եթե թշնամիդ քաղցած է, կերակրի՛ր նրան, եթե ծարավ է, ջո՛ւր տուր խմելու» (Առակ. 2։21):
Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)
Լսել էք արդարեւ, թէ ինչ ասուեց. «Պիտի սիրես ընկերոջդ եւ պիտի ատես քո թշնամուն»:
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 5:17
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: