ՓԱՌԱԲԱՆՈՒԹԵԱՆ ԵՐԳ ԱՐԱՐԻՉ ԵՒ ՓՐԿԻՉ ԱՍՏԾՈՒՆ
Սաղմոս Դաւթի
1. Ցնծացէ՛ք, արդարնե՛ր, Տիրոջով. արդարներին է վայել օրհնութիւնը:
2. Գոհութի՛ւն յայտնեցէք Տիրոջը օրհներգութեամբ, տասլարանի նուագարանով սաղմո՛ս երգեցէք նրան:
3. Օրհներգեցէ՛ք Տիրոջը նոր օրհներգով, քանզի հաճելի է այն: Սաղմո՛ս երգեցէք նրան օրհնութեամբ:
4. Ճշմարիտ են Տիրոջ պատգամները, եւ յուսալի՝ նրա բոլոր գործերը:
5. Տէրը ողորմութիւն եւ իրաւունք է սիրում, Տիրոջ ողորմութեամբ է լցուած երկիրը:
6. Տիրոջ խօսքով ստեղծուեց երկինքը, եւ իր բերանի շնչով՝ նրա բոլոր զօրութիւնները:
7. Ինչպէս մի տիկի մէջ՝ հաւաքեց ծովի ջրերը եւ իր գանձը դրեց անդունդների յատակը:
8. Թող երկիւղ կրի Տիրոջից ողջ երկիրը, եւ նրանից թող դողան բոլոր բնակիչներն աշխարհի,
9. քանզի Նա ասաց՝ եւ ստեղծուեցին, Նա հրամայեց՝ եւ հաստատուեցին:
10. Տէրը խափանում է հեթանոսների մտադրութիւնները, Տէրն անարգում է ժողովուրդների դիտաւորութիւնները, Տէրն արհամարհում է իշխանների խորհուրդները:
11. Տիրոջ մտածումը յաւիտեան կը մնայ, եւ նրա սրտի խորհուրդը՝ սերնդից սերունդ:
12. Երանի այն ազգին, որի օգնականը Տէր Աստուած է, երանի այն ժողովրդին, որին իր համար նա ժառանգութիւն ընտրեց:
13. Տէրը երկնքից նայեց բոլոր մարդկանց որդիներին:
14. Իր պատրաստած բնակատեղից դիտեց աշխարհի բոլոր բնակիչներին:
15. Նա, որ ստեղծել է նրանցից իւրաքանչիւրի սիրտը, հաշուի է առնում նրանց բոլոր գործերը:
16. Թագաւորն իր զօրքի բազմութեամբ չի փրկուի, եւ ոչ էլ հսկան՝ իր մեծ ուժով:
17. Ձին անօգուտ է փրկութեան համար, իր մեծ ուժով հանդերձ չի փրկի հեծեալին:
18. Տիրոջ աչքն իր երկիւղածների եւ իր ողորմութեանը յուսացողների վրայ է՝
19. մահից փրկելու նրանց անձը եւ սովի ժամանակ կերակրելու համար նրանց:
20. Մեր հոգիներն սպասում են Տիրոջը, քանզի նա մեր օգնականն է ու պաշտպանը:
21. Նրանով թող ուրախանան մեր սրտերը, եւ մենք նրա սուրբ անուան վրայ յոյս դնենք:
22. Թող ողորմութիւնդ, Տէ՛ր, լինի մեզ վրայ, ինչպէս որ մեր յոյսը դրինք քեզ վրայ:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: