Երեմիայի մարգարեության մեկնություն 49։28

Սուրբ Հովհան Ոսկեբերան

Այսպէս է ասում Տէրը թագուհու ապարանքի մասին, որին հարուած հասցրեց բաբելացիների Նաբուքոդոնոսոր արքան. «Եկէք յարձակուեցէ՛ք Կեդարի վրայ եւ սպանեցէ՛ք Կեդէմի որդիներին:
   
    Աստվածաշունչը սովորաբար այս ժողովրդին Կեդար անունով է կոչում: Իսկ «թագուհու բակ»–ը (հայերեն տարբերակում` «թագուհու ապարանք») քաղաքի անունն է, որը եբրայերենով  արտասանվում էր «Մելհեդ ասոր» ձևով, որոնցից առաջինը (հունարեն թարգմանիչը) փոխանցել է (Βασιλίσσα) «թագուհի» բառով: Իսկ «ասոր»–ը նշանակում է՝ բակ: Հնարավոր է, որ այս քաղաքն այդպես են անվանել գահանիստ լինելու պատճառով: Այս մեկն էլ է շատ ուրիշ քաղաքների նման ստացել իր անունը: Դրանից հետո նա մարգարեանում է Էլի մասին: Ասում են, որ սրանք էլամացիներն են, որոնք այժմ կոչվում են պարսիկներ:
   

Սուրբ Եփրեմ Ասորի

Այսպէս է ասում Տէրը թագուհու ապարանքի մասին, որին հարուած հասցրեց բաբելացիների Նաբուքոդոնոսոր արքան. «Եկէք յարձակուեցէ՛ք Կեդարի վրայ եւ սպանեցէ՛ք Կեդէմի որդիներին:
   
    Կեդարի որդիները Աբրահամի և Ագարի որդիներ են: Կեդարը Իսմայելի որդին էր. նրա որդիները կոչվում էին արևելքի որդիներ, քանի որ նրանք տիրում էին խոստացված երկրի արևելքում ընկած անապատներին: Նրանք ո՛չ դաշտեր էին մշակում, ո՛չ էլ տներ ունեին, այլ թափառում էին անապատում, ուր որ նրանց քաշում էր հոտերը արածեցնելու կարիքը: Այստեղ մարգարեն Կեդարի որդիների հետ նշում է նաև Ասորի որդիների մասին, քանի որ Նաբուգոդոնոսորը միաժամանակ է հարձակվել երկուսի վրա և ոչնչացրել նրանց:
   

Ա. Լոպուխին

28-33. «Կեդարի մասին և Հասորի թագավորությունների մասին, որոնց նվաճեց Նաբուգոդոնոսորը` Բաբելոնի թագավորը, այսպես է ասում Տերը. «Վե՛ր կացեք, գնացե՛ք Կեդարի դեմ և կործանե՛ք արևելքի որդիներին»»։ [28] . «Նրանց վրաններն ու նրանց ոչխարները պիտի վերցվեն, և նրանց ծածկոցներն ու նրանց ամբողջ գույքը և նրանց ուղտերը պիտի վերցվեն, և պիտի գոչեն նրանց. «Սարսափ է շուրջբոլորը»»։ «Փախե՛ք, արա՛գ հեռացեք, թաքնվե´ք խորքերում, Հասորի´ բնակիչներ, - ասում է Տերը, - որովհետև Նաբուգոդոնոսորը` Բաբելոնի թագավորը, որոշում է կայացրել ձեր վերաբերյալ և ձեր դեմ մի մտադրություն է խորհել»։ «Վե՛ր կացեք, հարձակվե՛ք անդորր, ապահովությամբ բնակվող ժողովրդի վրա, - ասում է Տերը. – ո´չ դռներ, ո´չ էլ նիգեր չունի, բնակվում են առանձին»: ««Նրանց ուղտերն ավարառության պիտի մատնվեն, և նրանց հոտերի բազմությունը՝ կողոպուտի. և նրանց` իրենց մազերի ծայրերը կտրողներին, պիտի ցրեմ բոլոր քամիների ուղղությամ, և ամեն կողմից կործանում պիտի բերեմ նրանց վրա, - ասում է Տերը»։ «Եվ Հասորը շնագայլերի որջ պիտի դառնա` հավիտենական անապատ. այնտեղ մարդ չպիտի ապրի, և մարդու որդին չպիտի բնակվի այնտեղ»։ (Սինոդական թարգմ.)
   
    Նաբուգոդոնոսորի կողմից նվաճված արաբական ցեղերը պետք է սպասեն քաղդեացիների նոր հարձակումներին:
«Կեդար». արաբ քոչվորների մասին ընթերցի՛ր Եր. 2:10 և Ես. 21:16–17 համարների մեկնաբանությունների մեջ:
    «Ասոր»–ը արաբական ցեղեր են, որոնք կարգավորված կյանք էին վարում («Ասոր»–ը եբրայերենում «hazor» է, որն էլ նշանակում է «ամրություն») և ղեկավարվում էին հատուկ շեյխերի կողմից, որոնք ունեին թագավորական իշխանություն (այստեղից էլ ծագում է Ասորի թագավորություններ անվանումը): Քարե Արաբիայի և Բաբելոնի միջև ու Պարսից ծոցի մերձակայքում ապրող այս ցեղերը Կարքեմիշի ճակատամարտից հետո նվաճվեցին Նաբուգոդոնոսորի կողմից  (Ես. 21:13–17):

-----------------------------------

[28](Էջմիածին թարգմ.) Այսպէս է ասում Տէրը թագուհու ապարանքի մասին, որին հարուած հասցրեց բաբելացիների Նաբուքոդոնոսոր արքան. «Եկէք յարձակուեցէ՛ք Կեդարի վրայ եւ սպանեցէ՛ք Կեդէմի որդիներին:
(Արարատ թարգմ.) Կեդարի մասին և Հասորի թագավորությունների մասին, որոնց նվաճեց Բաբելոնի Նաբուգոդոնոսոր թագավորը, Տերն այսպես է ասում. «Վե՛ր կացեք, գնացե՛ք Կեդարի դեմ և կործանե՛ք արևելքի որդիներին։
(Գրաբար) Ի վերայ Կեդարու։ Ի վերայ տիկնոջ հանգրուանին զոր եհար Նաբուքոդոնոսոր արքայ բաբելացւոց։ Այսպէս ասէ Տէր. Արիք ելէք ի վերայ Կեդարու, եւ հարէք զորդիսն Կեդեմայ։