Սոփոնիայի մարգարեության մեկնություն 3:8

Ա. Պ. Լոպուխին. «Բացատրական աստվածաշունչ»

«Ուրեմն սպասե՛ք Ինձ, - ասում է Տերը, - մինչև այն օրը, երբ Ես կելնեմ ավերելու համար, որովհետև Ես վճռել եմ ժողովել ազգերը և հավաքել թագավորությունները, որպեսզի նրանց վրա թափեմ Իմ բարկությունը, Իմ ամբողջ ցասումը. Իմ նախանձախնդրության կրակով պիտի սպառվի ամբողջ երկիրը»։ (Սինոդական թարգ․)[8]
   
    8−րդ համարը ներկայացնում է մարգարեական խոսքին ոչ բնորոշ մի անցում՝ սպառնալիքներից դեպի մխիթարական խոստումներ (հմմտ. Ես. 10:24, 27:9, Երեմ. 16:14-15, Եզեկ. 39:25): Ըստ մարգարեական վախճանաբանության՝ Աստծու ժողովրդին ուղղված այս նախնական մխիթարության բովանդակությունը աշխարհի դատաստանի վերջին գործողությունն է (Հովել 3−րդ (եբր.՝ 4) գլուխը, Եզեկ. 38:1-39:1, Միք. 4:12), այսինքն բոլոր հեթանոս ազգերի վերջնական հավաքումը Երուսաղեմի առջև և նրանց վերջնական պարտությունը վճռորոշ պայքարում: Եթե ավելի վաղ (Սոփ. 2:4-ում և այլն) մարգարեն խոսում էր որոշ օտար ազգերին սպասվող պատժի մասին՝ անմիջապես իրենց բնակության վայրերում, ապա այժմ նա իր մտքում աշխարհի բոլոր ազգերին հավաքում է Երուսաղեմի շուրջ՝ հայտարարելով Տեր Աստծու անունից, որ «Նրա նախանձախնդրության կրակով պիտի սպառվի ամբողջ երկիրը»։ Իհարկե, այստեղ «ամբողջ երկիրը» (եբր.՝ «քոլ-հաարեց») արտահայտությանը պիտի տրվի սահմանափակ մեկնաբանություն. կործանվելու են միայն հեթանոսության և հուդայականության մեջ առկա այն տարրերը, որոնք դեմ են Աստծուն և Նրա կրոնին: «Ամբողջ երկրի վրա կործանվելու է այն ամենը, ինչ երկրավոր է, այն ամենը, ինչ վերաբերում է երկրավոր գործերին, այսինքն՝ մարմնին: Իմ նախանձախնդրության հուրը վերջնականապես պիտի լափի նրա բոլոր փշերը և փշոտ թփերը» (Երանելի Հերոնիմոս. «Ստեղծագործություն, Սոփոնիայի մարգարեության մեկնության մեկ գիրք», մաս 14, Կիև, 1898 թ., էջ 303): Մարգարեի հայացքը ոչ մի կերպ չի սահմանափակվում մեղավոր աշխարհի հանդեպ Տեր Աստծու դատաստանի մռայլ պատկերով։ Ընդհակառակը, նա շատ ավելի հեռուն է նայում և ավելի լավ ապագայի արշալույս է տեսնում ոչ միայն Իսրայելի, այլև ողջ մարդկության համար: Դատաստանից հետո երկրի վրայից պիտի վերանա չարիքը․ նախ՝ բարոյական, ապա՝ ֆիզիկական, և պիտի հաստատվի Աստծու ճշմարիտ թագավորությունը: Աստծու դատաստանի առաջին բարիքը և չափազանց կարևոր հետևանքը լինելու է հեթանոսների լիակատար դարձը դեպի Տեր Աստծու հավատը (9-10-րդ համարներ):

--------------------------------
[8](Էջմիածին թարգ․) Դրա համար սպասի՛ր ինձ, - ասում է Տէրը, - այն օրը, երբ ոտքի կանգնեմ վկայելու: Ազգերի դէմ իմ դատաստանը կը լինի՝ բռնել թագաւորներին, նրանց վրայ թափել իմ բարկութիւնը, իմ ամբողջ բարկութիւնն ու սրտմտութիւնը, քանի որ իմ վրէժխնդրութեան կրակով պիտի մաշուի ամբողջ երկիրը:
(Արարատ թարգ.) «Ուրեմն ինձ սպասե՛ք,- ասում է Տերը,- մինչև իմ վկայության կանգնելու օրը. որովհետև իմ վճիռն է ազգերը ժողովել, թագավորությունները հավաքել, որ նրանց վրա թափեմ իմ ցասումը, իմ բարկության ամբողջ բորբոքումը, որովհետև իմ նախանձախնդրության կրակով պիտի սպառվի ամբողջ երկիրը։
(Գրաբար) Վասն այդորիկ սպասեա ինձ, ասէ Տէր՝ յաւուր յարութեան իմոյ ի վկայութիւն։ Զի դատաստանք իմ ի վերայ ազգաց յըմբռնել զթագաւորս՝ ի հեղուլ ի վերայ նոցա զբարկութիւն իմ՝ զամենայն բարկութիւն սրտմտութեան իմոյ, զի հրով նախանձու իմոյ մաշեսցի ամենայն երկիր։