Սրբ. Հովհան Ոսկեբերան (†407)
«Եվ մարդու թշնամիներն իր ընտանիքի անդամները կլինեն»։
Ահա թե ինչու Քրիստոս, ասես մատնացույց անելով, որ Ինքն էր հաստատում նաև Հին Ուխտում եղածը, հիշեցնում է նաև մի մարգարեություն, որը թեև այս դեպքի համար չէր ասվել, այնուամենայնիվ, նույն միտքն էր արտահայտում։ Ի՞նչ մարգարեություն էր դա. «Մարդու թշնամիներն իր ընտանիքի անդամները կլինեն» (հմմտ․ Միք. 7:6)։ Եվ հրեաների մեջ էլ նման մի բան եղավ։ Նրանց մոտ էլ կային մարգարեներ և սուտ մարգարեներ, ժողովրդի մեջ տարաձայնություններ էին լինում, և տները ներքուստ բաժանվում էին։ Ոմանք հավատում էին մեկին, ոմանք՝ մյուսին։ Դրա համար էլ մարգարեն խրատելով՝ ասում է. «Մի՛ հավատացեք սիրելիներին, մի՛ ապավինեք իշխաններին, զգո՛ւյշ եղիր քո անկողնակցից, որ որևէ բան չպատմես նրան…մարդու թշնամին իր իսկ ընտանիքը կլինի» (Միք. 7:5-6)։ Եվ մարգարեն սա ասում էր, որպեսզի իր ուսուցումն ընդունողներին ամեն ինչից վեր դասի։
Չէ՞ որ մահը չարիք չէ, մինչդեռ վատթար մահը՝ չարիք է։ Դրա համար էլ Հիսուս ասում է. «Երկրի վրա կրակ գցելու եկա» (Ղուկ. 12:49)։ Սա ասելով՝ Քրիստոս մատնացույց էր անում ա՛յն սիրո զորությունն ու ջերմեռանդությունը, որն Ինքը պահանջում էր։ Քանի որ Փրկիչն Ինքը շատ սիրեց մեզ, ուստի Նա կամենում է, որ մենք էլ նույնչափ սիրենք Իրեն։ Եվ այսպիսի խոսքերը թե՛ ամրացնում, և թե՛ ոգևորում էին առաքյալներին։ «Եթե ձեր աշակերտները նույնպես թողնեն իրենց ազգակիցներին, զավակներին և ծնողներին, - ասում էր Հիսուս, - ապա մտածի՛ր, թե այդ դեպքում մանավանդ ինչպիսի՛ն պետք է լինեք դուք՝ ուսուցիչներդ․․․Այս աղետները միայն ձեզ պատուհասելով չեն սահմանափակվելու, այլև հարձակում են գործելու նաև ուրիշների վրա։
Հովհաննես Ծործորեցի (†1338)
Մարդու թշնամիները իր տնեցիները կը լինեն:
Եվ մարդու թշնամիները նրա ընտանիքի անդամներն են:
[Տերը] բազում բարիքներից ավելի մեծ այս հնազանդությունն է պահանջում՝ արհամարհել ազգատոհմին, հորն ու մորը և նրանց համար թշնամի դառնալ Իրեն աշակերտելու պատճառով, որով վեր կկանգնեն մարմնավոր ընտանությունից ու աշխարհիկ բաներից: Նաև՝ հրեաները (որ Քրիստոսի ընտանիքն էին ոչ միայն աստվածպաշտության ու մարգարեներին քաջատեղյակ լինելու, այլև ազգակցության պատճառով՝ ըստ այսմ. «Մարմինս նրանցից է» (Ովս․ 9:12), ըստ Պողոսի. «Նրանցից է Քրիստոսն ըստ մարմնի» (Հռոմ. 9:5), որ մարդ դարձավ նրանցից [վերցրած] կատարյալ բնությամբ՝ մարդացավ հոգով, մարմնով ու մտքով) հակառակեցին Նրա ուսմունքին, մանավանդ քահանայապետերն ու օրենսգետները՝ Նրա տան անդամները, և թշնամու պես մերժեցին՝ ըստ այսմ. «Կապենք արդարին, ով անհաճո եղավ մեզ» (Ես. 3:10), և տակավին նույն թշնամության մեջ են մնում:
Իսկ այլաբանորեն՝ բնական ախտերը՝ ցանկությունը, հաճույքը, երկյուղը, տրտմությունը, սրտմտությունը, բարկությունը, նաև զգայարանները, մի ընտանիք լինելով, երբ թշնամիների հետ են միաբանվում, վնասում են մեզ:
Ստեփանոս Սյունեցի (†735)
Մարդու թշնամիները իր տնեցիները կլինեն։
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 10:34
Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)
Մարդու թշնամիները իր տնեցիները կը լինեն:
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 10:17
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: