Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 14:13

Սրբ. Հովհան Ոսկեբերան (†407)

13-18. «Եվ երբ Հիսուս լսեց, այնտեղից նավով միայնակ մի ամայի տեղ գնաց։ Իսկ երբ ժողովուրդը լսեց այդ մասին, քաղաքներից ոտքով Նրա հետևից գնաց»։ «Եվ, ցամաք ելնելով, Հիսուս շատ ժողովուրդ տեսավ ու նրանց գթաց և բժշկեց նրանց հիվանդներին»։ «Երբ երեկո եղավ, [Հիսուսի] աշակերտները մոտեցան Նրան ու ասացին. «Այս տեղն ամայի է, և ժամն էլ արդեն ուշ է. արձակի՛ր ժողովրդին, որպեսզի նրանք գյուղերը գնան և իրենց համար ուտելիք առնեն»»։ «Բայց Հիսուս ասաց նրանց. «Կարիք չկա, որ նրանք գնան. դո՛ւք նրանց ուտելիք տվեք»»։ «Նրանք էլ ասացին Նրան (Հիսուսին). «Մենք այստեղ միայն հինգ հաց ու երկու ձուկ ունենք»»։ Իսկ Նա ասաց. «Դրանք այստե՛ղ՝ Ինձ մո՛տ բերեք»»։
   
    Նկատի ունեցիր, որ Տերը հետ էր քաշվում այն ժամանակ, երբ Հովհաննեսը մատնվում, երբ նրան մահապատժի ենթարկեցին, և երբ հրեաները լսեցին, որ Հիսուս շատ աշակերտներ է ձեռք բերում: Հիսուս նախընտրում էր ավելի հաճախ մարդկային ձևով գործել, մինչև ժամանակը գար Իր աստվածային լինելը լիովին բացահայտելու համար: Ահա թե ինչու Նա Իր աշակերտներին պատվիրեց ոչ մեկին չասել, որ Ինքը Քրիստոս է. Նա ուզում էր, որ դա հայտնի դառնար Իր հարությունից հետո: Այդ պատճառով Հիսուս խստորեն չնախատեց այն հրեաներին, որոնք դեռ չէին հավատում Իրեն, այլ արդարացրեց նրանց: Քրիստոս գնաց ոչ թե մի քաղաք, այլ անապատ, և ավելին՝ հեռացավ նավով, որպեսզի ոչ ոք չհետևի Իրեն: Մի՛ անտեսիր այն փաստը, որ Հովհաննեսի աշակերտներն այժմ ավելի էին մտերմացել Հիսուսին: Նրանք էին, որ Փրկչին տեղեկացրին [Հովհաննեսի հետ] պատահածի մասին և, ամեն ինչ թողնելով, դարձան Հիսուսի աշակերտները: Այսպիսով, Հովհաննեսի աշակերտներն իրենց ուսուցչին պատահած դժբախտությունից ցնցված, ասես մխիթարություն գտան Հիսուսի՝ Իր իսկ մասին ասած խոսքերից: Բայց ինչո՞ւ Տերը չհեռացավ, մինչև նրանցից լուր չստացավ տեղի ունեցածի մասին, չնայած որ գիտեր, թե ինչ էր պատահել՝ նախքան դա կասեին իրեն: Որպեսզի ամեն կերպ ցույց տար Իր մարդեղացման իսկությունը: Ոչ միայն Իր տեսքով, այլև Իր գործերով Քրիստոս ցանկանում էր հաստատել դրա ճշմարտացիությունը, քանի որ Նա գիտեր սատանայի չարամիտ խորամանկությունը, ըստ որի՝ վերջինս պատրաստ էր ամեն ինչ անել՝ մարդկանց մտքից Փրկչի մարմնավորման մասին գաղափարը վերացնելու համար։ Սրանք են այն պատճառները, որոնց դրդմամբ Քրիստոս հեռանում է անապատ։ Բայց Նրան կապված մարդիկ չեն լքում Նրան, այլ հետևում են Նրան, և Հովհաննեսի հետ կատարվածը նրանց չի վախեցնում։ Ահա թե ինչպիսին է նվիրվածությունը։ Ահա թե ինչպիսին է սերը։ Ահա թե ինչպես է այն ամեն ինչում հաղթում և հաղթահարում դժվարությունները։ Դրա համար էլ ժողովուրդը շուտով ստացավ իր վարձատրությունը։

    «Եվ Հիսուս, շատ ժողովուրդ տեսնելով, - ասում է ավետարանիչը, - նրանց գթաց և բժշկեց նրանց հիվանդներին» (14-րդ համար)։

    Չնայած նրանց եռանդը մեծ էր, սակայն Քրիստոսի օրհնությունները շատ ավելի մեծ էին, քան ցանկացած մարդկային ջանք։ Ահա թե ինչու ավետարանիչն այս դեպքում բժշկությունները վերագրում է ողորմության հատուկ դրսևորմանը. Քրիստոս բժշկում է բոլորին և այստեղ հավատքի մասին չի հարցնում, քանի որ բժշկվածներն արդեն իսկ ցույց են տալիս իրենց հավատքը՝ պարզապես Հիսուսի մոտ գալով, թողնելով իրենց քաղաքները, ջանասիրաբար փնտրելով և չլքելով Նրան նույնիսկ այն ժամանակ, երբ քաղցը ստիպում էր նրանց դա անել։ Քրիստոս մտադրվում է նրանց սնունդ տալ։ Բայց Նա Ինքը ձեռնամուխ չի լինում այս բարեգործությունն անելուն, այլ սպասում է, մինչև նրանք խնդրանքով դիմեն Իրեն՝ ամենուրեք պահպանելով, ինչպես արդեն ասացի, այն կանոնը, ըստ որի՝ չպետք է հրաշքներ գործել, մինչև այդ մասին խնդրանք չհնչի։ Բայց ինչո՞ւ ժողովրդից ոչ ոք չմոտեցավ և չխնդրեց Նրան դա անել։ Նրանք անչափ հարգում էին Հիսուսին, և Փրկչի հետ լինելու այդ մարդկանց ցանկությունը ճնշում էր նրանց քաղցի զգացումը։ Բայց նույնիսկ Քրիստոսի աշակերտները, Նրան մոտենալով, չասացին՝ «կերակրի՛ր նրանց», քանի որ նրանք (աշակերտները) դեռևս կատարյալ չէին։ Իսկ ի՞նչ են ասում նրանք։ «Երբ երեկո եղավ, - ասում է ավետարանիչը, - [Հիսուսի] աշակերտները մոտեցան Նրան ու ասացին. «Այս տեղն ամայի է, և ժամն էլ արդեն ուշ է. արձակի՛ր ժողովրդին, որպեսզի նրանք գյուղերը գնան և իրենց համար ուտելիք առնեն»» (15-րդ համար)»։ Եթե աշակերտները, նույնիսկ այս հրաշքի տեղի ունենալուց հետո, մոռացել էին դրա մասին և հացերի բազմացումից հետո էլ դեռ կարծում էին, թե Քրիստոս իրական հացի մասին էր խոսում, երբ փարիսեցիների ուսմունքը «թթխմոր» էր անվանում, ապա առավել ևս, դեռևս անձնական փորձառությամբ նման հրաշքի ականատես եղած չլինելով, չէին կարող նմանատիպ բան ակնկալել (տե՛ս Մատթ. 16:16):

    Եվ չնայած Քրիստոս արդեն իսկ բժշկել էր բազմաթիվ հիվանդների, աշակերտները, նույնիսկ դա տեսնելուց հետո, չէին սպասում հացերի բազմացման այդպիսի հրաշքի։ Նրանք դեռ այնքա՜ն անկատար էին։ Բայց դու նկատի՛ր Վարդապետի իմաստությունը, թե ինչպես է Նա ուղղակիորեն հավատքի առաջնորդում նրանց։ Հիսուս հանկարծակիորեն չասաց. «Ես կկերակրեմ նրանց», քանի որ նրանք այդքան հեշտությամբ չէին հավատա ասվածին։ «Բայց Հիսուս, - ասում է ավետարանիչը, - ասաց նրանց. «Կարիք չկա, որ նրանք գնան. դո՛ւք նրանց ուտելիք տվեք»» (16-րդ համար)։ Նա չասաց՝ «Ես կտամ», այլ՝ «դո՛ւք տվեք», քանի որ աշակերտները Հիսուսին դեռևս պարզապես մարդ էին համարում։ Նույնիսկ դրանից հետո նրանք ավելի բարձր գիտակցության չհասան, այլ, ընդհակառակը, կարծես մի սովորական մարդու պատասխանելով՝ ասացին. «Մենք ոչինչ չունենք, բացի հինգ հացից և երկու ձկից» (17-րդ համար)։ Ահա թե ինչու Մարկոս ավետարանիչն ասում է, որ նրանք չհասկացան, թե իրենց ինչ էր ասվել. «Որովհետև նրանց սրտերը կարծրացած էին» (հմմտ․ Մարկ․ ​​6։52, 8։17)։ Այսպիսով, քանի որ նրանք (աշակերտները) դեռ ասես «սողում» էին գետնի վրա, Տերն Ինքն է սկսում գործել և ասում է. «Դրանք այստե՛ղ՝ Ինձ մո՛տ բերեք» (18-րդ համար): Չնայած տեղն ամայի էր, սակայն, ահավասիկ, այստեղ Նա է, Ով սնուցում է ողջ տիեզերքը. չնայած ժամն արդեն ուշ էր, Նա, ով ժամանակին ենթակա չէ, խոսում է ձեզ հետ: Հովհաննեսը նաև նշում է, որ հացերը պատրաստված էին գարուց, և նա սա չի ասում առանց նպատակի, այլ՝ մեզ սովորեցնելու համար, որ չպարծենանք թանկարժեք ուտեստներով: Այդպիսին էր նաև մարգարեների՛ ճաշը։
   

Հովհաննես Ծործորեցի (†1338)

Երբ Յիսուս այդ լսեց, այնտեղից նաւակով առանձին գնաց մի ամայի տեղ: Երբ ժողովրդի բազմութիւնը լսեց այս, քաղաքներից հետիոտն նրա յետեւից գնաց:
   
    Երբ Հիսուսը լսեց, այդտեղից նավով մենակ գնաց անապատ տեղ:

    Ինչո՞ւ [Հովհաննեսի մասին] լսելուց առաջ չգնաց այդ տեղից, թեպետ [այդ մասին] նախապես գիտեր: Քանի որ կամենում էր ամեն կերպ ճշմարիտ ցույց տալ Իր [փրկագործական] տնօրենությունը, ուստի երբ Հովհաննեսը մատնվեց ու սպանվեց, և երբ հրեաները լսեցին, թե շատերին է [Ինքը] աշակերտ դարձնում, խույս տվեց, որովհետև շատ բան կամենում էր մարդկորեն իրագործել. դեռ ժամանակը չէր Իր աստվածության փառքը բացահայտելու: Գիտեր սատանայի հնարքները, որ ջանում էր Նրա մարդեղության խորհուրդը խափանել, ուստի աշակերտներին պատվիրում էր ոչ ոքի չասել, թե Ինքն է Քրիստոսը, մինչև Մարդու Որդին մեռելների միջից հարություն առնի (Մատթ. 16։20, 17:9): Ուստի գնաց ոչ թե ինչ-որ քաղաք, այլ անապատ տեղ, ասում է [ավետարանիչը]: Եվ նավ մտավ, որպեսզի ոչ ոք չթախանձեր Նրա հետևից գնալ:

    Իսկ այլաբանորեն՝ Հովհաննեսի մահվանից, այսինքն՝ մարգարեների սպառվելուց հետո Խոսքը գնաց հեթանոսների մոտ, ովքեր բարիքներից զուրկ անապատ էին, և շատերին աշակերտ դարձրեց Իր մարմնի նավով:

    Երբ ժողովուրդը լսեց, այն քաղաքներից ոտքով գնաց Նրա հետևից:

    Քանի որ փարվել էին Նրա սիրուն, ոտքով գնում էին Նրա հետ: Ուստի նաև Հովհաննեսի մահվանից չվախեցան: Որովհետև այնպիսին են գութն ու սերը, որ ամեն ինչի հաղթում են և ամեն դանդաղկոտություն հեռու վանում: Այս պատճառով էլ հատուցումը հենց տեղում ստացան, ինչպես պատմում է [ավետարանիչը]:
   

Ստեփանոս Սյունեցի (†735)

Երբ Յիսուս այդ լսեց, այնտեղից նաւակով առանձին գնաց մի ամայի տեղ: Երբ ժողովրդի բազմութիւնը լսեց այս, քաղաքներից հետիոտն նրա յետեւից գնաց:
   
    «Երբ Հիսուս այդ լսեց, այնտեղից նավակով առանձին գնաց մի ամայի տեղ»:
Մարգարեին սպանելուց հետո Բանը գնում է հեթանոսների մեջ, ովքեր գնում էին նրա ետևից, որոնց գթալով՝ բժշկեց նրանց հիվանդներին: Իրոք, նախ բժշկեց ամբոխի հիվանդներին ապա նոր կերակրեց հացով ու ձկով, որպեսզի չթուլանան ճանապարհին:
   

Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)

13-14. Երբ Յիսուս այդ լսեց, այնտեղից նաւակով առանձին գնաց մի ամայի տեղ: Երբ ժողովրդի բազմութիւնը լսեց այս, քաղաքներից հետիոտն նրա յետեւից գնաց: Եւ երբ նա ցամաք ելաւ, տեսաւ բազում ժողովուրդ, գթաց նրանց եւ բժշկեց նրանց հիւանդներին:
   
    Երբ մի քանի ամսվա աշխատանքից հետո առաքյալները Հիսուսի մոտ հավաքվեցին, Կափառնայումում դարձյալ ահագին ամբոխ ու աղմուկ սկսեց խռնվել նրանց շուրջը, որովհետև Գալիլիայում դադարեցին քարոզություներն ու բժշկությունները և կենտրոնացան Կափառնայումում: Ժողովուրդն էլ հարկադրվեց շտապել Կափառնայում:
    Հոգնած առաքյալները որոշ ժամանակ հանգստի կարիք ունեին, բայց, ընդհակառակը, այնպիսի վիճակի մեջ ընկան, որ եկողների ու գնացողների պատճառով հանգիստ կերպով հաց ուտելու ժամանակ իսկ չէին գտնում: Հիսուս, տեսնելով, որ և՛ Իրեն, և՛ յուրայիններին մի քիչ հանգստանալու անհրաժեշտություն կա, առաքյալներին ասաց. «Եկե՛ ք, գնանք, հեռանանք այստեղից, հեռու և անբնակելի մի վայր քաշվենք, որպեսզի ոչ ոք չիմանա մեր գտնվելու տեղը, և մի քանի օր հանգիստ առնենք»: Այս ասաց, առաքյալներին շտապեցրեց, ոչ ոքի ոչինչ չասացին, գիշերախառն նավ մտան և ուղիղ դեպի Գալիլիայի ծովակի հյուսիս- արևելյան անկյունը` դեպի Բեթսայիդա նավարկեցին, ծովեզերյա փոքրիկ քաղաքը` Պետրոսի, Անդրեասի և Փիլիպպոսի հայրենիքը: Այնտեղ ցամաք դուրս գալով` շարժվեցին դեպի հյուսիս, դեպի մյուս Բեթսայիդա, որը կառուցել ու զարդարել էր Փիլիպպոս Չորրորդապետը և ի պատիվ Օգոստոս կայսեր` անվանել էր Հուլիա, բայց սովորաբար կոչվում էր Հուլիայի-Բեթսաիդա: Դրանցից այն կողմ տարածվում են Գավզոնի լեռները, այժմ` Ջուլա, որոնք արևմտյան մասում` Հորդանան գետի ձախ եզերքի վրա, գրեթե անմարդաբնակ են: Այդ առանձնության մեջ քաշվեց Հիսուս առաքյալների հետ, և որը ավետարանիչները կոչում են Բեթսայիդայի անապատ` Գալիլիայի ծովակի մյուս կողմը:
    Գալիլիացիները, Հիսուսին հանկարծ տեսադաշտից կորցնելուց հուզված, ամեն միջոց օգտագործեցին և, վերջապես, իմացան Նրա գտնվելու վայրը: Լուր տարածվեց քաղաքից քաղաք և գյուղից գյուղ, և ահա կեսօրյա հանգստից հետո Հիսուս և յուրայինները դարձյալ կորցրեցին իրենց ազատությունը: Մի առավոտ արթնացան ու տեսան, որ ահագին բազմություն և տարբեր կողմերից եկող մի ամբոխ անմարդաբնակ վայրերը բազմամարդ է դարձնում. այր և կին, ծեր և երիտասարդ, մեծ ու փոքր, առողջ ու հիվանդ, միմյանց խառնված, լցվում են Բեթսայիդայի անապատը: Իրեն և յուրայիններին անհրաժեշտ մարմնական հանգստի, հոգուն հանգստություն տալու և ուժգին կերպով նորից գործի լծվելու համար Հիսուս սիրում էր հեռանալ ժողովրդից, բայց երբ, հակառակ Իր խուսափելուն, ժողովուրդը հասնում էր Իր ետևից, չէր կարողանում մերժել ու զրկել: Հազիվ էր այդ բարեսեր ժողովուրդը հասել Իրեն, երբ Ինքը, առանց որևէ դժգոհություն հայտնելու, սկսեց նրանց բարի փափագը կատարել, Երկնքի Արքայության մասին քարոզները շարունակել, Ավետարանի խորհուրդները բացատրել, հիվանդներին առողջացնել, դիվահարներին բժշկել և ամեն տեսակի խնդրվածքները ի կատար ածել: Այսպես անցկացրեց օրնիբուն, երբ մեկ կողմից հեռացողների փոխարեն շատ ավելիով նորերն էին հասնում, և տարածվող մի բազմություն էր մնում Բեթսայիդայի անապատում: