Հովհաննես Ծործորեցի
Երբ Յիսուս այդ լսեց, այնտեղից նաւակով առանձին գնաց մի ամայի տեղ: Երբ ժողովրդի բազմութիւնը լսեց այս, քաղաքներից հետիոտն նրա յետեւից գնաց:
Երբ Հիսուսը լսեց, այդտեղից նավով մենակ գնաց անապատ տեղ:
Ինչո՞ւ [Հովհաննեսի մասին] լսելուց առաջ չգնաց այդ տեղից, թեպետ [այդ մասին] նախապես գիտեր: Քանի որ կամենում էր ամեն կերպ ճշմարիտ ցույց տալ Իր [փրկագործական] տնօրենությունը, ուստի երբ Հովհաննեսը մատնվեց ու սպանվեց, և երբ հրեաները լսեցին, թե շատերին է [Ինքը] աշակերտ դարձնում, խույս տվեց, որովհետև շատ բան կամենում էր մարդկորեն իրագործել. դեռ ժամանակը չէր Իր աստվածության փառքը բացահայտելու: Գիտեր սատանայի հնարքները, որ ջանում էր Նրա մարդեղության խորհուրդը խափանել, ուստի աշակերտներին պատվիրում էր ոչ ոքի չասել, թե Ինքն է Քրիստոսը, մինչև Մարդու Որդին մեռելների միջից հարություն առնի 793: Ուստի գնաց ոչ թե ինչ-որ քաղաք, այլ անապատ տեղ, ասում է [ավետարանիչը]: Եվ նավ մտավ, որպեսզի ոչ ոք չթախանձեր Նրա հետևից գնալ:
Իսկ այլաբանորեն՝ Հովհաննեսի մահվանից, այսինքն՝ մարգարեների սպառվելուց հետո Խոսքը գնաց հեթանոսների մոտ, ովքեր բարիքներից զուրկ անապատ էին, և շատերին աշակերտ դարձրեց Իր մարմնի նավով:
Երբ ժողովուրդը լսեց, այն քաղաքներից ոտքով գնաց Նրա հետևից:
Քանի որ փարվել էին Նրա սիրուն, ոտքով գնում էին Նրա հետ: Ուստի նաև Հովհաննեսի մահվանից չվախեցան: Որովհետև այնպիսին են գութն ու սերը, որ ամեն ինչի հաղթում են և ամեն դանդաղկոտություն հեռու վանում: Այս պատճառով էլ հատուցումը հենց տեղում ստացան, ինչպես պատմում է [ավետարանիչը]:
Ստեփանոս Սյունեցի
Երբ Յիսուս այդ լսեց, այնտեղից նաւակով առանձին գնաց մի ամայի տեղ: Երբ ժողովրդի բազմութիւնը լսեց այս, քաղաքներից հետիոտն նրա յետեւից գնաց:
«Երբ Հիսուս այդ լսեց, այնտեղից նավակով առանձին գնաց մի ամայի տեղ»:
Մարգարեին սպանելուց հետո Բանը գնում է հեթանոսների մեջ, ովքեր գնում էին նրա ետևից, որոնց գթալով՝ բժշկեց նրանց հիվանդներին: Իրոք, նախ բժշկեց ամբոխի հիվանդներին ապա նոր կերակրեց հացով ու ձկով, որպեսզի չթուլանան ճանապարհին:
 
Մաղաքիա արք. Օրմանյան
13-14. Երբ Յիսուս այդ լսեց, այնտեղից նաւակով առանձին գնաց մի ամայի տեղ: Երբ ժողովրդի բազմութիւնը լսեց այս, քաղաքներից հետիոտն նրա յետեւից գնաց: Եւ երբ նա ցամաք ելաւ, տեսաւ բազում ժողովուրդ, գթաց նրանց եւ բժշկեց նրանց հիւանդներին:
 
 Երբ մի քանի ամսվա աշխատանքից հետո առաքյալները Հիսուսի մոտ հավաքվեցին, Կափառնայումում դարձյալ ահագին ամբոխ ու աղմուկ սկսեց խռնվել նրանց շուրջը, որովհետև Գալիլիայում դադարեցին քարոզություներն ու բժշկությունները և կենտրոնացան Կափառնայումում: Ժողովուրդն էլ հարկադրվեց շտապել Կափառնայում:
 Հոգնած առաքյալները որոշ ժամանակ հանգստի կարիք ունեին, բայց, ընդհակառակը, այնպիսի վիճակի մեջ ընկան, որ եկողների ու գնացողների պատճառով հանգիստ կերպով հաց ուտելու ժամանակ իսկ չէին գտնում: Հիսուս, տեսնելով, որ և՛ Իրեն, և՛ յուրայիններին մի քիչ հանգստանալու անհրաժեշտություն կա, առաքյալներին ասաց. «Եկե՛ ք, գնանք, հեռանանք այստեղից, հեռու և անբնակելի մի վայր քաշվենք, որպեսզի ոչ ոք չիմանա մեր գտնվելու տեղը, և մի քանի օր հանգիստ առնենք»: Այս ասաց, առաքյալներին շտապեցրեց, ոչ ոքի ոչինչ չասացին, գիշերախառն նավ մտան և ուղիղ դեպի Գալիլիայի ծովակի հյուսիս- արևելյան անկյունը` դեպի Բեթսայիդա նավարկեցին, ծովեզերյա փոքրիկ քաղաքը` Պետրոսի, Անդրեասի և Փիլիպպոսի հայրենիքը: Այնտեղ ցամաք դուրս գալով` շարժվեցին դեպի հյուսիս, դեպի մյուս Բեթսայիդա, որը կառուցել ու զարդարել էր Փիլիպպոս Չորրորդապետը և ի պատիվ Օգոստոս կայսեր` անվանել էր Հուլիա, բայց սովորաբար կոչվում էր Հուլիայի-Բեթսաիդա: Դրանցից այն կողմ տարածվում են Գավզոնի լեռները, այժմ` Ջուլա, որոնք արևմտյան մասում` Հորդանան գետի ձախ եզերքի վրա, գրեթե անմարդաբնակ են: Այդ առանձնության մեջ քաշվեց Հիսուս առաքյալների հետ, և որը ավետարանիչները կոչում են Բեթսայիդայի անապատ` Գալիլիայի ծովակի մյուս կողմը:
 Գալիլիացիները, Հիսուսին հանկարծ տեսադաշտից կորցնելուց հուզված, ամեն միջոց օգտագործեցին և, վերջապես, իմացան Նրա գտնվելու վայրը: Լուր տարածվեց քաղաքից քաղաք և գյուղից գյուղ, և ահա կեսօրյա հանգստից հետո Հիսուս և յուրայինները դարձյալ կորցրեցին իրենց ազատությունը: Մի առավոտ արթնացան ու տեսան, որ ահագին բազմություն և տարբեր կողմերից եկող մի ամբոխ անմարդաբնակ վայրերը բազմամարդ է դարձնում. այր և կին, ծեր և երիտասարդ, մեծ ու փոքր, առողջ ու հիվանդ, միմյանց խառնված, լցվում են Բեթսայիդայի անապատը: Իրեն և յուրայիններին անհրաժեշտ մարմնական հանգստի, հոգուն հանգստություն տալու և ուժգին կերպով նորից գործի լծվելու համար Հիսուս սիրում էր հեռանալ ժողովրդից, բայց երբ, հակառակ Իր խուսափելուն, ժողովուրդը հասնում էր Իր ետևից, չէր կարողանում մերժել ու զրկել: Հազիվ էր այդ բարեսեր ժողովուրդը հասել Իրեն, երբ Ինքը, առանց որևէ դժգոհություն հայտնելու, սկսեց նրանց բարի փափագը կատարել, Երկնքի Արքայության մասին քարոզները շարունակել, Ավետարանի խորհուրդները բացատրել, հիվանդներին առողջացնել, դիվահարներին բժշկել և ամեն տեսակի խնդրվածքները ի կատար ածել: Այսպես անցկացրեց օրնիբուն, երբ մեկ կողմից հեռացողների փոխարեն շատ ավելիով նորերն էին հասնում, և տարածվող մի բազմություն էր մնում Բեթսայիդայի անապատում:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: