Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 16:19

Սրբ. Հովհան Ոսկեբերան (†407)

19-20․ «Եվ Ես քեզ եմ տալու Երկնքի արքայության բանալիները, և ինչ որ երկրի վրա կապես, կապված կլինի երկնքում, և ինչ որ երկրի վրա արձակես, արձակված կլինի երկնքում»։ «Այդ ժամանակ Հիսուս Իր աշակերտներին պատվիրեց, որ ոչ ոքի չասեն, թե Ինքն է Քրիստոս»։
   
    Հետո խոստանում է նաև մեկ այլ պատվավոր բան. «Եվ Ես քեզ եմ տալու Երկնքի արքայության բանալիները» (Մատթ. 16:19)։ Ի՞նչ է սա նշանակում. «Եվ Ես քեզ եմ տալու»։ Ինչպես Հայրը տվեց քեզ Իմ մասին իմացությունը, այդ նույն կերպ էլ Ես քեզ եմ տալու․․․ Հիսուս չասաց՝ «կաղաչեմ Հորը», թեև դա նույնպես Աստվածորդու զորության և Իր անասելի մեծ շնորհի կարևորագույն ապացույցը կլիներ։ Այլ ասաց․ «Ես քեզ եմ տալու»։ Իսկ ի՞նչ ես Դու, Տե՛ր, տալիս, ասա՛ ինձ։ Երկնքի բանալիները, որպեսզի «ինչ որ երկրի վրա կապես, կապված կլինի երկնքում, և ինչ որ երկրի վրա արձակես, արձակված կլինի երկնքում»։ Ինչպե՞ս կարող է Հիսուս Պետրոսին շնորհ չանել՝ բազմելու Իր աջ և ձախ կողմերում։ Նույն Ինքը՝ Քրիստոս, Ով ասում է. «Ես քեզ եմ տալու»։ Տեսնո՞ւմ ես, թե ինչպես է Քրիստոս Իր այս երկու խոստումներով Պետրոսին բարձրացնում Իր մասին բարձր ճանաչողության, ինչպես է բացահայտում Ինքն Իրեն և ներկայանում որպես ճշմարիտ Աստծու Որդի։ Նա խոստանում է պարգևել նրան այն, ինչը սեփականապես պատկանում է միայն Աստծուն, այն է՝ արձակել մեղքերը, Եկեղեցին անսասան դարձնել բոլոր ալեկոծումների մեջ և պարզ ձկնորսին դարձնել ամեն մի քարից էլ ավելի ամուր, նույնիսկ եթե ողջ տիեզերքն էլ նրա դեմ ելնի։ Նմանապես նաև, Հայր Աստված Երեմիայի հետ խոսեց՝ ասելով, թե «դնում է նրան որպես պղնձե սյուն և որպես պատ» (հմմտ․ Երեմ. 1:18)։ Սակայն Երեմիան կարգված էր միայն մեկ ժողովրդի համար, իսկ ահա Պետրոսը՝ ողջ տիեզերքի համար։ Կցանկանայի հարցնել նրանց, ովքեր նսեմացնում են Որդուն. ո՞ր պարգևներն են ավելի մեծ․ որոնք Հա՞յրը տվեց Պետրոսին, թե՞ որոնք Որդի՛ն տվեց նրան։ Հայրը Պետրոսին պարգևեց Որդու մասին հայտնությունը, իսկ Որդին Հոր և Ինքն Իր մասին հայտնված ճանաչողությունը սերմանեց ողջ տիեզերքում ու այդ իմացությունը վստահեց մի պարզ մահկանացուի՝ տալով նրան բանալիները և իշխանություն՝ երկնային ամեն ինչի վրա։ Եվ նա (Պետրոսը) քարոզեց Եկեղեցին ողջ տիեզերքով մեկ ու ցույց տվեց, որ այս Եկեղեցին երկնքից էլ ավելի զորավոր է։ «Երկինք և երկիր պիտի անցնեն, բայց Իմ խոսքերը չպիտի անցնեն» (Մատթ. 24:35)։ Ուրեմն ինչպե՞ս կարող է փոքր վանկարկվել Նա՛, Ով այսպիսի իշխանություն տվեց և այսպիսի գործեր կատարեց։ Սա ասելով՝ ես չեմ բաժանում Հոր գործերը Որդու գործերից. «Ամեն ինչ Նրանով եղավ, և առանց Նրան չեղավ ոչինչ» (Հովհ. 1:3)։ Այլ ցանկանում եմ սանձել Որդուն նսեմացնել համարձակվողների անամոթ լեզուն։

    Այս ամենից ճանաչի՛ր Քրիստոսի իշխանությունը։ «Եվ Ես էլ քեզ ասում եմ, որ դու Պետրոս ես, և այդ վեմի վրա եմ կառուցելու Իմ Եկեղեցին, և դժոխքի դռները նրան չեն կարողանա հաղթել։ Եվ Ես քեզ եմ տալու Երկնքի արքայության բանալիները», - սա ասելով՝ «այդ ժամանակ Հիսուս Իր աշակերտներին պատվիրեց, որ ոչ ոքի չասեն, թե Ինքն է Քրիստոս» (Մատթ. 16:18-20)։ Ինչո՞ւ Նա արգելեց այդ մասին վկայել։ Ա՛յն պատճառով, որպեսզի գայթակղեցնողների հեռանալուց, խաչելության սխրանքն իրագործելուց և Իր բոլոր տառապանքների ավարտից հետո, երբ արդեն ոչ ոք չէր կարող խոչընդոտել ու վնասել մարդկանց՝ Իր հանդեպ տածած հավատքին, ահա ա՛յդ ժամանակ ունկնդիրների մտքում մաքուր և հաստատուն դրոշմվեր Իր մասին ճշմարիտ գիտակցությունը։ Քրիստոս Իր զորությունը դեռևս այնքան ակնհայտորեն չէր դրսևորել։ Դրա համար Նա ցանկանում էր, որ առաքյալներն ա՛յն ժամանակ սկսեին քարոզել Իր մասին, երբ քարոզվածի ակնհայտ ճշմարտությունը և իրադարձությունների զորությունը ևս կհաստատեին իրենց (առաքյալների) խոսքերը։ Իրոք որ, մի բան էր տեսնել, թե ինչպես է Հիսուս մեկ հրաշագործում Պաղեստինում, մեկ էլ՝ ենթարկվում նախատինքների ու հալածանքների (հատկապես, երբ հրաշքներից հետո պիտի հետևեր խաչելությունը), և մեկ ուրիշ բան էր տեսնել, թե ինչպես է ողջ տիեզերքը երկրպագում Քրիստոսին ու հավատում Նրան, և Հիսուս այլևս չի ենթարկվում որևէ տառապանքի, որոնք կրել էր նախկինում։ Ահա թե ինչու է Քրիստոս հրամայում ոչ ոքի չասել այդ մասին։ Մի անգամ արմատացած և ապա արմատախիլ արված տունկը դժվար է կրկին տնկել ու պահել մյուս տունկերի թվում։ Ընդհակառակը, այն, ինչ մեկ անգամ արմատ է գցում և մնում է իր տեղում ու ոչնչով չի վնասվում, դյուրապես բողբոջում է և աճում։ Եթե նրանք, ովքեր տեսել էին բազում հրաշքներ ու լսել էին այդքան անպատում խորհուրդներ, գայթակղվեցին տառապանքների մասին գեթ լուրը լսելով, և այստեղ խոսքը ոչ թե միայն հետին առաքյալների, այլև նրանցից առաջինը եղող Պետրոսի՛ մասին է, ապա պատկերացրու, թե ինչ գայթակղության կենթարկվեր ժողովուրդը, եթե իմանար, որ Քրիստոս Աստծու Որդին է, և ապա, դեռևս Սուրբ Հոգին ընդունած չլինելով ու այդ իրադարձությունների մեջ թաքնված խորհուրդը չհասկանալով, ականատես լիներ, թե ինչպես են Հիսուսին խաչում ու թքում երեսին։ Եթե անգամ աշակերտներին Քրիստոս ասում էր. «Դեռ շատ բաներ ունեմ ձեզ ասելու, բայց այժմ չեք կարող տանել» (Հովհ. 16:12), ապա առավել ևս կխռովվեր պարզ ժողովուրդը, եթե ժամանակից շուտ նրա առջև բացահայտվեր խորհուրդներից ամենավսեմը։ Ահա՛ թե ինչու Հիսուս արգելեց դա ասել։ Եվ իրոք, հույժ կարևոր էր ամբողջական ուսմունքին հաղորդակից դառնալ միայն այս իրադարձություններից հետո, երբ անցած-գնացած կլինեին բոլոր տեսակի գայթակղությունները։ Որպես դրա ապացույց տե՛ս առաքյալներից գլխավորի օրինակը։ Այն նույն Պետրոսը, որն այդքան հրաշքների ականատես լինելուց հետո այդքան տկարություն էր ցուցաբերել, որ նույնիսկ ուրացել էր Հիսուսին և վախեցել մի հասարակ աղախնուց, խաչելության տառապանքների ավարտից հետո, տեսնելով Հարության հստակ ապացույցները և այլևս զերծ լինելով որևէ տեսակի գայթակղությունից ու սարսափից, այդ նույն Պետրոսն այնպիսի անսասանությամբ պաշտպանեց Սուրբ Հոգու ուսմունքը, որ, չնայած իրեն սպառնացող բոլոր վտանգներին ու մահվան հազարահնար սպառնալիքներին, առյուծից էլ ավելի մեծ զորությամբ էր հարձակվում հրեական ժողովրդի վրա։

    Այսպիսով, Քրիստոս արդարացիորեն արգելեց Իր մասին գիտությունը խաչելությունից առաջ հայտնել ժողովրդին, քանի որ նախքան Իր խաչելությունը Հիսուս Ինքն էլ վախենում էր ամեն ինչ բացահայտել նույնիսկ նրա՛նց, ովքեր հետագայում այդ ամենի քարոզիչները պիտի լինեին։ «Դեռ շատ բաներ ունեմ ձեզ ասելու, - ասում է Քրիստոս, - բայց այժմ չեք կարող տանել»։ Եվ իրոք, նրանք Իր խոսքերում թաքնված գաղտնիքներից շատերը դեռ չէին հասկանում, ու նախքան խաչելությունը Հիսուս հստակորեն չբացահայտեց այդ խորհուրդները, և Փրկչի որոշ խոսքերի աշակերտները հասու դարձան միայն իրենց Վարդապետի Հարությունից հետո։
   

Հովհաննես Ծործորեցի (†1338)

Եւ քեզ պիտի տամ երկնքի արքայութեան բանալիները, եւ ինչ որ մի անգամ կապես երկրի վրայ, կապուած պիտի լինի երկնքում: Եւ ինչ որ արձակես երկրի վրայ, արձակուած պիտի լինի երկնքում»:
   

    Եվ կտամ քեզ երկնքի արքայության բանալիները:

    Այստեղ ևս իշխանություն է ցույց տալիս, որովհետև չի ասում. «Կաղաչեմ Հորը», այլ թե՝ «Ե՛ս կտամ», որպեսզի Հոր հետ Իր համապատվությունն ու միակամությունը հայտնի: Նաև Պետրոսին է մասնակից դարձնում [այդ իշխանության գործադրությանը], որպեսզի երկինքը բացի ապաշխարողների ու հավատացյալների առաջ և փակի անհավատների ու մեղանչածների դեմ: Իսկ «երկնքի [արքայության] բանալիներն» են՝ նախ՝ մկրտությունը՝ ըստ այսմ. «Եթե մեկը չծնվի ջրից ու Հոգուց, չի կարող մտնել [Աստծո] արքայություն» (Հովհ. 3։5):
    Երկրորդ՝ [Քրիստոսի] ուսմունքը:
    Երրորդ՝ [Քրիստոսի] խաչն ու չարչարանքները, ինչպես որ ավազակի համար եղավ (Ղուկ. 23։32-43) , որովհետև ինչ որ Ադամը հեշտությամբ փակեց, [Քրիստոսը] խաչով բացեց 1
    Չորրորդ՝ աղոթքն ու այլ առաքինությունները՝ հավատով ու հույսով հանդերձ, որոնցով Պետրոսը զգեստավորվեց [Քրիստոսին] ուրանալուց հետո:     Հինգերորդ՝ կապելն ու արձակելը, ինչի մասին [Հիսուսը] խոսելու է հաջորդիվ: Իսկ այլաբանորեն՝ «արքայությունը» Քրիստոսն է և Նրա ուսմունքը, և «դռները» սրբերն են, որոնց միջոցով մտնում ենք Նրա մոտ և Նրա գիտության մեջ:

    Եվ ինչ որ կապես երկրում, կապված կլինի երկնքում, և ինչ որ արձակես երկրում, արձակված կլինի երկնքում»: [Հիսուսը] շատ մեծ պատվի է բարձրացնում Պետրոսին, որովհետև [վերջինս] բարձրագույնը հասկացավ [Քրիստոսի] մասին՝ ցույց տալով, որ [Նա] Աստծո Որդին է: [Պատվում է Պետրոսին] նաև այս խոստումով, որովհետև միայն Աստծուն է հատուկ յուրաքանչյուրի մեղքերը ներել ու պատահող բազմաթիվ ալեկոծությունների մեջ Եկեղեցին անշարժ պահել: Եվ բացի ասվածից, ևս երկու շնորհ է պարգևում [Պետրոսին]՝ բարերարելն ու պատժելը (ինչպես որ Եղիսեին [տվեց] Եղիայի ունեցած Հոգու կրկնակին (Դ Թագ. 2։9), որովհետև իշխանություն տվեց կապել սատանային և ազատ արձակել հեթանոսներին, և դա՝ թե՛ երկնքում, թե՛ երկրում, ինչպես որ [Պետրոսը մահվամբ] կապեց Անանիային և [մահվանից] ազատեց Տաբիթային (Գործք 5, 9), ինչը [կյանքի դռան] բացում է:
   

Ստեփանոս Սյունեցի (†735)

Եւ քեզ պիտի տամ երկնքի արքայութեան բանալիները, եւ ինչ որ մի անգամ կապես երկրի վրայ, կապուած պիտի լինի երկնքում: Եւ ինչ որ արձակես երկրի վրայ, արձակուած պիտի լինի երկնքում»:
   
    Քեզ պիտի տամ երկնքի արքայության բանալիները»:
Երկնքի արքայությունը Քրիստոս է, և Նրա առաքինությունն ու վարդապետությունը սուրբ դռներն են: Ըստ սրանց նմանության՝ իմացի՛ր և իմանալի բանալիների [վերաբերյալ]:
   

Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)

Եւ քեզ պիտի տամ երկնքի արքայութեան բանալիները, եւ ինչ որ մի անգամ կապես երկրի վրայ, կապուած պիտի լինի երկնքում: Եւ ինչ որ արձակես երկրի վրայ, արձակուած պիտի լինի երկնքում»:
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 16:17