Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 16:21

Սրբ. Հովհան Ոսկեբերան (†407)

 21-23․ «Դրանից հետո Հիսուս սկսեց հայտնել Իր աշակերտներին, որ Ինքը պետք է Երուսաղեմ գնա, ծերերից, քահանայապետներից, դպիրներից շատ չարչարանքներ կրի, սպանվի ու երրորդ օրը հարություն առնի»։ «Եվ Պետրոսը, Նրան մի կողմ տանելով, սկսեց Նրան հանդիմանել ու ասել. «Քա՛վ լիցի, Տե՛ր, թող Քեզ այդպիսի բան չպատահի»»։ «Եվ Նա դարձավ Պետրոսին ու ասաց. «Հեռո՛ւ Ինձնից, սատանա՛, դու Ինձ համար գայթակղություն ես, որովհետև դու խորհում ես ոչ թե Աստծունը, այլ մարդկայինի մասին»»։
   

    «Դրանից հետո Հիսուս սկսեց հայտնել Իր աշակերտներին, որ Ինքը պետք է Երուսաղեմ գնա, ծերերից, քահանայապետներից, դպիրներից շատ չարչարանքներ կրի» (Մատթ․ 16։21) – «Դրանից հետո» - Ինչի՞ց հետո։ Ա՛յն բանից հետո, երբ Հիսուս Իր աստվածության մասին ուսմունքը սերմանեց նրանց մեջ, այսինքն՝ երբ սկիզբ դրեց հեթանոսների՝ դեպի քրիստոնեություն դարձին։ Բայց և այնպես «դրանից հետո» էլ աշակերտները դեռևս չէին հասկացել Փրկչի խոսքերը, քանի որ ասվում է. «․․․և ասվածները չէին ըմբռնում» (Ղուկ. 18:34)։ Նրանք դեռ ասես ինչ-որ խավարի մեջ էին մնում՝ չիմանալով, որ Քրիստոս պետք է Հարություն առներ։ Ահա թե ինչու Քրիստոս կանգ է առնում աշակերտների համար դժվարըմբռնելի այս թեմայի վրա, ընդարձակում է Իր խոսքը, որպեսզի բացի նրանց միտքը և հնարավորություն տա հասկանալու, թե ինչ են նշանակում Իր խոսքերը։ Բայց նրանք «չէին ըմբռնում», այլ «խոսքը նրանցից ծածկված էր»։ Աշակերտները նույնիսկ վախենում էին Հիսուսին հարց տալ, և հարցնել ո՛չ թե այն մասին, թե Նա իսկապե՞ս մեռնելու է, այլ այն մասին, թե ինչպե՞ս և ի՞նչ կերպով է դա լինելու, և թե ի՞նչ է նշանակում այս խորհուրդը։

    Նրանք չգիտեին, թե ինչ է նշանակում հարություն առնել, և նրանց համար կարևորագույնը երբևէ չմահանալն էր։ Ահա թե ինչու աշակերտներին պատած համընդհանուր վրդովմունքի ու տարակուսանքի ժամանակ բոցաշունչ Պետրոսը կրկին միայնակ համարձակվում է շարունակել այս խոսակցությունը, բայց և դա անում է ոչ բոլորի ներկայությամբ, այլ առանձին, այսինքն՝ մյուս աշակերտներից հեռացած, և ասում է. «Քա՛վ լիցի, Տե՛ր, թող Քեզ այդպիսի բան չպատահի» (Մատթ. 16:22)։ Ի՞նչ է սա նշանակում։ Նա, ով հայտնության արժանացավ և «երանելի» կոչվեց, այնքա՜ն շուտ սայթաքեց ու ընկավ, որ վախեցա՞վ տառապանքից։ Բայց ի՞նչ զարմանալի բան կա, եթե սա պատահեց մի մարդու հետ, որն այդ մասին հայտնություն չէր ստացել։ Որպեսզի իմանաս, որ Պետրոսն ինքն իրենից չասաց այս խոսքերը, թե՝ «Դու Քրիստոսն ես՝ կենդանի Աստծու Որդին»), տե՛ս, թե առաքյալների գլխավորն ինչպես է վրդովվում ու տարակուսում այն հարցի շուրջ, ինչը դեռ իրեն չէր բացահայտվել, և հազարավոր անգամ լսելով էլ՝ դարձյալ չի հասկանում, թե ինչ են իրեն ասում։ Նա ճանաչեց, որ Հիսուս Աստծու Որդին է, բայց թե ինչ է խաչի ու հարության խորհուրդը, - դա նրան դեռևս հայտնի չէր։ Ավետարանում ասվում է. «խոսքը նրանցից ծածկված էր»։ Տեսնո՞ւմ ես, թե Քրիստոս որքա՜ն արդարացիորեն արգելեց այդ մասին ասել ուրիշներին։ Եթե ասվածն այնպես վրդովեց նույնիսկ նրանց, ովքեր պիտի իմանային սա, ապա ինչեր ասես որ չէր պատահի մյուսների հետ։ Բայց Քրիստոս, կամենալով ցույց տալ, որ Ինքն ամենևին ոչ Իր կամքին հակառակ է գնում տառապանքի, նույնիսկ հանդիմանեց Պետրոսին և նրան «սատանա» կոչեց։

    Թող լսեն սա բոլոր նրանք, ովքեր ամաչում են Քրիստոսի խաչի տառապանքներից։ Եթե գլխավոր առաքյալն անգամ, և այն էլ այնպիսի իրավիճակում, երբ դեռ ամեն ինչ պարզորոշ չէր ըմբռնում, «սատանա» կոչվեց խաչելության խորհրդից ամաչեց, ապա ի՞նչ արդարացում կգտնեն նրանք, ովքեր բոլորովին ակնհայտ իրականության պայմաններում մերժում են այս խորհուրդը։ Եթե այսպիսի հանդիմանություն է լսում նախորդիվ «երանելի» կոչված և Քրիստոսի աստվածությունը դավանած մեկը, ապա մտածի՛ր, թե ինչպիսի պարսավանքի կենթարկվեն նրա՛նք, ովքեր նույնիսկ այժմ էլ մերժում են խաչի խորհուրդը։ Քրիստոս չասաց՝ «սատանան է խոսում քո բերանով», այլ՝ «հեռո՛ւ Ինձնից, սատանա՛»։ Որովհետև հակառակորդը (սատանան) հենց ա՛յն էր ցանկանում, որ Քրիստոս չտառապեր։ Ահա պատճառը, թե ինչու Հիսուս այսպիսի խստությամբ հանդիմանեց Պետրոսին. Նա տեսնում էր, որ թե՛ Պետրոսը, և թե՛ մյուսներն ամենից շատ դրանից էին վախենում ու չէին կարողանում հանգիստ լսել այդ մասին լուրը։ Այս իսկ պատճառով էլ Քրիստոս բացահայտում է նաև նրա գաղտնի մտածումները՝ ասելով. «Խորհում ես ոչ թե Աստծունը, այլ մարդկայինի մասին»։ Ի՞նչ է նշանակում. «Խորհում ես ոչ թե Աստծունը, այլ մարդկայինի մասին» (Մատթ. 16:23)։ Պետրոսը, այս թեմայի շուրջ խորհելով մարդկային և մարմնավոր դատողությամբ, կարծում էր, թե Քրիստոսի համար տառապանքը ամոթալի ու անհարիր կլիներ։ Այսպիսով, ներթափանցելով առաքյալի մտածումների մեջ, Քրիստոս ասես ասում է. «Տառապանքներն Ինձ ամենևին անհարիր չեն, իսկ դու այդպես ես դատում մարմնավոր բանականությամբ։ Սակայն, ընդհակառակը, եթե դու աստվածային Հոգով, մարմնավոր մտածումներից ազատված, անդրադառնայիր Իմ խոսքերին, ապա կհասկանայիր, որ դա Ինձ շատ է վայելում։ Դու կարծում ես, թե տառապելն Ինձ համար ցածրացում է, իսկ Ես քեզ ասում եմ, որ Իմ չտառապելու վերաբերյալ այդ միտքը սատանայից է։ Այսպես Հիսուս իրողության հակառակ կողմի հանդեպ վախով ցրում է Պետրոսի այս երկյուղը։ Այդպես նաև՝ երբ Հովհաննեսը Քրիստոսի համար ցածրացում էր համարում իրենից մկրտվելը, Հիսուս հաստատակամորեն համոզեց մկրտել՝ ասելով. «Այսպես վայել է, որ մենք կատարենք Աստծու ամեն արդարություն» (Մատթ. 3:15)։ Ինչպես նաև՝ երբ հենց նույն Պետրոսը Հիսուսին թույլ չէր տալիս լվանալ իր ոտքերը, Քրիստոսի հետևյալ խոսքին արժանացավ. «Եթե քեզ չլվանամ, Ինձ հետ մաս չունես»: (Հովհ. 13:8)։ Այդ նույն կերպ նաև այստեղ է Հիսուս խրատում Պետրոսին հակառակ մտածումն ունենալու հանդեպ վախով և հանդիմանության ուժով ու ի չիք է դարձնում Իր տառապանքի մասին մտածումից ծնված երկյուղը։
   

Հովհաննես Ծործորեցի (†1338)

Դրանից յետոյ Յիսուս սկսեց յստակօրէն յայտնել աշակերտներին, թէ պէտք է, որ ինքը Երուսաղէմ գնայ, բազում չարչարանքներ կրի եւ անարգուի քահանայապետներից, օրէնսգէտներից, ժողովրդի ծերերից, սպանուի եւ երրորդ օրը յարութիւն առնի:
   
    Այնուհետև Հիսուսը սկսեց հայտնել աշակերտներին, որ Ինքը պետք է գնա Երուսաղեմ, շատ չարչարանք կրի ու անարգվի քահանայապետերից, օրենսգետներից ու ժողովրդի ծերերից, սպանվի և երրորդ օրը հարություն առնի:

    [Այնուհետև] ե՞րբ: Երբ ցույց տվեց [Իր կողմից] նրանց ավանդվածի մեծությունը, հաստատեց աստվածճանաչողության կրթության կրոնը և հեթանոսների մուտքի սկիզբը դրեց, դրանից հետո սկսեց հայտնել Իր չարչարանքների մասին: Սակայն այդպես ևս նրանք չհասկացան, որովհետև «այդ խոսքը ծածկված էր նրանցից»,- ասում է [ավետարանիչը] (Ղուկ. 18։34): Ուստի [Հիսուսը խոսեց] ոչ միայն Իր չարչարանքների, այլև փառավոր հարության մասին, որպեսզի բացեր նրանց միտքը, նաև այն մասին, թե ինչպես, ինչ ձևով կամ ինչ է այդ խորհուրդը: Բայց բնավ չընկալեցին և անգամ հարություն առնելը չհասկացան, որովհետև ավելի լավ էին համարում, որ Նա բնավ չմեռներ: Ուստի մինչ մյուսները խռովվեցին ու տարակուսանքի մեջ ընկան, Պետրոսը միայն, ջերմեռանդ լինելով, համարձակություն ցուցաբերեց: [Հիսուսն] Իր չարչարանքների մասին հայտնելով՝ նաև ցույց տվեց [Իր] մահվան կամավոր լինելը, բայց այդ պահին [աշակերտները] ոչինչ չհասկացան, այլ հակառակեցին:
   

Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)

Դրանից յետոյ Յիսուս սկսեց յստակօրէն յայտնել աշակերտներին, թէ պէտք է, որ ինքը Երուսաղէմ գնայ, բազում չարչարանքներ կրի եւ անարգուի քահանայապետներից, օրէնսգէտներից, ժողովրդի ծերերից, սպանուի եւ երրորդ օրը յարութիւն առնի:
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 16:20