Սրբ. Հովհան Ոսկեբերան (†407)
10-11․ «Եվ Նրա աշակերտները Նրան հարցրին. «Արդ, դպիրներն ինչո՞ւ են ասում, թե նախ Եղիան պետք է գա»»։ «Հիսուս պատասխանեց նրանց և ասաց. «Ճիշտ է, նախ Եղիան կգա և ամեն ինչ կվերահաստատի»»։
Այսպես, աշակերտներն այդ մասին իմացան ոչ թե Սրբազան Գրություններից, այլ դպիրները հայտնեցին նրանց։ Ինչպես այդ մասին, այդպես նաև Քրիստոսի մասին խոսակցություն էր տարածված նաև պարզ ժողովրդի մեջ։ Դրա համար էլ սամարացի կինն ասաց. «Մեսիան կգա....երբ Նա գա, մեզ ամեն ինչ կպատմի» (Հովհ. 4:25)։ Եվ դպիրներն էլ Հովհաննեսին հարցնում էին. «Դու՞ ես Եղիան... Մարգարեն․․․» (Հովհ. 1:21)։ Այսպիսով, հրեաների մեջ, ինչպես ասացի, խոսակցություն էր տարածված Քրիստոսի ու Եղիայի գալստյան մասին, բայց նրանք սխալ էին մեկնաբանում այդ իրողությունը։ Սուրբ Գիրքը խոսում է Քրիստոսի երկու՝ արդեն իսկ եղած և ապագա գալուստների մասին։ Այդպես նաև Պողոսը, երկու գալուստները մատնանշելով, ասաց. «Քանզի Աստված Իր շնորհը հայտնեց որպես փրկության միջոց բոլոր մարդկանց, շնորհ, որ խրատում է մեզ, որ մերժենք ամբարշտությունը և աշխարհիկ ցանկությունները, այս աշխարհում ապրենք զգաստությամբ, աստվածապաշտությամբ»։ Ահա առաջին գալստյան մասին հիշատակությունը։ Իսկ այժմ լսի՛ր, թե ինչպես է խոսում նաև մյուս՝ գալիք գալստյան մասին։ Վերոհիշյալ խոսքերն ասելուց հետո առաքյալն ավելացնում է. «Եվ ակնդետ սպասենք երանելի հույսին և փառքի հայտնությանը մեծն Աստծու և մեր Փրկչի՝ Հիսուս Քրիստոսի» (Տիտ. 2:11-13)։ Նաև մարգարեներն են այդ երկու գալուստների մասին էլ հիշատակում. նրանք մասնավորապես ասում են, որ այդ գալուստներից վերջինի նախակարապետը լինելու է Եղիան, իսկ առաջինը կարապետելու է Հովհաննեսը, ում Քրիստոսը կոչում է «Եղիա», սակայն ո՛չ թե այն պատճառով, որ նա Եղիան էր, այլ որովհետև Հովհաննեսը նույնպես ծառայություն էր մատուցում Աստծուն։ Ինչպես որ Եղիան լինելու է երկրորդ գալստյան նախակարապետը, այդպես էլ Հովհաննեսը եղավ առաջին գալստյան նախակարապետը։ Բայց դպիրները, մեկը մյուսի հետ խառնելով և ժողովրդին շփոթության մատնելով, մարդկանց առջև հիշատակում էին միայն երկրորդ գալստյան մասին և ասում էին, որ եթե սա Քրիստոս է, ապա Եղիան իր գալստյամբ պիտի նախորդեր Նրան։ Դրա համար էլ աշակերտներն ասում են. «Դպիրներն ինչո՞ւ են ասում, թե նախ Եղիան պետք է գա»։ Նույն պատճառով նաև փարիսեցիները մարդիկ ուղարկեցին Հովհաննեսի մոտ և հարցնում էին. «Ո՞վ ես դու, մի՞թե Եղիան ես»՝ ամենևին չհիշատակելով առաջին գալստյան մասին։ Իսկ ի՞նչ պատասխան տվեց Քրիստոս․ «Եղիան իրապես կգա գալիք ժամանակում՝ նախքան Իմ երկրորդ գալուստը, բայց այժմ իսկ եկել է Եղիան (Քրիստոս այս անունով կոչում է Հովհաննեսին)։ Ա՛յս Եղիան եկավ։ Իսկ եթե դու հարցնում ես Թեզբացու մասին, ապա նա դեռ գալու է ապագայում․․․»։
Ահա թե ինչու Հիսուս ասաց. «Նախ Եղիան կգա և ամեն ինչ կվերահաստատի»։ Ի՞նչ է ուրեմն այդ «ամեն ինչ»-ը։ Այն, ինչի մասին ասաց Մաղաքիա մարգարեն. «Ձեզ մոտ կուղարկեմ [Թեզբացի] Եղիա մարգարեին...Եվ նա հայրերի սրտերը կդարձնի որդիների կողմը...որպեսզի Ես գալով՝ երկիրն անեծքով չհարվածեմ» (հմմտ․ Մաղ. 4:4-5)։ Տե՛ս մարգարեական խոսքի ճշգրտությունը։ Երբ Քրիստոս Հովհաննեսին կոչեց «Եղիա», այդպես անվանեց ծառայության նմանության պատճառով։ Իսկ որպեսզի դու չմտածես, թե նույն միտքն է արտահայտվում նաև մարգարեի խոսքերում, վերջինս հավելաբար նշում է Եղիայի հայրենիքը՝ կոչելով նրան «Թեզբացի», մինչդեռ Հովհաննեսը Թեզբացի չէր։ Միևնույն ժամանակ, Մաղաքիա մարգարեն մատնանշում է նաև մեկ այլ նշան՝ ասելով. «․․․որպեսզի Ես գալով՝ երկիրն անեծքով չհարվածեմ», ու այդպիսով մատնանշում է Իր երկրորդ ահեղ գալուստը։ Առաջին գալստյան ժամանակ Քրիստոս չեկավ երկրին հարվածելու. «Չեկա, - ասում է, - որ աշխարհը դատապարտեմ, այլ՝ որպեսզի փրկեմ աշխարհը» (Հովհ. 12:47)։ Այսպիսով, մարգարեի հիշյալ խոսքերը ցույց են տալիս, որ Թեզբացին գալու է ա՛յն գալստյանն ընդառաջ, որից հետո պիտի լինի դատաստանը։ Քրիստոս միևնույն ժամանակ ցույց է տալիս նաև Եղիայի գալստյան պատճառը։ Իսկ ո՞րն էր այդ պատճառը։ Որպեսզի Եղիան գալով՝ հրեաներին համոզի հավատալ Քրիստոսին, և որպեսզի, երբ Քրիստոս գա, նրանք ամբողջովին չկործանվեն։ Դրա համար էլ Քրիստոս, նրանց այս մասին հիշեցնելով, ասաց. «Նախ Եղիան կգա և ամեն ինչ կվերահաստատի», այսինքն՝ կշտկի այդ ժամանակում ապրող հրեաների անհավատությունը։ Ահա թե ինչու մարգարեն նույնպես շատ ճշգրիտ էր իր խոսքերում. նա չասաց՝ «որդիների սրտերը կդարձնի իրենց հայրերի կողմը», այլ՝ «հայրերի սրտերը կդարձնի որդիների կողմը»։ Քանի որ առաքյալների հայրերը հրեաներ էին, ուստի այստեղ ասվում է՝ հայրերի սրտերը, այսինքն՝ հրեա ժողովրդի տրամադրվածությունը, կդարձնի որդիների, այսինքն՝ առաքյալների, ուսմունքի կողմը։
Հովհաննես Ծործորեցի (†1338)
Աշակերտները նրան հարցրին եւ ասացին. «Հապա ինչո՞ւ օրէնսգէտներն ասում են, թէ նախ Եղիան պիտի գայ»:
Աշակերտները հարցրին Նրան՝ ասելով. «Ինչո՞ւ են օրենսգետներն ասում, թե նախ Եղիան է գալու»:
Սա ոչ թե [Սուրբ] Գրքից գիտեին, այլ այդ զրույցը ժողովրդի մեջ էր տարածված, ինչպես Քրիստոսի գալստյան մասին եղածը: Այդ պատճառով սամարացին ասաց. «Մեսիան գալու է. երբ նա գա, կպատմի մեզ ամեն ինչ» (Հովհ. 4։25): [Օրենսգետներն էլ] Հովհաննես [Մկրտչին] հարցրին. «Դու Եղիա՞ն ես կամ մարգարեն» (հմմտ. Հովհ. 1։21): Որովհետև երկուսի մասին էլ խոսում էին, բայց [իրենց իմացած] բացատրությունը չէր համապատասխանում [կատարվող իրողություններին]: Որովհետև [Սուրբ] Գիրքը Քրիստոսի երկու գալուստների մասին է խոսում՝ առաջին և երկրորդ, ինչպես որ Պողոսն առաջինի մասին ասում է. «Աստծո շնորհը հայտնվեց որպես բոլոր մարդկանց փրկիչ, որը խրատում է մեզ...» (Տիտ. 2։11-12), իսկ երկրորդի մասին՝ «Սպասենք երանելի հույսին և Աստծո Միածին ու մեր Փրկիչ Հիսուս Քրիստոսի փառքի հայտնությանը» (Տիտ. 2։13): Նմանապես կանխագուշակում էին նաև մարգարեները: Դավիթն առաջին գալստյան մասին [ասում է]. «Կիջնի ինչպես անձրևը՝ բրդի վրա» (Սաղմ. 71։6), իսկ երկրորդի մասին՝ «Աստվածների Աստվածը՝ Տե՛րը խոսեց», «կանչեց երկնքին վերևից և երկրին՝ դատելու Իր ժողովրդին», և «կրակ կբորբոքվի առջևում, և լեռները մոմի պես կհալչեն» (հմմտ. Սաղմ. 49։1, 4, 3): Այդպես Դանիելը [Քրիստոսի փրկագործական] տնօ-րենության [գալստյան] մասին [ասում է]. «Վեմը հատվեց առանց ձեռքի, փշրեց կուռքը,... դարձավ մեծ լեռ և լցրեց ամբողջ երկիրը» (հմմտ. Դան. 2։34-35), իսկ դատաստանի [գալստյան] մասին՝ «Մարդու Որդու պես գալիս էր երկնքի ամպերով», և «կրակի գետեր էին հորդացած դուրս գալիս Նրա առաջ» (Դան. 7։13, 10): Եվ համաձայն ասվածի՝ Հովհաննես [Մկրտչին] համարում են առաջինի կարապետը, ինչպես ասում է Եսային. «Անապատում կանչողի ձայնն [ասում է]. «Պատրաստե՛ք Տիրոջ ճանապարհները և ուղի՛ղ դարձրեք Նրա շավիղները» (Ես. 40։3), իսկ Եղիային՝ երկրորդինը՝ ըստ Մաղաքիայի. «Ահա ուղարկում եմ ձեզ Եղիա Թեզբացուն..., գուցե գամ հարվածեմ երկրին» (Մաղ. 4։5-6): Ուրեմն՝ օրենսգետները, սրանք միմյանց հետ շփոթելով, շեղում էին ժողովրդի միտքը, որովհետև երկրորդ գալստյան մասին հիշեցնելով՝ ասում էին. «Եթե սա է Քրիստոսը, ապա նախ Եղիան պետք է գար»: Այս պատճառով էլ, երբ [աշակերտները] լեռից իջնում էին, Տիրոջ փառքը տեսնելուց և Եղիայի՝ Նրա հետ փառքով երևալուց հետո, հիշելով օրենսգետների խոսքերը, [այդ] հարցը տվեցին, որպեսզի իմանային՝ արդյոք սուտ բա՞ն են [օրենսգետները] սովորեցնում ժողովրդին՝ Քրիստոսին չհավատալու համար թակարդ պատրաստելով, թե՞ իրոք այդպես է:
Ստեփանոս Սյունեցի (†735)
Աշակերտները նրան հարցրին եւ ասացին. «Հապա ինչո՞ւ օրէնսգէտներն ասում են, թէ նախ Եղիան պիտի գայ»:
«Աշակերտները Նրան հարցրին և ասացին. «Հապա ինչո՞ւ օրենսգետներն ասում են, թե նախ Եղիան պիտի գա»:
Ասում են աշակերտները. «Մենք այժմ Եղիային տեսանք քեզ հետ, իսկ օրենսգետները ուսուցանում են, թե նախքան Քրիստոս Եղիան պիտի գա, բայց ահա հասկացանք, որ սուտ են ուսուցանում»: Եվ Նա նրանց ասաց Հովհաննեսի մասին, և հավատացին (Մատթ. 17։10-13):
Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)
Աշակերտները նրան հարցրին եւ ասացին. «Հապա ինչո՞ւ օրէնսգէտներն ասում են, թէ նախ Եղիան պիտի գայ»:
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 17:9
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: