Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 23:29

Սրբ. Հովհան Ոսկեբերան (†407)

29-36․ «Վա՛յ ձեզ, դպիրներիդ և փարիսեցիներիդ՝ կեղծավորներիդ, որ շինում եք մարգարեների գերեզմաններն ու արդարների շիրիմները զարդարում»։ «Եվ ասում եք. «Եթե մենք մեր հայրերի ժամանակ լինեինք, նրանց հետ մարգարեների արյունը հեղելուն մասնակից չէինք լինի»»։ «Ուրեմն դուք ինքներդ ձեր մասին վկայում եք, որ որդիներն եք մարգարեներին սպանողների»։ «Արդ, դուք էլ լրացրե՛ք ձեր հայրերի բաց թողածը»։ «Օձե՛ր, իժերի՛ ծնունդներ, ինչպե՞ս եք դուք փախչելու գեհենի դատաստանից»։ «Դրա համար ահա Ես ձեզ մոտ եմ ուղարկելու մարգարեների և իմաստունների ու դպիրների. նրանցից ոմանց սպանելու եք ու խաչը հանելու, իսկ ոմանց ձեր ժողովարաններում ծեծելու եք ու քաղաքից քաղաք հալածելու»։ «Այդպես ձեզ վրա է ընկնելու երկրի վրա թափված ամեն արդար արյան պատասխանատվությունը՝ արդար Աբելի արյունից մինչև Բարաքիայի որդի Զաքարիայի արյունը, որին դուք սպանեցիք տաճարի ու զոհասեղանի միջև։ «Ճշմարիտ եմ ասում ձեզ. այս ամենը գալու է այս սերնդի վրա»։
   
   Քրիստոս ասում է՝ «վա՜յ» դպիրներին ու փարիսեցիներին՝ ոչ թե այն պատճառով, որ նրանք կառուցում են գերեզմանատներ ու դատապարտում են իրենց հայրերին, այլ նրա համար, որ, թե՛ առաջին դեպքում, թե՛ իրենց հայրերին կեղծավորաբար դատապարտելու մեջ այս հրեաներն իրենց նախնիներից ավելի վատ էին վարվում։ Իսկ որ նրանց հնչեցրած դատապարտությունը կեղծավոր էր, դրա մասին ասվում է Ղուկասի Ավետարանում, ուր նրանք կոչվում են «հայրերին հանցակիցներ», որովհետև գերեզմանատներ են կառուցում։ «Վա՜յ ձեզ, որ մարգարեներին շիրիմներ եք շինում, իսկ ձեր հայրերը նրանց սպանեցին։ Դրանով իսկ դուք վկայում եք, թե կամակից եք ձեր հայրերի գործերին, որովհետև նրանք կոտորեցին մարգարեներին, իսկ դուք նրանց գերեզմաններ եք շինում» (Ղուկ. 11:47-48)։ Այստեղ Քրիստոս դատապարտում է այն մտադրությունը, որով հրեաները կառուցում էին այդ գերեզմանատները. այն է՝ նրանք գերեզմանատներ էին կառուցում ոչ թե սպանվածների պատվին, այլ ասես հպարտանալով նրանց սպանությամբ և ա՛յն վախն ունենալով, որ ժամանակի ընթացքում իրենց հանդգնության մասին վկայությունն ու հիշողությունը չկորչեն փլուզված հուշարձանների հետ միասին։ Նրանք գերեզմանատներ էին կառուցում՝ շքեղ շենքեր կանգնեցնելով, ասես դրանք հաղթանակի նշաններ լինեին, և այդպիսով ցույց էին տալիս, որ իրենք իրենց համար փառք էին համարում իրենց հայրերի հանցանքը։ Իսկապես, - ասես այսպես է ասում Քրիստոս, - ձեր ներկայիս հանդուգն արարքները ցույց են տալիս, որ դուք միևնույն մտադրությամբ եք անում դա։ Թեև դուք, - ասում է Նա, - ձեր հայրերին մեղադրելու պատրվակով հակառակն եք ասում, - այսինքն՝ իբրև թե «մենք նրանց հանցակիցը չէինք լինի, եթե ապրեինք այն օրերին», - բայց ակնհայտ է, թե ինչ մտքով եք դուք սա ասում։ Դրա համար էլ Քրիստոս, բացահայտելով այս մտադրությունը, հետևյալ կերպ է բացատրում այն։ Ասելով՝ «Ասում եք. «Եթե մենք մեր հայրերի ժամանակ լինեինք, նրանց հետ մարգարեների արյունը հեղելուն մասնակից չէինք լինի»», - այնուհետև ավելացնում է. «Ուրեմն դուք ինքներդ ձեր մասին վկայում եք, որ որդիներն եք մարգարեներին սպանողների» (Մատթ. 23:30-31)։ Բայց ի՞նչ հանցանք է սպանողի որդի լինելը, եթե այդ որդին հոր մտադրությանը մասնակից չէ։ Ոչ մի։ Այստեղից ակնհայտ է, որ Քրիստոս նրանց հենց այս է ասում, որպեսզի հասկացնի իրենց մասնակցությունն իրենց հայրերի չարագործությանը։ Սա ապացուցում են նաև հետևյալ խոսքերը, որոնք Հիսուս ավելացրեց. «Օձե՛ր, իժերի ծնունդնե՛ր» (Մատթ. 23:33)։ Ինչպես իժերն իրենց մահաբեր թույնով նմանվում են իրենց ծնողներին, այնպես էլ դուք նմանվում եք ձեր հայրերին սպանություն գործելու մեջ։ Ապա, բացահայտելով նրանց՝ շատերին անհայտ մտադրությունը, Հիսուս Իր խոսքերը հաստատում է նրանց գալիք հանդուգն արարքներով, որոնց մասին բոլորն իմանալու են։ Ասելով՝ «Ուրեմն դուք ինքներդ ձեր մասին վկայում եք, որ որդիներն եք մարգարեներին սպանողների», և հենց սրանով հասկացնելով, որ Ինքը խոսում է չարագործության մեջ նրանց մասնակցության և այն մասին, որ նրանք կեղծավորաբար էին ասում՝ «նրանց հետ մարգարեների արյունը հեղելուն մասնակից չէինք լինի», այնուհետև ավելացնում է. «Արդ, դուք էլ լրացրե՛ք ձեր հայրերի բաց թողածը» (Մատթ. 23:32)՝ այդպիսով ոչ թե հրաման տալով, այլ միայն կանխագուշակելով ապագան, այսինքն՝ Իր իսկ սպանությունը։ Այսպիսով, դպիրներին և փարիսեցիներին հանդիմանելով ու ցույց տալով, թե որքան սուտ է այն, ինչ նրանք ասում էին իրենք իրենց պաշտպանելու համար, այն է թե՝ «մենք նրանց հանցակիցը չէինք լինի» (իրականում, սակայն, նրանք, ովքեր իրենց «չզսպեցին» Տիրոջը սպանելուց, մի՞թե ծառաներին կխնայեին) - Քրիստոս այդուհետ սաստկացնում է Իր խոսքը՝ նրանց կոչելով «օձեր ու իժերի ծնունդներ», և ապա շարունակում է. «ինչպե՞ս եք դուք փախչելու գեհենի դատաստանից»՝ հանդգնելով այդպիսի հանդուգն արարքների, սակայն հրաժարվելով դրանք խոստովանելուց ու թաքցնելով իրենց մտադրությունը։ Ապա, հանդիմանելով նրանց նաև մեկ այլ եղանակով՝ ավելի մեծ սաստկությամբ, Հիսուս ասում է. «Դրա համար ահա Ես ձեզ մոտ եմ ուղարկելու մարգարեների և իմաստունների ու դպիրների. նրանցից ոմանց սպանելու եք ու խաչը հանելու, իսկ ոմանց ձեր ժողովարաններում ծեծելու եք» (Մատթ. 23:34)։ Իսկ որպեսզի նրանք չասեն, թե, չնայած մենք խաչեցինք Տիրոջը, սակայն ծառաների սպանությունից ձեռնպահ կմնայինք, եթե ապրեինք այն ժամանակ, - Հիսուս ասում է. «Ահա, Ես ձեզ մոտ եմ ուղարկելու ծառաների և հենց մարգարեների՛, բայց դուք նրանց նույնպես չեք խնայի»։ Քրիստոս սա ասում է՝ ցույց տալու համար, որ տարօրինակ ոչինչ չկա, եթե Իրեն սպանեն այս որդիները, որոնք սպանության, խաբեության, նենգության ու հանդուգն արարքների մեջ գերազանցում են իրենց հայրերին։ Բացի այդ, Հիսուս ցույց է տալիս, որ նրանք նաև ծայրահեղ սնապարծ են. երբ ասում են՝ «եթե մենք ապրեինք մեր հայրերի օրերում, ապա նրանց հանցակիցը չէինք լինի», դա ասում են սնապարծությունից ելնելով, և միայն խոսքով են իմաստուն, իսկ գործով վարվում են բոլորովին հակառակը։ «Օձե՛ր, իժերի ծնունդնե՛ր», այսինքն՝ չար հայրերի չար զավակներ, որ նույնիսկ այդ հայրերից էլ ավելի չար են։ Քրիստոս ցույց է տալիս, որ նրանք հանդգնում են շատ ավելի մեծ չարագործությունների, և դաժանությամբ գերազանցում են անգամ իրենց հայրերին, թեև պարծենում են, թե իրենք նման դեպքում այդպես չէին վարվի։ Եվ իսկապես, նրանք ավարտին են հասցնում ու լրացնում են չարագործությունները։ Հայրերը սպանեցին այգի եկածներին, իսկ սրանք սպանեցին հենց Որդո՛ւն ու հարսանիքի կանչողներին։ Քրիստոս սա ևս ասում է, որպեսզի նրանց հեռացնի Աբրահամի հետ ունեցած ազգակցությունից և ցույց տա, որ դրանից նրանց համար ոչ մի օգուտ չկա, եթե նրանք չընդօրինակեն Աբրահամի գործերը։ Դրա համար էլ ավելացնում է. «Ինչպե՞ս եք դուք փախչելու գեհենի դատաստանից»՝ այդպիսի հանդուգն արարքներով ընդօրինակելով ձեր հայրերին։ Այստեղ Հիսուս նրանց հիշեցրեց նաև Հովհաննեսի հանդիմանող քարոզը, որովհետև նա նույնպես հրեաներին այդպես էր կոչում և հիշեցնում էր գալիք դատաստանի մասին։ Ապա, քանի որ ո՛չ դատաստանը, ո՛չ գեհենը ամենևին չէին վախեցնում նրանց՝ մասամբ այն պատճառով, որ նրանք չէին հավատում, մասամբ էլ՝ որովհետև դա սպասվում էր հեռավոր ապագայում, ուստի Հիսուս հրեաներին հանդիմանում է ներկայի դեպքերով և ասում է. «Դրա համար ահա Ես ձեզ մոտ եմ ուղարկելու մարգարեների և իմաստունների ու դպիրների. նրանցից ոմանց սպանելու եք ու խաչը հանելու, իսկ ոմանց ձեր ժողովարաններում ծեծելու եք ու քաղաքից քաղաք հալածելու։ Այդպես ձեզ վրա է ընկնելու երկրի վրա թափված ամեն արդար արյան պատասխանատվությունը՝ արդար Աբելի արյունից մինչև Բարաքիայի որդի Զաքարիայի արյունը, որին դուք սպանեցիք տաճարի ու զոհասեղանի միջև։ Ճշմարիտ եմ ասում ձեզ. այս ամենը գալու է այս սերնդի վրա» (Մատթ. 23:34-36)։

   Տե՛ս, թե Քրիստոս ինչպես նախազգուշացրեց նրանց։ Նա ասում էր՝ «դուք դատապարտում եք ձեր հայրերին՝ ասելով, որ նրանց հանցակիցը չէիք լինի», և Իր այս խոսքերով Հիսուս մեծապես ամոթի էր մատնում նրանց։ Ապա ասում էր՝ «դուք, նրանց դատապարտելով, ավելի վատ եք վարվում, քան նրանք», և սա նույնպես բավական էր հրեաներին խայտառակելու համար։ Վերջապես Քրիստոս ասում է՝ «այդ վարմունքը բնավ առանց պատժի չի մնա», և հենց սրանով մեծագույն վախ է հարուցում հրեաների մեջ՝ նրանց հիշեցնելով գեհենի մասին։ Բայց քանի որ գեհենը հեռու էր, ուստի Քրիստոս նրանց ներկայացնում է ներկա պատուհասներ և ասում է, որ «այս ամենը գալու է այս սերնդի վրա» (Մատթ. 23:36)։ Պատժի հետ Քրիստոս միացրեց նաև ամենամեծ պատուհասները՝ այդպիսով մատնանշելով, որ նրանք բոլորից ծանր պատիժ կկրեն։ Հրեաները, սակայն, ասված խոսքերի արդյունքում բնավ ավելի լավը չդարձան։ Բայց եթե մեկն հարցնի՝ «ինչի՞ համար են նրանք բոլորից ծանր պատիժ կրում», ես կասեմ հետևյալը. ա՛յն բանի համար, որ ավելի դաժանորեն ու բոլորից ավելի վատ են վարվում, և նախկինում տեղի ունեցած որևէ բան նրանց դարձի չի բերել։ Մի՞թե դու չես լսել Ղամեքի խոսքերը. «Եթե Կայենից յոթնապատիկ վրեժ է պահանջվելու, ապա Ղամեքից՝ յոթանասուն անգամ յոթ» (Ծննդ. 4:24), այսինքն՝ ես ավելի մեծ պատիժների եմ արժանի, քան Կայենը։ Իսկ ինչո՞ւ այդպես։ Չէ՞ որ նա եղբորը չէր սպանել։ Ա՛յն բանի համար, որ դաս չքաղեց այդ օրինակից։ Հենց սա է Աստված ասում նաև մեկ այլ տեղում. «Տերը չի արդարացնի...հայրերի մեղքերի համար պատժում եմ որդիներին մինչև երրորդ ու չորրորդ սերունդը, եթե ատում են ինձ» (Ելք 20:5, 7)։ Սա ո՛չ թե այն պատճառով է, որ նրանցից որևէ մեկը պատիժ է կրում ուրիշների հանցանքի համար, այլ քանի որ բազում մեղավորների և մանավանդ՝ պատժվածների՛ օրինակին ականատես լինելով՝ հրեաները ավելի լավը չդարձան, այլ նրանց նման տրվեցին մեղքին, և դրա համար էլ արժանի են միանման պատիժներ կրելուն։ Բայց տե՛ս, թե Քրիստոս որքան տեղին նրանց հիշեցրեց Աբելի մասին՝ ցույց տալով, որ այդ սպանությունը նույնպես կատարվել էր նախանձի պատճառով։ Այսպիսով, ի՞նչ կարող եք ասել դուք հիմա։ Կամ մի՞թե չգիտեք, թե ինչ կրեց Կայենը։ Մի՞թե Աստված առանց ուշադրության թողեց պատահածը։ Մի՞թե նրան ամենադաժան պատժի չենթարկեց։ Մի՞թե չէիք լսել, թե ինչ կրեցին ձեր հայրերը, որոնք սպանեցին մարգարեներին։ Մի՞թե նրանք անթիվ տանջանքների ու պատիժների չէին ենթարկվել։ Ուրեմն դուք ինչպե՞ս ավելի լավը չդարձաք։

   Սակայն ինչո՞ւ ես պիտի խոսեմ ձեր հայրերի պատիժների և ա՛յն մասին, թե ինչ կրեցին նրանք։ Դու, որ դատապարտություն ես արտաբերում քո հայրերի դեմ, ինչո՞ւ ես նրանցից ավելի վատ վարվում։ Դուք ինքներդ արտասանեցիք վճիռը, թե՝ «Չարերին չարաչար կոչնչացնի» (Մատթ. 21:41)։ Ուրեմն ի՞նչ արդարացում կունենաք դուք՝ համարձակվելով այսպիսի վճռից հետո այդպիսի հանդուգն մեղանչումներ գործել։ Բայց ո՞վ է այս Զաքարիան։ Ոմանք նրան Հովհաննեսի հայրն են համարում, ուրիշները՝ մարգարե, իսկ ոմանք՝ երկու անուն ունեցող ուրիշ ինչ-որ քահանա, ում Սուրբ Գիրքը կոչում է նաև Հովդա։ Ուշադրություն դարձրու նաև այն բանին, որ սա կրկնակի չարագործություն էր։ Նրանք ոչ միայն սպանում էին սրբերին, այլև դա անում էին սրբազան վայրերում։ Եվ, այս խոսքերն արտասանելով, Քրիստոս ոչ միայն վախեցնում էր նրանց, այլև մխիթարում աշակերտներին՝ ցույց տալով, որ նրանցից առաջ ապրած արդարները նույնպես նույն տառապանքն են կրել։ Իսկ հրեաներին վախեցնում էր Իր այն կանխագուշակումով, որ ինչպես նախկինում չարագործները պատժվեցին, այնպես էլ իրենք դաժան պատիժ կկրեն։ Դրա համար էլ Հիսուս Իր աշակերտներին կոչում է «մարգարեներ, իմաստուններ ու դպիրներ»՝ այդպիսով հրեաներից դարձյալ խլելով արդարանալու ամեն մի հնարավորություն։ «Այժմ, - ասում է Նա, - դուք չեք կարող ասել, թե Ես հեթանոսների միջից եմ մարդիկ ուղարկել, և դրա համար եք դուք գայթակղության մեջ ընկել. ձեզ դրան հասցրեց այն, որ դուք մարդասպաններ եք և արյան ծարավ ունեք»։ Դրա համար էլ Աստված ավելի վաղ ասաց, թե՝ «Ես կուղարկեմ մարգարեների ու դպիրների»։ Եվ բոլոր մարգարեներն իրենք են հրեաներին հանդիմանել սրանում՝ ասելով, որ նրանք արյունն արյան հետ են խառնում, որ նրանք արյան մարդիկ են (տե՛ս Ովսե. 4:2)։ Ահա թե ինչու Աստված պահանջում էր Իրեն արյուն զոհաբերել՝ ցույց տալով, որ եթե անբանական կենդանու արյունն այդքան թանկ է, ապա էլ առավել թանկ է մարդու արյունը։ Դրա համար էլ Տերն ասում է Նոյին. «Ով թափի մարդու արյունը, նրա արյան փոխարեն թող թափվի իր արյունը» (Ոսկեբերանի խոսքում. «Ես վրեժ կլուծեմ ամեն մի թափված արյան համար») (Ծննդ. 9:6)։ Կարելի է գտնել անթիվ այլ ապացույցներ նաև այն մասին, որ Աստված արգելում է սպանել։ Դրա համար Աստված չպատվիրեց ուտել նույնիսկ խեղդված որևէ կենդանու միս։ Օ՜, որքա՜ն մեծ է Աստծու ողորմությունը, Որը, թեև գիտեր, որ հրեաները ոչ մի օգուտ չեն քաղելու դրանից, սակայն կատարեց Իր գործը։ «Ուղարկում եմ, - ասում է Նա, - թեև գիտեմ, որ նրանք սպանվելու են»։

   Այսպիսով, հրեաներն այստեղ նույնպես հանդիմանվեցին, քանի որ ասում էին հետևյալ զուր խոսքերը, թե՝ «մենք մեր հայրերի հանցակիցները չէինք լինի»։ Եվ նրանք էլ ժողովարաններում սպանում էին մարգարեներին, ու չէին հարգում ո՛չ այդ վայրը, ո՛չ էլ մարգարեների արժանավորությունը։ Նրանք սպանում էին ոչ թե պարզ մարդկանց, այլ մարգարեներին ու իմաստուններին, որպեսզի նրանց կողմից չհանդիմանվեն։ Մարգարեների անվան ներքո Քրիստոս նկատի ունի առաքյալներին ու նրանց ժառանգորդներին, որովհետև շատերն էին մարգարեանում։ Ապա, ցանկանալով վախ ներշնչել նրանց, ասում է. «Ճշմարիտ եմ ասում ձեզ. այս ամենը գալու է այս սերնդի վրա», այսինքն՝ «այս ամենը Ես ձեր դեմ կդարձնեմ և դաժան ձևով վրեժ կլուծեմ, որովհետև նա, ով տեսել է շատերի մեղանչումը և դարձի չի եկել, այլ ինքն էլ սկսել է այդպես և դեռ շատ ավելի վատ վարվել, շատ ավելի ծանր պատժի պիտի ենթարկվի, քան նախորդները»։ Ճիշտ այնպես, ինչպես եթե հրեաները ցանկանային, ապա կարող էին հսկայական օգուտ քաղել և ավելի լավը դառնալ՝ շնորհիվ ուրիշների բազում լավ օրինակների, և նույնկերպ էլ, չուղղվելու պարագայում, դառնում են ավելի մեծ պատժի արժանի, քանի որ ունեցել են բազում հնարավորություններ՝ խրատվելու ավելի վաղ մեղանչած և արդեն իսկ պատժված մարդկանց օրինակներից, սակայն այդ ամենից նրանք ոչ մի օգուտ չստացան։
   

Հովհաննես Ծործորեցի (†1338)

29-32. Վա՜յ ձեզ կեղծաւորներիդ՝ օրէնսգէտներիդ եւ փարիսեցիներիդ, որ մարգարէների շիրիմներն էք շինում եւ արդարների գերեզմաններն էք զարդարում ու ասում էք. «Եթէ մենք մեր հայրերի օրօք լինէինք, մարգարէների սպանութեանը մասնակից չէինք լինի»:Ապա ուրեմն դուք ինքներդ ձեր մասին վկայում էք, թէ որդիներն էք նրանց, որոնք կոտորում էին մարգարէներին: Ուրեմն դուք էլ լրացրէ՛ք ձեր հայրերի արածը»:
   
   Վա՛յ ձեզ, կեղծավոր օրենսգետներիդ ու փարիսեցիներիդ, որ շինում եք մարգարեների շիրիմներն ու զարդարում արդարների գերեզմանները ասում եք. «Եթե մեր հայրերի օրոք լինեինք, չէինք մասնակցի մարգարեների արյան հեղմանը»: Հետևաբար, վկայում եք ձեր մասին, որ որդիներն եք նրանց, ովքեր կոտորեցին մարգարեների: Դուք և՛ս լրացրեք ձեր հայրերի չափը :

   Սա՛ է բոլոր չարիքների լրումը` արյունահեղությունը, ուստիև այս յոթերորդ «վայով» [Տերը] ցույց է տալիս, որ [փարիսեցիներն ու օրենսգետները] Կայենի ախտով էին տառապում և նրա յոթ վրեժներով էին լցված (Ծննդ. 4։1-5)` յոթ զգայարաններով 1 դեպի չար գործերը միտելու պատճառով, շաբաթվա բոլոր յոթ օրերին, և այդպիսով զրկվեցին Հոգու յոթնարփյան շնորհներից 2, ուստի [Տերը] վայ է տալիս նրանց: Բայց վայ է տալիս նրանց ոչ միայն այն պատճառով, որ շինում էին [սպանված մարգարեների] գերեզմանները և մեղադրում իրենց հայրերին, այլ որ հայրերին մեղադրում էին, մինչ իրենք ավելի մեծ չարիքներ էին պատրաստվում գործել, ինչի համար էլ հանդիմանվում են, թեպետև ասում էին. «Եթե մեր հայրերի օրոք լինեինք, չէինք մասնակցի արյունահեղությանը»: Որովհետև, ասում է [Տերը], [գերեզմանները] շինելով` [ցույց եք տալիս], որ դուք էլ եք կամենում նույնը [գործել]` ըստ Ղուկասի (Ղուկ. 11:48): Որովհետև սպանվածներին պատվելու համար չէին կառուցում, այլ սպանությամբ ծաղրում էին նրանց և կասկածում, թե գուցե ժամանակի հետ ապականված գերեզմաններից վերանա իրենց հայրերի հիշատակը, ուստի գերեզմանները, որոնք շինում էին, գեղեցիկ ու զարդարուն դարձնելով` որպես իրենց հայրերի հաղթանակի նշան էին կանգնեցնում:

   «Ուրեմն,-ասում է [Տերը]-վկայում եք ձեր մասին, որ նրանց որդիներն եք...»: Հայտնապես ցույց է տալիս, թե` ազգակից լինելով` նաև նրանց գործերին եք մասնակից լինելու, ոչ թե նրանով, որ նրանց որդիներն եք, քանի որ մեղադրելի չէ սպանողի որդի լինելը, այլ նրանով, որ նույնն եք գործելու` ոչ թե ծառաներին, այլ Որդուն սպանելով, ինչպես որ ասում էին. «Սա է ժառանգը. եկեք սպանենք.... և այգուց դուրս հանելով` սպանեցին» (հմմտ. Մատթ. 21։38-39): Ուրեմն` եթե Տիրոջը չխնայեցին, ինչպե՞ս կարող էին ծառաների արյունը չհեղել, թեպետ ստեր էին կարկատում: Այդ պատճառով էլ [Տերն] ասում է. «Դուք և՛ս լրացրեք ձեր հայրերի չափը»: Լինելիքը կանխատեսում է նրանց գործերից և ոչ թե հրամայում է [դա անել], այսինքն` Իր սպանությունը, որովհետև [ձեր հայրերը սպանեցին] ծառաներին, իսկ դուք [սպանելու եք] Տիրոջը: [Տիրոջ սպանությամբ] լրացավ նրանց մեղքերի չափը, և նրանց կամքից բխած սպանությունն իրագործվեց: Կամ էլ [Տերն ասում է]. «Ինչպես որ նրանք էին մարդասպան, այդպես էլ դուք, որովհետև նրանք կամքով էին ձեր հաղորդակիցը մարգարեներին սպանելիս, իսկ դուք գործերով եք նրանց հաղորդակից Իմ հանդեպ հանդգնելու պատճառով», քանի որ ժողովուրդն իր իսկ բերանով խոստովանեց 3, որ հետնորդների [կատարած] սպանությամբ հաղորդակից է նախնիների [կատարած սպանություններին]:

   Բայց ինչո՞ւ է [Տերն] այս մասին խոսում: Ինձ թվում է` Իրեն սպանելու համար ապաշխարության կոչ է ուղղում նրանց, այն դեպքում, որ մարգարեների արյունը հեղելու համար ապաշխարության հնարավորություն չկար, քանի որ Օրենքում ասվում էր. «Ով սպանում է, պիտի մեռնի» (հմմտ. Թվեր 34։21), և չէր ասվում, որ եթե դարձի գա, կներվի նրան: Ուստի սրանով [Տերն] Իր մարդասիրությունն է ցույց տալիս և Իր գալստյան [իրագործած] փրկությունը:

--------------------------------
2 . Սուրբ Հոգու յոթ շնորհներ են համարվում իմաստությունը, հասկացողությունը (հանճար), խրատը կամ խորհուրդը, զորությունը, գիտությունը, աստվածպաշտությունը, երկյուղը: Այս տեսության հիմքում ընկած են Ես. 11։2-3 համարները: Տես Գ. Տաթևացի, Գիրք հարցմանց, ՌՃՀԸ (1729) թ.,էջ 582։
   

Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)

Վա՜յ ձեզ կեղծաւորներիդ՝ օրէնսգէտներիդ եւ փարիսեցիներիդ, որ մարգարէների շիրիմներն էք շինում եւ արդարների գերեզմաններն էք զարդարում ու ասում էք.
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 23:13