Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 3:10

Սրբ. Հովհան Ոսկեբերան (†407)

«Կացինն արդեն ծառերի արմատին է մոտեցել. ամեն ծառ, որը բարի պտուղ չի տալիս, կտրվում ու կրակի մեջ է գցվում»։
   
    Ուշադի´ր եղիր, թե Հովհաննես Մկրտիչն ինչպես է նաև իր հաջորդող խոսքերով մեծացնում հրեաների վախը և նրանց մեջ անհանգստություն արթնացնում։ Ասելով, թե «Աստված կարող է այս քարերից զավակներ ստեղծել Աբրահամի համար» (Մատթ. 3:9)` Հովհաննեսն անմիջապես իսկ ավելացնում է. «Կացինն արդեն ծառերի արմատին է մոտեցել»: Հովհաննես Մկրտչի ողջ ելույթն է սարսափ ներշնչում։ Եվ նա, իսկապես էլ, իր կենսակերպին համահունչ, կարող էր շատ ազատորեն խոսել: Իրենց հերթին հրեաներն էլ սեփական վարքով ասես «պահանջում» էին այդ խիստ հանդիմանությունը` ուղղված իրենց, քանի որ նրանց սրտերը վաղուց ևեթ կարծրացել էին։
    Կարիք կա՞ ձեզ ասելու, - կարծես հարցնում է Հովհաննես Մկրտիչը, - որ ձեր նախահայր նախահոր (պատրիարքի) հետ հարազատությունը կորցնելու վտանգի տակ եք ու հնարավոր է, որ շուտով տեսնեք ուրիշների, որոնք «ստեղծվել» են քարերից ու գրավել են ձեր տեղը։ Ձեր պատիժը, սակայն, այդքանով չի սահմանափակվելու. այն ավելի է ընդարձակվելու: «Կացինն արդեն ծառերի արմատին է մոտեցել, - ասում է Հովհաննես Մկրտիչը»: Ոչինչ չի կարող այս արտահայտությունից ավելի սարսափելի լինել։ Դու այլևս տեսնում ես ոչ թե թռչող մանգաղ, ոչ թե խորտակված պատնեշ կամ ոտնակոխ արված խաղողի այգի, այլ այն ամենասուր կացինը, որն առավել սարսափելի է արմատին մոտեցած լինելու պատճառով։
    Մարգարեների խոսքերին չհավատալով` հրեաները հաճախ էին ասում. «Ո՞ւր է Տիրոջ օրը»: Եվ թե` «թող մոտենա ու ժամանի Իսրայելի Սրբի խորհուրդը, որ իմանանք»։ (հմմտ. Ես. 5։19)։ Քանի որ հաճախ կանխասացություններն իրականանում էին միայն երկար տարիներ անցնելուց հետո, այդ իսկ պատճառով էլ Հովհաննես Մկրտիչը, հրեաներին նույնիսկ նմանօրինակ մի մխիթարությունից զրկելու համար, նրանց սպառնում է մոտալուտ պատուհասով, որն էլ արտահայտում է «արդեն» մակբայով` ավելացնելով նաև «արմատին» բառը։ «Ժամանակային որևէ հեռավորություն այլևս չկա, - ասում է նա, - քանի որ կացինն անմիջապես արմատին է հասել։
    Հովհաննես Մկրտիչը չասաց` «ճյուղերին», կամ թե` «պտղին», այլ հենց՝ «արմատին»՝ այդպիսով հրեաներին ուսուցանելով, որ եթե նրանք անփութություն ցուցաբերեն, ապա կենթարկվեն այնպիսի պատուհասների, որոնցից որևէ կերպ հնարավոր չի լինի խուսափել և փրկության հույս փայփայել: Եվ այդ ամենն այն պատճառով, - ասում է Մկրտիչը, - որ Նա, Ով եկել է աշխարհ, այլևս ծառա չէ, ինչպես նախկինում եկածները, այլ նույն Ինքը` ամենքի Տերն է, Ում ձեռքում է ահազդու և սարսափելի պատիժը։
    Այս կերպ հրեաներին վախեցնելով հանդերձ, սակայն, Հովհաննեսը թույլ չի տալիս, որ նրանք հուսահատության մեջ ընկնեն։ Ինչպես ավելի վաղ նա չէր ասել, թե Աստված քարերից արդեն իսկ «ստեղծե´լ» է Աբրահամի զավակների, այլ թե` «կարո´ղ է ստեղծել...», որպեսզի թե´ վախեցնի և թե´, միաժամանակ, մխիթարի նրանց, այդպես էլ այստեղ նա չասաց, թե կացինն արդեն իսկ դիպել է արմատին, այլ թե` «մոտեցել է ծառերի արմատին» ու չափից դուրս մոտ է: Իր այս խոսքերով Հովհաննես Մկրտիչը բացառեց հետաձգման որևէ հնարավորություն: Այդուհանդերձ, թեպետ այդօրինակ մոտիկությունն ինքնին ենթադրում է, որ կացինն ուր որ կտրելու է արմատը, բայց նաև, միևնույն ժամանակ, հատման այդ գործողությունն անմիջական կախման մեջ է դնում մարդու սեփական կամքից:
    Եթե դուք ապաշխարեք և ավելի լավը դառնաք, ապա այդժամ այս կացինը արմատից՝ որևէ կերպ չվնասելով այն։ Մինչդեռ եթե դուք շարունակեք անել նույնը, ինչ անում էիք նախկինում, ապա կացինը չի հապաղի արմատախիլ անել ողջ ծառը։ Հենց այս իսկ պատճառով էլ կացինը չի հեռացվում արմատից, բայց և, արմատին մոտ լինելով հանդերձ, չի կտրում այն, որպեսզի, մի կողմից, դուք անփութության չմատնվեք, իսկ մյուս կողմից էլ՝ համոզված լինեք, որ թեև ժամանակը շատ կարճ է, սակայն դուք դեռ կարող եք փրկվել, եթե միայն ապաշխարեք։ Այս եղանակով Հովհաննես Մկրտիչն ամեն կերպ բազմապատկում է հրեաների վախը, որպեսզի արթնացնի նրանց ու առաջնորդի ապաշխարության:
    Իսկապես որ, նախնիներից «հեռացվելը», սեփական դիրքում ուրիշներին տեսնելու մտավախությունը, վտանգին դեմ հանդիման լինելն ու անխուսափելի չարիքի ենթարկվելու հավանականությունը, որ խորհրդանշաբար արտահայտվում է արմատի ու կացնի պատկերներով, լիովին բավական է նույնիսկ ամենաանհոգ մարդկանց հուզելու և գործողության դրդելու համար։ Այս նույնը մատնացույց անելով` նաև Պողոսն է ասում. «Տերը խոսքն անհապաղ կատարելու է» ամբողջ երկրում (տե´ս Հռոմ. 9:28)։ Սակայն մի´ վախեցիր, ավելի ճիշտ` վախեցի´ր, բայց մի´ հուսահատվիր: Դու դեռ կարող ես փոփոխության հույսն ունենալ: Դատավճիռը դեռևս չի հրապարակվել, և կացինը դեռևս չի սկսել հատել (և իսկապես, ի՞նչը կարող էր խանգարել կացնին կտրել` այն դեպքում, երբ այն արդեն իսկ հասել էր արմատներին), այլ արմատին մոտեցած` «սպասում» է, որպեսզի, քեզ երկյուղ ներշնչելով, դարձի բերի և ընդունակ դարձնի պտղաբերելու։ Ահա թե ինչու է Հովհաննեսն ավելացնում. «Ամեն ծառ, որը բարի պտուղ չի տալիս, կտրվում ու կրակի մեջ է գցվում»։ «Ամեն ծառ» ասելով` Հովհաննես Մկրտիչը դարձյալ ի չիք է դարձնում նախնիների աստվածընտրյալությանն ապավինելու հրեաների բովանդակ հույսը: «Ուզում ես` եղիր հենց Աբրահամի´ հետնորդը, - ասում է նա, - ուզում ես` որպես ազգականներ ունեցիր անթիվ-անհամար նախահայրերի (պատրիարքների), բայց եթե դու ի´նքդ պտուղ չտաս, գեթ կրկնակի պատժի կարժանանաս։
    Իր այս խոսքերով Հովհաննես Մկրտիչը թե´ սարսափեցնում է մաքսավորներին, և թե՛ ցնցում է զինվորների սրտերը: Միևնույն ժամանակ, սակայն, նրանց չի ընկղմում հուսահատության մեջ, այլ միայն հեռացնում է ամեն տեսակի անհոգությունից: Հովհաննես Մկրտչի խոսքերը, վախ ներշնչելով հանդերձ, նաև մեծ մխիթարություն են բերում, քանի որ «բարի պտուղ չտալ» արտահայտությունն ինքնին ցույց է տալիս, որ, հակառակ պարագայում, «պտուղ տվող ծառն» էլ զերծ է մնում ցանկացած տեսակի պատժից։
   

Սրբ. Ներսես Շնորհալի (†1173)

որովհետեւ կացինն ահա ծառերի արմատին է դրուած: Ամէն ծառ, որ բարի պտուղ չի տայ, կտրւում եւ կրակն է գցւում:
   
    Որովհետև ահա տապարը ծառերի արմատի մոտ է դրված:
    Նախ աստվածային բարկության հիշատակով զարհուրեցրեց և ապա տապարի օրինակով, որով հայտնում էր, որ շատ վաղուց էին [հրեաներն] անպտուղ ու խոպանացած: Նրանց սպառնում էր, որ ոչ միայն նահապետից [ժառանգած] ազնվականությունն էին կորցնելու և նրանց փոխարեն ուրիշներն էին [Աբրահամի] որդիներ դառնալու, այլև որ տապարով հատվելու էին կյանքից և իբրև հատված [մասեր]՝ կրակը գցվելու, ինչն ահավոր է ու սարսռալի: Որովհետև ոչ թե գերանդի է թռչում  123, կամ ցանկապատ՝ քանդվում  124, կամ էլ այգի՝ կոխոտվում  125, այլ տապա՛ր սրվում՝ դրվելով ծառի մո՛տ և ո՛չ թե [նրանից] հեռու, մոտ արմատի՛ն և ո՛չ թե ճյուղերին կամ սաղարթին, որպեսզի եթե դարձի չգան, արմատախիլ արվեն՝ առանց վերստին ընձյուղվելու: Որովհետև դատողը ոչ թե ինչ–որ ծառա է, ինչպես նախնիների դեպքում, այլ ամենքի Տերը:

    Իսկ [տապարը ծառի] մոտ դնելը և ոչ թե [նրանով] իսկույն հատելը ներելու նշան է: Եթե Տնկողին պիտանի պտուղներ տաք, ասում է [Հովհաննեսը], տապարը ձեզ ոչ մի վնաս չի հասցնի, իսկ եթե բարիք պտղաբերելու փոխարեն հոգով անբուժելի մնաք ախտերի մեջ, կհատվեք կյանքից, այսինքն՝ նախնիների փառքից և Օրենքի լույսից, ինչն էլ [Հովհաննեսը] հայտնում է հաջորդ խոսքով:

    Բարի պտուղ չտվող ամեն ծառ հատվում ու կրակն է գցվում:
    Սովորական բաներից օրինակ բերելով՝ ասես դատաստան անելով է խոսում և նրանց ներկայացնում է դատավճռի իրագործումը: Ինչպես որ մարդիկ, ասում է, պտղաբեր ծառերը չեն հատում, այլ դրանք ավելի մաքրում ու խնամում են, իսկ կրակով այրելու համար, ինչ–որ կարիքից ելնելով, սովոր են անպտուղ ծառերը հատել, այդպես էլ մեր բնությունը տնկած Աստված ում որ բարի գործերում պտղաբեր է տեսնում, խնամում է, որպեսզի առավել պտղաբերեն՝ ըստ Տիրոջ [պատմած] որթատունկի առակի  126: Իսկ ով քեր ոչ թե բարի, այլ չար պտուղներ են տալիս և դրանցում մինչև վերջ անզեղջ մնում, հատվում են կյանքից՝ ոչ միայն ներկա կյանքից, ինչը [պատահում] է հավասարապես թե՛ արդարներին, թե՛ մեղավորներին, այլև հավիտենականից: Եվ հատվելով նաև կրակն են գցվում՝ ո՛չ թե մարող կրակը, այլ բնությամբ անշիջանելի:

    «Ամեն ծառ» ասելով՝ [Հովհաննեսը հրեաներին] էլ է հեթանոսների շարքը դասում, որով մերժում է նախնիներով հպարտացողների պարծանքը: Եթե Աբրահամի որդի ես և համարում ես, որ բյուրավոր նահապետներ ունես, կրկնակի պատիժ կկրես, եթե այդ հայրերի օրինակով չպտղաբերես:

    Եթե անհնար է, որ ծառերը լավից վատը կամ վատից լավը փոխվեն, քանի որ բնությամբ են այդպիսին, ապա մարդկանց համար երկուսն էլ հնարավոր է, քանի որ անձնիշխան են և [իրենք են իրենց] կամքի տերը: Նրանք անբան ծառերի պես ոչ ժամանակի կարիքն ունեն, ոչ էլ օդի փոփոխության: Միայն կամքի կարիքն ունեն, և իսկույն ծաղկելով կզարդարվեն և կպտղաբերեն:

    Իսկ որպեսզի չասեին. «Եթե դու սպառնում ես, որ բարկությունն արագորեն է վրա հասնելու, մենք ինչպե՞ս կարող ենք պատժի ժամանակ արագորեն պտղաբերել», սպառնալիքին առընթեր դնում է անճառ բարիքների հույսի ավետիսը: Ասում է.
   

Ստեփանոս Սյունեցի (†735)

որովհետեւ կացինն ահա ծառերի արմատին է դրուած: Ամէն ծառ, որ բարի պտուղ չի տայ, կտրւում եւ կրակն է գցւում:
   
    «Արդ, ահավասիկ կացինը ծառերի արմատին է դրված»:
Եվ ո՞վ է կացնավորը, որ կտրում է անհավատությունը. [սա] Քրիստոսի խոսքի մասին է ասվում, [որ] ազդող և հատող է, քան ամենայն երկսայրի սուր, որով կտրվեցին իմանալի ծառի ոստերը, որոնք հնազանդվեցին Նրա վարդապետությանը, որպեսզի պատվաստվեն գեղեցիկ ձի թենու վրա (Ովսե. 14։7):
   

Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)

որովհետեւ կացինն ահա ծառերի արմատին է դրուած։ Ամէն ծառ, որ բարի պտուղ չի տայ, կտրւում եւ կրակն է գցւում։
   

Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 3:7