Սրբ. Հովհան Ոսկեբերան (†407)
«Եվ նրա ձեռքով մկրտվում էին Հորդանանում` խոստովանելով իրենց մեղքերը»։
Բոլոր դեպքերում, հրեաները Հովհաննեսից չէին լսել սովորական որևէ խոսք՝ ո՛չ երկրային պատերազմների, ճակատամարտերի ու հաղթանակների, ո՛չ սովի ու համաճարակի աղետների, ո՛չ բաբելոնացիների ու պարսիկների, ո՛չ քաղաքի գրավման, ո՛չ էլ իրենց սովորական թվացող որևէ այլ բանի մասին, այլ լսել էին միայն դրախտի, Երկնային թագավորության և Գեհենում սպասվող տանջանքների մասին։ Ահա թե ինչու հրեաները, չնայած այն բանին, որ դրանից ոչ շատ ժամանակ առաջ ապստամբներ Հուդայի ու Թեվդասի հանցակիցները բոլորն էլ սպանվեցին Հորդանանի անապատում, այդուամենայնիվ հրեաները բոլորովին չէին վախենում այնտեղ գնալուց։ Հովհաննեսը հրեաներին անապատ չէր կանչել այն նույն մտադրությամբ, ինչ այս ապստամբները, այսինքն՝ նրանց թագավորության վերականգնման կոչեր անելու, ապստամբության և ընդվզումի դիմելու: Հովհաննեսը մտադիր էր նրանց ուղղորդել դեպի Երկնքի արքայությունը: Ահա թե ինչու նա հրեաներին անապատում չպահեց, որպեսզի իր հետևից տանի, այլ բաց թողեց՝ սովորեցնելով նրանց մկրտությունը և խստակեցության կանոնները: Հովհաննեսն ամեն կերպ փորձում էր նրանց մեջ արհամարհանք սերմանել երկրային ամեն ինչի նկատմամբ, որպեսզի հրեաները հոգով վեր բարձրանային ու մշտապես ձգտեին դեպի գալիքը։
Եկեք մենք նույնպես ընդօրինակենք Հովհաննեսին և, մի կողմ թողնելով ցանկասիրությունն ու արբեցողությունը, սկսենք ապրել ժուժկալ կյանքով։ Այժմ եկել է ինչպես չմկրտվածների, այդպես նաև` մկրտվածների ապաշխարության ժամանակը, որպեսզի առաջինները (չմկրտվածները), ապաշխարելով, հաղորդակից դառնան սուրբ Խորհուրդներին, իսկ մյուսները (մկրտվածները), մաքրվելով մկրտությունից հետո ձեռք բերած աղտեղություններից, մաքուր խղճմտանքով մոտենան սուրբ Սեղանին:
Մի կողմ թողնենք այս ցանկասեր ու այլասերված կյանքը։ Վերջիվերջո, անհնար ու բացարձակապես անկարելի է միաժամանակ և´ ապաշխարել, և´ անձնատուր լինել ցանկասիրության կրքին: Եվ այս հարցում ձեզ համար թող հավաստիացումներ լինեն Հովհաննեսի հագուստը, կերակուրն ու օթևանի վայրը:
«Ի՞նչ է, - կհարցնեք դուք, - մեզ նո՞ւյնպես հրամայում ես այդպիսի խիստ կյանքով ապրել»։ Չեմ հրամայում, սակայն խորհուրդ եմ տալիս ու խնդրում եմ: Եթե նույնիսկ դա ձեզ համար անհնար է, ապա գոնե քաղաքներում մնալով հանդերձ եկեք դիմենք ապաշխարության: Դատաստանն արդեն հասել է մեր դռանը: Եվ եթե անգամ այն այդքան մոտ էլ չլիներ, այնուամենայնիվ, մենք չպետք է անհոգ լինեինք, քանի որ յուրաքանչյուրիս կյանքի վախճանը դեպի գալիք (հետմահու) կյանք ընթացողի համար նույն զորությունն ունի, ինչ աշխարհի վախճանը: Իսկ այն, որ դատաստանն արդեն իսկ հասել է մեր դռանը, վկայվում է Պողոսի խոսքերով, որը լսի´ր, թե ինչպես է խոսում դրա մասին. «Գիշերն անցավ, և ցերեկը մոտեցավ» (Հռոմ. 13:12): Եվ մեկ այլ տեղում էլ ասվում է. «Շատ փոքր ժամանակ ևս, և գալու է Նա, Ով պիտի գա և չպիտի ուշանա» (Եբր. 10:37):
Եվ հենց դատաստանի օրվա մասին ազդարարող նշաններն արդեն իսկ բացահայտված են, քանի որ ասված է. «Եվ Արքայության այս Ավետարանը պիտի քարոզվի ամբողջ աշխարհում՝ ի վկայություն բոլոր ազգերի, և ապա պիտի գա վախճանը» (Մատթ. 24:14):
Ուշադրություն դարձրեք հատկապես այս խոսքերին. Փրկիչը չասաց՝ «այն ժամանակ, երբ բոլոր մարդիկ հավատան», այլ ասաց՝ «երբ քարոզվի բոլորին»: Ահա թե ինչու է Նա ավելացնում` «ի վկայություն բոլոր ազգերի»: Այդպիսով Քրիստոս հայտնում է, որ Ինքը չի հետաձգելու Իր գալուստը` սպասելով, թե երբ պետք է բոլորը հավատան Իրեն:
«Ի վկայություն» խոսքն այստեղ նշանակում է՝ «որպես մեղադրանք, որպես նախատինք ու որպես դատապարտություն` ուղղված անհավատների դեմ»: Մինչդեռ մենք, ունկնդրելով ու ականատես լինելով այդ ամենին, քնում ու երազներ ենք տեսնում այնպես, ասես սուզված լինենք կեսգիշերային խորը քնի մեջ։ Եվ իսկապես, այն, ինչ այժմ կատարվում է ներկայումս` լինի դա ուրախարար, թե տխրեցուցիչ, այդուամենայնիվ, ոչնչով ավելի լավը չէ երազներից։ Ահա թե ինչու եմ ես ձեզ աղաչում, վերջապես, արթնանալ և հայացք ուղղել դեպի Արդարության Արեգակը: Քնած մարդը չի կարող տեսնել արևը և հիացական հայացքով զմայլվել նրա ճառագայթների գեղեցկությամբ։ Այդպիսի մարդը եթե ինչ-որ մի բան տեսնի էլ, ապա դա նրա համար կարծես երազի մեջ տեսած մի բան կլինի։
Եվ այսպես, այժմ մեզ խորին ապաշխարություն և առատահեղ արցունքներ են անհրաժեշտ, ու դա ա´յն պատճառով, քանի որ մենք մեղք ենք գործում, սակայն շարունակում ենք անզգա մնալ, և որովհետև մեր մեղքերն առավել քան մեծ են ու «գերազանցում» են առանց ապաշխարություն ներման արժանանալու հնարավորությանը:
Իսկ այն բանին, որ ես չեմ ստում, վկա է ունկնդիրների մեծամասնությունը։ Այդուհանդերձ, չնայած որ մեղքերը գերազանցում են «ներման արժանանալու հնարավորությանը», այնուամենայնիվ, բոլոր դեպքերում եկեք դիմենք ապաշխարության, և այդժամ մենք կարժանանանք պսակների: «Ապաշխարություն» ասելով ես նկատի չունեմ միայն նախկինում գործած վատ արարքներից հրաժարումը, այլ նաև այն, որ մենք սկսենք առավել մեծ բարիքներ գործել: Ասվում է` «ապաշխարության արժանի պտուղնե´ր տվեք (ստեղծեք)» (Ղուկ. 3:8): Սակայն մենք ինչպե՞ս կարող ենք դրանք «ստեղծել». հակառակը գործելով: Օրինակ՝ դու գողացե՞լ ես ուրիշի ունեցվածքը. ուրեմն այդուհետև հատուցի´ր քո ունեցվածքով: Երկար ժամանակ պոռնկության ախտի մե՞ջ ես եղել. ուրեմն այժմ հստակ օրերի հեռու մնա նույնիսկ քո սեփական կնոջից և ինքդ քեզ ընտելացրո´ւ ժուժկալությանը: Վիրավորե՞լ և անգամ հարվածե՞լ ես քեզ հանդիպած մարդկանց. այդուհետև օրհնի՛ր քեզ վիրավորողներին և բարի´ք գործիր քեզ հարվածողներին։
Որպեսզի բուժենք ինքներս մեզ, բավական չէ միայն մեզ խոցաց նետը մարմնից հեռացնելը, այլ նաև պետք է վերքին սպեղանի դնել։ Դու նախկինում երբևէ անձնատուր եղե՞լ ես ցանկասիրությանն ու արբեցողությանը. ուրեմն այժմ պա´հք պահիր և ջո´ւր խմիր, փորձի´ր ամեն կերպ ոչնչացնել քո նախկին կյանքից «ժառանգած» չարիքը:
Դու նախկինում երբևէ ցանկասեր աչքերով նայե՞լ ես ուրիշի գեղեցկությանը: Այսուհետև, որպես ապահովություն քո իսկ հոգու համար, առհասարակ մի´ նայիր կանանց: «Խուսափի՛ր, - ասվում է, - չարից ու բարի՛ք գործիր» (Սաղմ. 33:15): Եվ դարձյալ. «Լեզուդ պահի՛ր չարութիւնից, և շրթներդ թող նենգություն չխոսեն» (Սաղ. 33։14): Իսկ ես պահանջում եմ, որ դու բարի´ն խոսես։ «Խաղաղությո´ւն փնտրիր և հետևիր» (Սաղմ. 33:15), և դա թող լինի ո´չ միայն մարդկանց, այլ նաև Աստծո´ հետ հարաբերություններում:
Սքանչելի է ասված՝ «հետևի՛ր դրան»։ Իսկապես, խաղաղությունը մերժված ու վտարված է. այն լքել է երկիրն ու բարձրացել է երկինք։ Սակայն մենք կարող ենք այն նորից վերադարձնել, եթե միայն, մի կողմ թողնելով հպարտությունը, նենգությունն ու այն ամենը, ինչը խանգարում է այդ խաղաղությանը, հակվենք կենցաղավարելու խոնարհ և համեստ կյանքով։ Իսկապես, չկա ավելի վատ բան, քան նենգավոր ամբարտավանությունն է։ Հենց դա է, որ մեզ հղփացնում և, միևնույն ժամանակ, ստրկամիտ է դարձնում, ու այդ իսկ պատճառով էլ առաջին դեպքում մենք դառնում ենք ծիծաղելի, երկրորդ դեպքում՝ զազրելի, և այդպիսով այսօրինակ ամբարտավանությունն առաջացնում է միանգամից երկու տեսակի խոտելի արատներ՝ հպարտություն և ստորաքարշ շողոքորթություն։
Մինչդեռ եթե մենք արմատախիլ անենք այս անհագուրդ կիրքը, ապա այդժամ և´ իսկապես խոնարհ, և թե´ վսեմ կլինենք, ու դա որևէ վտանգ չի պարունակի մեզ համար: Չէ՞ որ նույնիսկ մեր մարմնի ավշահյութերն են ախտանում այն ամենի հետևանքով, ինչն ավելորդ է մեզ համար, և երբ մեր մարմնի բաղկացուցիչ մասերն այդ ավելցուկների պատճառով «դուրս են գալիս» իրենց սահմաններից, ապա այդժամ ծնվում են անթիվ-անհամար հիվանդություններ ու մահվան սարսափելի դեպքեր։ Այդ նույնը տեղի է ունենում նաև հոգու հետ:
Սրբ. Ներսես Շնորհալի (†1173)
մկրտւում էին նրանից Յորդանան գետում եւ խոստովանում էին իրենց մեղքերը:
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 3:5
Ստեփանոս Սյունեցի (†735)
մկրտւում էին նրանից Յորդանան գետում եւ խոստովանում էին իրենց մեղքերը:
«Խոստովանելով իրենց մեղքերը»:
Ովքեր խոստովանում են մկրտության ժամանակ, արձակվում են իրենց մեղքերից, որովհետև, արդարև, իրենք իրենց են մեղադրում, [ըստ խոսքի]. «Եվ դու նախ խոստովանի՛ր քո մեղքերը, որպեսզի արդարացվես» (Ես․ 43։28): «Մեղքերս քեզ ցույց կտամ, և իմ հանցանքները չեմ թաքցնի» (Սաղմ. 31։5, Ես․ 43։26):
Ա. Պ. Լոպուխին (†1904)
«Եվ նրա ձեռքով մկրտվում էին Հորդանանում` խոստովանելով իրենց մեղքերը»։ (Սինոդական թարգ․)[6]
(Հմմտ. Մարկ. 1։5)։ Հովհաննեսի կատարած մկրտության մեթոդը որոշելը, առհասարակ, շատ դժվար է։ Հնարավոր է, որ մկրտության համար որպես պատմական հիմք են ծառայել լվացման և մաքրագործման օրենքները (Ծննդ. 35:2, Ելք. 19:10, Թվ. 19:7, Հուդ. 12:7): Հրեաները կատարում էին պրոզելիտների (նորադարձների), այսինքն` այն հեթանոսների մկրտությունը, որոնք ցանկանում էին հուդայականություն ընդունել: Բաբելոնական աղբյուրների (Եվամոտ 46:2) վկայության համաձայն և ելնելով այն փաստից, որ Փիլոնը, Հովսեփոսը և հին շրջանի մեկնիչները լռում են պրոզելիտների մկրտության մասին` առաջ է քաշվել այն տեսակետը, որ պրոզելիտների մկրտությունը տեղի է ունեցել միայն Երուսաղեմի կործանումից հետո: Այս տեսակետը, սակայն, չի կարելի միանշանակ ճշգրիտ համարել։ Ոմանք ենթադրություն ունեն, որ Հովհաննեսի մկրտությունն իր կատարման արտաքին ձևով նման էր պրոզելիտների մկրտությանը։ «Երբ որպես պրոզելիտներ տղամարդիկ էին գալիս մկրտության, - ասում է Ալֆորդը, - այդժամ կատարվում էին երեք ծիսակատարություններ՝ թլփատություն, մկրտություն և ընծայաբերություն, իսկ երբ պրոզելիտ կանայք էին մոտենում մկրտության, այդժամ կատարվում էր երկու արարողություն` մկրտություն և ընծայաբերություն: Մկրտությունը կատարվում էր ցերեկը, և մկրտության ենթակա ամեն եք ընկղմվում էր ջրի մեջ: Իսկ երբ պրոզելիտը, ընկղմվելուց հետո, կանգնում էր ջրի մեջ, նրան սովորեցնում էին օրենքի որոշ կանոններ: Մկրտվում էին պրոզելիտների բոլոր ընտանիքները, այդ թվում՝ երեխաները»։ Այս բոլորը ճիշտ է, սակայն, այսուամենայնիվ, հարց է ծագում` արդյոք ինքը՝ Հովհաննեսը, երբևէ ականատես եղե՞լ է պրոզելիտների մկրտությանը: Հովհաննես Մկրտիչը գիտե՞ր նորադարձների այդ մկրտության մասին։ Նոր Կտակարանում ոչ մի տեղ չի ասվում, որ քրիստոնեական մկրտությունը նման էր պրոզելիտների մկրտությանը: Այդպիսով, մենք հանգում ենք այն եզրակացության, որ Հովհաննեսի մկրտությունը, նույնիսկ եթե այն կատարման արտաքին կերպի առումով բոլորովին նոր երևույթ չէր, այնուամենայնիվ, որևէ կապ էլ չուներ նախկին, զուտ հրեական ծիսակատարությունների հետ: Հովհաննեսի քարոզչությունը միանգամայն ինքնանկախ դրսևորում էր՝ կախում չունենալով պատմական այս կամ այն իրապայմաններից ու հանգամանքներից. Հովհաննեսի քարոզչությունը հայտնության արդյունք էր` ստացված ի վերուստ՝ Աստծո կողմից: Իսկ ինչո՞ւ չենք կարող ենթադրել, որ Հովհաննեսի կատարած ծիսական գործողությունները հրեական մկրտության միևնույն կաղապարն ունեին: Չէ՞ որ Հովհաննես Մկրտիչը մոտեցավ Հորդանանին, իր առջև տեսավ գետի ջրերը, ժողովրդին ապաշխարության կոչ արեց, որովհետև մոտենում էր Երկնքի Արքայությունը, և միևնույն ժամանակ սկսեց ժողովրդին ցույց տալ Հորդանանի ջրերը, երբ մարդիկ հարցրին նրան, թե ինչ պետք է անեն: Հավանաբար Հովհաննես Մկրտչի մոտ գնում էին միայն տղամարդիկ, քանի որ Ավետարաններում Հորդանանի ջրերի մոտ կանանց ներկայությունը փաստող որևէ հետք չկա:
Հովհաննեսի խոսքին անսալով` տղամարդիկ ընկղմվում էին ջրի մէջ: Հենց այս «ընկղմվել» բառն է, անկասկած, լավագույնս փոխանցում այստեղ գործածված հունարեն բառի («έβαπτίζοντο», որը նշանակում է «ընկղմել», «ընկղմվել», այլ ոչ թե` «շաղ տալ» կամ «լվացնել», ինչպես որ գուցե կմանեային որոշ աստվածաշնչագետներ) ճշգրիտ իմաստը։ Եվ իսկապես, ի՞նչ կարիք կար Հորդանան եկած մարդկանց ցողելու, երբ դրա անհրաժեշտությունը բացարձակապես չկար՝ հաշվի առնելով Հորդանանի ջրերի առատությունը և այն հանգամանքը, որ ինքը՝ Հովհաննեսը, հազիվ թե ցողելու համար անհրաժեշտ պարագաներ ունենար: Սակայն մեկ ուրիշ հարց էլ է առաջանում է. Հովհաննեսի հրավերով մկրտվողներն իրենք ինքնուրո՞ւյն էին ընկղմվում, թե՞ նրանց բոլորին էլ, առանց որևէ բացառության, Հովհաննեսն ինքն էր ընկղմում ջրի մեջ: Սա դյուրին հարց չէ և բավականին դժվար է պատասխանել այս հարցին: Հունարեն բնագրում` 6-րդ համարում «մկրտվում էին» խոսքն ակնհայտորեն կիրառվում է կրավորական եղանակով, ինչը մատնացույց է անում հետագայում հնչող «նրանից» («ὑπ´ αὐτοῦ») բառը: Դարձյալ, Հովհաննեսն ամենուր մկրտության գործողությունն առնչակցում է հենց իրեն. «Ես մկրտում եմ» կամ «մկրտեցի» (Մատթ. 3:11, Մարկ. 1:8, Ղուկ. 3:16, Հովհ. 1:26 և այլ տեղիներ)»: Այդ նույն կերպ` մյուսները նույնպես մկրտության գործողությունը վերագրում են հենց Հովհաննեսին: Այս նկատառումներից ելնելով՝ կարելի է ենթադրել, որ ինքը՝ Հովհաննեսն անձամբ է ամենքին ընկղմել ջրի մեջ՝ ձեռքը կամ ձեռքերը դնելով մկրտվողի վրա» (հմմտ. Հովհ. 4:1, 2)….
Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)
մկրտւում էին նրանից Յորդանան գետում եւ խոստովանում էին իրենց մեղքերը:
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 3:5
--------------------------------
[6](Էջմիածին թարգ․) մկրտւում էին նրանից Յորդանան գետում եւ խոստովանում էին իրենց մեղքերը:
(Արարատ թարգ․) Եվ նրա ձեռքով մկրտվում էին Հորդանանում և խոստովանում իրենց մեղքերը։
(Գրաբար) մկրտէին ի նմանէ ի Յորդանան գետ, եւ խոստովա՛ն լինէին զմեղս իւրեանց:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: