Ծննդոց գրքի մեկնություն 44:30

Ա․ Լոպուխին

30-31. Հիմա, եթե ես գնամ քո ստրուկի՝ մեր հոր մոտ, և եթե մեզ հետ չլինի կրտսեր եղբայրը, ում հոգու հետ կապված է նրա հոգին, [30] ապա, նա, երեխային մեզ հետ չտեսնելով, կմեռնի, և մենք՝ քո ստրուկները, քո ստրուկին՝ մեր հորը, ծեր հասակում խոցված սրտով գերեզման կիջեցնենք: (Սինոդական թարգ․)
   
   Հրեական պատկերավոր լեզվով Բենիամինի հանդեպ Հակոբի սերը այսպես է նկարագրվում. Հակոբի հոգին անքակտելի կապերով կապված է Բենիամինի հոգուն (Առակ. 22:15)  և այնպես է սերտաճել նրա հետ, որ Բենիամինի անհետանալու հետ մեկտեղ կմեռնի նաև Հակոբը: Զավակների հանդեպ ծնողական սիրո այսպիսի քնքշության մասին հեթանոսական աշխարհը չգիտեր: Խոսելով այն մասին, որ առանց Բենիամինի եղբայրների՝ Հակոբի մոտ վերադարձը կհանգեցնի իրենց հոր մահվանը՝ Հուդան օգտագործում է այն նույն արտահայտությունը («մեր հորը ծեր հասակում գերեզման կիջեցնենք»), որը Հակոբն ինքն էր օգտագործել որդիներին պատասխանելիս (Ծննդ. 42:38): Այս արտահայտությամբ Հուդան, իր համար անհայտ կերպով, նաև Հովսեփին է դասում Հակոբի հետագա մահվան մեղավորների շարքում: Վերջինս ամենից մեծ չափով կարող էր ուժեղացնել Հովսեփի վրա Հուդայի խոսքի թողած տպավորությունը:
--------------------------------
[30](Էջմիածին թարգ․) Արդ, եթէ մենք գնանք քո ծառայի՝ մեր հօր մօտ, եւ պատանին մեզ հետ չլինի, ապա մեր հօր կեանքը կախուած կը լինի սրա կեանքից:
(Արարատ թարգ․) Եվ արդ երբ քո ծառայի՝ իմ հոր մոտ գնամ, և եթե տղան մեր հետ չլինի, նրա հոգին, կապված լինելով տղայի հոգուն,
(Գրաբար) Եւ արդ` եթէ երթայցեմք առ ծառայ քո հայր մեր` եւ պատանեակս չիցէ ընդ մեզ. եւ նորա ոգին կախեալ կայ զդորա ոգւոյդ: