Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 5:7

Սրբ. Հովհան Ոսկեբերան (†407)

«Երանի՜ ողորմածներին, որովհետև նրանք ողորմություն կգտնեն»։
   
   Այստեղ, կարծում եմ, Նա (Հիսուս) խոսում է ոչ այնքան նրանց մասին, ովքեր իրենց ողորմությունը դրսևորում են փողով, որքան առավելաբար նրա´նց մասին, ովքեր դա անում են գործերով: Գոյություն ունեն ողորմության բազմազան տեսակներ, և այս պատվիրանը խիստ լայնընդգրկուն է: Իսկ ի՞նչ պարգև է սպասվում ողորմած լինելու համար. «…որովհետև նրանք ողորմություն կգտնեն»: Որպես «փոխհատուցում» խոստացվող այսօրինակ վարձատրությունը, թվում է, թե հավասարազոր է առաքինության «փոխարեն» տրվող պարգևին, բայց իրականում այն շատ ավելի գերազանցում է առաքինության համար փոխհատուցվող վարձատրությունից: Իսկապես որ, ողորմածները ողորմած են գտնվում՝ որպես մարդ, սակայն իրենք ողորմություն են ստանում անմիջապես ամենքի Աստծու կողմից: Իսկ ահա մարդկային և աստվածային ողորմածությունը, բնականաբար, հավասար չեն միմյանց, այլ միմյանցից տարբերվում են այնպես, ինչպես չարը՝ բարուց:
   

Սրբ. Ներսես Շնորհալի (†1173)

Երանի՜ ողորմածներին, որովհետեւ նրանք ողորմութիւն պիտի գտնեն:
   
   Երանի՜ ողորմածներին, քանզի նրանք ողորմություն կգտնեն:

   Առաքինությունների մեջ ոչ մեկը մեզ այնքան նման չի դարձնում Աստծուն, որքան ողորմածությունը՝ ըստ Տիրոջ խոսքի. «Նմանվե՛ք ձեր Հորը, Ով արեգակը ծագեցնում է թե՛ չարերի, թե՛ բարիների վրա և անձրև բերում թե՛ արդարների, թե՛ մեղավորների համար» (Մատթ. 5:45, 48): Եվ [Սուրբ] Գիրքը շատ տեղերում է Աստծուն ողորմած կոչում: Դավիթն ասում է. «Ողորմած, [գթած] և արդար է Տերը» (Սաղմ. 111:4), նույնպես են [ասում] Մովսեսը և բոլոր մարգարեները: Ուրեմն՝ եթե Աստված Աստվածաշունչ գրքում ողորմած է կոչվում, պետք է հայտնապես հավատալ, որ մարդը նույնպես, եթե իր կարողության չափով ճշմարտապես ողորմած լինի, Աստծուն կնմանվի: Բայց պետք է ընտրել ճշմարի՛տ ողորմածությունը, որն Աստված կամենում է և որն էլ հատուցում: [Կա ողորմածություն, որն] ակնկալիքով է կատարվում, քանի որ ոմանք փոխհատուցում են ակնկալում ստանալ նրանցից, ում տալիս են, ինչպես մեղավորները՝ մեղավորներից: Ուրիշներ էլ [ողորմած են գտնվում] գովաբանողների հանդեպ, որպեսզի բարի անուն հանեն: Ուրիշներ էլ, թեպետ աղքատներին են տալիս, սակայն՝ փառքի հույսով: Այսպիսիներն արժանի չեն երանության և ողորմություն չեն գտնի, որովհետև իրենց վարձատրությունն արդեն առել են այստեղ:

   Ուստի արժե քննել, թե ինչ է ողորմությունը, ինչից է ծնվում, ինչ պատճառով սահմանվեց, և ինչպես է երանելի նա, ով այն գործում է: Արդ՝ ողորմությունը սահմանվում է որպես կամավոր տրտմություն՝ ուրիշների նեղության պատճառով գոյացած, և ծնունդ է սիրո, ինչպես որ կարծրասրտությունն ու դաժանությունն էլ իբրև իրենց պատճառ ունեն ատելությունը: Իսկ ողորմության պատվիրանը սահ-մանվել է, որ մեր մեջ սեր շարժվի՝ միմյանց կարեկցելու: Քանի որ այս կյանքի պարագաները ծառայությամբ ու տերությամբ անհավասար են, Աստված կամենում է, որ ավելաստացն ու կարոտյալը հավասարվեն միմյանց: Հարուստները ողորմության միջոցով Աստծուց բարիքների են արժանանում, ուստի [Տերը] կարոտյալների հանդեպ ողորմածություն է օրինադրում մարդկանց: Եվ քանի որ ողորմությունը սիրուց է [բխում] և սիրո պտուղ տալիս, ուստի [Տերն] իրավամբ է երանության արժանացնում նրան, ով պտղաբերում է առաքինություններից ամենամեծը՝ սերը:

   Այլև՝ այս երանությամբ այն հույսն է տալիս մեղավորներին, որ ովքեր կարողություն չունեն բազմապատիկ առաքինություններով հաճոյանալու Աստծուն, կարող են միայն ողորմությամբ արժանանալ Աստծո մեծ ողորմությանը, եթե կամենան: Որովհետև ինչպես որ ճշմարիտ ողորմածներն աղքատների հանդեպ ողորմության համար ոչ վարձ են ստանում գործի դիմաց, ոչ էլ իրենց տվածի փոխհատուցումը, այլ [ողորմում են] Աստծո հրամանի և [մարդկային] թշվառացած բնության պատճառով, այդպես էլ Տերն է Դատաստանի օրը ողորմություն խոստանում ճշմարիտ ողորմածներին, ովքեր, եթե նույնիսկ իբրև վարձկաններ չեն աշխատել պատվիրանապահության գործում, որ խոստացված վարձը ստանան, և Տիրոջը երկյուղով չեն ծառայել, որ լսեն. «Բարի և հավատարի՛մ ծառա» (Մատթ. 25:21, 23), և ոչ էլ, որպես սիրելի որդի, սիրով կատարել են Հոր կամքը, որ նմանվեն Նրան  1, սակայն միայն ողորմության համար, որը գործեցին աղքատների հանդեպ, ողորմություն կգտնեն Նրանից:

   Իսկ ի՞նչ է այն ողորմությունը, որը ողորմածները գտնելու են Աստծուց: Աջակողմյան դասում [կարգվելն] ու Հորից օրհնություն [ստանալը]: Բայց թող ոչ ոք այս երանությանն արժանի չհամարի միայն [աղքատներին ողորմություն տվողներին], քանի որ եթե այդպես լիներ, ապա ամենքը չէ, որ կկարողանային ողորմություն գտնել, այլ միայն ունևորները: Ինձ թվում է՝ ով կամենում է կարոտյալի համար բարիք գործել, սակայն [հնարավորություն] չունենալու պատճառով չի կարողանում, պակաս չի արժանանում այս երանությանը, քան նա, ով իր կամեցողությունը գործով է իրականացնում: Նաև ողորմության այլ կերպեր կարելի է գտնել: Մարմնի [ողորմությունից] ավելի մեծ է այն, որ մեկը ցավակից է լինում ու ողորմում հիվանդացած ու բարուց աղքատացած հոգիներին: Ովքեր սա գործում են, նմանվում են Քրիստոսին, Ով երկնքից իջավ՝ մեզ ողորմելու: Բայց նախ հարկավոր է, որ յուրաքանչյուրն իր հոգուն ողորմի և լրացնի բարու [ի՛ր] պակասը: Որովհետև ինչպես որ աղքատը՝ աղքատի և հիվանդը հիվանդի կարիքները չեն կարող բավարարել, այդպես էլ ով մեղքերով հիվանդ է, չի կարող մեղանչածներին օգնել: Եվ հոգու ողորմությունը շատ ավելի դժվար է, քան մարմնինը, որովհետև որքան հոգին է մեծ մարմնից, այնքան հոգուն ողորմելը՝ մարմնին [ողորմելուց]: Երբմեկը մարմնին է [ողորմություն] տալիս, թեպետ տվողի վարձը մնում է, սակայն տրվածը սպառվում է: Իսկ հոգու [ողորմությունը] համընթաց է հավատքի ճշմարտությանը: Ով մտածում է այս թշվառ կյանքի մասին, այսպիսի հիգության  2 մեջ ինչպե՞ս կլինի կարծրասիրտ ու դաժան: Տերը գովեց անիրավ տնտեսին, որ իմաստությամբ վարվեց մեկ ա՛յլ կերպ. շնորհեց իր տիրոջ պարտապաններից մեկի՝ [պարտքով վերցրած] ցորենի հինգերորդ մասը, մյուսի՝ պարտքով [վերցրած] ձեթի կեսը (Ղուկ. 16:1–9): Ցորենը նշանակում է մարմնով աղքատների հանդեպ կարեկցանքը՝ [նրանց] անհրաժեշտ կարիքների [բավարարման համար], իսկ ձեթը առաքինություններից աղքատացածի հանդեպ հոգու ողորմությունն է, որը խրատն ու հոգածությունն է՝ թյուրածին ուղղության բերելու նպատակով: Եվ սրանք երկուսն էլ  3 պարտապան են իրենց տիրոջը. մեկը, այստեղ աղքատության չարչարանքով քավելով [իր] մեղքերը, այնտեղ կմխիթարվի, իսկ [մյուսին] (ով, անոսր ձեթի օրինակով, հոգով է պարտապան մեղքերով), եթե խոսքի որևէ սպասավոր ողորմի և փոխ տա՝ նրան հույս տալով, նրա մեղքերի կեսը կջնջվի [ողորմություն գործողի միջոցով], իսկ մնացածը՝ [մեղավորի] ապաշխարությամբ: Ըստ այս երկու տեսակ ողորմությունների՝ [ողորմություն գործողն] ինքն էլ ողորմություն կգտնի, և նրան է [Տերն ասում]. «Երանի՜ ողորմածներին, քանզի նրանք ողորմություն կգտնեն»: [Կգտնեն] ո՛չ նույն չափով, [որով ողորմություն են տվել]. որովհետև իրենք իբրև մարդ են տվել, իսկ [Տերն] իբրև Աստված է հատուցելու նրանց:
   

Ստեփանոս Սյունեցի (†735)

Երանի՜ ողորմածներին, որովհետև նրանք ողորմություն պիտի գտնեն:
   
 

Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 5:1
   

Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)

Երանի՜ ողորմածներին, որովհետեւ նրանք ողորմութիւն պիտի գտնեն:
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 5:3