Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 5:9

Սրբ. Հովհան Ոսկեբերան (†407)

«Երանի՜ խաղաղարարներին, որովհետև նրանք Աստծու որդիներ կկոչվեն»։
   
   Այստեղ Քրիստոս ոչ միայն դատապարտում է մարդկանց միջև փոխադարձ անհամաձայնությունն ու ատելությունը, այլև պահանջում է ավելին՝ մասնավորապես այն, որ մենք հաշտեցնենք նաև ուրիշների միջև առկա անհաշտությունները: Եվ դարձյալ առաջարկում է հոգևոր պարգև: Ի՞նչ պարգև է դա. «…որովհետև նրանք Աստծու որդիներ կկոչվեն», քանի որ Աստծու Միածին Որդու գործն էր միավորել բաժանվածներին և հաշտեցնել թշնամացածներին:
   

Սրբ. Ներսես Շնորհալի (†1173)

Երանի՜ խաղաղարարներին, որովհետեւ նրանք Աստծու որդիներ պիտի կոչուեն:
   
   Երանի՜ խաղաղարարներին, քանզի նրանք Աստծո որդի կկոչվեն:

   Քաղցր են խաղաղության պարագաները և հաճելի՝ հոգուն ու մարմնին: Առաջին և ծայրագույն խաղաղությունն այն է, որը գոյություն ունի Սուրբ Երրորդության երեք Անձերի միջև՝ նրանով, որ ունեն միևնույն կամքն ու իշխանությունը, և [նրանց միջև] չկան ո՛չ խռովություն, ո՛չ պատերազմ, այլ միշտ խաղաղություն: Այնտեղից [խաղաղությունը փոխանցվում է] նաև հրեշտակային և երկնային զորություններին, քանի որ անխզելի են պահում սիրով միավորությունը Աստծո և միմյանց հետ, բացի [հրեշտակային] մեկ [դասակարգից]  1: Այս խաղաղությունն ուներ նաև մարդու բնությունը սկզբում, քանի դեռ պահում էր Սկզբնատիպի գեղեցկությունը: Բայց երբ անսաց Պատերազմասերի խրատին, խռովությամբ լցվեց, մինչև գալուստն Աստծո Որդու՝ ճշմարիտ Խաղաղության, Ով խաղաղություն հաստատեց երկնքում ու երկրում, ինչպես որ Նրա ծննդյան ժամանակ հովիվները հրեշտակների հետ երգեցին. «Փա՜ռք Աստծուն բարձունքներում և երկրի վրա՝ խաղաղություն» (Ղուկ. 2:14): Արդ՝ քանի որ Աստծո՝ բնությամբ Որդին դարձավ միջնորդ և խաղաղություն հաստատեց [Աստծո և մարդկության միջև], այդ պատճառով էլ Տերը երանի է տալիս խաղաղարարին և Իր անվանն արժանանալ խոստանում նրանց, ովքեր Իր գործն են անում: Որովհետև ինչպես որ Տերը, ըստ Իր ամենակարող զորության, խաղաղություն հաստատեց երկնքում ու երկրում, այդպես էլ սրանք, ըստ իրենց տկարության չափի, սակավաթիվ [անձանց] միջև են խաղաղություն հաստատում: Սակայն առաջին մեծ խաղաղությունն այն է, որ մեկն ինքն իր հանդեպ է հաստատում՝ ըստ Արարչի սահմանման ուղղելով հոգին ու մարմինը. հոգու տիրական կամքին իշխել է տալիս մարմնի կամքի վրա և ծառայակցին [դրդում] հնազանդվելու հոգու կամքին: Ով այսպիսի խաղաղություն է հաստատում ինքն իր և ուրիշների հանդեպ՝ խրատելով և ուսուցանելով, նա՛ է առաջինն արժանի կոչվելու Աստծո որդի: Իսկ երկրորդը՝ նրանից հետո՝ [արժանի է] նա, ով խաղաղություն է հաստատում մարդկանց միջև: Բայց պետք է նախ սեփական անձի համար այն ձեռք բերել և ապա՛ այդպիսի ունեցվածքից բաժին հանել կարոտյալներին:

   Ի՞նչ է արտաքին խաղաղությունը, որ բարի է: Ցեղակիցների  2 հանդեպ սեր պահպանելը: Իսկ սիրուն հակառակ է ատելությունը, և ինչպես որ, երբ լույսը երևում է, խավարը մերժվում է, այդպես էլ, երբ երևում է խաղաղությունը, ոչնչանում է ամեն ընդդիմակաց ախտ: Խաղաղարարները բժշկի են նման. տալիս են ընդհանուրի համար [նախատեսված] աստվածային դեղը՝ խաղաղությունը, և բժշկում հիվանդացած հոգիները, որովհետև բարկության պահին բարկացողների սրտի շուրջ արյունը եռում է, և նրանք նմանվում են դիվահարների: Կամ էլ գաղտառու  3 շների նման թաքցնում են նենգությունը և [հարմար] ժամանակ գտնելով՝ այն հայտնի դարձնում նրանց հանդեպ, ում նախանձում են:

   Հետևաբար, ով ջանում է այս ախտը հանել իր և ուրիշների միջից և խաղաղության կապով հաշտեցնում է մարդկանց, իսկապես աստվածային գործ է կատարում: Ուստի [Տերն] իրավացիորեն է խաղաղա-րարին «Աստծո որդի» կոչում, քանի որ Աստծո ճշմարիտ Որդուն նմանվեց: Եվ այս առաքինության հաղթանակն ավելի մեծ է, քան նախորդ երանությունները. նախորդներում [Տերը] պարգևներ է խոստանում, իսկ սրա [խոստումը] դառնում է պարգևներ Տվողն Ինքը՝ Աստծո Որդին: Որովհետև այս յոթերորդ աստիճանով, խորհրդապաշտական թվով, անցկացնելով յոթ պարունակների 4 միջով՝ [Տերն] այս առաքինությունը գործողին մերձեցնում է անեղ 5 Բնությանը:

   Բայց ինձ թվում է՝ մի երկրորդ պարգև է նույն ինքը գործը, որի դիմաց [տրվում է] այս [երանությունը]: Որովհետև մարդկային կյանքում ի՞նչն է ավելի քաղցր վայելք, քան խաղաղությունը, և [այն հաստատողը] նմանվում է երկնավոր Հորը, Ով բոլորի վրա է անձրև բերում և արև ծագեցնում (Մատթ. 5:45): [Խաղաղարարը] գործերով նմանվում է Աստծուն, ուստիև Նրան որդեգրվելու վայելքին արժանանում։
   

Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)

Երանի՜ խաղաղարարներին, որովհետև նրանք Աստծու որդիներ պիտի կոչվեն:
   

Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 5:1
   

Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)

Երանի՜ խաղաղարարներին, որովհետեւ նրանք Աստծու որդիներ պիտի կոչուեն:
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 5:3