Սրբ. Հովհան Ոսկեբերան (†407)
«Երանի՜ արդարության համար հալածվողներին, որովհետև նրանցն է Երկնքի արքայությունը»։
 
 Որպեսզի դու չմտածես, թե խաղաղությունը մշտապես գովելի ընտրություն է, Քրիստոս ավելացրնում է նաև այս պատվիրանը. « Երանի՜ արդարության համար հալածվողներին», այսինքն՝ նրա´նց, ովքեր հալածվում են առաքինության, ուրիշներին պաշտպանելու և բարեպաշտության համար, քանի որ արդարություն ասելով՝ Նա (Հիսուս) սովորաբար նկատի ունի հոգու կատարյալ իմաստությունը:
 
Սրբ. Ներսես Շնորհալի (†1173)
Երանի՜ նրանց, որ հալածւում են արդարութեան համար, որովհետեւ նրանցն է երկնքի արքայութիւնը:
 
 Երանի՜ արդարության համար հալածվողներին, [քանզի նրանցն է երկնքի արքայությունը]:
 Ինչպես Դավիթը «ութերորդի» մասին երկու սաղմոսներում 1 ցույց է տալիս հարության օրը, և ութօրյա թլփատությունը [խորհրդանշում է] հոգու ձերբազատումը մեռելոտի գործերից, այդպես էլ ութ երանությունների միջոցով Տերը մարդկանց կբարձրացնի երկինք և ծառայությունից՝ դեպի արքայություն՝ վերստին կանչելով, որովհետև ասում է. «Երանելի են արդարության համար հալածվողները, [քանզի նրանցն է երկնքի արքայությունը]»:
 Բայց այս խոսքը տարակուսանք է հարուցում, թե ինչպե՛ս է [Տերը] զուգահավասար վարձատրություն՝ երկնքի արքայությո՛ւնը խոստանում և՛ հոգով աղքատացածներին, որոնց համար ասաց, թե նրանցն է երկնքի արքայությունը, և՛ արդարության համար հալածվողներին և թե՛ նրանց, ովքեր քաղցածներին կերակրեցին, երբ նրանց գործերը տարբեր են:
 Սակայն թեպետև [սրանց] ճանապարհները տարբեր են երևում, սակայն [նրանց վերջնական] օթևանները 2 միատեղ են, քանի որ [բոլոր ճանապարհներն] էլ [երկնքի] արքայություն են տանում: Այլև նրանք բոլորն էլ մի նպատակի են ուղղված, միայն թե աղքատությունը հալածանքի համեմատ ավելի դյուրըմբերելի 3 է՝ առավել թեթև ընթացքի պատճառով:
 Արդ՝ այս խոսքը նախ վերաբերում է [հավատքի] վկաներին, ովքեր հալածվեցին չարերից, և ապա՝ բոլոր բարեպաշտներին, ովքեր հալածվում են ամբարիշտների կողմից: Նախ Լույսն Ինքը հալածվեց սկզբնածին այն Խավարից, որը չկարողացավ Նրան հասնել (Հովհ. 1:4–11), նաև խավարասեր մարդկանցից, ինչպես ասում էր աշակերտներին. «Եթե Ինձ հալածեցին, ձեզ էլ կհալածեն» (Հովհ. 15:20): Եվ հիրավի՛ երանելի են [այսպես հալածվողները], որովհետև չարից հալածվելով՝ հասան բարուն, ինչպես որ Հովսեփի հանդեպ [նրա եղբայրների] դավաճանությունը [նրա] թագավորելու պատճառը դարձավ (Ծննդ. 37-41): Այդպես էլ վկաները, չնայած կրած առժամանակյա ցավերին, արքայության հույսով դյուրավ էին մարտնչում: Այդ պատճառով էլ ուրախանում էր մեծ Ստեփանոսը՝ ամեն կողմից քարկոծվելով (Գործք 7։58) առաքյալներն ուրախությամբէին վերադառնում ատյանից և բազմօրինակ տանջանքները խնդությամբ էին ընդունում:
 Ինչպես որ դառը դեղերը խմում ենք, որպեսզի մաղձերի ախտահարույց պատճառները հեռացնենք մեր մարմնից, այդպես էլ թշնամուց հալածվողը հարվածներն ընդունում է իբրև [աշխարհային] հաճույքի բոցը մարող [միջոց]: Ուրեմն չնեղվե՛նք, երբ երկրավոր բաներից զրկվում ենք, որովհետև եթե այստեղից հալածվում ենք, տեղափոխվելով՝ երկնքում ենք բնակվելու: Արքայության պտղի ծաղիկը նեղությունն է. եթե կամենում ենք պտուղը քաղել, նախ ծաղիկը հավաքենք՝ այստեղ հալածվենք, որպեսզի հասնենք վերին կոչմանը:
 Բայց թող ոչ ոք չհամարի, թե այս երանությունը միայն հավատքի համար հալածվողներին է վերաբերում. թեպետ կատարյալը նրանցն է, սակայն այս երանությանը մասնակից են և նրանք, ովքեր [հալածվում են] ըստ [քրիստոնեական] օրենքի [մատուցված] հոգևոր խրատական խոսքի պատճառով, ինչպես Հովհաննես [Մկրտիչը]: Կամ էլ՝ երանելի կլինեն նաև նրանք, ովքեր զրպարտվում են որևէ այլ արդար գործի համար և գոհությամբ համբերում:
 
Ստեփանոս Սյունեցի (†735)
Երանի՜ նրանց, որ հալածվում են արդարության համար, որովհետև նրանցն է երկնքի արքայությունը:
 
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 5:1
 
Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)ն
Երանի՜ նրանց, որ հալածւում են արդարութեան համար, որովհետեւ նրանցն է երկնքի արքայութիւնը:
 
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 5:3

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: